Սթիվեն Ֆրայի նամակը՝ մի դեռահաս աղջկա - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սթիվեն Ֆրայի նամակը՝ մի դեռահաս աղջկա

Թանկագին Կրիստել,

Ինձ համար ցավալի է, որ կյանքն այս պահին քեզ ոչնչով չի ուրախացնում: Աստված վկա, ես գիտեմ, թե որքան դժվար է, երբ ոչ մի բան այնպես չի դասավորվում և ոչինչ չի ուրախացնում: Վստահ չեմ, որ իմ խորհուրդը կօգնի քեզ, քանի որ թեև խորհուրդները բարի մտադրություններով են տալիս, բայց դրանցից երբեմն հոգին ավելի է կծկվում, քանի որ դրանք հիշեցնում են, որ դու ի վիճակի չես ինքդ քեզ օգնել, ինքդ քո անձի հանդեպ այնքան սեր դրսևորել, որքան դա անում են քեզ շրջապատողները:

Ես հասկացել եմ, որ իրավիճակը կարելի է թեթևացնել, եթե սկսես քո զգացմունքների և տրամադրությունների մասին մտածել այնպես, ինչպես եղանակի մասին ես մտածում:

Ահա բոլորին հայտնի մի քանի փաստ եղանակի մասին:

Այն իրականում գոյություն ունի:
Դու չես կարող այն փոխել, միայն ցանկանալով, որ ամպրոպը և անձրևն ավարտվեն, կամ ձմեռն արագ անցնի:
Եթե պատուհանի այն կողմում հիմա մութ ու անձրևոտ եղանակ է, ապա նշանակում է՝ իսկապես մութ ու անձրևոտ եղանակ է, և դա փոխել հնարավոր չէ:
Մռայլ եղանակը կարող է շարունակվել մինչև երկու շաբաթ:

 

ԲԱՅՑ

Մի օր նորից արև դուրս կգա:
Ոչ ոք չի կարող որոշել, թե երբ հետ կգա արևային եղանակը, բայց այն հետ կգա:
Մի հրաշալի օր:

Կարծում եմ՝ նույնը ճիշտ է նաև տրամադրության դեպքում: Ճիշտ չէ մեր զգացմունքները և ապրումները ընդամենը համարել պատրանքներ, որոնք չեն արտահայտում իրերի իսկական դրությունը: Դրանք իրական են: Դեպրեսիան, անհանգստությունը, անտարբերությունը, անուժությունը նույնքան իրական են, որքան եղանակը պատուհանի այն կողմում: Եվ դրանք նույնպես մեզ ենթակա չեն, ու դա մեր մեղքը չէ:

ԲԱՅՑ

Դրանք կանցնեն: Իսկապես կանցնեն:

Այնպես, ինչպես մենք ընդունում ենք եղանակը պատուհանի այն կողմում, այդպես էլ պետք է ընդունենք, որ երբեմն կյանքը մեզ երևում է մռայլ գույներով: «Այսօր հիմար օր ստացվեց»,- սա իրատեսական մոտեցում է: Կարևորն այն է, որ չմոռանաս մտովի բաց անել անձրևանոցը: «Ահա թե ինչ, դրսում անձրև է… Ամեն դեպքում ես մեղք չունեմ դրանում: Ես ոչինչ չեմ կարող անել բացի համբերելուց, որ այն ավարտվի: Իսկ վաղը գուցե արևը նորից դուրս գա ամպերի հետևից, և ես լիարժեք վայելեմ այն»:

Չգիտեմ՝ քեզ պետք կգա ինչ-որ բան այս ամենից: Գուցե դու որոշես, որ ոչ: Այդ դեպքում ես ներողություն եմ խնդրում քեզնից ու հաջողություն եմ մաղթում քեզ կյանքի իմաստի և ուրախության քո որոնումներում:

Լավագույն մաղթանքներով՝ Սթիվեն Ֆրայ»:

  Աղբյուր՝ internest