Խոհանոցային երկուշաբթի - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Խոհանոցային երկուշաբթի

Այսօր երկուշաբթի է, և համաձայն մեր աշխատանքային շաբաթվա սկզբին ձևարված ավանդույթի՝ ձեզ ենք ներկայացնում խոհանոցում արագ ու հավեսով կողմնորաշվելու մի քանի տարբերակ, որոնք չեն առաջացնի ավելորդ քաշ ձեռք բերելու խղճի խայթ, որովհետև համեղ են, և վերջապես աշխարհում մեռնել կա…

Խնձորով- դեղձով քրամբլ

Այս աղանդերը հրաշալիորեն համադրվում է սուրճի հետ, իսկ մեկ գդալ վանիլային պաղպաղակն էլ ավելի կքաղցրացնի ձեր օրը:

Անհրաժեշտ բաղադրիչները բոլորովին քմահաճ չեն, վստահ եմ՝ կգտնվեն բոլոր խոհանոցների դարակներում և սառնարաններում: Ուրեմն, քրամբրի համար ձեզ պետք կգան՝

  • Մեկ բաժակ վարսակ
  • Մեկ բաժակ ալյուր
  • Մեկ բաժակ շաքարավազ
  • Մեկ թեյի գդալ դարչին
  • 200 գրամ կարագ
  • 3 հատ խնձոր և 2 հատ դեղձ

Չոր բաղադրիչները խառնել, մրգերը կտրատել և լցնել գեղեցիկ ջերմակայուն կավե տարայի մեջ, վրան ավելացնել փշրվող խմորը և դնել ջեռոցըը: Եփել 30-40 րոպե 200 աստիճանի տակ: Արդեն 10 րոպեից կզգաք անուշաբույր մրգերի և դարչինի բուրմունքը…

Պոմիդորի չիր

Քանի դեռ չի ավարտվել լոլիկի սեզոնը, առավել ևս հարմար գնով լոլիկ ձեռ բերելու հնարավորությունը, առաջարկում եմ պատրաստել լոլիկի չիր, որը հրաշալի հնարավորություն է աղցաններն էլ ավելի համեղ դարձնելու համար կամ ուղղակի սև հացով ուտելու համար:

Պոմիդորի չիր պատրաստելը շատ հեշտ է,  ուղղակի ժամանակատար է. մինչ դուք քնած կլինեք, այն ջեռոցում կպատրաստվի: Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • Լոլիկ՝ ինչքան կամենաք, ցանկալի է որ գոնե մի 3-4 կգ միանգամից ձեռքի տակ ունենաք:
  • 1 ճաշի գդալ աղ
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • ձեթ
  • ուրց
  • սխտոր
  • դափնու տերև
  • օրեգանո

Պոմիդորները կտրատել, շարել թավայի վրա: Կարող եք երկու թավա օգտագործել միաժամանակ: Պոմիդորի վրա ավելցնել իրար խառնած աղն ու շաքարավազը, վրան ձեթ ավելացնել ու դնել փուռը:

Առաջին մի  ժամը եփել 100 աստիճանի տակ, այնուհետև իջեցնել 60-ի տակ և ջեռոցի դուռը մի փոքր բացել՝ արանքը դնելով պայտե ինչ-որ գդալ: Թողնել որ եփվի: Դուռը կիսաբաց եք անում, որպեսզի ավելորդ խոնավությունն ու գոլորշին շուտ դուրս գան, և պոմիդորները շուտ չորանան: Ինձ մոտ այդ պրոցեսը տևում է մոտ 5-6 ժամ: Երբ արդեն չիրը պատրաստ կլնինի, այն լցրեք գեղեցիկ ապակե տարայի մեջ՝ արանքում ավելացնելով սխտոր, ուրց, օրեգանո և մի փոքր ձեթ:

Ի դեպ, պոմիդորի չիրը կարող եք պահել սառցարանում՝ հետագայում օգտագործելու հնարավարությամբ:

Մրգային բլիթներ

Բլիթները հրաշալի նախաճաշի տարբերակ են, բայց փոքր-ինչ ձանձրալի են: Այդ իսկ պատճառով կարող եք սովորական բլիթները դարձնել ավելի համեղ և բուրումնավետ՝ ավելացնելով մանրացված միրգ:

Ձեզ պետք կգան հետևյալ բաղադրիչները՝

մեկ ձու

մեկ բաժակ ալյուր

մեկ բաժակ կաթ

պղունց աղ և ցանկացած միրգ կամ հատապտուղ

Ալյուրն ու կաթը խառնել, ավելացնել ձուն, աղն ու մանրացված միրգը և եփել թավայի մեջ 2-3 րոպե:

Դեղձով թխվածք

Այս աղանդերը պատրաստվում է շատ հեշտ, եթե սառցարանում մշտապես ունեք շերտավոր խմոր, իսկ սրտում՝ հավես:

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 5 հատ դեղձ
  • մեկ ճաշի գդալ շաքարավազ
  • ցանկության դեպքում կարող եք օգտագործել նաև քունջութ:

Շերտավոր խմորը բացել, վրան լցնել մանրացված դեղձը: Խմորի ծայրերը անփույթ միացրեք, շատ ժամանակ մի ծախսեք դրա վրա, հավատեցեք երբեմն արագաշարժությունն ու անփութությունը խոհանոցում կիրառվում են: Վրան ձեթ կամ կաթ քսել և դնել ջեռոցը 200 աստիճանի տակ, եփել 45 րոպե:

Բալի  տնական կոմպոտ

Տնական կոմպոտը շատ ավելի օգտակար է, իհարկե, քան խանութից հազար տեսակ վտանգավոր հավելումներով հյութերը: Բալի կոմպոտը շատ հեշտ է պատրաստվում, եթե դուք էլ սառցարանում պահում եք ձմեռվա համար բալ: Ես այս կոմպոտը  պատրաստում եմ բալի ճյուղիկներով, որոնք հրաշալի բույր են հաղորդում կոմպոտին:

Անհրաժեշտ են կես կիլոգրամ բալ, 7 ճաշի գդալ շաքարավազ և անանուխ:

Կաթսայի մեջ ջուրը եռացնել, ավելացնել բալն, թողնել եռալ 2-3 րոպե և կրակն անջատել: Ավելեացնել շաքարավազն ու մի քանի ճյուղ անանուխը: Վրան սրբիչ փռել և թողնել սառելով դամվեն բույրերը:

Ահա այսքանը: Պատրաստեք սիրով, որ համեղ ստացվի…

Բարի ախորժակ:

Կարդացեք նաև՝