Վարդգես Սուրենյանցի հայտնի թագուհիները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Վարդգես Սուրենյանցի հայտնի թագուհիները

Հայ մեծագույն նկարիչ Վարդգես Սուրենյանցը ազգային պատմանկարչության հիմնադիրն է։ Հայոց հնագույն պատմության իրադարձություններին ու առասպելներին նվիրված նրա կտավները ոչ այլ ինչ են, քան պատմության դրվագները մոռացությունից փրկելու ձև։ Երկու հայտնի թագուհիների` Շամիրամի և Զաբելի արտաքին կերպարն այսօր ինչ-որ չափով տեսանելի ու ընկալելի են հենց Սուրենյանցի կտավների շնորհիվ։

Ովքեր էին այս երկու կանայք, որոնք անտարբեր չեն թողել մեծ նկարչին ու դարձել են նրա հերոսուհիները։ Եվ այսպես.

Շամիրամ

Շամիրամը Ասորեստանի թագուհին էր, Շամշիադադ V-ի  (մ.թ.ա. 823-811 թթ.) կինը, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու՝ Ադադնիրարի թագավորի  թագավորի խնամակալուհին էր։

Հնում բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Շամիրամի անվան շուրջ։ Հին հունական   առասպելներում նա համարվել է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը։ Մորից լքված մանուկ Շամիրամին իբր խնամել են աղավնիները։ Չափահաս դառնալով՝ ամուսնացել է նախ Նինոս թագավորի պալատական խորհրդական և Ասորիքի  կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո՝ Նինոսի հետ։ Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու՝ Նինուասի խնամակալուհին, պատերազմներ վարել Աֆրիկայի և Ասիային  մի շարք երկրներում։ Ավանդությունները Շամիրամին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ` քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում՝ Բաբելոնի  «կախովի այգիները»։ Շամիրամը վարել է ճոխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց՝ ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի։

Գվերչինո «Շամիրամը Բաբելոնի ապստամբության լուրն առնելիս», 1624

Ըստ հին հայկական ավանդության, որը պահպանվել է Մովսես Խորենացու մշակմամբ, Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով Արայի արտասովոր գեղեցկության մասին, ընծաներով պատվիրակներ է ուղարկել նրա մոտ, խնդրել ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը: Սակայն, Արան հավատարիմ մնալով իր ժողովրդին և հայրենիքին, մերժել է Շամիրամին: Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու: Սակայն ճակատամարտում Արան զոհվել է: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել արալեզների (շնակերպ ոգիներ) օգնությամբ վերակենդանացնել նրան, որը, սակայն, չի հաջողվել: Շամիրամը թաղել է Արային և իր սիրելիներից մեկին հագցրել նրա շորերն ու հայտարարել, թե աստվածները կենդանացրել են Արային:

Ասորեստան վերադառնալուց հետո Շամիրամի դեմ ապստամբություն է բռնկել: Հայաստան փախչելիս նա ցանկացել է ջուր խմել Վանա ծովից, վրա են հասել նրան հետապնդողները, խլել և ծովն են նետել նրա կախարդական ուլունքները. Շամիրամը տեղում քարացել է: Այդ ժամանակվանից տարածվել է «Ուլունք Շամիրամա ի ծով» ժողովրդական արտահայտությունը:

Պատմահայր Մովսես Խորենացու գրի առած «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցը դարձել է գրողների, նկարիչների և կոմպոզիտորների ներշնչման աղբյուր. Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Վահան Թեքեյանը, Գևորգ էմինը գրել են բանաստեղծություններ, Նաիրի Զարյանը՝ դիցապատմական ողբերգություն, Գրիգոր Եղիազարյանը՝ համանուն բալետ, իսկ Վարդգես Սուրենյանցը պատկերել է նկարում:

Վարդգես Սուրենյանց «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ»

Վարդգես Սուրենյանցն իր «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» կտավը ստեղծել է 1899 թվականին։ Նրա հերոսուհին  չարի, իշխողի, նվաճողի, դաժանի ամբողջություն է, բայց միևնույն ժամանակ  նա գեղեցիկ, հպարտ, խոցված, վիրավորված ու դժբախտ կնոջ խորհրդանիշ է։ Սիրո համար պայքարող կնոջ տեսակ, որը ոչնչի առջև կանգ չի առնում։ Սուրենյանցի կտավը շատ թատերային է, կարծես ներկայացման մի տեսարանի պատկեր լինի, որտեղ տիրող լռությունը շատ խոսուն է` դրամատիզմով հագեցած։

Զաբել թագուհի Ռուբինյան

Զաբել թագուհին ծնվել է 1215 թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում,  չորս տարեկանում ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը:

Փոքրիկ թագուհու խնամակալ է դարձել Կոստանդին գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր: 1219 թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվել է որպես Կիլիկիայի հայոց թագուհի:

Կոստանդին գունդստաբլը 1222 թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացրել է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, որը 1225 թ. սպանվել է մարտում:

Կոստանդին Գունդստաբլն իրագործել է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացրել է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ:

Զաբելի չափահաս ադառնալուց հետո, ամուսնությունը հաստատվել է, և Հեթումն ու Զաբելը միասին ունեցել են են 3 որդի և 5 դուստր, որոնցից Լևոն 3-րդ հետագայում դարձել է թագավոր։

Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ: Երիտասարդ, խելացի թագուհուն երկրի կառավարման հարցում օգնել է գահակից ամուսինը՝ Հեթումը։ Հիշատակություններ կան, որ 1241 թ. Զաբել թագուհին Սիսում հիվանդանոց է կառուցել։ Սա Միջին Արևելքում և, նույնիսկ, Եվրոպայում համարվում էրշ առաջինը: Այստեղ բոլոր հիվանդներն ունեցել են անվճար բուժվելու հնարավորություն: Զաբելի կառավարման շրջանում, նրա աջակցությամբ ստեղծագործել են Թորոս Ռոսլինը, Վարդան Այգեկցին, Սարգիս Պիծակը և այլք:
Զաբելը մահացել է 1252 թվականին՝ 37 տարեկանում: Նրան թաղել են Դրազարկի թագավորական դամբարանում: Զաբել թագուհին իր դինաստիայի վերջին ներկայացուցիչն էր՝ վերջին Ռուբինյանը, իսկ նրանից ծնված երեխաներն արդեն նոր՝ Հեթումյան դինաստիայի ներկայացուցիչներ էին:

Վարդգես Սուրենյանց « Զաբել թագուհին վերադառնում է գահին»

Վարդգես Սուրենյանցը իր  հայտնի « Զաբել թագուհին վերադառնում է գահին» կտավը ստեղծել է 1909 թվականին։ Ի տարբերություն դիվային Շամիրամի, այստեղ նա ստեղծել է նուրբ, գեղեցիկ, փխրուն կնոջ կերպար, որի տակ շատ հիմնավոր թաքնված է պայքարող, համարձակ, մարտնչող թագուհին, որը միշտ պատրաստ է զոհաբերվել հանուն հայրենիքի ու իր ժողովրդի։

Վարդգես Սուրենյանցի այս երկու բարձրարժեք կտավները պահվում և ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։