-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
***
Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.
***
Այն արև՜ն է` կարմի՛ր ու հասուն,
Կախվել է, որպես վառ մի միրգ,
Կարոտող շրթեր է ուզում,
Բորբոքում է գրգիռ ու կիրք:
Շոգ շրթեր ու կոնքեր է ուզում,
Գգվանքներ արնաքամ ու տաք, –
Այն արևն է` կարմիր ու հասուն,
— Ինչքան լա՛վ է հատնումը հստակ:
***
Աղջկա կոնքերի նման
Երազուն, կիզուն ու հասուն`
Վառվում է արևի ծնծղան
Աշխարհի անհո՛ւն երազում:
Դաշտերից նժույգներ են վազում,
Վրնջում են կրքոտ ու վառ, –
Աղջիկները չար խոսք են ասում –
Ու խնդում Է արևը խելառ…
***
Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ,
Եվ ունեմ լուսե մի ընկեր:
Նա և՜ կին է, և՜ քույր, և՜ հոգի,
Այրվում և այրում է խենթ.
Խառնվել եմ կյանքին ամենքի —
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ:
***
Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.—
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.—
Աշխարհը — ալ, նարնջագույն, վառքը — կարմիր,
Ողջը — հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…
***
Բայց ինչո՞ւ միայն կիրք ու կին,
Միայն շոգ ու հեշտանք անուշ.
Վառվում է զոհերի հոգին,
Փռվում է տխրություն ու մուժ…
Ինչքան տա՛ք արյուն է հոսել,
Ոսկեծուփ հեղեղներ արյան,
Նո՜ւյն արևն է կարմիր ու լուսե,
Նո՜ւյն անուշ աշխարհի՜ վրա…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո