Որոշեցի, որ ավելի լավ է ապրել, քան մեռնել... - VNews

Որոշեցի, որ ավելի լավ է ապրել, քան մեռնել…

hrach1 - Որոշեցի, որ ավելի լավ է ապրել, քան մեռնել...

Մի երեկո Սոս Սարգսյանն ու Մհեր Մկրտչյանը Թաթիկ Սարյանի ներկայությամբ երկար խոսում են Հրաչյա Ներսիսյանի մասին` քննարկում, վերլուծում ու հիանում նրա մեծությամբ։

Թաթիկ Սարյանը ուշադիր լսելով, հանկարծ ոչ այնքան հարմար պահի միջամտում է զրույցին. «Հրաչը Կոնստանդնուպոլսից, որ նավ նստեց եկավ, մի բեռնատար նավ էլ հետը բերեց…բախտ էր լցրել մեջը…հետը բերեց…»։

hqdefault - Որոշեցի, որ ավելի լավ է ապրել, քան մեռնել...
Թաթիկ Սարյանն ու Մհեր Մկրտչյանը «Տերն ու ծառան» ֆիլմում

Թաթիկ Սարյանի նման տաղանդավոր և արժանվույնս չգնահատված դերասանի բնորոշմամբ՝ Ներսիսյանը բախտավոր էր, որի տաղանդը, ի տարբերություն իրեն, լիուլի գնահատված ու արժևորված էր։ Սակայն, այս արտաքուստ բախտավոր դերասանն իր մեջ կրում էր հուսահատության հասցրած ծանր պատմություններ, որոնք մինչև այժմ լիովին բացահայտված չեն։ Դրանցից մեկի մասին է Հենրիկ Հովհաննիսյանի հուշը.

«Однажды я решил кончить жизнь самоубийством. Այսպես, կեսկատակ, կեսլուրջ սկսեց իր պատմությունը Հրաչյա Ներսիսյանը, 1957թ. հունվարի 2-ին, Արմեն Գուլակյանի տանը, Նոր տարվա սեղանի մոտ։
-Էդ ե՞րբ էր, Հրաչ,- ծիծաղով հարցրեց Գուլակյանը։
-Էհ, շատ վաղուց։ Ջահել էի։ Պատերազմի ժամանակ, երբ հագիս զինվորի զգեստ էր։

aysor hrachya nersisyani hisha n164537 1 - Որոշեցի, որ ավելի լավ է ապրել, քան մեռնել...
Հրաչյա Ներսիսյանը «Ինչու է աղմկում գետը» ֆիլմում

Որտե՞ղ էր, որ թվին, չասաց։ Նրա պատմածի մեջ կար անապատ, ծով, ոչխարների հոտ և արաբ հովիվ։ Եվ այսպես, նա որոշում է ինքնասպան լինել ու վազում է դեպի ծովը, որը նրան թվում է շատ մոտ, վազում է անապատի ավազների մեջ խրելով ոտքերը և տեսնում, որ ծովն այնքան էլ մոտ չէ, վազում է հոգնած, հուսահատ ու տանջահար, վազում է ու հանկարծ կանգ է առնում, երբ ծովն արդեն մոտ էր։ Նրան կանգնեցնում է հեռվից լսվող մի ձայն.
-Կանգնեցրեց ինձ հանկարծ անապատի ձայնը։ Ոչխարներ էին արածում անապատում, արաբ հովիվը երգում էր։

Երիտասարդը կանգնում է, լսում է երգը` մի թախծոտ ու ձիգ երգ։ Անապատի շոգ լռությունը լցվում է մի տխուր, անհուն երազանքով։ Երիտասարդը լսում է, և ինքնասպանության միտքը երևում է ողորմելի ու անիմաստ վճիռ տիեզերական հավերժության մեջ։

-Որոշեցի, որ ավելի լավ է ապրել, քան մեռնել։ Ես հիմա կերգեմ այդ երգը։
Ինչու՞ էր որոշել ինքնասպան լինել, իսկապես երբ և որտեղ, դա կարևոր չէր նրա համար, չէ՞ր հիշում, թե՞ նշանակություն չէր տալիս փաստի մանրամասներին։ Նա հուզական մեծ նշանակություն էր տալիս իր ներշնչմանը…»։