-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մի օր Սունդուկյան թատրոնի սենյակներից մեկն է մտնում Վարդան Աճեմյանն ու ասում.
-Վարդուհի՛, քեզ համար մի դեր եմ առանձնացրել:
-Ի՞նչ դեր,- հարցնում է Վարդուհի Վարդերեսյանը:
-Լա՜վ դեր է, լա՜վ, բայց տղայի դեր ես կատարելու…
Եվ այսպես գրեթե 17 տարի Վարդուհի Վարդերեսյանը կատարեց Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ Ջոնիի դերը: Եվ մի օր, մի հեռախոսազանգով նա հրաժեշտ տվեց այդ դերին, քանի որ այլևս երտասարդ չէր…
«Ներկայացումն էլ, ինչպես մարդիկ ծերանալ գիտե… Ես զգացի այդ ծերությունը, թեև խաղում էի, գլուխկոնծի էի տալիս, վազվզում էի, բայց մի օր հասկացա, որ կարող է իմ վազքն այլևս այդքան թեթև չէ, ինչպես 17 տարի առաջ, և որոշոցի Ջոնիից հրաժարվել՝ թույլ չտալով, որ նա ինձանից հրաժարվի»:
Հայ բեմի լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին Բուխարեստում: 1946 թվականին հայրենադարձության ալիքի հետ Վարդերեսյանի ընտանիքը տեղափոխում է հայրենիք: Շատ ծանր մանկություն է ունեցել․ նա 6 ամսականից կորցրել էր հորը, սկզբնական շրջանում մոր հետ հաստատվում է Նուբարաշենում, գիշերային դպրոց էր հաճախում, աշխատում էր կարի գործարանում՝ բոլորովին անվճար: Եվ մի օր բախտի բերմամբ 18 տարեկան Վարդուհին Նուբարաշենի ինքնագործ թատրոնում հանդես է գալիս «Պատվի համար» ներկայացման մեջ՝ կատարելով Մարգարիտի դերը, որն էլ հետագայում բացում է նրա դերասանուհու մեծ կարիերայի դուռը:
20-րդ դարի կեսերին Գյումրու թատերական կյանքը եռում էր: 1947 թվականին մի փոքր դերով բարձրանալով Գյումրու թատրոնի բեմ ՝ նա 10 տարի աշխատեց այդ թատրոնում՝ իր անունը հավերժ գրելով թատերական կյանքի պատմության մեջ:
1958 թվականին արդեն փորձառու դերասանուհին տեղափոխվում է Երևան՝ մայր թատրոնի բեմ: Երկու տարի անց իր երկրորդ այցով Հայաստան է ժամանում ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը, և այս այցից ոգեշնչված՝ Վարդան Աճեմյանը որոշում է Սունդուկյանի բեմ բարձրացնել «Իմ սիրտը լեռներում է» պիեսը:
Վարդուհին Վարդերեսյանն առաջիններից էր, որը նկարահանվում է հեռուստաթատրոններում և թատրոնի այս ձևաչափը դարձրել է սիրելի հազարավոր հեռուսադիտողների համար: Դերասանուհին կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի, «Պեպո» և այլն։
Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար Աղբար»՝ Անույշ և այլն։ Թատրոնում խաղալուն զուգահեռ դերասանուհին նաև ֆիլմերում նկարահանվելու հրավերներ է ստանում, ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլն:
Նույնիսկ դժվար տարիներին նա այլ՝ ավելի ձեռնտու պայմաններով աշխատանք և թատերական կարիերա չփնտրեց օտար ափերում: Նա հարազատ մնաց իր սիրելի թատրոնին՝ զարդարելով իր ներկայությամբ և ինքնատիպ խաղով:
«Ոչ մեկը չի կրող ասել, որ նա կատարելության է հասել. դա անկարելի մի բան է: Կատարելության հասնելը նշանակում է վերջակետ դնել»:
Որքան ինքնատիպ էր բեմում, նույնքան անկեղծ էր կյանքում: Նա նույնիսկ այնպիսի ձևաչափով էր աշխատում, որ բեմադրիչները մանրակրկիտ նրա համար զուգընկեր էին ընտրում:
Հայ թատրոնի մեծ դերասանուհին արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների՝ 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1995 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001 թվականին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013 թվականին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
Մարդը հավերժական չէ, բայց Վարդուհի Վարդերեսյան- արտիստուհու հավերժական կյանքը մեզ հետ է: Նրա համար մրցանակները միշտ էլ երկրորդական նշանակություն են ունեցել. դերասանուհին առավել արժևորում էր այն ծափահարություններն ու ծաղկեփնջերը, որոնք ներկայացումներից հետո գրկած տուն էր գնում…
«Երբեմն ինձ հարցնում են՝ երջանի՞կ եմ արդյոք ես… Այո՛, երջանիկ եմ. ի՞նչ է պետք մարդուն երջանկության համար՝ սիրած գործ, ընտանիք, երեխաներ ու թոռներ: Ինձ ավելի երբեք էլ պետք չի եղել»:
Հայ բեմի մեծ տիկինը մահացավ 2015 թվականի նոյեմբերի 24-ին: Նա 87 տարեկան էր…
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո