Սիփան Շիրազ [բանաստեղծի բանաստեղծ որդին] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սիփան Շիրազ [բանաստեղծի բանաստեղծ որդին]

Սիփան Շիրազը ծնվել է 1967 թվականի հունիսի 25-ին Երևանում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ռադիոյում։ 1992 թվականին Սիփան Շիրազի խմբագրությամբ լույս է տեսել նրա հոր՝ Հովհաննես Շիազի «Հատընտիր» ժողովածուի առաջին հատորը, որն ամփոփում էր մեծ բանաստեղծի «Հայոց Դանթեական» պոեմը: Սիփան Շիրազը մահացել է 1997 թվականի ապրիլի 15-ին Երևանում։

 

ԱՍՏՂԵՐԸ ՊԱԿԱՍԵՑԻՆ

Քամիների նման անցան,
Քամիների նման – երազային –
Անցան, որպես մտքերն այն ցիրուցան,
Անուրջները, որոնք մի օր կային:

Անցան օրերն ու ժամերը դատարկ,
Անցան մահեր ու ծնունդներ հասուն,
Եվ մի մատուռ մնաց մթնած երկնքի տակ.
Մի հիշատակ՝ անհիշատակ ու անխոստում:

Իսկ հուշերը դեռ ապրում են դատարկ փոսում,
Մանուկներ են թռչում երկինք՝ ոտներին թագ.
Ցուրտ, կատակ էր Տեր Աստըծո ամեն խոստում,
Եվ անխոստում խորհուրդ էր այն և անապատ:

Ու՝ մնաց մեծ, ու մնաց մեծ սառցե մի պատ,
Մանուկների ոտքերի տակ՝ սառցե գամեր,
Եվ մնացինք ճանապարհին մենք՝ հուսահատ,
Մեր կրծքի տակ՝ հանգած – հանգած արեգակներ:

Եվ հասկացանք. կյանքում մտքում, ինչ էլ որ տանք,
Զուր, իզուր է, և զուր, իզուր շունչ տվեցինք,
Եվ անիմաստ դարձան կյանքում սեր, կիրք ու կյանք,
Եվ աստղերը երկնքի մեջ պակասեցին։

 

ՎԱՆ ԳՈԳԻ ԱՐԵՒ
Արևագալի շիկացած բիբն է
Կտավի վրա հալվում ուղեղի:
Շնչակտուր են կույր ագռավները,
ԵՎ ծարավով են լեռները հղի:

Հանքափորների մկանների մեջ

Գժանոցային ծիծաղ է տիրում:
Հասարակաց տուն:Կտրված ականջ:
Արնածոր արև՝կտավ–բիբերում:
Առլ:Փարիզ:ՄԻԼԼԵ:ՏՊԱՎՈՈՒԹՅՈՒՆ:
Փակվող սրճարան:Հանգած մարխ ու լույս.
Այսքանից հետո ճանապարհը քո
ԵՎ կոչումը քո–շիկահեր Հիսուս:
Դժվար օրերը խամաճիկներ են.
Մինչ կտավները՝տեղ ու հանգրվան:
Արևագալի շիկացած բիբ է
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ:

 

ԼՈՒՍՆՈՏ ԱՂՋԿԱ ՀԱՄԱՐ
Քո աչքերի մեջ –
Առնետներ սև,
Առնետներ։
Քո աչքերի մեջ –
Կեռ ոտներ են սև,
Կեռ ոտներ;
Քո աչքերի մեջ –
Թախծոտ
Առնետներ են թախծոտ,
Առավոտին մոտ, բայց առնետներ են,
Բայց – առնետներ։
Առավոտին քո մոտ,
Ձեռուոտին քո մոտ –
Առնետներ են,
Առնետներ ․․․
Առավոտներ, որ կրում են փոսեր,
Եվ՝ Սեր,
Վեցթևանի ուսեր,
ՈՒ՝ ՍԵր,
Ու՝ Սեր,
քո աչքերը,
Առնետներ են քո աչքերը,
ՈՒ՝ Սեր։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Արթնանում է մենությունս, դառնում է ժամ:
Լռության մեջ անքնության անհամ ժամեր:
Կեղծ են դառնում անունները նվիրական,
Տեսիլներն ու երազները դառնում են թեր:

Շփոթում ենք մենք մեզ ու քեզ և ուրիշին
ՈՒ դառնում ենք սապատավոր դեղձանիկներ,
ՈՒ թքում է լռությունն իմ տատմոր փեշին,
Փշրվում է ողնաշարն ու թախիծն իմ ծեր:

Բարի գիշեր իմ չտեսած հարազատին,
Բարի գիշեր, անծանոթ իմ թշվառական.
Շփոթեցինք մենք իրարու՝ ժամում հետին,
Իսկ առաջին օրը սուտ էր, և ժամն՝ անհամ:

Բարի գիշեր իմ չտեսած քո աչքերին,
Բարի գիշեր, իմ նախընտրյալ, իմ անտեղյակ.
Ես մի մոտիկ տեղ եմ գտել իմ շիրիմին.
Թող քեզ լինի կյանքում ամեն, ամեն դղյակ:

Բարի գիշեր: Կհանդիպենք կյանքում վերին,
Բարի գիշեր, կհանդիպենք ոսկում աշնան,
Կթափառենք ու կհարբենք վերերկրային
Փողոցներում, և ոչ առջևն ամեն մի շան…

Ու կմնա խոր-խավարում քաղաքն էս չար՝
Եվ դավաճան կաթի գինը ինչ-որ կնոջ
Քեզ մահու ժամ կնվիրի մտերմաբար՝
Քամուն տալով խոստովանանքն ու կյանքդ ողջ:

Բայց, ի վերջո, կհանդիպե՞նք. ի՞նչ իմանամ.
Վերադարձ չէ, արդյոք, մահվան գալուստը մեր,
Երբ երկատվում-վերջանում է օրը անհամ՝
Կուլ տալով կոր եղելության այնքան ձևեր:

Էխ, ինչևէ. բարի գիշեր քո աչքերին,
Քո մատներին, դու իմ անմիտ, իմ անտեղյակ.
Ես մի մոտիկ տեղ եմ գտել իմ շիրիմին.
Թող քեզ մնա կյանքում ամեն, ամեն դղյակ:

ՄԻՆՈՐ, ՄԻՆՈՐ

Սրանք բոլորը դատարկ թղթեր են:
Ուզո՞ւմ ես, պատմեմ քեզ իմ մասին: Այսպես ուրեմն.
Առավոտ է … Մեռելներն արթնացել են, իսկ ապրողները քնած են դեռ:
Երևան: Կինո Մոսկվա: Առավոտ կանուխ: Սրտխառնոց։
Գլխացավ – գլխապտույտ: Երեկ մահացած սեր։
Լուսինե՛:
Հիսուն գրամ օղի – պարտքո՛վ իհարկե։
Հիսուն գրամ արցունք – պարտքո՛վ իհարկե:
Հիսուն գրամ ոչնչություն – իհարկե՛։
Օրը մթնում է սրճարանում:
Ես վախենում եմ իմ ստվերից:
Սրանք բոլորը վերնագրեր են։ Ափսոս ընթերցողը մեռած է։

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐ: ՇՈՂԱԿԱԹ:
ԾՐԱՐՈՒՄ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՄ ՔԵԶ:

Երևանյան այս օրերը վերջ կունենան,
Եվ կմնա թատերաբեմ լքյալ հուշի:
Հրաժեշտի սեղանապետ կնախընտրենք –
Մեր կարոտը կամ հարբեցող մի ապուշի:

Եվ ուրիշի համար լակած թախիծը մեր
Կթավալվի փողոցներում, կծավալվի,
Եվ կհալվի – սենտիմենտալ կյանքին ընտել,
Եվ հետքերը մեր՝ կիրակին դանդաղ կավլի:

Ցախավելից պոկված շիվեր – տրտունջներ սուտ՝
Քամուն տվինք: ՄԵՐ ՕՐԵՐԸ տարավ քամին;
Հարբեցողի համբավն էր մեզ հավատամուտ.
Եվ՝ թողություն՝ միայն հուշը ավարտ ժամի:

Հիմի, գիտե՛ս, իմ նախընտրյալ, սուտ են, քամի՛,
Հավատապատ պուրակները անկողնակաթ.
Բաժան-բաժան ու տկլոր ենք ու մերկ՝ հիմի՛,
Ցախավելից պոկված հուշի նման վհատ:

Իսկ դո՛ւ, ԽԵ՜ՆԹՍ, դեռ հիշում ես – ԿՅԱ՜ՆՔ, ԿԻՐԱԿԻ՛,
Երևանյան թախիծ, սիրո «հանգած լապտեր»
Որպես աղոթք տանուլ տված նպատակի, –
ԷԽ, ԱՍՈՒՄ ես, ԷԽ ՍԻՓԱՆՕ, լակած ախպեր:

Երազում ենք նորից, դարձյալ, երկա՜ր ու ձիգ,
Մինչ մեռնում է մատռվակն այն գինեհուշի.
ՉՀԱՍԿԱՑԱՆՔ. մեր կյանքը ում վստահեցինք.
Բարի Աստծո՞ւն, թե անաստված մի ապուշի:

 

 


Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

Բրոդսկի. Մարիայից հետո և Մարինայից առաջ…

Բրոդսկին ասել է…

Հասմիկ Սիմոնյան. բանաստեղծություններ

Զարուհի Բաթոյան. պարզ ճշմարտություն…

Թումանյանական շարք

Սերգեյ Եսենինի զավակները

Մի սիրո պատմություն․ Հովհաննես Շիրազն ու Սիրլվա Կապուտիկյանը

Ջուր ծախող տղան. Հովհաննես Շիրազ

Արմեն Տիգրանյան

Շիրազ [մանկատանը մեծացած, շան բներում քնած ու գող մեծն պոետը]

Չարենցի և Իսահակյանի ընկերությունն ու Չարենցի վերջին բանաստեղծությունը

Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում [Սահյանի քրոջ հուշերը]

Սերգեյ Եսենին… Ինքնասպանություն, թե՞ հաշվեհարդար

Թոմաս Էլիոթի «Մոխրոց չորեքշաբթի»

Պետրոս Դուրյանն ասել է…