Թե ինչպես հայ թատրոնը փակեց դռները Փափազյանի առջև - VNews

Թե ինչպես հայ թատրոնը փակեց դռները Փափազյանի առջև

Հա բեմի մեծագույն վարպետ, հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանի փառքի, հաջողությունների ու մեծարումների մասին հաճախ ենք լսել, սակայն միշտ չի, որ հարթ, հեշտ ու առանց խոչընդոտների է եղել նրա կյանքը։ Աշխարհի բոլոր հեղինակավոր բեմերը նրան գրկաբաց են ընդունել, բայց իր հայրենիքում եղել են մարդիկ, որոնք փորձել են խանգարել դերասանին։ Թատերագետ Ռուբեն Զարյանի հուշն այդ մասին  է.

«1945 թվականը եզրափակվելու վրա էր, որ քաղաքով մեկ լուր տարածվեց, թե Փափազյանը ժամանել է Երևան։ Պատերազմը սկսվելուց ի վեր չէինք տեսել արտիստին, գիտեինք, որ պաշարված Լենինգրադում է։ Վերջապես իմացանք, որ հայրենի Երևանում է։Այս ուրախալի լուրը, սակայն մթագնվեց այլ լուրով, որ շատ արագ տարածվեց ու մայրաքաղաքի գեղարվեստասեր մտավորականոթյունը վրդովված խոսում էր այդ մասին։

Փափազյանը Լենինգրադից մեկնելիս, Երևան գալու ճանապարհին կանգ է առել Բաքվում, ներկայացումներ տվել, խաղացել Օթելլո ու Համլետ, ունեցել շռնդալի հաջողություն, Բաքվից դերասանը հեռագիր է ուղարկել Արմեն Գուլակյանին, որն այդ ժամանակ Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, և խնդրել մի քանի ներկայացման համաձայնություն։

 

 

 

Գուլակյանը, նկատի ունենալով թատրոնում եղած խմորումները, հավաքել է դերասանական ավագանուն և հաղորդել Փափազյանի Երևան գալու ցանկության մասին ու հարցրել` ի՞նչ կարծիքի են, ի՞նչ պատասխանեն, այո, թե՞ ոչ։

Մեր ազդեցիկ դերասաններից մեկը, որ այդ ժամանակ ազդեցիկ դեմք էր թատրոնում, այն միտքն է հայտնել, թե պետք է վերջ տալ Փափազյանի հյուրախաղերին ընդհանրապես։ Պատճառաբանելով, թե նրա գալով խախտվում են մեր թատրոնի անսամբլային ավանդույթները և ընդհանրապես, հյուրախաղն անհատապաշտական թատրոնից մնացած ժառանգություն է, որը բացի վնասից, ոչինչ չի կարող տալ մեզ։

Գուլակյանն ուզում է իմանալ մյուսների կարծիքը։ Գրեթե բոլորը նույն կարծիքի են եղել` չպետք է ընդառաջել Փափազյանին։

Մեկն էլ թե`

-Եղբայր, հայ դեսրասան է, թող գա Երևան ու մեզ հետ միասին լուծ քաշի, թե չէ, չգիտեմ էլ ինչպես ասեմ, գալիս է, հետո անհետանում, մի տարի անցնում է, մեկ էլ նորից է երևում։

Ձայն է խնդրում Հրաչյա Ներսիսյանը։

-Ինչ որ ասում եք, ճիշտ եք ասում, բայց մի մոռացեք, որ դիմողը Փափազյանն է։ Կարծում եմ, որ նրա խնդրանքը պարտավոր ենք կատարել։

Հրաչյային է միանում նաև Ռուզաննա Վարդանյանը։

Քննարկվող հարցը քվեարկության է դրվում։ Մեծ մասը ձայնը տալիս է մերժելու առաջարկին։

Կարելի է պատկերացնել Փափազյանի հոգեկան վիճակը, երբ ստացել է մերժման հեռագիրը։

Տարիներ անց հարց եմ տվել, թե ի՞նչ ապրում ունեցավ։

-Կարդացե՞լ ես «Կորիոլանը» Այո՞։ Հիշիր ուրեմն այն տեսարանը, երբ զրկում են նրան հայրենի քաղաքում ապրելու իրավունքից։ Նույն դառնացած հոգին ես էի։ Ինչու՞ Երևանը այդպես շուտ մոռացավ, որ ես բարձր պահեցի իր պատիվը 1928-ին Մոսկվայում։ Ինչու՞ մոռացավ այն հաղթական դափնին, որով պսակեցի Երևանի ճակատը 1932-ին, փարիզյան հյուրախաղերի ժամանակ։ Ո՞ր մենկն ասեմ։

 

 

Մի խոսքով` հայ թատրոնի ամենամեծ դերասանը, հնգամյա բացակայությունից հետո փակ գտնելով մայր թատրոնի դռներն իր առաջ, հեռագիր է ուղարկել Հայֆիլհարամոնիա` երգահան Միքայել Մազմանյանին, թե կամենում է Երևան գալ երկու կոնցերտով և նա էլ պատասխանել է` «Համեցեք, մեր գլխի վրա տեղ ունեք»։

 

Մ. Սարյան «Վահրամ Փափազյանի դիմանկարը»

 

Փափազյանը հայտնվեց Երևանում, տվեց երկու կոնցերտ, և շատ մարդ ներկա չէր եղել այդ կուլտուրայի տան Փափազյանի ելույթին, լսել էին, թե ինչ հրաշք է կատարվել «Մակբեթի» մենախոսությունը կատարելիս։ Վրդովմունքի ալիք բարձրացավ մտավորականության մեջ և այդ դժգոհության վերջնական ձևակերպումը կատարեց Մարտիրոս Սարյանը, որ մի հավաքույթի ժամանակ հանդիպելով Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին, պատմել է Փափազյանի գլխին եկածը, հայտնել շատերի դժգոհությունը, բացատրել մերժման բուն պատճառները և խնդրել անձամբ միջամտել այդ հարցի կարգավորմանը։

Փափազյանին հնարավորություն տվին, դա արդեն 1946-ի հուվարին էր, չորս ներկայացում տալու, խաղալու Համլետ և Օթելլո։ Թե ինչ մեծ հաջողություն ունեցավ Փափազյանը` այդ արդեն հայտնի է և դրա մասին շատ է գրվել մամուլում»։