Violin Revolution. հարցազրույց Յանա Կարապետյանի հետ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Violin Revolution. հարցազրույց Յանա Կարապետյանի հետ

“Violin Revolution” խումբը միավորում է 5 տաղանդաշատ աղջիկների, որոնք երաժշտության միջոցով իրենց խոսքն են հասցնում հանդիսատեսին:
VivaroNews Culture-ը զրուցել է խմբի անդամներից մեկի՝ Յանա Կարապետյանի հետ:

Յանա, ինչպե՞ս ծագեց “Violin Revolution” խմբի ստեղծման գաղափարը:

Ամեն բան սկսվեց 8 տարի առաջ. ի սկզբանե շատ մտերիմ ընկերուհիներ էինք և միասին նվագում էինք նվագախմբում: Շատ շուտով հասկացանք, որ հետաքրքիր կլինի, եթե սկսենք մեր սիրած երգերը նվագել:

Իսկ հիմա ի՞նչ ստեղծագործություններ է կատարում խումբը:

Հիմնականում ռոք, փոփ, ջազ ժանրերի քավըրներ ենք անում. դասական գործեր դեռ չենք կատարում խմբով: Սակայն խմբում կան աղջիկներ, որոնք Կոնսերվատորիայում են սովորում և հմտորեն կատարում են դասական գործեր: 
Նաև ասեմ, որ ես և խմբի անդամներից մեկը՝ Շուշանիկը, սկսել ենք երգեր գրել, նաև՝ վոկալով քավըրներ անել. նպատակ ունենք էլ ավելի աճելու:

Երաժշտության հանդեպ սերն ինչո՞վ էր պայմանավորված:

Երեք տարեկան էի, երբ «սիրահարվեցի» ջութակին: Դեռ մանկուց սիրել եմ «Անուշ» օպերան. ծնողներիս հետ անընդհատ գնում էի այն վերանայելու և ամեն անգամ ջութակի գեղեցիկ ձայնն ինձ ավելի ու ավելի էր գայթակղում ու գերում: Այդ ժամանակվանից մայրիկիս ասում էի,  որ ջութակ նվագել պետք է սովորեմ: 5 տարեկանում սկսեցի ջութակի դասերի հաճախել. ոչ մի դաս բաց չէի թողնում, ասես կախարդված լինեի:
Գիտեք,  ջութակին տիրապետելը շատ բարդ գործ է, բայց դրանից ստացած զգացողություններն արդարացնում են բոլոր տանջանքները:

Յանա, իսկ ինչպե՞ս Ձեր ընտանիքը վերաբերվեց Ձեր ընտրությանը:

Նախքան «Նվակի» շրջանակներում ելույթ ունենալս՝ ընտանիքս մի փոքր թերահավատորեն էր մոտենում ընտրությանս. նախագծի շրջանակներում ես առաջին անգամ կատարեցի իմ սեփական երգը և ծնողներս, տեսնելով իմ ոգևորությունը, մտափոխվեցին: Այժմ նրանք ամեն օր ականատես են լինում, թե ինչ հաճույքով եմ ես զբաղվում երաժշտությամբ, և ինչ մեծ եռանդով եմ գնում փորձերի:

Յանա, երաժշտությունն ի՞նչ է քեզ համար:

Երաժշտությունը կյանքիս ամենակարևոր բանն է. ծնվածս օրվանից մինչև այսօր և վստահորեն կարող եմ ասել, որ մինչև մահ այն ներսումս եմ կրելու: Կարևոր չէ՝ ուրախ եմ, թե տխուր, ես իմ բոլոր էմոցիաները երաժշտության միջոցով եմ արտահայտում: 

Իսկ բացի երաժշտությունից էլ ինչո՞վ եք հետաքրքրվում:

Հետաքրքրվում եմ ֆիլմերով, ունեմ սիրած ռեժիսորներ, և կարող եմ անվերջ խորանալ նրանց կյանքի ու ապրած ուղու և գործունեության մեջ: Մեկ-մեկ նաև բանաստեղծություններ, սցենարներ եմ գրում, նկարում եմ. շատ կուզենայի գրածս սցենարները կյանքի կոչել:

Կինոյի հանդեպ սերն ինչ-որ կերպ անդրադառնո՞ւմ է Ձեր ստեղծագործելու վրա:

Հա, իհա՛րկե: Շատ ուշադիր հետևում եմ, թե դերասաններն ինչպես են խաղում ֆիլմերում, ինչպես են իրենց դրսևորում  տարբեր իրավիճակներում,  և երբ երգ եմ գրում ու այն բեմի վրա կատարում, մեխանիկորեն սկսում եմ նույն էմոցիաներն արտահայտել: Կարծում եմ, որ վիզուալ ինֆորմացիան շատ կարևոր է, քանի որ կան շատ տաղանդավոր մարդիկ, որոնք լավ են երգում, սակայն չեն կարողանում բեմի վրա արտահայտել իրենց էմոցիաները: Սա պայմանավորված է փորձի բացակայությամբ:

Ե՞րբ Եք կարողանում ավելի լավ ստեղծագործել:

Երբ ծայրահեղ տխուր եմ, կամ՝ ծայրահեղ ուրախ:

Յանա, կարգախոս ունե՞ք:

Կարգախոս չունեմ, բայց ես հակված եմ այն կարծիքի, որ ռիսկից վախենալ պետք չէ: Երբ փորձում ես մի կողմ դնելով վախդ հաղթահարել ամեն տեսակի դժվարություն՝ ամեն ինչ հնարավոր է թվում: Հենց այս ժամանակ ես ավելի ուժեղ դառնում, և նպատակդ ավելի հասանելի է թվում:

Յանա, իսկ ի՞նչ ծրագրեր ունեք:

Անկեղծ ասած, ցանկանում եմ ապագայում մենակ հանդես գալ. սկզբից գուցե ակուստիկ համերգներ ունենամ, հետո՝ հեղինակային:
Բացի այդ, շատ եմ ցանկանում Հայաստանում արվեստի դպրոց հիմնել. վայր, որ կհամախմբի ռեժիսորներին, երաժիշտներին, մի խոսքով՝ արվեստի նվիրյալներին, և բոլորին միասին համագործակցելու հնարավորություն կտա: Կարծում եմ, որ մարդկանց պետք է արտահայտվելու հնարավորություն տալ: Իհարկե, գիտակցում եմ, որ բարդ բան եմ ասում, բայց հույս ունեմ, որ ինձ մոտ կստացվի:

Յանա, ըստ Ձեզ, ի՞նչն է կարևոր արտիստի համար:
Ճամփորդելը (ժպտում է):  Շատ կարևոր է նոր վայրեր բացահայտել, քանի որ յուրաքանչյուր նորություն կարող է ոգեշնչել և «թևեր տալ»: 

Եվ վերջում… Յանա, ամենախենթ բանը, որ երբևէ արել եք:

Տարիներ առաջ Բրունո Մարսը Լեհաստանում ելույթ էր ունենալու, և ես ու ընկերս որոշեցինք անպայման ներկա գտնվել այդ համերգին: Առանց որևէ մեկին ասելու գնեցինք տոմսերը և գնացինք: Ծնողներս չէին հավատում, որ կարող եմ այդտեսակ սպոնտան քայլի գնալ ու չխորհրդակցել իրենց հետ, բայց դա կյանքիս ամենագեղեցիկ հիշողություններից մեկն է:

Զրուցեց Մարիամ Սուքիասյանը
Լուսանկարները՝ Աշոտ Ավագյանի