Սիրո 7 տեսակ, էտապ ու դրսևորում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սիրո 7 տեսակ, էտապ ու դրսևորում

Սիրո մասին կարելի է խոսել հազարավոր տեսանկյուններից, սիրո հարցում, սիրո մասին ոչ մի կոնկրետություն գոյություն չունի. ոմանց դուր են գալիս կայծակնային ու կարճաժամկետ սերերը, ոմանք հակված են սիրել մեկին ու մեկ անգամ, ոմանք էլ ուղղակի ուզում են անվերջ զգալ թիթեռնիկների թռիչքը որովայնում:

Որքա՜ն հակասական կարող է լինել սերը. գրքայինից մինչև կենցաղային, իրար գրելուց մինչև իրար մասին գրելը, իրար շուռ տալուց մինչև իրար հետ քաղաքներ շուռ տալը… Գարնան ու մի քիչ էլ սիրահարվածության թելադրանք այս ողջ լիրիկայից հետո ցանկություն է հասունանում պրպտել ու վերլուծել սիրահարվածությունից մինչև սեր ընկած էտապները: Դե ինչ,

Սիրո 7 տեսակ, էտապ ու դրսևորում

Սիրահարվածություն

Սոսկ կենսաբանական տեսանկյունից սիրահարվածությունը պարզապես էվոլյուցիայի հնարքն է, որը միտում ունի միացնել երկուսին՝ մարդկային տեսակը շարունակելու նպատակով, սակայն երբ մենք տարված ենք որևէ մեկով էվոլյուցիան ու վերջինիս խորամանկությունները մեզ ամենաքիչն են հետաքրքրում: Պատճառները հստակ են, անունները՝ հայտնի. դոֆամին, օքսիտոցին, սերոտոնին, տեստոստերոն և էստրոգեն: Հենց այս հորմոնների փունջն է առաջացնում այն միքսը, որը մենք անվանում ենք «փորիկում թիթեռնիկներ»: Այո՛, այո՛, հենց նրանց պատճառով են մեր սրտի զարկերն այդչափ արագանում: «Սիրո քիմիա». հենց այս կերպ են վերոնշյալ էտապն անվանում սկեպտիկ գիտնականները: Նրանց պնդմամբ բացասական զգացողությունների ու ռացիոնալ մտածողության կենտրոնները բլոկավորվում են, վրա է հասնում Էյֆորիան, գերզգայունությունն ու բարձր տրամադրությունն ուղեկցում են ամեն մի հանդիպմանը:

Իսկ եթե կենսաբաններին ու քիմիկներին թողնենք մի կողմ և իբրև հենք ընդունենք կյանքը, ապա կարելի է սյուբեկտիվորեն նշել, որ սիրո առաջին էտապը՝ սիրահարվածությունը տևում է մեկ-մեկ ու կես տարի, հաճախ՝ շատ ավելի քիչ: Մարդը տեսնում է իր սիրելիին նրա ամենաիդեալական կերպարանքում, ամենաշահավետ լույսի ներքո: Ծաղիկներ, կոնֆետներ, կինո, գինի, և համբույրներ. այս շրջանը նաև կարելի է համարել ամենապոետիկը, հենց սիրահարվածության պահին են գրվել լավագույն բանաստեղծությունները, հենց սիրահարվածության մասին են պատմում ամենառոմանտիկ ֆիլմերը: Երկարաձգեք այս փուլը՝ որքան կարող եք. այն մարդկությանը հայտնի ամենաանվնաս թմրանյութն է:

Հագեցման փուլ

Փոխադարձ սիրահարվածության տրամաբանական շարունակությունն իրենից ենթադրում է մի կարգավիճակ, երբ զույգը սկսում է ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, շատերը սիրահարվածության ֆոնին անմիջապես ամուսնանում են կամ սկսում միասին ապրել: Արդյունքում սիրելին դառնում է սովորական մի բան, նրա ներկայությունը՝ ուղղակի իրողություն: Սիրահարները հագեցել են իրարից, հարմար պահ է ստեղծվել, որ կենցաղն իր ողջ թափով բեմ բարձրանա: Հենց այս փուլում մենք սկսում ենք նկատել դիմացինի մանր ու մեծ թերությունները՝ «տղամարդու նասկիները ամենուր են, բացի դարակից», «կնոջ մազերը երբեմն մնում են լոգարանում», «նա առավոտյան այդքան էլ հրեշտակային չէ», «իսկ նրա հետ ծանր աշխատանքային օրվանից հետո խոսել չի լինում». այս ամենն ու դեռ ավելին ոչ միայն ակնհայտ են դառնում, այլև սկսում են խաղալ մեր նյարդաթելերի հետ: Եվ խնդիրը բացարձակապես այն չէր, որ նախկինում մենք այդ ամենը թաքցրել ենք, ո՛չ, ուղղակի տևական էյֆորիայից հետո նոր-նոր մեր ուղեղը անցնում է իր «մասնագիտական պարտականություններին»:

Հարցի մյուս կողմը՝

Հենց այս էտապում են ձևավորվում համատեղ նախասիրությունները, սկսում են իրագործվել մեծ ու փոքր երազանքները. դուք կահավորում եք ձեր բնակարանը, սենյակ առանձնացնում ապագա երեխայի համար, ճանապարհորդում կամ մեքենա գնում, ինտեգրվում մեկդ մյուսի կյանք, ծանոթանում միմյանց հարազատների ու ընկերների հետ: Հավատացե՛ք այս փուլում անելիքներ շատ կան: Հենց այս էտապում է զույգն առաջին անգամ ներկայանում իբրև զույգ, ասել է, թե՝ «հասարակության մեկ միացյալ միավոր»: Այս փուլն ինքնին իրենից ենթադրում է սոցիալական ուրիշ դեր ու ուրիշ պատասխանատվություն:

Հիասթափությունից՝ ատելություն

Այս փուլն իսկական փորձություն է սիրահարների համար: Հանում ենք վարդագույն աչքիներն ու կյանքին և միմյանց նայում սթափ հայացքով: Սիրահարվածությունն այլևս անցյալում է, իսկ սիրելիի թերությունները աչք են ծակում, հաճախ՝ աչքի փուշ դառնում: Դիմացինի, ժամանակին հաճելի թվացող փոքրիկ առանձնահատկություններն ու էքսցենտրիկությունները, այլևս անտանելի են և սղոցում են նյարդերը: Իր մասին բարձր ու վստահ հիշեցնում է նորին գերազանցություն էգոիզմը. սեփական տեսակետը դառնում է անբեկանելի, իսկ վեճերը՝ անխուսափելի: Այս փուլը 3 հստակ բնութագրիչ ունի՝ խեղդող կենցաղ, վառ արտահայտված էգոիզմ, և միալար թերություններ: Հենց այս փուլում ենք մենք սկսում երկար մնալ աշխատավայրում, հիշել նակին սիրելիներին, այս փուլում են կանանց գլխացավերն ավելի հաճախակի դառնում, իսկ տղամարդկանց հայացքներն ավելի ինտենսիվ ուղղվում այլ կանանց: Այս ամենի արդյունքում հենց այս փուլն է հաճախ սկիզբ դնում դավաճանություններին, հենց այս փուլն է բազմաթիվ ամուսնալուծությունների պատճառ դառնում:

Այդուհանդերձ

Այս փուլն այն ճանապարհն է, որը կտանի կայուն ու պինդ հարաբերությունների, այն անհնար է շրջանցել, սակայն կարելի է այստեղից դուրս գալ պատվով… իհարկե, նաև մի քիչ քայքայված նյարդերով:

Համակերպում

Փոթորիկներն այլևս անցյալում են, վեճերն ավելի քիչ տեղ են զբաղեցնում համատեղ կյանքում, դրանք այլևս ոչ թե ողբերգական ներկայացումներ են այլ պարզապես կառուցողական զրույցներ, որոնք ուղղված են միևնույն հայտարարի գալուն: Պարզ է դառնում՝ դիմացինին ամբողջությամբ քեզ ենթարկել չի ստացվի, մնում է հաշվի նստել նրա բնավորության հետ, ընդունել նրա անհատականությունն այնպիսին, ինչպիսին այն կա: Սովորաբար հենց այս էտապում ենք մենք վերջնականապես հարմարվում մեկս մյուսի հետ և ընդունում իրար՝ առանց սուր անկյունների ու փշերի:

Միմյանց օգտակար լինելու մասին

Հենց այս փուլում է ի հայտ գալիս մի երևույթ, որը կարելի է համարել իրական սիրո առաջին նախադրյալը. մենք սկսում ենք ծառայել իրար՝ պատասխան վերաբերմունք չակնկալելով, մեզ ուղղակի դուր է գալիս ինչ-որ լավ ու հաճելի բան անել սիրելիի համար, դրանից առաջին հերթին ջերմանում ենք հենց մենք: Ծառայությունը տեղի է ունենում գիտակցաբար ու ինքնակամ, դիմացինի երջանկությունն ու հարմարավետությունը դառնում է քոնը և դու ոչինչ չես խնայում այդ ամենն ապահովելու համար: Հետաքրքիր է, որ այս փուլը գալիս է երկուսի մոտ էլ միառժամանակ, ուստի պարադոքսն այնտեղ է, որ որքան էլ մեր քայլերը պատասխան վերաբերմունք չեն ակնկալում, մենք այնուամենայնիվ ստանում ենք այն:

Ընկերություն

Հենց այս փուլում են թատերաբեմ բարձրանում հարգանքն ու միմյանց հասկանլու կարողությունը: Զույգն արդեն առավել քան շատ բաների միջով է անցել, չե՞ք հավատում՝ կրկին կարդացեք «Հիասթափությունից՝ ատելություն» ենթավերնագիրը: Ամուսինները քաջատեղյակ են միմյանց բնավորության առանձնահատկությունների, սովորությունների մասին, ի դեպ, այն նույն փոքրիկ առանձնահատկություն-էքսցենտրիկությունները դադարում են նյարդայնացնել ու կրկին հաճելի են դառնում: Սիրահարները և արդեն ընկերները կարողանում են ճգնաժամային իրավիճակներից դուրս գալ առանց վիճաբանությունների: Այս ամենին գումարվում է այն, որ նախորդ էտապում երկուսն էլ սովորել են կարևոր ու օգտակար բաներ անել իրար համար: Այս փուլում մարդը, առավել քան երբևէ, իրեն հարմար է զգում սիրելիի կողքին, իսկ երեխաների մեծանալուն ու ինքնուրույն դառնալուն զուգընթաց ավելի շատ ժամանակ է ունենում միասին անցկացնելու ու լավ ընկերություն անելու:

Սեր

Ահա և այդքան երկար սպասված զգացմունքը, որին զույգն արժանացել է. անվանենք այն «վաստակած սեր»: Եթե դուք հասկանում եք իրար կես բառից, հաճախ՝ առանց բառերի. շնորհավորում ենք, սերը եկել է իր ողջ հմայքով ու խորությամբ: Սիրո այս էտապին հասնում են ոչ բոլորը, գուցե անգամ՝ քչերը: Երևի բոլորիս էլ բախտ է վիճակվել զբոսայգիներում տեսնել ձեռք-ձեռքի քայլող տատիկ-պապիկների. հիշու՞մ եք նրանց դեմքերը. եթե այո, ապա դուք ունեք սիրո մոտավոր պատկերը:

Դե ինչ, սերը բարդ աշխատանք է, աշխատանք քո մեջ ու քեզնից դուրս, աշխատանք, որը պիտի հաճելի լինի: Սերը մի քիչ հոբբի է, մի քիչ՝ արտաժամ, երբ դու տուն ես շտապում, մի քիչ արձակուրդ, երբ գործ անելու բուռն մոտիվացիա ունես: Այնուամենայնիվ, այն թեևեր է տալիս, տեղ-տեղ կոտրում է թևերդ, երբեմն կոփում է քեզ, երբեմն էլ՝ թուլացնում իմունիտետդ. ինչ ասես՝ այն չի բերում մարդու գլխին, սակայն պարադոքսն այն է, որ այդուհանդերձ մարդիկ շարունակում են սիրահարվել՝ սիրելու հույսով, և ամեն անգամ թվում է, թե նախորդ բոլոր անգամները սերեր չէին…ամեն անգամ: 

 

 

 

 

 

 

 


էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան

Ի՞նչ է պատմում քո սիրելի գույնը քո մասին

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Ինչու՞ ենք մեր տրամադրությունը բարդում եղանակի վրա…

Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին…

Սերը նախորդ դարում. [ֆոտոշարք]

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Ինքանամեկուսացման փիլիսոփայություն

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Լռությամբ բռնանալու մասին…

Բանականության և սրտի մասին

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

Հուշագրություն. Կամիլլա Թամանյան

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ