Սիլվա Կապուտիկյան. իրական դեպք - VNews

Սիլվա Կապուտիկյան. իրական դեպք

Ինչպես եղավ, ես այդ օրը մտա մոտիկ շուկա,
Աչքս շաղվեց` բերք ու բարիք, մրգի բուրգե՜ր հսկա,
Տեսա սևհոնք, սևբեղ մի մարդ ինձ ձեռքով է անում,
–Արի, քաղցր եմի՜շ տամ քեզ, չե՜ս փոշմանի, խանո՛ւմ:
Մոտենում եմ. ամբողջ խումբ է` եկած հեռուներից,
Սեխ ու նուռ են բերել ու մեզ գայթակղում են նորից:
–Սեխդ քաղցր է, բայց ձեր գործը շատ է դառն ու լեղի,
Էդ ի՞նչ նամարդ խաղ եք խաղում գլխին Ղարաբաղի:
Ձերն եք հաշվում հողեր, շեներ, վանքեր հնամենի,
Ձեր ալլահն էլ` մեր աստծու պես, սուտը չի՜ ընդունի:
–Վա՛լլահ, բի՛լլա, երկինք, գետին, մենք մեղք չունենք իսկի,
Մենք մեր բոստանն ենք խնամում, ջրում ծառ ու այգի:
Մի օր մեր տուն ղոնաղ արի, օջախս քեզ` փեշքեշ,
Մենք քափ-քրտինք թափող մարդ ենք, արի աչքովդ տես:
–Դե ի՞նչ ասեմ… Խաղա՜ղ մնաք, գնաք-հասնեք ձեր տուն,
Թե հանդիպեք` բարև արեք Դիլբազի բաջուն:
Այսպես տաք-տաք խոսում էինք, երբ… զարթնեցի հանկարծ.
Շուրջս քնատ սենյակս էր նույն, նույն երկինքը ամպած:
Ռադիոն տխուր հայերենով նորից սուգ էր մաղում.
«Կոտորել են ծեր ու մանկանց Նախիջևանիկ գյուղում»…
18.09.1992 թ.
Եփրատի կամրջի վրա