Շիրվանզադե. «Պատվի Համար» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Շիրվանզադե. «Պատվի Համար»

Առաջին անգամ Շիրվանզադեն անդրադարձավ իր պիեսին 1905 թվականին.

«1904 թվականի ամռանը «Կոջոր» ամառանոցում գրեցի «Պատվի համար»-ը։

Այս անգամ որոշեցի պիեսը տանել Բաքու և առաջին անգամ այնտեղ ներկայացնել»։

Նույն թվականին դրաման լույս տեսավ առանձին գրքով։ Բացի Բաքվի թատրոնից այն բեմադրվեց նաև այլ հայտնի թանտրոններում՝ ինչպիսիք էին  Թբիլիսի Արտիստական ընկերության թատրոնը, Աստրախանի Գեղարվեստական դրամատիկական ստուդիան, Գանձակի Հայկական, Էստոնիայի Ազգային դրամատիկական թատրոնները: Պիեսը թարգմանվեց  բազմաթիվ լեզուներով՝ ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, ֆրանսերեն, էստոներեն, թուրքերեն։

Գրքի շապիկը տարբեր տարիների հրատարակություններին

Ո՞րն էր հաջողության գաղտնիքը

Հանդիսատեսին գրավում էին դրամատուրգի խոր հումանիզմը և մեկը մյուսին հակասող կերպարները, որոնք յուրովի էին պայքարում պատվի համար, բայց այդ մասին ավելի մանրամասն կներկայացնենք ավելի ուշ:

Իսկ թերթերը գրում էին.

«Պիեսի ֆաբուլան վերցված է իրական կյանքից, գործող անձանց իրական հերոսներին մենք հանդիպում ենք ամեն քայլափոխին»:

«…կերպարները գծված են, վառ և կենդանի»։

Հատկանշական է, որ մինչև 1911 թվականը, դրաման բեմադրվել է 300 անգամ, որը չտեսնված ցուցանիշ է այդ ժամանակների հայ դրամատուրգիայի համար։

Ալեքսանդր Շիրվանզադե

Ի՞սկ գրաքննադատները…

Նրանք պիեսը թույլ համարեցին՝ համեմատական եզրեր տանելով Սունդուկյանի «Պեպո»-ի  հետ: Իսկ այդ նմանությունը կայանում էր նրանում, որ  «Պեպո»-ի մեջ կա մուրհակի և փող ստանալու խնդիր, «Պատվի համար»-ի մեջ էլ՝ ժառանգության խնդիր։

Ի պաշտպանություն Շիրվանզադեի՝ Վահան Տերյանը հանդես եկավ ելույթով, որում ասվում էր.

«Դրամայի մեջ որքան էլ ինքնատիպ, խոշոր և հետաքրքրական լինի Սունդուկյանը, նա առանձին երևույթ է։ Չպետք է մոռանալ, որ կենացաղագրական և հոգեբանական դրամայի գրական լեզվով ամենից շատ զարկ է տվել Շիրվանզադեն, և որքան էլ թերություններ ունենան նրա գրվածքները, նրա նշանակությունը այդ ասպարեզում շատ է, մեծ ու նշանակալից…», «Շիրվանզադեն կմնա այն հեղինակը, որ տանում է մեր գրականությունը Եվրոպա»։

Ի՞սկ Հովհաննես Թումանյանը…

Նա հետևում էր Շիրվանզադեի գործունեությանը և նկատելով քննադատների խիստ հարձակումներն ու գրչակից ընկերների անողոք վերաբերմունքը Շիրվանզադեի ստեղծագործությանը՝ որոշեց իր ծանրակշիռ խոսքն ասել:

«Վերջապես կը ցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը։ Եվ երբ որ տեսնի, կը համոզվի, որ նրանց մեջ էլ կան այնպիսիները, որոնք իրենց տաղանդով մրցում են ու հավասար են եվրոպական ժողովուրդների սիրված, հանրահռչակ հեղինակներին, տարբերությունը միայն սրանց ու նրանց բախտի մեջ է»։

Սյուժեն ու հերոսները

Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ անտեսելով ընկերոջ ընտանիքի ծանր վիճակը։ Սակայն Օթարյանն  պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, որոնք ապացուցում էին ժառանգության օրինականությունը։ Ի տարբերություն Էլիզբարովի՝  կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, բայց հայրը  «պատվի համար» պատրաստ է ամեն ստորության. նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ ի պահ էին։ Վերջինս Օթարյանին խոստացել էր վերադարձնել դրանք:

Հայրը կրկին կտվեց աղջկա պատիվը. այսպես է մտածում Մարգարիտն ու ինքնասպանություն է գործում՝  «պատվի համար»։

Դրամայի ռուսական պաստառը

Վերը նշեցինք, որ հերոսները պատիվ հասկացությունը ընկալվում են յուրովի։ Էլիզբարովի համար պատիվն իր անունն է. նա չի ուզում, որ մարդիկ իմանան  խաբեությամբ հարստություն դիզելու մասին։

Մարգարիտի համար կարևորն ազնվությունն է։ Սակայն կա մի նրբություն. երբ հայրը ոչնչացնում է փաստաթղթերը, Մարգարիտը չի ասում, թե ով է իրական մեղավորը: Ինքնասպանությունից առաջ ցանկանալով փրկել հոր պատիվը՝ նա ստում է, թե իբր ինքն է փաստաթղթերն  այրել: Հատկանշական է, որ նույնիսկ մահվան ճանապարհին է Մարգարիտը պաշտպանում է հորը: Հասկանալի է, իհարկե, որ աղջկան ոչ ոք չի հավատում. գիտեն, որ նա նման արարքի ընդունակ չէ…

Էկրանավորում

Տեսարան Պատվի համար ֆիլմից

Պիեսն էկրաններ է բարձրացել 1956 թվականին։ Գլխավոր դերերում էին Վարդուհի Վարդերեսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Կարպ Խաչվանքյանը,  Ավետ Ավետիսյանն ու այլք:

Կարդացեք նաև՝

 


Ալֆոնս Դոդեն ասել է…

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կարդում ենք արևմտահայ պոեզիա

Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

QUIZ․ ո՞ւմ տողերն են… ժամանակակից հայ գրականություն

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Հեղինակավոր պարբերականի անդրադարձը Նարինե Աբգարյանի մասին

Հասմիկ Սիմոնյան. բանաստեղծություններ

Վախթանգ Անանյան…

Զարուհի Բաթոյան. պարզ ճշմարտություն…

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին

Շամիրամ. Ռուբեն Սևակի դուստրը