Վերջին ուսուցիչը [խարույկ] հատված Վ․ Պետրոսյանի վիպակից - VNews

Վերջին ուսուցիչը [խարույկ] հատված Վ․ Պետրոսյանի վիպակից

Արմենի դպրոց վերադառնալը 10֊րդ «բ» դասարանում իսկական տոնի վերածվեց, բոլոր աղջիկները, իրարից հերթը խլելով, համբուրվեցին նրա հետ։

— Ես էլ եմ ուզում, որ ինձ հեռացնեն,— սրամտեց Սմբատը։

Բայց Արմենը տխուր էր։ Սրտից ծանր մի կշռաքար էր կախված, և ընկերներին նայում էր ասես հեռացող գնացրի պատուհանից։ Հարցականներ, անողոք հարցականներ, և նրանց մագիլների մեջ իրեն պատեպատ խփող տասնյոթ տարեկան մի տղա։ Ղժվար կռիվ․ ո՞վ է հաղթելու։

Հեռախոսի զանգը, որ գիշերվա լռության մեջ փոքր֊ինչ տագնապալի թվաց, նրան հանեց ինչ-որ քաղցր թմբիրից։

— Լսում եմ։

— Վահա՞ն։ Չարթնացրի՞։

— Ո՞վ է։ Չէ, քնած չեմ։ Ո՞վ է։

— Ձայնս էլ արդեն չես տարբերում։ Ռուբենն է։

— Ռուբե՞ն․․․ Հա, չէի կարող երևակայել, թե դու կզանգահարես։

— Ես եմ։ Լսիր, աշակերտներդ քեզ շատ են սիրում։ Գիտես, չէ՞, որ ինձ մոտ էին եկել։

― Գիտեմ, բայց սիրելն ինձ համար նորություն է, նրանք ինձ առայժմ հետախուզում են, իրար մեջ, կարծեմ, ձեռ առնում և ամեն դասի մի խենթություն անում։

— Մի կոտրատվիր։ Այ տղա, դու ի՞նչ ես անում, որ քեզ սիրում են։

— Հեքիաթներ եմ պատմում։

— Ի՞նչ, հեքիաթնե՞ր։ Սա հեքիաթներով կերակրվող սերունդ չէ, սրանց կծու-թթու-սուր ուտելիք է հարկավոր։

— Ես հեքիաթներ եմ պատմում, Ռուբեն, նաև իմ ու քո կյանքի հեքիաթներից, որ դու վաղուց մոռացել ես կամ կմոռանաս։ Ես նույնիսկ պատմեցի, թե ինչպես եմ սիրահարվել։ Հիշում ես, չէ՞, Գայանեին։ Ոչ նա ամուսնացավ, ոչ ես, ինձ թվում էր՝ նա մեր Արմենին էր սիրում, իսկ նրան․․․ Չգիտեմ։ Ահա այսպիսի հեքիաթներ եմ պատմում։ Մի անգամ միայն աշակերտներից մեկը սրամտեց․ «Ձեր կյանքը հեքիաթների դասագի՞րք է»,— ասաց։

— Լավ է ասել։

— Հեքիաթները դասագրքի լավագույն տեսակն են, ինձ համար, գոնե։ Մի մոռանա մեր հեքիաթները, Ռուբեն։

— Ակնարկում ես, որ չընդունեցի այն օրը։ Ահավոր զբաղված էի, հետո էլ անսպասելիորեն վերև կանչեցին։ Ինչո՞ւ զանգ չտվիր, խնդրել էի, չէ՞․․․

— Ինձ ոչինչ, ես ինչ որ պետք էր՝ մտքիս մեջ ասացի քեզ ու գնացի, Նվարդ Պարոնյանին չես ընդունել, դրա համար քեզ կախելը քիչ է։

— Ես հանձնարարել էի, որ լսեն նրան, բայց ոչինչ չէր ասել։ Չգիտե՞ս, թե ինչ հարցով էր եկել։

— Նա իր աշակերտին էր ուզեցել տեսնել, իսկ աշակերտը գործերի կառավարիչ չի ունենում, Ռուբեն։

— Լավ, լավ, ես նորից կկանչեմ։

— Կկանչեմ, հանձնարարեցի․․․ Ինչ բառեր ես սովորել։ Աշակերտը հանձնարարում է, որ կանչեն, իր մոտ բերեն ո՞ւմ — իր ուսուցչին — սքանչելի է։

— Ձեզ համար հեշտ է, ազատ, ձեր գլխի տեր մարդ եք։

― Թող պաշտոնդ, դու էլ դարձիր ազատ, քո գլխի տեր մարդ։ Գիտե՞ս, ինչ հիշեցի — ասում են մի բարձր պաշտոնյա, երևի ձերոնցից մեկը, գնում է իրենց գյուղ ու հենց այնպես արքայավայել զրույց է անում համագյուղացիների հետ․ «Ո՞նց ես, Օհան քեռի»,— հարցնում է։ «Լավ եմ, շատ լավ եմ, դու ո՞նց ես»։ «Ես, ես ոչինչ, Օհան քեռի»։ «Չի լինի՝ այդ քո ոչինչը տաս ինձ, իմ շատ լավը դու վերցնես»,— ասում է Օհան քեռին։

— Ի՞նչ ես ակնարկում։

― Մի ծռմռվիր։ Էն գլխից ուրիշներին հրամայելը քեզ դուր էր գալիս։ Գիտե՞ս դասարանում ինչ պատմեցի։

— Ի՞նչ։

— Հիշո՞ւմ ես, որ բերեցիր «Մանոն Լեսկո»-ն, գիշերով, ռազմագիտության կաբինետում կարդացինք․․․

— Հիշում եմ։ Եվ ի՞նչ, ի՞նչ ասացին։

― Ոչինչ։ Լռեցին։ Երևի սկսեցին մտածել։ Ես նրանց չեմ հարցնում, թե ինչ են մտածում։ Ես ուզում եմ, որ նրանք իրենց հեքիաթներն ունենան։

Ռուբենը բավական երկար լռեց։ Վահանը կուզենար այդ պահին տեսնել նրա դեմքը, նայել աչքերին։

— Ես քեզ խնդրում եմ, Ռուբեն, ինքդ գնա մեր դպրոց, հանդիպիր Նվարդ Պարոնյանին, բոլորի ներկայությամբ ասա, որ քո ուսուցչուհին է եղել։

Ռուբենբ չպատասխանեց։ Գուցե դրե՞լ է խոսափողը։

— Ռուբե՞ն։

— Լսում եմ, չեմ խլացել։

— Մի խոսքով, ուրախ եմ, որ զանգահարեցիր։

— Հանդիպենք մի անգամ, թեկուզ այս քանի օրը։

— Մանուկին ասա, մեզ կհավաքի․․․

— Էդ հիմարն էլ դիմում տվեց-գնաց։

— Սքանչելի է արել։ Բարի գիշեր, Ռուբեն։

— Բարի գիշեր։ Երևա։

— Ինձ կարող ես կանչել։ Իրավունք ունես։ Կհանձնարարես-կկանչեն։ Մի բան եմ խնդրում, մի վարժվիր քո իրավունքներին։ Այսօրվա իբավունքներիդ։ Գոնե քո ներսում քմծիծաղ տուր պաշտոնիդ վրա։ Այսօր, երբ այդ աթոռին ես, մի համարիր, որ դու ես ամենաարժանավորը։ Հետո, երբ չես լինի այդ աթոռին, դժվար կլինի․․․ Քեզ համար դժվար կլինի։

— Բոլորը խորհուրդ տվող են։

― Քեզ տալու ուրիշ բան չունեմ, Ռուբեն։ Մանավանդ, որ խորհուրդները չեն մաշվում, որովհետև խորհուրդները լսում ենք, վերցնում ու․․․ չենք գործածում։ Իսկ մեր ուսուցչուհու մոտ՝ գնա։ Չհամարձակվես նրան կանչել։ Լսո՞ւմ ես, չհամարձակվես։

— Ասում ես պատմեցիր, թե ոնց կարդացինք աՄանոն Լեսկո»։ Չծիծաղեցի՞ն։

— Չէ, Ռուբեն, սուսուփուս վեր կացան, գնացին տուն։

Դրեց լսափողը։ Վախեցավ, որ ներսում կարծրացած դառնությունը կհալվի, հանկարծ նրանց մեջ կգոյանա քաղցր մի սուտ, որին կհավատա։ Իսկ գուցե սխա՞լ արեց, գուցե Ռուբենի աշխարհը փափկել էր այս կեսգիշերին և պատրաստ էր ինչ֊որ ազդանշաններ ընդունելու։ Ետ մղեց այդ տեսիլքը․ նա առավոտյան կարթնանա սովորականի պես, սովորականի պես կգնա գործի և անպայման ժամանակ չի ունենա գտնելու իրենց հին ուսուցչուհուն։

Նամակը շարունակեց․ «Սիրելի Սոնա․․․»։

— Վերջապես,— տուն մտնելով ասաց Համբարձում Գարասեֆերյանը,— ամեն ինչ, փառք երկնավորին, բարեհաջող վերջացավ։― Նա թղթապանակից հանեց և հանդիսավոր սեղանին դրեց թղթերը՝ երանելի թղթերը։

Ճաշասեղանը դեռ չէին վաճառել։ Պայմանավորվել էին, գինը խոսել էին, տանելու էին իրենց մեկնելու նախորդ օրը, եթե մեկնեին․․․ Ուրեմն, մեկնում են։ Նարինեն արագ, վերցրեց, սկսեց կարդալ փաստաթղթերը, մայրը խաչակնքեց, միայն Արմենը մռայլ մնաց իր տեղում՝ հեռուստացույցի առաջ։

— Փառք երկնավորին, կարգին մարդիկ այստեղ էլ կան,— համբարձում Գարասեֆերյանը խոսում էր ինքն իրեն,– սուրճ պատրաստիր, տիկին, խմելու բան բեր․․․

— Որ հայրենիքից փախչե՞լը շնորհավորենք,— մռայլ ասաց Արմենը,— գոնե զսպիր քեզ, հայրենասեր մշեցու զավակ։

— Զսպել եմ, որդիս։ Շատ եմ խեղդվել։ Այսօր իմ օրն է։

— Սև օրը։

― Կարծում ես ես չե՞մ տխրում, որ պիտի Հայաստանը թողնենք, կարծում ես ինձ համար խաղուպա՞ր է։

Չորս աթոռ ևս դեռ չէին վաճառել, ով սեղանն էր վերցնելու, նա էլ կտաներ աթոռները։ Կոմիտասի նկարը կտանեն իրենց հետ, կկախեն Սիդնեյի իրենց հյուրասենյակում։ Կնայեն, կհառաչեն։

Ամբողջ օրը Արմենը թափառել էր Երևանում։ Հրաժե՞շտ էր տալիս, թե՞ ուզում էր նորից հասկանալ, թե ինչ է թողնում։ Գնաց նաև Պանթեոն, նստեց Կոմիտասի գերեզմանի մոտ։ Մանկապարտեզում գտավ իր դաստիարակչուհուն․ շատ ուրախացավ տիկին Արփենիկը։ Իջավ Զանգվի ձորը, մանկական երեկաթուղի․ ինքը բավական ծիծաղելի էր երեխաների ժխորի մեջ։ Երկու անգամ գնացքը գնաց-վերադարձավ։ Գնաց-վերադարձավ։ Եթե կյանքում ամեն բան այսպես գնար՝ վերադառնար։ Մտավ սուրբ Սարգիս եկեղեցին։ Հարս ու փեսան կանգնել էին վարդապետի առաջ, հարսի հագին ջինս էր, փեսան ծամոն էր ծամում։ Ինչո՞ւ նկատեց։ Ծիծեռնակաբերդ չգնաց, դժվար թե դիմանար։ Հետո նորից թափառեց, մտավ հազար ու մի փողոց, բարձրացավ Նորքի ոլորապտույտ ճանապարհով, նայեց, երկար նայեց Երևանին։ Ոչ ոք չկանչեց իրեն կամ Նարինեին, չհարցրեց, ուզո՞ւմ եք թողնել Հայրենիքր։ Ամեն ինչ որոշեց հայրը։ Ինչո՞ւ չկանչեցին, հայրը իր ծննդավայրը չէ, որ թողնում է, ինքը ոչ միայն Հայրենիք, ծննդավայր է թողնում։ Չկանչեցին, չհարցրին։ Մի շաբաթ հետո դպրոցում կսկսվեն քննությունները, իսկ երեկ Մամյանը տարօրինակ շարադրության էր տվել՝ նկարագրեք ձեր հարազատի կամ մոտիկ մարդու մահը, նկարագրեք վերջալույսը, որ արևի մահն է․․․ Սմբատը գրել էր, որ քեռու թաղմանն էլ ինքը լաց չի եղել, որովհետև հասկանումմ է՝ եթե մարդ ծնվել է, ուրեմն, նաև պիտի մեռնի, մանավանդ, որ քեռին երեք տարի շարունակ անբուժելի հիվանդ էր։ «Տխուր մարդ ես, Սմբատ,— ասաց Մամյանը,— ջահել, տաք սրտիդ մեջ որտեղի՞ց այդքան սառույց»։ Աբովյան փողոցի վրա քիչ էր մնում ընկներ մեքենայի տակ, ինքն էր մեղավոր։ Միլիցիոները բավական կոպիտ քարոզ կարդաց, հետո տուգանեց երեք ռուբլի։ Անխոս տվեց տուգանքը, ոչ մի բառով չարձագանքեց ոչ վարորդի հայհոյանքին, ոչ միլիցիոների բարկությանը։ Մոլորված, վերացած շարունակեց թափառել։

— Խմենք,— ասաց հայրը,— բաժակդ վերցրու, Արմեն։

— Ես չեմ խմում։ Գնացողները թող խմեն։

— Դու, ի՞նչ է․․․

— Գնացողները թող խմեն։

Մոր ձեռքից վայր ընկավ սուրճի բաժակը։ Նարինեն ետ դրեց կոնյակի գավաթը, որ այն է, մոտեցնում էր շուրթերին։ Հայրը գունատվեց։

— Որդիս, մենք ինչպե՞ս կարող ենք առանց քեզ․․․

— Ես ինչպե՞ս կարող եմ առանց Հայաստանի, մտածե՞լ ես։

Արմենը խոսում էր հանգիստ, համարյա կիսաձայն։

— Հայտստանր ո՞վ է խլում քեզնից։ Կգաս ամեն տարի, ես խոստանում եմ։


Վարդգես Պետրոսյանի սպանությունը. [գլխավոր վարկածը]

Սերը, որ լցվեց Վարդգես Պետրոսյանի կյանքի մեջ. մեջբերումներ

3 հայ գրող, որ քաղաքականությամբ են զբաղվել…

Հայկական վեպերի ժամանակակից էկրանավորումներ

Վերջին ուսուցիչը [հատված վեպից Վարդգես Պետրոսյանի] Իրարանցում

Մի շնչով «ապրած տարիներ»…Վարդգես Պետրոսյան

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Վարդգես Պետրոսյանն ասում է…

Վարդգես Պետրոսյան՝ «Ինչու են շուտ մեռնում ծաղիկները»

«Ապրած և չապրած տարիներն» ասում է…

7 կարճ գիրք, որ կարող եք կարդալ 1 օրում (մաս 2)