Վիգելանդի քանդակների այգին Օսլոյում - VNews

Վիգելանդի քանդակների այգին Օսլոյում

Նորվեգիայի ամենահայտնի` Վիգելանդի այգին ստեղծվել է 1907-1942 թվակններին։ Հեղինակը` քանդակագործ Գուստավ Վիգելանդն է։

Ով է Գուստավ Վիգելանդը

Նորվեգիայի փոքրիկ գյուղի ֆերմայում 1869 թ. ծնված Գուստավը քսան տարեկանում Օսլո է մեկնել` քանդակագործ դառնալու հաստատ որոշմամբ։ Այստեղ նա քանդակագործություն է սովորել Բ. Բերգսլինի օգնությամբ։ Այնուհետև ճամփորդելով Եվրոպայում հաճախ այցելել է Ռոդենի արվեստանոց, որից էլ ազդված ստեղծել է մի շարք քանդակներ։

Վերադառնալով Օսլո, քաղաքային իշխանությունները նրան տրամադրել են արվեստանոց, որպեսզի կարողանա ստեղծագործել։ Կարճ ժամանակում Վիգելանդը համարվում է Նորվեգիայի ամենատաղանդավոր քանդակագործը։ Նա ստանում է ամենաբարձր հոնորարներն ու ամենաշատ պատվերները։

1921 թ. քաղաքային իշխանությունները որոշում են քանդել այն տունը, որտեղ ապրել է Վիգելանդը, այդ վայրում գրադարան կառուցելու նպատակով։

 

 

Քանդակագործը մեծ աղմուկ է բարձրացնում, ինչի արդյունքում նրան տրամադրում են այնքան մեծ տարածք, որ տեղավորվում են նրա բոլոր քանդակները, նկարներն ու մոդելները։ Նոր արվեստանոցը Ֆրոգներ այգու հարևանությամբ էր։ Այս այգում Վիգելանդը որոշում է կառուցել յուրօրինակ մի շատրվան։ Այնուհետև իր կյանքի հետագա տասնյակ տարիների ընթացքում քանդակագործը նույն այգում սկսում է տեղադրել իր քանդակները` գեղարվեստական բաց ցուցահանդես ունենալու մտադրությամբ։ Այս նախագիծը ավելի ուշ վերածվում է համաշխարհային ճանաչում ունեցող «Վիգելանդի քանդակների այգու»։

 

 

Վիգելանդի քանդակների այգին

Գուստավ Վիգելանդն այս այգու վրա աշխատում է մոտ չորս տասնամյակ։ Ցավոք նա չի տեսնում իր աշխատանքի վերջնական արդյունքը։ Այգին բացվում է քանդակագործի մահից մեկ տարի անց։

Այս հրաշագեղ այգին ուն 30 հեկտար տարածք, որտեղ տեղադրված են 227 քանդակախմբեր, որոնք ներկայացնում են մարդկային հարաբերությունները։

Այգու թեման «մարդկային իրավիճակներն» են։ Քանդակների մեծամասնությունը պատկերում են մարդկանց տարբեր վիճակներում` վազելու, կռվելու, պարելու, գրկախառնվելու և այլ պահերին։ Յուրաքանչյուր քանդակ զգացողությունների, մարդկային բարդ, դժվարին, գեղեցիկ, սիրառատ, դժբախտ, երջանիկ հարաբերեությունների հավաքածու է։ Հետաքրքիր է, որ բոլո քանդակներում մարդիկ մերկ են։

Կամուրջը

Գլխավոր մուտքից դեպի շատրվան տանող հատվածում կառուցված  15 մետր լայնությամբ և 100 մետր երկարությամբ կամուրջի վրա տեղադրված են 58 քանդակներ։ Այս բրոնզե քանդակները լիովին համապատասխանում են այգու մտահղացմանը ու գլխավոր թեմային։ Դրանք պատկերում են «Մարդկային խառնվածքը»։ Այստեղ այցելուները կարող են տեսնել ամենաճանաչված քանդակներից մեկը` «Բարկացած մանուկը»։ Մինչ այգին լիովին կկառուցվեր, այս կամուրջն առաջինն էր, որ բացվեց այցելուների համար։

Շատրվանը

Բրոզե Շատրվանը զարդարված է 60 առանձին բրոնզե քանդակներով։ Սրանք տարբեր տարիքի մարդկանց ու կմախքների ֆիգուրներ են, որոնք կախված են ծառերի ճյուղերից։ Քանդակաշարի հիմնական գաղափարն է` մահին հաջորդում է նոր կյանքը։ Այս շատրվանի հատակը ամբողջությամբ պատված է սև ու սպիտակ խճանկարով, որը կազմում է 1800 քառակուսի մետր տարածք։ Քանդակագործը այս շինության վրա աշխատել է մոտ քառաասուն տարի

 

 

Մոնոլիտ

Այգու ամենաբարձր կետում տեղադրված է «Մոնոլիտը»։ Քարե այս կառույցը շրջապատված է աստիճաններով։ Այս քարե հսկա սյունը պատված է 36 մարդկանց պատկերող քանդակներով, որոնք պտտվում են խորհրդանշելով «կյանքի շրջապտույտը»։

 

Կյանքի անիվը

Այգու վերջում տեղադրված է «Կյանքի անիվը» քանդակը, որն իր ձևով պսակ է հիշեցնում և կազմված է չորս մեծահասակ և մի երեխայի պատկերող քանդակներից։ Նրանք իրենց ներդաշնակության մեջ անսահման երջանիկ են։ Այս քանդակաշարը խորհրդանշում է Հավերժության գաղափարը և իր մեջ կրում է մարդկային կյանքի բոլոր շրջանները` մանկությունից մինչև խորը ծերություն։