ՈՐԲԱՆՈՑ [հատված Էդգար Կոստանդյանի վեպից] ՄԵՐՈՆՔ - VNews

ՈՐԲԱՆՈՑ [հատված Էդգար Կոստանդյանի վեպից] ՄԵՐՈՆՔ

Մերոնք

                                                    Հեռանում եմ, որ մնացյալն

                                                    ապրեմ խախուտ իմ ներսում.

                                                    Էլ չեմ լինի էս կարծեցյալ

                                                    կյանքում` ձեր էս կրկեսում

                                                                                    Արմեն Շեկոյան

Օդանավակայանում ամենասովորական խառնաշփոթ է: Ես արդեն մի ժամից ավելի նստած եմ էս գրողի տարած սրճարանում, որտեղ ծխել, չգիտես ինչու, չի կարելի: Ոտքի վրա հազիվ եմ կանգնում. ողջ գիշեր չեմ քնել, իսկ էդ անտեր Պրահան չի իջնում ու չի իջնում…

– Դառը սուրճ,- ասում եմ մատուցողուհուն, հետո էլի հիշում եմ, որ էստեղ չի կարելի ծխել,- չէ… ջուր, սառը, առանց գազ…

Ուսանողական ընկերս` Ֆրեդը, գալիս է Պրահայից: Չգիտեմ` ինչի համար էր գնացել, բայց մի ամիս մնաց: Մենք երբեք չենք իմանում` Ֆրեդն ինչով է զբաղվում, դա ոչ ոք չի իմանում` նույնիսկ Ֆրեդը…

Քանի Ֆրեդի ինքնաթիռը վայրէջք չի կատարել, մի փոքր պատմեմ մերոնց մասին: Կուրսում տասնյոթ ուսանող կար: Ավարտելուց հետո յուրաքանչյուրն ընտրեց իր գնալիք ճանապարհը, ընկերներ մնացինք յոթս` Սոնան, Ֆրեդը, Եվան, Սամոն, Անդոն, Գուգոն ու ես:

Սոնան քաղաքի ամենահաջողված ու ստացված սցենարիստներից էր… Նա կարեւորագույն տեղ ուներ իմ կյանքում: Կյանքիս ամենանեղ ու դժվար պահերին առաջինն է թիկունքիս եղել: Ես երբեք նրան չեմ պատմել իմ խնդիրների մասին, նրան բավական էր նայել աչքերիս, երկու նախադասություն փոխանակել հետս ու վերջ` «դիագնոզս» ստույգ տալիս էր…

Ֆրեդը, որին Սոնան առաջին կուրսից «դառմայեդ» էր ասում, երբեք ոչ մի բանով չի զբաղվել, բայց միշտ կարողացել է գլուխը պահել: Ինչպես արդեն ասացի, մենք երբեք չենք իմացել` Ֆրեդն ինչ է անում, բացառությամբ այն մի դեպքի, երբ երկրորդ կուրսն ավարտելուց հետո` ամառային արձակուրդներին, գնաց Թուրքիա, հագուստ բերեց, փոքրիկ խանութ վարձեց, ներկրած հագուստը լցրեց խանութում, դարձավ անհատ ձեռներեց ու բնականաբար, «տակ տվեց»… Թրուայա էր կարդում ու Մորիս Ուեստ, բայց ասում էր, որ մեկը մեկից էշ են…

Եվան երկրորդ կուրսից մեզ միացավ. ուրիշ բաժնից տեղափոխեցին: Սոնան, մարդկանց մականուն տալու իր վաղեմի սովորության համաձայն, Եվային «տոռմուզ» էր անվանել, քանի որ Եվան մեր գինարբուքների ժամանակ առաջինն էր դադարեցնում խմելը, ու դա դեռ բավական չէ, մեզ էլ վայրկյանը մեկ չխմելու կոչ էր անում: Եվան քաղաքի կենտրոնի բակերից մեկի բարձրահարկի նկուղային հարկում ակումբանման մի բան ուներ, որի անունը «E pub» էր դրել, հավանաբար իր անվան առաջին տառով: Մենք հաճախ էինք այնտեղ լինում, երաժշտությունը որակյալ էր ու ճաշակով, պատերին փակցված էին Եվայի սիրած երաժիշտների, դերասանների, ռեժիսորների ու գրողների նկարները: Պատերին գրադարակներ կային, որտեղ այն գրքերն էին, որ ինքն էր սիրում կարդալ (Մարկես, Հենրի Միլլեր, Հրանտ Մաթեւոսյան…): Ֆրեդը միշտ ասում էր, որ Եվան իր ճաշակը փաթաթում է հաճախորդների վզին, իսկ Եվան պատասխանում էր, որ փաբը միայն իր երաժշտությունն ու իր գրականությունը հասկացողների համար է…

Սամոյի մասին առանձնապես պատմելու բան չունեմ: Ինստիտուտը կիսատ թողեց երրորդ կուրսից` անվճարունակ լինելու պատճառով: Մի քանի տարի տարբեր գործեր անելուց հետո բացեց փոքրիկ շինանյութի խանութ: Ի դեպ, ես Սամոյի երեխաների կնքահայրն եմ…

Անդոն ուրիշ պատմություն է: Ինստիտուտ էր ընդունվել մի բանով զբաղված լինելու համար: Հայրը նրան ապահովել էր ամեն ինչով: Իսնտիտուտի տարիներին սրճարան ուներ Օղակաձեւ այգում, ինստիտուտից հետո բավականին լուրջ ներդրումներ արեց մի քանի խոշոր գործարաններում ու դարձավ բաժնետեր, հետո` նաեւ դրանցից մի քանիսի սեփականատեր (ինչպես սովորաբար լինում է): Այնուհետեւ, ինչպես ցանկացած իրեն հարգող խոշոր բիզնեսմեն, որոշեց պատգամավոր դառնալ ու թեկնածությունն առաջադրեց, բնականաբար, իշխող կուսակցության ցուցակով (ինչպես ցանկացած իրեն հարգող չափից դուրս խոշոր բիզնեսմեն):

Գուգոն մեր թույլ կողմն էր… Հենց խոսում էինք նրա մասին, բոլորիս աչքերը լցվում էին, կյանքի հանդեպ չարություն էինք ապրում… Ինստիտուտն ավարտելուց հետո մեկնեց բանակ` պարտադիր ծառայության ու կես տարի հետո վերադարձավ` հաշմանդամ դարձած… Նրան սահմանին չէին կրակել` հայրենիքը պաշտպանելու ժամանակ, սեփական հրամանատարն էր ծեծելով անդամահատել Գուգոյին: Անդոն նրան տեղափոխեց Գերմանիա` բուժվելու, բայց ոչինչ դուրս չեկավ… Գուգոն ամբողջ կյանքում պիտի գամված մնար էդ գրողի տարած սայլակին… Կազինո դարձած էս երկրում Գուգոն մեր առաջին լուրջ պարտությունն էր…

… Պրահայի ինքնաթիռը վերջապես վայրէջք կատարեց: Ֆրեդը երկրորդը դուրս եկավ: Ճամպրուկները դրեցինք մեքենայի բեռնախցիկում ու շարժվեցինք:

Իմ տանջված ու ինձ դեռ դիմացող մոխրագույն «KIA»-ն սլանում էր դեպի Երեւան, բավականին արագ էինք գալիս, որովհետեւ դեռ էլի գործեր ունեի:

 

– Ի՞նչ նորություն կա,- հարցրեց:

– Դու չգիտե՞ս, որ էստեղ վաղուց նորություններ չեն լինում,- ասացի,- դու պիտի ասես, դու ես քաղաքից գալիս:

-Սովորական, մի հատ գործ էր կպել, էդ հարցերով էի:

-Չեմ հարցնում` ինչ գործ էր, մեկ ա` չես ասելու:

-Ժողովրդից ի՞նչ կա, ո՞նց են:

-Նույնը… չես խոսե՞լ հետները:

-Չէ, ժամանակ չկար, Սամոյին էի զանգել մի քանի օր առաջ, ասեց` Մանեն մոտ օրերս կծննդաբերի:

-Հա, էն օրը Սամոյենց տանն էինք հավաքվել:

-Քշի տուն, էս էղած-չեղածն իջացնենք, գնանք մի տեղ նստենք, մի բաժակ բան խմենք:

-Շուտ չի՞, լույսը նոր ա բացվել:

-Շուտ չի, քշի…

Ֆրեդին իջեցրի տուն, բայց խմելու չգնացի: Մյուս գործերս էլ հետաձգեցի ու գնացի` քնելու: Երեկոյան արթնացա, սրճեցի ու որոշեցի այդ երեկոն տանն անցկացնել: Ինն անց կես կլիներ, Անդոն զանգեց.

-Խառն ե՞ս,- հարցրեց:

-Չէ, տանը նստած եմ:

-Մենակ ե՞ս:

-Հա:

-Էլի տվել ե՞ք իրար:

-Անցած լինի:

-Լավ, գալիս եմ, մի կես ժամից մոտդ կլինեմ: Ի՞նչ բերեմ:

-Բան պետք չի, արի:

-Սիգարետ ունե՞ս:

-Չէ, բեր…

Անդոյին վերջին ամիսներին հազվադեպ էինք հանդիպում, պատճառը հասկանալի էր, ընտրություններով էր ընկած, պատգամավոր էր ուզում դառնալ… Սոնան այնքան վիրավորված էր, որ նույնիսկ ծնունդը չէր շնորհավորել: Մեր ընկերության հարցում ամենախստապահանջը Սոնան էր, չէր հանդուրժում, երբ մեզնից որեւէ մեկն իրեն հեռու էր պահում կամ կորում էր իր «տեսադաշտից»:

Անդոն եկավ ոչ թե կես ժամ հետո, ինչպես ինքն էր ասում, այլ մեկուկես:

– Կներես, ապեր, գործեր պատահեցին, շտաբից էին կանչել:

-Էս ժամի՞ն:

-Հա, սա դեռ ի՞նչ ա, էն օրը մինչեւ գիշերվա երեքը շտաբում էինք,- ասաց` ռոմի շիշը սեղանին դնելով:

-Սիգարետ բերել ե՞ս:

-Հա, տոպրակի մեջ ա:

-Ասում ես մինչեւ գիշերվա երեքն ի՞նչ եք անում էդ շտաբում:

-Խելքիդ բանը չի, գնա բաժակներ բեր:

-Նստի, կբերեմ:

-Կոլա ունե՞ս, մոռացա առնեմ:

-Պիտի որ լինի:

Անդոն ժամանակին հաճախ էր գալիս ինձ մոտ, ասում էր` ինձ հետ <<լավ է խմվում>>, բայց ինչ սկսել էին էս նախընտրական քաշքշուկները, Անդոյի հետ միայն հեռախոսով էի խոսել:

-Անդո,- ասացի,- նախարարներից հետո էլ հետս լավ չի խմվում, չէ՞:

-Չհասկացա ասածդ:

-Լավ էլ հասկացար… ու՞ր ես կորել:

-Էշ նամյոկ էր… Էդ ես ե՞րբ մինիստրների հետ չեմ խմել: Կորելը ո՞րն ա, ինձնից լավ ես հասկանում` ինչ խառն եմ:

-Հա, բայց հնարավոր ա, չէ՞, շաբաթվա մեջ մի անգամ զանգել: Սոնան շատ նեղացած ա:

-Սոնան… Հիմա ասել էի… Սոնան ծնունդս էլ չշնորհավորեց:

-Բայց ինչի՞ց հետո:

-Լավ, Սոնայի դուշմանը չեմ, որ դրել պաշտպանում ես, արի խմենք,- ասաց ու լցրեց բաժակները:

Անդոն փոխվել էր, գուցե անգիտակցաբար, գուցե հարկադրաբար, գուցե պահի թելադրանքով, բայց հաստատ փոխվել էր: Չեմ ասում, թե դեպի վատը… ուղղակի ես նրան չէի ճանաչում:

-Ի՞նչ կա,- հարցրեց,- քո գործերից պատմի, գրում ե՞ս, բլոգդ գործում ա՞:

-Հա,- ասացի,- սթից-մթից:

-Մի բան կպնում ա՞, փող մնում ա՞ տակը:

-Հա, դժգոհ չեմ, էս պահին լավ ա, բայց դե գիտես, սա պահի երկիր ա, ստաբիլ բան չկա, երեկ վատ էր, հիմա լավ ա, վաղը կարա սարսափելի լինի ու էդպես շարունակ:

-Որ էդ «շեդեվր» հոդվածներդ գրելուց մեզ ավելի քիչ կպնես, հաստատ վաղը լավ կլինի:

-Ձե՞զ,- ծիծաղեցի ու մի ծխախոտ վառեցի,- ես չգիտեի, որ դու ու իրանք արդեն «մենք» եք դառել:

-Լսի,- տաքացավ,- ի՞նչ ես անընդհատ բզում, վատ բան ե՞մ անում, ուզում եմ` մտնեմ պառլամենտ, մի լավ բան անեմ, մի բան դեպի լավը տանեմ, բոլորը քո նման են մտածում, դրա համար էս օրին ենք:

-Ամենազարմանալին գիտե՞ս` որն ա… որ էդ էշություններդ չափազանց լուրջ դեմքով ես արտասանում: Շտաբում ե՞ք անգիր արել:

-Ձեռ առ…

-Ձեռ եմ առնում,- ասացի ու խմեցի բաժակիս ռոմը:

-Որ դու ես սենց բաներ ասում, պատկերացնում եմ` Սոնան ինչեր կասի:

-Անդո, քեզ միեւնույն չի՞` Սոնան ինչ կմտածի, ինչ կասի, մեկ ա, արդեն վաղուց թքած ունես բոլորիս վրա:

-Թքած չունեմ, խառն եմ, էս անտեր ընտրությունները տուն-տունիկ չեն, կարա՞ս հասկանաս, մեշոկով փող եմ թափել:

-Բա որ մեշոկով փող ես թափել, էլ մտածելու ի՞նչ կա, ֆռֆռա քո համար, մեկ ա կրած ես:

-Մենակ փողը քիչ ա, աշխատել ա պետք:

-Անդո, մի հատ էլ հարց տամ ու թեման փակենք: Քո ասածներն իրար կապելուց ստացվում ա, որ դու մեշոկով փող ես տվել, որ կարողանաս ժողովրդի վիճակը դեպի լավը տանես, ճիշտ հասկացա՞:

-Չէ, անիմաստ ա քո հետ,- ասաց ու վեր կացավ տեղից,- բաժակները լից, շռեմ-գամ:

Շռեմ-գամ… Շռի, շռի, ախպերս… Էդպես շռելով էլ երկիրը կառուցեցիք… Տերերդ էլ շռելով մեր պատմությունը գրեցին… Մեր սերնդի բոլոր տերերը… Երեխաների ապագայից արդեն միզահոտ է գալիս… Հայրենիքը, մեծ հաշվով, հասարակական ձրի զուգարան դարձավ, ով ուզեց, երբ ուզեց շռեց ու տեղը փոխանցեց հերթում կանգնած հաջորդին… Հիմա շռելու քո հերթն է… Վաղը քո հաջորդները կգան… Ու հաջորդ եկողն առաջինը քեզ վրա կմիզի, հետո մյուսների… որովհետեւ մի տեղ ես գնում, որտեղից դուրս գալու ելք չկա… որովհետեւ <<մեշոկով փող ես թափում>>, որ <<ընտրյալ>> դառնաս… Ամեն մեկին վճարում եք իր վրա շռելու հինգ հազար դրամն ու առաջ եք գնում…

-Լցրել ե՞ս,- ասաց` վերադառնալով:

-Հա, վերցրու, վերցրու խմենք մեր կենացը:

-Մեր ու մեր ընկերների,- ավելացրեց Անդոն,- Գուգոյի, Սամի, Եվայի, Ֆրեդի ու էն աննորմալի… Հիմա հետս չունի, բայց դու հո գիտես` ինչքան եմ սիրում Սոնային:

-Ինքն էլ քեզ ա շատ սիրում, եթե միեւնույն լինեիր մեզ համար, էդքան չէինք նեղվի բացակայությունիցդ:

-Ամեն ինչ տեղը կընկնի, դարդ չանես,- ասաց ու բաժակի ողջ պարունակությունը գլխին քաշեց:

Անդոն ինձ մոտ մնաց մինչեւ գիշերվա երեքը: Ամբողջ շիշը խմեցինք, իմ ունեցած կես շիշն էլ վրայից:

… Հաջորդ օրն արթնացա ցերեկվա երեքի կողմերը: Մինչեւ երեկո մնացի տանը, հետո որոշեցի իջնել Եվայի փաբ:

Եվայի մոտ, ինչպես միշտ, մտերմիկ ու հարազատական մթնոլորտ էր: Ընդհանրապես, այնտեղ գրեթե միշտ նույն մարդիկ էին լինում, նույն տեսակը:

Ներս մտա, բարեւեցի բարմենին ու նստեցի կանգնակի դիմաց շարված աթոռներից մեկին:

-Աչքերիս չեմ հավատում,- մոտեցավ Եվան,- ընկերս ա էկել:

Գրկախառնվեցինք: Կարոտել էի Եվային, մի քանի շաբաթ չէինք հանդիպել:

-Ո՞նց ես,- հարցրի:

-Որ էկել ես, ընտիր, դու ասա, դու ո՞նց ես:

-Լավ եմ, կարոտել էի քեզ:

-Արի գնանք սեղանի մոտ նստենք, մի քիչ խոսենք:

-Սպասի, խմելու բան վերցնեմ, գամ:

Բարմենից երկու ռոմ խնդրեցի` մեկը կոլայով ու սառույցով` Եվայի համար, մեկը առանց այդ երկուսի` ինձ համար:

-Բարլուս,- ասաց Եվան ու բաժակը մոտեցրեց բաժակիս:

-Բարլուս,- ժպտացի, ու բաժակները զնգացին:

-Լուրջ կարոտել էի քեզ, մի ամիս կլինի` չէիր եկել:

-Չէ, երեւի մի երկու կամ երեք շաբաթ:

-Էդ ա էլի, մի ամիս… Ֆրեդն էկել ա՞:

-Հա, երեկ առավոտյան:

-Մի հատ չի էլ զանգել… Երեկ Սոնայի հետ գնացել էինք Գուգոյին տեսնելու:

-Բա ինչի՞ իմաց չեք արել,- ասացի,- ես էլ կգայի:

-Եսիմ, միանգամից որոշեցինք, երեկ էստեղ էր, որոշեցինք` գնանք-տեսնենք:

-Էլի խմած է՞ր:

-Ո՞վ:

-Որ ասեմ Գուգոն, կհավատա՞ս… Սոնան:

-Որ ասեմ չէ, կհավատա՞ս,- ծիծաղեց ու բարձրացրեց բաժակը:

Ես էլի ռոմ բերեցի բարից, էլի Եվային կոլայով ու սառույցով, ինձ` չոր ու ցամաք: Հետո Եվայի մոտ հյուրեր եկան, ասաց, որ քիչ հետո կվերադառնա ու գնաց կողքի սեղան: Գնացի ու նստեցի կանգնակի աթոռին, բարմենից էլի ռոմ ուզեցի` այս անգամ սառույցով (բայց առանց կոլայի): Կողքիս աթոռին նկատեցի վիսկի խմող մի գեղեցկուհու, հետաքրքիր աչքեր ուներ, հետաքրքիր շարժուձեւ ու հետաքրքիր հագնվելու ոճ:

-Ներեցեք,- ասացի,- ինձ թվում է` Ձեզ մի տեղ տեսել եմ:

-Ես էստեղ հաճախ եմ լինում,- պատասխանեց ժպտալով:

-Իսկ ես` չէ:

-Իզուր, լավ փաբ ա:

-Ուզում էի ասել, որ ուրիշ տեղ եմ հանդիպել Ձեզ:

-Գուցե… Երեւանը փոքր է, մի տեղ հանդիպած կլինենք:

Ես նրան առաջին անգամ էի տեսնում, համենայն դեպս, ոչ մի տեղից չէի հիշում նրան, հենց այնպես հորինեցի, որ խոսակցություն բացեմ:

-Ձեր անունը կասե՞ք,- այդ հարցս տալու ժամանակ բարձր երաժշտություն միացավ:

-Կարմեն,- ասաց բարձր ձայնով ու մի քիչ ինձ մոտենալով, որ լսեմ:

-Մեզ մոտ հազվադեպ հանդիպող անուն է:

-Գիտեմ,- ասաց ու գնաց պարելու:

Հետաքրքիր, քսանհինգին մոտ աղջիկ էր: Ինչ-որ գրավիչ բան կար նրա մեջ, այնպիսին, որ հազվադեպ է հանդիպում, ինքս էլ չգիտեի` ինչ: Մի քանի րոպե պարելուց հետո եկավ, նստեց իր տեղում, խմեց բաժակում մնացած ամբողջ վիսկին ու սկսեց կանգնակին ձեռքով խփել երաժշտության տակտը:

-Կարմեն, կխմե՞ք ինձ հետ:

-Բայց արդեն շատ եմ խմել,- ասաց չարաճճի ժպիտով:

-Հիսուն գրամ ավել, հիսուն գրամ պակաս…

-Էդ էլ կա… խմենք:

Բարմենը լցրեց իմ ռոմն ու Կարմենի վիսկին:

-Կարմեն,- հարցրի,- Դուք գիտե՞ք` ինչ է նշանակում «որբանոցի կենացը»:

-Չլսեցի… ո՞ր կենացը:

-Որբանոցի:

-Որբանոցի՞… չէ, երեւի որբերի կենացը, էլ ի՞նչ պիտի նշանակի:

-Դուք Եվային ճանաչում ե՞ք:

-Հա, էստեղ ենք ծանոթացել:

-Եվան իմ համակուրսեցին է, մենք տասը տարվա ընկերներ ենք, միասին ենք սովորել ինստիտուտում:

-Ինձ թվաց, թե երկուսդ էլ որբանոցից եք:

-Չէ, նույն կուրսից ենք… Չնայած` Ձեր ասածների մեջ ճշմարտություն կա… ներողություն, կարելի՞ է Ձեզ «դու»-ով դիմել:

-Խնդրեմ:

-Իսկ կարելի՞ է, որ Դուք էլ ինձ <<դու>>-ով դիմեք,- արդեն բավականին խմած էի:

-Կարելի է,- ծիծաղեց:

-Շատ լավ… ինչի՞ց էինք խոսում:

-Որբանոցից:

-Հա, ես ու Եվան կուրսեցիներ ենք, էդ արդեն ասել եմ, չէ՞:

-Երկու անգամ:

-Մենք համակուրսեցիներով մի էսպիսի կենաց ունենք` «որբանոցի կենացը»… Մեր բոլոր հավաքույթների ժամանակ, իսկ այդպիսի հավաքույթներ չափից շատ են լինում, մենք խմում ենք էդ կենացը:

-Բայց էդպես էլ չասեցիր` դա ինչ կենաց ա:

-Դա լուրջ կենաց ա, դա մեր պատմության կենացն ա, մեր ապրած կյանքի, մեր մեծ ցավերի ու փոքր ուրախությունների կենացն ա…

-Հասկացա… դե ուրեմն… որբանոցի կենացը:

-Որբանոցի կենացը, Կարմեն…

-Բայց ես Ձեր կուրսից չեմ, ոչի՞նչ, որ էդ կենացը խմեմ:

-Արխային խմի:

-Արդեն Ձեր կուրսից ե՞մ,- ժպտաց:

-Չէ, կուրսից դժվար, բայց դասարանը կա ու կա…

Մենք մի քիչ էլ զրուցեցինք… Հետո ես առաջարկեցի էլի խմել:

-Ես ավելի լավ առաջարկ ունեմ,- ասաց Կարմենը,- արի գնանք ուրիշ տեղ խմենք, բայց սուրճ… սուրճ սիրու՞մ ես:

-Չափից շատ:

Ես փակեցի մեր հաշիվը, հրաժեշտ տվի Եվային, ու երկուսով դուրս եկանք` ես ու Կարմենը: Քայլեցինք մինչեւ մեքենան:

-Դե ասա` ուր քշեմ,- հարցրի:

-Էս ժամին բաց տեղ կա՞:

-Կգտնենք,- ասացի ու գործի գցեցի մեքենան:

-Հետաքրքիր մարդ ես,- ասաց,- մի քիչ էլ տարօրինակ:

-Տարօրինա՞կ:

-Հա, բայց վատով չեմ ասում:

Մոտակայքում մի բաց սրճարան գտա: Սուրճ պատվիրեցինք ու ջուր: Պատմեց իր մասին, իմացա, որ փաստաբան է:

-Բայց ընդհանրապես փաստաբանի տեսք չունես, քեզ ավելի շատ դիզայներ կամ ակումբի DJ կսազեր:

-Հիմա ես էդպես ասում, երբ ինձ դատարանում տեսնես, տպավորություններդ գլխիվայր շուռ կգան: Սեւ ու սպիտակ դասական հագուստով, փողկապով, թղթապանակը ձեռքիս:

Հաճելի էր Կարմենի հետ… Մենք դուրս եկանք, մի քիչ քայլեցինք, փոխանակվեցինք հեռախոսահամարներով, հետո նրան տուն տարա: Հետաքրքիր աղջիկ էր Կարմենը… Բայց ոչ այնքան, որ սիրահարվեի…

 


Նար-Դոս [Կապը կտրած կինը] հեքիաթ այն մասին, որ կարմիր կովն իր կաշին չի փոխում

Շահան Շահնուր | Նահանջ առանց երգի [մեջբերումներ]

Վարդան Պետրոսյան. «Կալանավիրուս»

Կարդա՞նք Հայկ Համբարձումյանի հետ… [Տեսանյութ]

«Ժանտախտը». հատված

հողեղեն արև [պատմվածք]

Սաադիի վերջին գարունը [Ավ․ Իսահակյան]

Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Էրիխ Մարիա Ռեմարկ` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը». Հատված

Դավիթ Սամվելյան՝ «Ռոդենի ձմեռը». Հատված

Պիեռ Դանինոս՝ «Մայոր Թոմսոնի հուշատետրը». Ֆրանսիացիներին բնութագրող հումորային հատված

Շարլոտ Բրոնտե՝ «Ջեյն Էյր». Հատված