Խծաբերդ տեղանունը, ծագումն ու ստուգաբանությունը [լեզվաբան-բանագետ Տորք Դալալյանն է պարզաբանում] - VNews

Խծաբերդ տեղանունը, ծագումն ու ստուգաբանությունը [լեզվաբան-բանագետ Տորք Դալալյանն է պարզաբանում]

cvsf - Խծաբերդ տեղանունը, ծագումն ու ստուգաբանությունը [լեզվաբան-բանագետ Տորք Դալալյանն է պարզաբանում]
Առաջին հայացքից թվում է, թե Խծաբերդ անունը ինչ-որ հին, անհասկանալի մի բառով՝ կովկասյան կամ ենթաշերտային (խիծ, խուծ, խոծ…) արմատով կազմված տեղանուն է։
Իրականում բացատրությունը շատ պարզ է, եթե օգտվում ենք հարակից տվյալներից։ Այստեղ լավ երևում է, որ համեմատական լեզվաբանությունն առանց մշակութաբանության և բարբառագիտության նույնն է, ինչ գրողը՝ առանց թուղթ ու գրիչ, առանց համակարգիչ։

Հադրութի բարբառով Խծաբերդը կոչվում է Խիծապէրթ։

Սա Քիրս լեռան հարավ-արևմտյան լանջին հիմնված հնագույն մի գյուղ է, որի պատմական հուշարձանները թվագրվում են սկսած 7-րդ դարից։
Խծաբերդի շրջակայքում գտնվում են բազմաթիվ բերդեր, որոնցից մեկն էլ Օձաբերդն է։ Այս պատճառով գյուղը կոչվել է և Օձաբերդ, կա նաև Խցաբերդ տարբերակը, որն ամենաուշ առաջացածը պետք է լինի։ Ավելի հին են Օձաբերդ-ը և Խծաբերդ-ը, ընդ որում Արցախի բարբառի տվյալները ցույց են տալիս, որ այդ երկու անվանաձևերը միևնույն տեղանվան գրական ու բարբառային տարբերակներն են։
Արցախի բարբառում օձ բառը հնչում է օխծ կամ օ՛խծը։ Հետևաբար տեղական բարբառով Օձաբերդ անունը պետք է արտասանվեր Օխծաբերդ, որն էլ հնչյունափոխվելով, նախաձայնի շեշտազրկմամբ և անկմամբ դարձել է ‘Խծաբերդ ու Խիծաբերդ։
Հետաքրքիր է նաև բարբառային օխծ ձևի առաջացումը, որն Արցախի բարբառի արխաիզմների շարքին է դասվում և ըստ երևույթին նախագրաբարյան հնչյունափոխության հետևանք է։
Օձ բառը հնում հնչել է awʒ (աւձ), այդպես է այն արտասանվել Մեսրոպ Մաշտոցի օրոք, հետագայում «աւ» երկբարբառը դարձել է օ։
Սակայն, մինչ այդ, հայերենի հարավ-արևելյան որոշ բարբառներում awʒ բառի երկրորդ կիսաձայնը «կոշտացել» և դարձել է լ կամ ղ, այսինքն օձ բառը սկսել է հնչել է ałʒ։ Դրա համար է, որ Գողթնում՝ Ագուլիսի բարբառում ունենք աղձ, Ջուղայի բարբառում՝ օղձ, իսկ Արցախի բարբառում՝ օխծ/օ՛խծը տարբերակները, որոնք բոլորն էլ նշանակում են «օձ»։ Փաստորեն, ամենահին տարբերակը պահել էր Գողթնի բարբառը, որտեղ դեռ մնացել էր նախաձայն ա-ն, ի տարբերություն այլուր հնչյունափոխված օ-ի։
Ի դեպ, նմանատիպ մի հնչյունափոխություն էլ առկա է 7 (յոթը) բառի բարբառային օխտը ձևում, որը գալիս է գրաբարյան եաւթ(ն) հնագույն ձևի *(y)ałt’ տարբերակից։