Ոսկե ծիրան 2018-ի լավագույն 10 ֆիլմերը. Դիանա Մարտիրոսյանն է խորհուրդ տալիս [մաս 2] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ոսկե ծիրան 2018-ի լավագույն 10 ֆիլմերը. Դիանա Մարտիրոսյանն է խորհուրդ տալիս [մաս 2]

Հուլիսի 8-15-ը Երևանում իսկական կինոտոն է. «Ոսկե ծիրան» միջազգային 15-րդ կինոփառատոնն է մեր մայրաքաղաք բերել համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն նմուշներից մի քանիսը:
Ի՞նչ դիտել, ի՞նչպես կողմոնորշվել ֆիլմերի ընտրության հարցում: Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն է փորձում օգնել այս հարցում. նա միջազգային տարբեր կինոփառատոնների շրջանակներում հասցրել է դիտել այս ֆիլմերը և պատմում է մեզ դրանց մասին.

1. Դեմքը / Mug

Ռեժիսոր՝ Մալգոժատա Շումովսկա

Դերերում՝ Մատեուշ Կոսցյուկեվիչ, Ագնեշկա Պոդշյադլիկ, Մալգոժատա Գորոլ, Ռոման Գանցարչիկ

Բեռլինի միջազգային կինոփառատոնից 4 մրցանակի արժանացած Մալգոլժատա Շումովսկան լեհական կինոյի համաշխարհային դեսպաններից է։ Նրա նոր ֆիլմը՝ «Դեմքը» այս տարի նույնպես սիրվել է և ջերմ ընդունվել Բեռլինում (Արծաթագույն արջ՝ Ժյուրիի Գրան-պրի) և ոչ միայն ժյուրիի անդամների կողմից, այլ նաև լսարանի ու կինոքննադատների։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում լեհական Ոչ մի տեղում (հենց այդպես է ներկայացնում տեղայնքը ֆիլմի տողատակի գրությունը): Երիտասարդ Յացեկը հետաքրքրվում է ծանր ռոքով և գյուղական բնատեղի համար աչքի ընկնող, տարբերվող վառ ոճով։ Ոճային իմիջն ու օրվա հացն ապահովելու համար նա բազմաթիվ համագյուղացիների պես աշխատում է Հիսուսի՝ հսկա արձանի կառուցման շինարարական աշխատանքներին մասնակցելով։ Բարձր շինություններ, այդտեղից ցած ընկնելու բարձր ռիսկեր. Յացեկն ընկնում է Աստծո որդու արձանի ընդերքն ու հայտնվում հիվանդանոցում։ Այդտեղ տեղի է ունենում եթե ոչ աստվածային, ապա բժշկական հրաշագործություն. վիրաբույժները կատարում են երկրում առաջին հաջող դեմքի տրանսպլանտացիան և վերակենդանացնում Յացեկին։ Նոր դեմքով։

Շումովսկան ֆիլմի առաջին իսկ տեսարանից ներկայացնում է մարդու կենդանական բաղադրիչը, ագահության տենչը, շահի համար պայքարը (մարդիկ մերկանում եմ, որպեսզի կարողանան օգտվել սուպերմարկետի զեղջերից): Յացեկը նոր դեմքով հայտնվում է Կաֆկայի Գրեգոր Զամզայի դրության մեջ՝ պարզապես մի օր ստանալով նոր կերպարանք, որն իր հերթին սկսում է վանել և վախեցնել բոլորին։ Շումովսկան ներկայացնում է լեհական սոցիումի գրեթե բոլոր արդի և սուր խոցերը՝ անհանդուրժողականությունից մինչև կենցաղային շովինիզմ։ Գաղտնիք չէ, որ այս՝ բոսխյան մեթոդներով կերտած առակում եկեղեցու, Աստծո ու հավատքի թեմաները կենտրոնականներն են:

2. Աննայի պատերազմը / Anna’s War

ռեժիսոր՝ Ալեքսեյ Ֆեդորչենկո

Դերերում՝ Մարտա Կոզլովա

Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Ֆեդորչենկոն եվրոպական կինոակադեմիայի անդամ է, Վենետիկի միջազգային կինոփառատոնի եռակի մրցանակակիր։ Եվ չնայած Լավագույն դեբյուտի համար Կինոտավրի պարգևի առկայությանը՝ գուցե միջազգային կինոշուկայում ավելի ճանաչված և սիրված է, քան հայրենիքում՝ Ռուսաստանում։

«Աննայի պատերազմը» նույնպես սկսել է իր ուղին դրսի մեծ և կարևոր կինոփառատոններից մեկից՝ Ռոտերդամից։ Եվ դա այն դեպքում, երբ Ֆեդորչենկոյի ֆիլմի վրա չի ծախսվել ոչ մի պետական կոպեկ՝ միայն քրաունդֆանդինգ, ֆոնդերի և հետաքրքրված մարդկանց աջակցություն։

1941 թվական, ֆաշիստական Գերմանիայի զավթած խորհրդային տարածք։ Վեց տարեկան հրեա Աննան, կորցնելով ամբողջ ընտանիքը, թաքնվում է կոմենդատուրայի բուխարիում։ Մեկ այլ՝ Վենետիկի մրցանակակիր՝ օպերատոր Ալիշեր Խամիդխոջաևը ներկայացնում է մութ ու ցուրտ իրականությունը գերխոշոր պլաններով, տպավորիչ, առանց զիջողությունների, սակայն և այդ կադրերում կա այնպիսի գեղեցկություն, որ որոշ կինոլրագրողներ գտել են զուգահեռներ Գիլիերմո Դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսի» հետ։ Գուցե մեղավորը բուխարին է, սակայն փոքր Աննայի պատմությունն ավելի իրական է, սարսափելի։ Լի բազմաթիվ երկիմաստ վիզուալ ակնարկներով և խոսուն անունով (ակամայից կարելի է հիշել Աննա Ֆրանկին) Ֆեդորչենկոն չի խոսում պաթետիկ, պրոպագանդիստական կարգախոսներով։ Առհասարակ, հիմնականում լռում է։ Փոխարենը կա աղջիկ և պատերազմ, Գոֆմանի և Անդերսենի հեքիաթները հիշեցնող մռայլ և ճնշող միջավայրում։

1 2

Աննա Մելիքյանի նոր՝ «Фея» ֆիլմը դիտելու 5 պատճառ

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Բրիտանական ֆիլմերի փառատոն 2020

Ո՞րն է 2019-ի լավագույն ֆիլմ ըստ ռուս կինոքննադատների

«Օսկար»-ի ամենաքննարկվող ֆիլմերը…

5 ֆիլմ, որ կջերմացնեն միտքն ու հոգին

Իսկ Դուք նկատե՞լ եք՝ որ կադրն է «Առյուծ արքայում» իրական

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ և այս տարվա ստեղծագործական մարքեթինգի պատասխանատու Դիանա Մարտիրոսյանի հետ

Պեդրո Ալմոդովարին «Ոսկե առյուծ» կշնորհեն

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 2]

Զրուցեցինք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ

2019-ի 8 ռոմանտիկ ֆիլմերը

«Թոմ և Ջերի» և «Սքուբի-Դու» մուլտերի մոտիվներով ֆիլմեր կնկարահանվեն