SOAD-ի 15-ամյա դադարի պատճառը - VNews

SOAD-ի 15-ամյա դադարի պատճառը

soaddd - SOAD-ի 15-ամյա դադարի պատճառը

2006 թվականի մայիսին SOAD-ն իր երկրպագուներին հայտնեց, որ պատրաստվում է ստեղծագործական դադարի։ Հաջորդեցին խմբի անդամների մեկնաբանությունները, մասնավորապես Շավո Օդաջյանը «Guitar» ամսագրին տված հարցազրույցում ասաց, որ արձակուրդը կտևի ամենաքիչը երեք տարի: Քրիս Հարիսի հետ հարցազրույցում Դարոն Մալաքյանը նշեց, որ խումբը չի կազմալուծվում, հակառակ դեպքում 2006 թվականին կայացած համերգը չէր լինի։

«Մենք չենք պատրաստվում երկարատև արձակուրդի մեկնել և անհատական նախագծեր իրականացնել,

– շարունակել էր Դարոնը, – մենք System-ում ենք ավելի քան 10 տարի, և, ինձ թվում է, հիանալի է լքել խումբը որոշ ժամանակով և ավելի ուշ վերադառնալ»:

Խմբի անդամների անհատական գործունեությունը.

2006 թվականին երաժիշտները մասնակցեցին Կառլ Կարապետյանի «Screamers» ֆիլմի ստեղծմանը, այն պատմում էր Հայոց ցեղասպանության մասին: Մեկ տարի անց Սերժ Թանկյանը թողարկեց իր առաջին անհատական ձայնասկավառակը՝ «Elect The Dead»-ը, որը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը Billboard 200-ում, Դարոն Մալաքյանը և Ջոն Դոլմայանը ստեղծեցին սեփական Scars on Broadway խումբը, որը նաև հայտնի է որպես «Scars» կամ, կրճատված՝ «SOB», իսկ Շավո Օդաջյանը, «Wu-Tang Clan»-ի հետ միասին, հիմնեց «Achozen» հիփ հոփ նախագիծը: SOB-ի առաջին ելույթը կայացավ ապրիլի 11-ին Լոս Անջելեսի «Whisky a Go Go» բեմում, իսկ 2008 թվականի հուլիսի 29-ին նրանք թողարկեցին իրենց առաջին համանուն սկավառակը, որը 17-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Billboard 200»-ում: Achozen խումբը, իր հերթին, ձայնագրեց «The Album» ձայնասկավառակը, թեև այն դեռևս չի թողարկվել: 2009 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Հելոուինի ժամանակ, Օդաջյանը «The Roxy» ակումբում կազմակերպեց «Shavo’s Halloween party» անվճար համերգը, որտեղ միևնույն բեմի վրա հանդես եկան «SOAD»-ի երկու այլ անդամներ ևս՝ Դարոնը և Ջոնը։ Նրանք նվագեցին երեք երգ, այդ թվում՝ «Suite-Pee»-ը (SOAD) և «They Say»-ը (SOB):

2010 թվականի մարտի 30-ին Սերժ Թանկյանը հայտարարեց իր երկրորդ անհատական ձայնասկավառակի՝ «Imperfect Harmonies»-ի մասին, իսկ սեպտեմբերի 21-ին սկավառակաը թողարկվեց։ Գրեթե երեք շաբաթ անց ձայնասկավառակը երրորդ տեղը զբաղեցրեց «Billboard»-ի հարդ ռոք ձայնասկավառակների շարքում: Ավելի վաղ՝ 2010 թվականի հունվարի սկզբին, Շավո Օդաջյանը իր միկրոբլոգում գրեց.

«Տղաներ, դուք պատրա՞ստ եք System-ին»:

Երկրպագուները Շավոյի հայտարարությունը ընդունեցին, իբրև մոտալուտ վերադարձի ակնարկ, սակայն ավելի ուշ, երբ աղմուկը հասավ ԶԼՄ-ներին, երաժիշտը նոր հաղորդագրությամբ հանդես եկավ Թվիթերում՝ հայտարարելով, որ վերադարձը դեռևս չի մտնում խմբի պլանների մեջ։ Սերժ Թանկյանը ևս հերքեց այդ շշուկնրը: Սակայն այդ տարվա նոյեմբերի 29-ին՝ հինգ տարվա ընդմիջումից հետո, խումբը հայտարարեց իր վերամիավորման մասին։ Խմբի պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակվեց.

«Մենք ցանկանում ենք ձեզ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար, ոչ միայն System of a Down-ին, այլ նաև մեր բոլորի անհատական գործունեություններին։

Մենք չունենք հեռու գնացող ծրագրեր։ Մենք պարզապես կնվագենք այս շոուն, քանի որ կրկին ցանկանում ենք միասին բեմ դուրս գալ, և քանի որ այդ եք ցանկանում և դուք։

Շուտով հայտնի դարձավ, որ խումբը պատրաստվում է 2011 թվականին մեկնել եվրոպական շրջագայության, վերջինիս ընթացքում խումբը հանդես եկավ այնպիսի խոշոր ռոք փառատոնների շրջանակներում, ինչպիսիք էին «Rock am Ring»-ը, «Greenfield»-ը, «Download»-ը, «Novarock»-ը և «Metaltown»-ը։ Բացի այդ՝ System of a Down-ը ծրագրում էր համերգներ ունենալ Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում:

2015 թվականի ապրիլի 23-ին խումբը, Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված, «Wake up the souls» շրջագայության շրջանակներում այցելեց Երևան և անվճար համերգ տվեց Հանրապետության հրապարակում:

2016-ի նոյեմբերի 10-ին Ջոն Դոլմայանը հայտարարեց, որ խումբը աշխատում է նոր ալբոմի վրա, այն նախատեսվում էր թողարկել 2017 թվականին: 2017-ի հունիսի 1-ից հուլիսի 5-ը խումբն ուներ եվրոպական շրջագայություն 21 քաղաքում:

2018-ի հուլիսի 13-ին Ջոն Դոլմայանն ու Սերժ Թանկյանը, իրենց սոցիալական ցանցերի միջոցով, հայտարարեցին, որ նոր ալբոմի ստեղծման և թողարկման հետ կապված բազմաթիվ խնդիրներ ու հակասություններ են առաջացել և ներողություն խնդրեցին բոլոր երկրպագուներից: Այսպիսով, նոր ալբոմի թողարկումը կրկին հետաձգվեց անորոշ ժամանակով:

2020 թվականի նոյեմբերի 6-ին, 15-ամյա դադարից հետո, խումբը թողարկեց երկու նոր երգ «Genocidal Humanoidz» և «Protect The Land» վերնագրերով:

«Այս երկու երգերը ՝« Protect The Land »և« Genocidal Humanoidz », խոսում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը մղվում է մեր մշակութային հայրենիքներում ՝ Արցախում և Հայաստանում» :