Վահան Տերյանի մասին [ամենակարևորը] - VNews

Վահան Տերյանի մասին [ամենակարևորը]

image 23 1 - Վահան Տերյանի մասին [ամենակարևորը]

Փետրվարի 9-ին (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը:

Նա սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Առաջին ուսուցիչը եղել է թելավցի, բարձրագույն կրթությամբ Նիկողայոս Խեչոյանը, որի մասին հաճելի հիշողություններ է պահպանել Տերյանը: Սեպտեմբերին ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը` խիստ հիասթափված քաղաքի մթնոլորտից:

thumbs image 20 - Վահան Տերյանի մասին [ամենակարևորը]

Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»: 1903թ.-ի ապրիլի 7-ին Մոսկվայից Տերյանը առաջին նամակը գրում է քրոջը` Նաշոյին (Նախշուն Տեր-Գրիգորյան-Սիմոնյանին). «Ես ողջ եւ առողջ եմ եւ ցանկանում եմ ձեր բոլորի առողջությունը»:

Մարտ ամսին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: Հիշում է. «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս եւ հարցերիս պատասխանում: Վահանը լուռ ու անխոս հետեւում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում: Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց եւ շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»: Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»: «Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում»,- հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւր»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաեւ Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել:

thumbs image 19 - Վահան Տերյանի մասին [ամենակարևորը]

Փետրվարից ճեմարանում դասերը դադարում են: Մայիսին Վահանը մեկնում է Կովկաս: Ամռանը լինում է հայրենի Գանձայում: Մի շաբաթի չափ Վահանենց ընտանիքին հյուր է լինում Ավ. Իսահակյանը: Գանձայից ոչ հեռու, Ս. Հովհաննեսի մատուռում նրանք տեսնում են շրջակա գյուղերից վարդավառի ուխտի եկած գյուղացիներին: «Նայի~ր, – ասում է Վահանն ինձ,-հիշում է Իսահակյանը,-ա~խ, ի~նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ինչ մտահոգ դեմքեր` արեւով, անձրեւով այրված ու բովված: Ի~նչ դառն աղքատություն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՞նչ թախծոտ ուրախություն է այս: Իբրեւ թե ուրախ երգեր են երգում, բայց ինչ վիշտ ու մորմոք կա նրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը եւ դու, միայն երկուսդ եք զգում ժողովրդին: Ձեզանից հետո կամ նոր երգ պիտի ասել կամ պիտի լռել»:

Օգոստոսին ընդունվում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի եւ գրականության բաժինը: Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեեւ ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրեւ քաղաքականապես վնասակար անձնավորություն», որին դատ է սպասվում:

image 23 960x638 - Վահան Տերյանի մասին [ամենակարևորը]

Մայիսի սկզբին Մոսկվայից մեկնում է Բաքու. Ճանապարհին հիվանդանում է եւ ստիպված կանգ է առնում Մոզդոկում ավագ եղբոր` Ղազարոսի մոտ: Մայիսից հունիսի վերջերը Վահանը Բաքվում է` Ալ. Մյասնիկյանի մոտ: Օգոստոսին Գանձայում է: 29-ին Օնիկ Օհանջանյանին գրած նամակից. «… Եվ թախիծը .. Հենց որ իջնում է մթնշաղը, գյուղը լռում է, իջնում է իրոք գերեզմանային լռություն, որը երբեմն խախտվում է նաեւ շների հաչոցով: Թվում է, թե գերեզմանոցում ես ապրում: Ահա հենց այդ ժամանակ է, որ անտանելի ծանր է լինում, եւ հոգիդ պարուրում է ճմլող, կուրծքդ ցավելու աստիճանի սեղմող թախիծը: Եվ թվում է` գիշերը վերջ չունի: Լույսի, որեւէ ձայնի խելահեղ տենչը համակում է քեզ, եւ վախենում ես սեփական ձայնիցդ: Թախի~ծ: Անդրշիրիմյան լռություն: Անվախճան գիշեր… Ի՜նչ կտայի մի անսպասելի մտերմիկ ողջույնի, հարազատ ձայնի մի հնչյունի համար… Դու երջանիկ ես, Օնի՛, դու քույր ունես, քո կողքին մարդ կա, որին կարող ես վստահել խոհերդ ու անուրջներդ: Քաղցր է ունենալ մի մարդ, որը կարող է հասկանալ քեզ, որի կրծքին ազատորեն կարող ես լալ կյանքիդ, չիրականացած երազներիդ, մոլորություններիդ ու հույսերիդ ողջ դառնությունը: Դու հրաշալի մայր ունես: Ես էլ մայր ունեի, եւ նա ինձ կհասկանար, եթե ոչ գլխով, ապա սրտով…»:

 

աղբյուր՝ javakhkmedia.com