Ժամանակակից ո՞ր հեղինակներն են ներառվել հանրային քննարկման ներկայացված «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում - VNews

Ժամանակակից ո՞ր հեղինակներն են ներառվել հանրային քննարկման ներկայացված «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում

grrrak - Ժամանակակից ո՞ր հեղինակներն են ներառվել հանրային քննարկման ներկայացված «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում` www.escs.am: Այդ թվում ներկայացվել է նաև 7 -12 դասարաններում «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագիրը։ Առաջինն, ինչն աչքի է զարնում. «Հայ գրականություն» առարկան փոխարինվում է «Գրականություն» առարկայով, ինչը պայմանավորված է օտար հեղինակների ներառմամբ։ Մի շարք օգտատերերի մոտ հարցեր առաջացան հանրային քննարկման ներկայացված ծրագրում բացակայող մի շարք հեղինակների կամ ստեղծագործությունների մասին, ինչպիսիք են, օրինակ,  Մովսես Խորենացին, Եղիշեն, Կորյունը, հայ առակագիրներ Մխիթար Գոշն ու Վարդան Այգեկցին, բնաստեղծներ Ֆրիկն ու Սիամանթոն, և շատ ուրիշներ։ Այդուհանդերձ, քննարկման մեկ այլ թեմա է այն նոր անունները, որոնք տեղ են գտել վերոնշյալ ցանկում։

Այսպիսով, ներկայացնում ենք այն ժամանակակից հեղինակներին և/կամ ստեղծագործությունները, որոնք տեղ են գտել 7 -12 դասարաններում «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում։

Գրիգ «Հիսուսի կատուն»

«Հետո ամեն ինչ արագ կատարվեց, թե ինչպես Կարենը ձեռքը տարավ պայուսակին և ինչպես հայտնվեց այն գետում, իմ աչքի առաջ է եղել: Պայուսակը լողում էր արծաթագույն մակերեսին, սուզվում-բարձրանում՝կարծես փորձելով կառչել որևէ քարից, բայց ջրի հոսքը արագ էր, շատ արագ: Մի պահ Նարեկը անշարժ, հիպնոսացածի նման նայում էր հեռացող պայուսակին ու ոչինչ չէր անում: Գուցե չէր հավատում, որ իր մոտ չէ, որ մատները այդպես հեշտ, առանց դիմադրության կարող էին հանձնել ուրիշին: Գիտեր. զգում էր՝ դիմադրություն է եղել, մատները չէին հանձնվել, մատները մրմռում էին, ծակծկոցներ էր զգում ափի մեջ ու ոչինչ չէր անում…Գուցե լավ էլ հասկանում էր, թե ինչ է կատարվում, պարզապես ինչ-որ բանի էր սպասում, նայում էր ու սպասում… Երբ պայուսակը դեղին կետ դառնալու չափ հեռացել էր տեսադաշտից, նա սթափվեց, ասես ցրվեց շուրջը խտացող մշուշը և արցունքն աչքերին շտապեց պայուսակի հետևից: Նայում էի՝ ինչպես էր Նարեկը վազում գետի եզրով, իսկ աչքերիս առաջ ծառի հողոտ արմատներ հիշեցնող երակներն էին, ավելի հողոտ, ավելի ընդգծված էին թվում… Երեկ առավոտյան, երբ մտքովս անցել էր եկեղեցի գնալ, զարմանալի հանդիպում եղավ: Նարեկը կանգնած էր իմ դիմաց՝ մինչև կոշիկները հասնող եկեղեցական սև զգեստը հագին: Նայում էի՝չկարողանալով կտրել հայացքս, տարիներ էին անցել, ոչինչ չէր մնացել իմ ճանաչած Նարեկից, բարձրահասակ էր, նեղ ոսպնյակներով ակնոցն ու թավ մորուքը ծածկել էին դիմագծերը. չէի ճանաչի, եթե ինքը չճանաչեր, չմոտենար ինձ: Ձորում պատահածից հետո ոչ ոք չտեսավ նրան, այլևս չեկավ դասի, ասում էին՝ մայրը այլ դպրոց է տարել…Մեր կարճ խոսկացության ընթացքում հասցրի պատմել, որ գրող եմ, պատմվածքներ եմ գրում, չեմ հիշում՝ էլ ինչ եմ ասել, հիշում եմ՝ անընդհատ կրկնում էի, թե որքան լավ է իր հետ զրուցելը, շնորհակալություն էի հայտնում: Ժպտում էր, զարմանում, թե ինչու եմ շնորհակալություն հայտնում, իսկ այդ պահին ասես մեծ բեռ էր ընկել ուսերիցս, և ես իրոք շնորհակալ էի նրան»:

(Հատված)

Ռազմիկ Դավոյան «Երեկ տխուր, այսօր ուրախ»

Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ՝ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս:
Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին
Կամ ծիծաղում խենթի նման,
Ինձ բաշխում եմ ավազներին
Անապատի գետի նման:
Ինձ բաշխում եմ անմնացորդ,
Իմ ժպիտներն ո՞ւր են տանում,-
Ծիծաղիս մեջ ամեն անցորդ
Հոգնած հոգին է լվանում:
Վաղը երբ որ մշուշ լինի,
Եվ արցունքներ ծնվեն ցավից,
Գուցե մեկը փոքրիկ մի կայծ
Ետ բերի ինձ իմ ծիծաղից:

Խաչիկ Մանուկյան «Բարձունքը մերն է, տղերքը չկան»

Բարձունքը մերն է, տղերքը չկան,

Տղերքն ավելի բարձրում մնացին:

Դիպան աստղերին՝ աստղերը հանգան

Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին…

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր.

Բարձունքը մերն է, տղերքը չկան…

Լևոն Խեչոյան «Սև գիրք, ծանր բզեզ»

(վեպից հատվածներ):

«Հետո Մհերին չէինք ճանաչում, մարմինը մաշվել էր: Ոտքերը կապել էին հետևակի մարտական մեքենայից, բնակչության կռվելու ոգին բարձրացնելու համար ցուցադրական քարշ էին տվել իրենց գյուղերի միջով: Հողի հետ շփվելուց դեմքերը ձեռքերը իրենք իրենց արձակած յուղից վառվել, հալվել ու սևացել էին: Գարանյան Սերոժը գուլպայից ճանաչեց, ասաց. «Մհերն է: Երեկ գիշեր՝ մարտից առաջ, գուլպան ես եմ կարկատել: Ինքը չէր կարողանում, տվեց ինձ, հաստատ ինքն է, սա իմ կարն է»:

***

«Արտասովոր էր զոհին տեսնելը, որովհետև այդ նա՝ հետագա ամբողջ կյանքի ընթացքում մեր ետևից պիտի քայլեր, ինչպես պարանը վիզը գցած կարմիր երինջ:
Նրանով դառնալու էինք մեկընդմիշտ կապանքված՝ ծանր, գերծանր բան՝ հողագնդի վրա ընկած:»

Հուսիկ Արա

(սիրային բանաստեղծություններ աշակերտի և ուսուցչի ընտրությամբ):

Եվ սերը ասաց

Ամեն բան հարաբերական է տիեզերքում,
բացառությամբ այն սերը,
որ ես ունեմ քո նկատմամբ:

Եվ իմ սերը ասաց` լույս լինի,
քո աչքերը եղան.
տեսավ, որ աչքերը չքնաղ են,
սպիտակ մասը ցերեկ կոչեց,
սևը` գիշեր,
որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ:

Սերը ասաց` երկինք լինի,
քո հայացքը եղավ,
ասեց` երկիրը լինի,
քո ձեռքերը եղան,
որ պինդ գրկեն իրեն,
հանկարծ չընկնի ջրերի վրա:

Սերը ուզեց արև լինի`
քո համբույրը եղավ,
ուզեց լուսին լինի`
քո ժպիտը եղավ,
և աստղերը` հմայքը քո,
որ չմոլորվի առանձնության մեջ:

Եվ սերը քեզ ստեղծեց.
եղար դու`
մարմին ու էություն,
որ շատացնես
համբույրը,
ժպիտը,
հմայքը
և իշխես բոլորի ու իր վրա:

Ամեն բան հարաբերական է տիեզերքում.
միայն դու ես
բացարձակ Ես,
ինչպես առաջին խոսքը,
որ հնչեց քաոսի մեջ
և եղավ:

(Վերոնշյալ բանաստեղծությունը՝ նյութի հեղինակի ընտրությամբ)

Հրաչ Սարիբեկյան «Հավերժական շարժիչը»

«Ես պտտում էի ոտնակները, բայց հեծանիվս տեղից չէր շարժվում:
Ավելի ու ավելի թափով էի պտտում: Ինչքան ուժ ունեի ոտքերիս մեջ: Քրտնում էի, ոտքերս հոգնում էին, բայց հեծանիվս տեղից չէր շարժվում: Առջևի անիվն անշարժ էր:
Ինչքան արագ էի պտտում ոտնակները, առաստաղից կախված լամպն այնքան շիկանում էր:
Հայրս, որ կենցաղային հաջողված գյուտերի հեղինակ էր, մորս անձնական գրադարանից հավերժական շարժիչների մասին հաստափոր մի գիրք էր գտել և ամբողջ օրը կարդում էր:
Մտածում էր այնպիսի շարժիչ պատրաստել, որն ինքն իրեն էներգիա մատակարարելով, հավերժ աշխատի: Մայրս, որ ֆիզիկայի ուսուցչուհի էր, քմծիծաղ էր տալիս, գլուխը տարուբերում էր ու հորս բացատրում, որ այդ ամենը տեսություն է սոսկ, որ հավերժական շարժիչի գոյությունն անհավանական է էներգիայի կորստի պարզ պատճառով: Պապս առարկում էր մորս:
-Հնարավոր է,-ասում էր: Պատմում էր Պրահայի հրապարակի ժամացույցի մասին, որ անհիշելի ժամանակներից առանց մարդկային միջամտության, առանց լարելու առ այսօր ճշգրիտ ժամանակ է ցույց տալիս. ոչ ոք դեռ չի գտել ժամացույցի հավերժական շարժիչի գաղտնիքը»:

(Հատված)

Ներսես Աթաբեկյան

(սիրային բանաստեղծություններ աշակերտի և ուսուցչի ընտրությամբ):

Գուցե ինձ չփնտրես, բայց գտիր,
Երբ վերջին անձրևներն անցնեն.
Ես երգեր ունեի հատընտիր`
Երգիչը վաղուց էր մահացել:

Գուցե ինձ չգտնես, բայց հիշիր
(ես արդեն չեմ հիշում, թե որտեղ)`
Քեզ շոյեց ձեռքերով ուրիշի,
Ուրիշի մատներով հոտոտեց:

Ու վերջին գիշերվա թասի մեջ
Սև վարդը բացվում է անվրդով:-
Նորից հե՞տ: Եվ այնտե՞ղ: Հազի՜վ թե…
Անձրև է ու տխուր առիթով:

Աշուն է: Դեղինը չեմ սիրում:
Բայց կանչդ խփում է անվրեպ
Ճիշտ նրան, ով պառկեց լուսերում,
Ու նրան, ով մեռնել սովորեց:

Այլե´ւս: Բացվու´մ է վարդը սեւ:
Շարունա´կ: Ու հաղթու´մ:
Անձրևնե՜ր:
(Չսպասե՜ս,
չսպասե՜ս…):
Չենք դառնա մեկտեղ տուն…

(Վերոնշյալ բանաստեղծությունը՝ նյութի հեղինակի ընտրությամբ)

Գուրգեն Խանջյան «Առնետը»

«Դ-ն տարակուսած էր. արդեն մի քանի օր նրան համակել էր ինչ-որ տարօրինակ կանխազգացում, և նա ոչ մի կերպ չէր կարողանում կռահել, թե ինչ է ակնարկում այն: Առօրյայում չկար քիչ թե շատ շոշափելի որևէ փոփոխություն, որից կարելի լիներ գոնե հեռավոր կերպով գուշակել կանխազգացման խորհուրդը: Որքան էլ բծախնդրությամբ վերլուծում էր վերջին օրերի ընթացքը, արդյունքի չէր հասնում` առօրյան անփոփոխ էր. առավոտյան հապճեպորեն խփշտում էր իր սովորական սխտորով ձվածեղը, կապում մուգ կապույտ, երկարատև գործածության պատճառով արդեն տեղ-տեղ փայլող փողկապը, ճաղատը ծածկում նույն գույնի եզրավոր գլխարկով, վառում նեղ շրթունքներով սեղմած սիգարետը և թևի տակ դնելով կաշվե հնամաշ թղթապանակը` տանից դուրս գալիս: Վերելակի խցիկում գետնին էր գցում ծխացող սիգարետի մնացուկը, առատորեն թքում վրան, ապա կրնկով կոխրճում. թուքն ու պատռված սիգարետից թափված ծխախոտը միախառնվելով` հատակին գոյացնում էին լպրծուն, զզվելի կեղտաբիծ: Ընդհանրապես` հաճախակի թքելու սովորություն ուներ` սեփական արտաթորանքներով նշան դնող կենդանու նման: Մետրոյում թունելախորշով մոտեցող լուսաշեղբը դեռ հեռվից նկատած, իբր խուճապահար, սկսում էր անհարկի հրմշտել մարդկանց, իսկ վագոնում բազմության մեջ այնպես էր հարմարվում, որ բռնակներից բռնվելու կարիք չլինի և անդադար կեղծ հորանջում էր` ուղևորների դեմքին փչելով սխտորահոտը: Գրասենյակում դժվարությամբ ու անհաջող քողարկելով չարությունը, շինծու ժպտում էր աշխատակիցներին, իսկ երբ նրանք շրջվում էին` թիկունքներին էր մեխում արդեն չքողարկված, թունոտ արհամարհանքով ու ատելությամբ լեցուն հայացքը: Երեկոյան, գործից տուն դառնալիս, հարմար առիթը բաց չէր թողնում իր ծուռ, ոսկրոտ ցուցամատով կտտացնելու ծնողների կողմից անուշադրության մատնված երեխաների գլխին կամ կոխրճելու երազանքներով տարված միամիտ անցորդի ոտքը: Տանը նախ փոխում էր հագուստը, ապա ընթրում և միացնում հեռուստացույցը` ինքն իրեն բարձրաձայն մեկնաբանելով էկրանային իրադարձությունները: Ոչ մի բան սրտով չէր, այդ պատճառով մեկնաբանությունները լեցուն էին գռեհիկ արտահայտություններով ու հայհոյանքով: Երբ դժգոհությունը հասնում էր ծայրագույնի` տեղից զայրացած վեր էր թռչում, թափով սեղմում հեռուստացույցի անջատիչը և պառկում քնելու: Անկողնում երկար երազում էր` տարօրինակորեն ցնցվելով և հառաչելով. երազում էր մթության մեջ, նույնիսկ վարագույրներն էր վրա բերում` ասես զգուշանալով բացահայտումից»:

(Հատված)

Արամ Պաչյան «Թափանցիկ շշեր»

«Ինչու՞ են, մարդիկ օղի խմում:
Խմում են, որ աշխարհի բոլոր երեխաները լաց լինեն:
խմում են, որ թթու վարունգ ուտեն:
խմում են, որ մեռածներին ու աստծուն հիշեն:
խմում են, որ խմեն:
խմում են, որ մարդ սպանեն:
խմում են, որ սիրեն
խմում են, որ ծեծեն:
խմում են, որ մոռանան:
խմում են, որ ապրեն»:

(Հատված)

 

Ընդգրկվել են նաև Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» ժողովածուն և Լևոն Խեչոյանի «Քո դեմքով և նմանությամբ» պատմվածքը, Արմեն Հայաստանցու «Կիկոսի Վերադարձը» պատմվածքների ժողովածուն:

 

 

Ստեղծագործությունների մի մասի աղբյուրը՝ granish.org


Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Հայտնի ծնողների հայտնի ժառանգները…

Համաշխարհային գրողների մտքերը պատերազմի մասին

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Թամար Ալեքսանյանը «Գրականության» ուսուցման դպրոցական նոր ծրագրի մասին…

«Դուք նկատե՞լ եք»… Մհեր Արշակյան

Էդգար Էլբակյան կրտսեր. տաղանդաշատ ստեղծագործողի հիշատակին

Խիստ ժամանակակից. խոհեր/տողեր Սաթեն Գրիգորյանից

Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին]

Դիալոգ. Արմինե Բոյաջյանի հետ [գրականության ու «մանկության նկուղի» մասին]

Ալֆոնս Դոդեն ասել է…

Կարդում ենք արևմտահայ պոեզիա

Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…