Ուրվականներով լի «Վինչեսթեր» տունն ու դրա պատմությունը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ուրվականներով լի «Վինչեսթեր» տունն ու դրա պատմությունը

Տուն, որ կառուցել են ուրվականները…

Կալիֆորնիա նահանգի Սան Ժոզե համայնքում գտնվում է տարօրինակ կերպով նախագծված  ու հսկայական չափեր ունեցող մի առեղծվածային առանձնատուն՝ Վինչեսթերների տունը: Հսկայական այս տունը կառուցվել է 38 տարի շարունակ՝ օրվա բոլոր 24 ժամերին՝ առանց դադարի: Այնտեղ ապրում էին ուրվականներն ու հրանոթային խոշոր կալվածատիրոջ այրին՝ Սառա Վինչեսթերը: Ի՞նչպես է կառուցվել այս առանձնատունը, ի՞նչ առեղծվածներ ունի, ի՞նչպիսի վայր է այն այսօր… այս հարցերի պատասխանները կիմանանք հենց հիմա:

Վինչեսթերները

Սառա Լոքվուդ Փարդին, ըստ մի քանի տվյալների, ծնվել է 1840թ.-ին : Արդեն 12 տարեկանում նա տիրապետում էր լատիներենին, ֆրանսերենին, իսպաներենին ու իտալերենին: Նա հիանալի կերպով դաշնամուր էր նվագում ու սիրում կադալ Շեքսպիրի գործերը:

Վիլիամ Ուիրթ Վինչեսթերը ծնվել է 1837թ.-ին: Դեռ փոքր տարիքում նա մեծ նպատակներ ու երազանքներ ուներ, ուստի մեծանալուն պես  միանգամից սկսել է զբաղվել զենքեր արտադրելով: Այն հետագայում դարձել է հայտնի «Վինչեսթեր վերալիցքավորվող զենքերի կազմակերպությունը»:

Քանի որ երկու երիտասարդի ընտանիքներն էլ բնակվում էին նույն վայրում ու ժամանակ անցկացնում նույն մարդկանց շրջանակներում, բնական էր, որ նրանք պիտի հանդիպեին: Արդեն 1862թ.-ին զույգն ամուսնացավ ու սկսեց սիրով լի ընտանեկան կյանքը վայելել: 1866թ.-ին նրանք երեխա ունեցան, որը սակայն մահացավ ծնվելուց ընդամենը 40 օր հետո: 1880թ.-ին հերթական աղետը տեղի ունեցավ Սառայի համար՝ մահացավ նրա ամուսինը՝ կնոջը թողնելով միայնակ ու հսկայական կարողությունով:

Վինչեսթերների առանձնատան «ծագումը»

Որոշ ժամանակ միայնակ ապրելով՝ Սառան որոշեց գնալ Բոստոնում բնակվող մեդիումներից մեկի մոտ՝ փորձելով ամուսնու ոգու հետ կապվել: Մեդիումը նրան ասաց, որ ամուսինը կարծում է՝ նրանք անիծված են իր ընտանիքի ստեղծած զենքերի պատճառով մահացած մարդկանց կողմից: Տառապանքից փրկվելու ու մահվանից խույս տալու համար, ամուսնու ոգին ասաց, որ նա պիտի մի տուն կառուցի, որտեղ շինարարությունը երբեք չի ավարտվի: Այսպիսով, նա մի հսկայական տարածք գնեց ու վարձեց տասնյակ բանվորներ, որպեսզի սկսի կառուցել «երբեք չկառուցվող» առանձնատունը:

Տուն, որ կառուցեցին ուրվականները

Վինչեսթերների առանձնատունն ուներ 161 սենյակ, 6 խոհանոց, 40 ննջարան, 19 ծխնելույզ, 40 աստիճանաշար, 47 օջախ, 950 դուռ, 2 պարասենյակ և 10,000 պատուհան: Օրերն, ամիսներն ու տարիներն անցնում էին, և տունը գնալով ավելի էր մեծանում: Սենյակների մեջ սենյակներ էին կառուցվում, պատերի վրա դռներ ու դրվում պահարաններ, որոնք չէին բացվում, աստիճանները ոչ մի տեղ չէին տանում ու ավարտվում էին փակուղով: Մեծ սենյակների համար փոքր դռներ էին կառուցվում, իսկ փոքր տարածքների համար՝ մեծ: 7, 11 ու 13 թվերը շարունակ կրկնվում էին տան մեջ՝ սենյակներում 13 պատուհան կար, աստճանաքարերի թիվը 13-ն էր… Ամբողջ առանձնատանը կար ընդամենը 2 հայելի. շատերը մտածում են, որ դա այն պատճառով էր, որ Սառան կարծում էր՝ ոգիները վախենում են իրենց արտացոլանքից:

Սրանք տան տարօրինակություններից ընդամենը մի քանիսն են:

Մեզ համար այս ամենը կարող է խելագարություն թվալ, բայց Սառա Վինչեսթերի համար սա բնական էր՝ նա պետք է շարունակեր կառուցել տունը, որպեսզի կարողանա կառավարել ոգիներին, որոնք կփորձեին վնասել իրեն:

Երբ 1906թ.-ին Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժը ավիրեց Վինչեսթերների առանձնատան վերջին 3 հարկերը, Սառան մտածեց, որ դա հոգիների ձեռքի գործն է. նրանք բարկացել էին, որ տունն արդեն համարյա կառուցվել էր: Սառան քանդեց ննջարաններից մի քանիսն ու սկսեց նորից կառուցել դրանք՝ ավիրված 3 հարկի հետ միասին: Նույնիսկ ասում էին, որ ամեն օր կեսգիշերին նա ուրվականների հետ գիշերային հանդիպումներ էր ունենում, որից հետո սենյակից դուրս էր գալիս վերանորոգման նոր պլաններով:

Այստեղ Սառա Վինչեսթերը «հանդիպում էր» ուրվականնրի հետ

1922թ.-ի սեպտեմբերի 4-ին Սառան գնաց իր սենյակ քնելու: Լուսաբացին նա մահացավ քնի մեջ՝ 83 տարեկան հասակում: Իր ողջ կարողությունը նա թողեց իր զարմուհուն՝ Ֆրանցիս Մարիոթին:

Չենք կարող հաստատ ասել՝ արդյո՞ք ուրվականներն իսկապես անհանգստացնում էին նրան, թե՞ դա պարզապես նրա երևակայության արդյունքն էր: Նրա ընտանիքում դեպրեսիայով տառապող մարդիկ եղել են, ու հնարավոր է, որ նա նույնպես տառապում էր այդ հիվանդությամբ: Նա իր ողջ կյանքի ընթացքում շարունակում էր մուգ զգեստներ կրել ու չափազանց գաղտնի կյանք վարել: Նա անգամ գաղտնի անցքեր էր անում դռների ու պատերի մեջ, որպեսզի պարբերաբար հետևի իր աշխատողներին: Փաստորեն նա ուներ դեպրեսիայի ու շիզոֆրենիայի հատկանիշներ, որոնք կարող էին առիթ հանդիսանալ նրա այդ խելագար նախագծերի համար:

Այսօր Վինչեսթերների առանձնատունը Պատմական վայրերի ազգային ուղեցույցում է։ Պաշտոնական տվյալներով Վինչեսթերը համարվում է Կալիֆորնիայի ամենահաճախ այցելվող երկու վայրերից մեկը՝ Սան Դիեգոյի  Ուալի տնից հետո։

Նոր ֆիլմ առեղծվածային տան մասին

CBS-ին հոկտեմբերի 24-ին թողարկեց իր նոր նախագծի՝ «Վինչեսթեր. Տուն, որ կառուցեցին ուրվականները» (“WINCHESTER: The House That Ghosts Built”) ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմը պատմում է տան ստեղծման ու առեղծվածի մասին: Այն կինոթատրոնների էկրաններին է եղել 2018թ.-ի փետրվարի 2-ից: