Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Սկիզբ

Գարնանային սովորական առավոտ էր։ Երկինքը մաքուր էր, բաց կապույտ մանուշակների գույնի։ Կարելի էր հուսալ արևոտ, զնգուն ևս մի օր․․․
Բայց երկնքի այն փոքրիկ հատվածում (երևի մի հազար, երկու հազար քառակուսի մետր), որի տակ Մովսես Խորենացու անվան դպրոցն էր, ահա այդ հատվածում՝ նույն առավոտյան մուգ թանաքագույն ամպեր կատակվեցին, կայծակ ճայթեց և, իհարկե, տեղաց կարկուտ։ Այս ամենն, իհարկե, փոխաբերական առումով, իրականում դպրոցի օրն էլ սկսկսվեց սովորականի պես, բայց երկրորդ, մանավանդ երրորդ դասամիջոցին միջանցքներում, դասասենյակներում միջանցիկ քամու պես սկսեցին վզվզալ զանազան պատմություններ՝ դրանց հավաքական անունը դպրոցական բանահյուսություն է։ Այդ բանահյուսության ժանրերից են՝ երգը, սրամտությունը, անեկդոտը և, իհարկե, առասպելը։

Ըստ առասպելի հիմնական տարբերակի՝ նախորդ օրը, դասերից հետո, 10֊րդ «բ» դասարանում տղաների մի խումբ կատաղի «կայֆ» է արել, որի գագաթնակետը եղել է Մարի Մելիքյանի պարը սեղանի վրա։ Պարելու հետ միասին, ինչպես հաստատում է առասպելը, Մարին աստիճանաբար ազատվել է իր բոլոր, հասկանո՞ւմ եք, բոլոր զգեստներից։ Եվ ահա այն ճգնաժամային պահին, երբ Մարին պարելիս է եղել իր նախամայր Եվայի հանդերձանքով, դասարանի դուռը անսպասելիորեն բացել է քիմիայի դասատու Սոնա Միքայելյանը։ Այստեղ առասպելը ճյուղավորվում է։ Ըստ մի տարբերակի՝ քիմիայի ուսուցչուհուն տեսնելով, աղաները դուրս են փախել պատուհաններից (թեպետ 10-րդ «բ» դասարանը երկրորդ հարկում է), և Մարին մնացել է մերկ-մենակ՝ սեղանի վրա։ Մագնիտաֆոնը, բանից անտեղյակ, շարունակել է իր կատաղի երգը, և Սոնա Միքայելյանը, չկարողանալով լռեցնել անամոթին, պարզապես վերցրել և հատակին է խփել անմեղ գործիքը, որն, ի դեպ, արժե երեք հարյուր հիսուն ռուբլի նոր դրամով։

Ըստ երկրորդ տարբերակի՝ դասատուին տեսնելով, տղաները (նրանք հինգ, թե յոթ հոգի են եղել) անմիջապես կենդանի վարագույր են  դարձել, ծածկել Մարիին, որը, մի քանի վայրկյան չանցած, հայտնվել է համարյա լրիվ հագնված և քաղաքավարի դիմել է քիմիայի ուսուցչին․ «Ձեզ, ինչ է, դուր չի՞ գալիս այս երաժշտությունը»։ Եվ իր ձեռքով՝ հանգիստ, քաղաքավարի անջատել է մագնիտաֆոնը։

Շարունակությունը նույնպես ճյուղավորություններ ուներ։ Ըստ առաջին տարբերակի՝ քիմիայի ուսուցչուհին սարսափելի զայրացել է, զանազան անդուրեկան խոսքեր ասել աշակերտների հասցեին։ Տղաները վիրավորանքից քարացել են, մի՞թե չեն կարող երաժշտություն լսել, այն էլ դասերից հետո։ Դասատուն նրանց ստախոս և վախկոտ է անվանել, ճչացել է, թե ինքը իր աչքերով տեսավ, որ Մարին բոլորովին
մերկ էր․․․ Տղաները և Մարին այս անգամ քարացել են զարմանքից և վիրավորանքից, իսկ նրանցից մեկը՝ Արմեն Գարասեֆերյանը, ի միջի այլոց նկատել է, որ ինքը չամուսնացած մորաքույր ունի, որի աչքին, երբ նա նման ռիթմեր է լսում, անմիջապես երևում են մերկ, երիտասարդ և անպայման գեղեցիկ աղջիկներ։ Այս կծու խոսքերից հետո քիմիայի դասատուն (որն, ի դեպ, ամուսնացած չէ՝ դա հանկարծ
հիշեցին ամենքը) շրխկացնում է դուռը և գնում, ոչ, ուղղակի վազում դիրեկտորի առանձնասենյակի ուղղությամբ։ Պատմում են նաև ուրիշ շարունակություն՝ դասատուն պնդում է, որ աշակերտները անմիջապես պետք է ներկայանան դիրեկտորին, այս պահանջին Մարին պատասխանում է, թե քիչ առաջ ընկեր Սահակ Վանունին մեքենա նստեց և գնաց, հավանորեն տուն և, միաժամանակ, տեղյակ է
պահում, որ իրենց դասղեկը ոչ թե․․․ այլ Արամ Սանոյանն էր, որն, ինչպես ամենքը գիտեն, երկու շաբաթ առաջ հանկարծամահ եղավ։
Այնուհետև աշակերտները հանգիստ, անշտապ՝ իբր հավաքել են նստարանների վրա անփույթ թափթփված գրքերը, տետրերը և երգելով, այո, այո, երգելով գնացել են փողոց, իսկ քիմիայի դասատուն, որն, ի դեպ, 10֊րդ «բ» դասարանում դասեր չունի, շփոթված, զայրացած մտել է ուսուցչանոց, այնտեղից՝ դիրեկտորի առանձնասենյակը, հավանորեն, Սահակ Վանունուն զանգահարելու․ ․ ․

Քարտուղարուհի Սոֆիկ Լորեցյանը կամ՝ Սոֆի Լորենը, ինչպես վաղուց նրան կնքել են տասներորդցիները, այդ պահին, բնականաբար, նստած է եղել իր պտտվող բազկաթոռին։ Բնականաբար, որովհետև՝ նախ նրա աշխատանքը ժամը 4֊ին է վերջանում և, բացի դրանից, շատ շուտով սկսվելու են ընդունելության քննությունները, և նա հինգերորդ անգամ մտադիր է բախտը վարձել համալսարանի բանասիրական, իրավաբանական, կենսաբանական կամ որևէ այլ ֆակուլտետում։

Քարտուղարուհու հեռախոսը, բնականաբար, դիրեկտորի հեռախոսի հետ զուգահեռ է, բայց ի տարբերություն ուրիշների, նրա հեռախոսը չի անջատվում, երբ խոսում են մյուս՝ գլխավոր հեռախոսով։ Այո, ի միջի այլոց։ Այսպես, ուրեմն, մի քանի րոպե անց, Սոֆի Լորենը տագնապած մտնում է դիրեկտորի առանձնասենյակը և քիմիայի դասատուին գտնում բազմոցի վրա, ուշագնաց վիճակում։ Սոֆի Լորենը, կեցցես աղջիկ, իրեն չի կորցնում, ջուր և վալիդոլ է առաջարկում դասատուին, որը սակայն մերժում է և մեկը, և մյուսը։ Բայց որովհետև դասատուի սրտի զարկերը դրանից հետո էլ չեն կարգավորվում, քարտուղարուհին ստիպված է լինում դուրս գալ և իր հեռախոսով զանգահարել (միամի՜տ աղջիկ) շտապ օգնություն, որը, հասկանալի է, չի գալիս։ Այս առիթով շատերը վերհիշեցին, որ անցյալ տարի, երբ դպրոցի պահակը՝ Սանասար քեռին, սրտի նոպա ունեցավ, շտապ օգնությունը հասավ երեք ժամ հետո, երբ Սանասար քեռին արդեն տուն էր հասել և հեռուստացույցով ֆուտբոլ էր նայում։ Եվ այլն, և այլն։

Ահա այսպիսի մռայլ նախերգանքով սկսվեց առավոտը Մովսես Խորենացու անվան դպրոցում, գարնանային սովորական մի օր։ Իրարանցում․

— Ամեն բան տեղն էր, մեղ միայն ստրիպտիզն էր պակասում,— մռայլ ասաց Սահակ Վանունին,— ժողկրթբաժնի բերանին ծամոն ենք դառնալու։ Դու իսկապե՞ս տեսար, թե՞ աչքիդ է երևացել․․․

— Ցավոք սրտի, իսկապես,— սեղանին դեռ դրված էր Սոֆի Լորենի երեկ բերած ջուրը և, չգիտես ինչու, Սոնա Միքայելյանը վերցրեց  բաժակը և սկսեց կումկում խմել,— ցավոք սրտի, տեսա, ընկեր Վանունի։ Ես գիտեմ, որ դուք կգերադասեիք, որ տեսած չլինեի․․․
Դիրեկտորը հոգնած նայեց ուսուցչուհուն, նա միշտ բարձր էր գնահատում Սոնա Միքայելյանին, որ քիմիայի լավագույն ուսուցչուհին էր, դպրոցական երեկոների շունչն ու ոգին և, պլյո՛ւս՝ լուսավորության միՆիստրի տեղակալներից մեկի հորաքրոջ աղջիկը։ Վանունին երկար տարիներ մաթեմատիկա էր դասավանդել (ցածր դասարաններում), և այդ տարիներից էր մնացել «պլյուս» բառը, դա ամենքը գիտեին, թեպետ ութերորդ տարին է, ինչ նա չի դասավանդում․ դիրեկտորական բեռը գնալով ծանրանում էր նրա հոգնատանջ ուսերին։

— Շատ տհաճ դեպք է,— ասաց նա ի վերջո,— պլյուս՝ շուտով սկսվում են քննությունները։ Վեց հոգի միանգամից․․․ Ա՜յ քեզ սերունդ։

— Համարեք, որ ես ձեզ երեկ զանգ չեմ տվել։— Սառը ընդմիջեց քիմիայի ուսուցչուհին։— Ես կարո՞ղ եմ գնալ։

— Ինձ սխալ հասկացաք,— անմիջապես «դուք»֊ի անցավ Վանունին,— նախ արդեն շատերը գիտեն, թե ինչ է եղել, չգիտեմ որտեղից, և  պլյուս,— Վանունին կուլ տվեց բարդ ստորադասական երկու նախադասություն․ «Պլյուս այն, որ մեկ է, ասելու ես քեռուդ տղային, որ մինիստրի տեղակալներից է։ Ճիշտ է, շինարարության գծով, բայց տեղակալը տեղակալ է, և նա էլ, պարզ է, որ կպատմի նրան, ում  տեղակալն է»։ Դրա փոխարեն շարունակեց,— ․․․ պլյուս՝ դասարանը դասղեկ էլ չունի։ Երևի դրանց դարդից ինֆարկտ ստացավ խեղճ Սանոյանը։

Վանունին ձգվեց, ուղղեց փողկապը, ձեռքը տարավ հեռախոսին,— երևի պետք է մինիստրին տեղյակ պահել․․․ Սովորական դեպք չէ։

— Ի՞նչ կարիք կա,— ընդմիջեց Սոնա Միքայելյանը,— դա մեր ներքին գործն է,— դիրեկտորի ձեռքը մի քանի վայրկյան մնաց օդում, երևի ուսուցչուհուն դուր չեկավ, որ Վանունին ինքն առաջինն է ուզում հայտնել մինիստրինրին,— գուցե կանչեք այդ․․․— ուսուցչուհին իր հերթին կուլ տվեց մի քանի դառը և կծու ածական,— անպիտաններին, հարկավոր է պարզել, թե ով է եղել նախաձեռնողը, մի խոսքով՝ մանկավարժական նուրբ խնդիր է։ Ես, բնականաբար, չեմ խառնվի, ոչ նրանց դասատուն եմ, ոչ դասղեկը։

Սահակ Վանունին՝ արտաքնապես դժգոհ, բայց ներքնապես հանգստացած, ձեռքը ետ քաշեց խոսափողից, մեկ է՝ եթե զանգահարելու էլ լիներ, միանգամից հո չէի՞ն միացնի, կարևորն էր ցույց տալ, որ ինքը նպատակ չունի, ինչպես ասում են, աղբը թողնել խրճիթում և չի վախենում ճշմարտությունից, որքան էլ դա դառը լինի՝ դա թող իմանան բոլորը և, մանավանդ, օրիորդ Սոնա Միքայելյանը։

— Ես հիմա կկանչեմ նրանց,— ասաց իր պաշտոնական ձայնով,– ձեզ խնդրում եմ մնալ, որովհետև, ի վերջո, դուք եք միակ ականատեսը։ Գուցե հարկ լինի հենց այսօր մանկխորհուրդ գումարել։

աղբյուր՝ lib.mskh.am

շարունակելի

 


Շահան Շահնուր | Նահանջ առանց երգի [մեջբերումներ]

Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»-ը ասում է…

5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Վարդգես Պետրոսյանի սպանությունը. [գլխավոր վարկածը]

Սերը, որ լցվեց Վարդգես Պետրոսյանի կյանքի մեջ. մեջբերումներ

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

3 ՆՈՐ սերիալ ուժեղ կանանց մասին ուժեղ կանանց համար

La casa de papel. հայերի իսպանական հետաքրքրությունը

«Քայլող մեռյալները» և «Տարօրինակ դեպքեր» սերիալների նկարահանումները հետաձգվում են

Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից

Ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենն ավարտել է ինքնակենսագրական գիրքը

Netflix-ի հետքերով…

3 հայ գրող, որ քաղաքականությամբ են զբաղվել…

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Դոնալդ Թրամփը կարդում է [8 գիրք]