fbpx

3 սոնետ Շեքսպիրից

Սոնետ 18

Կարիք կա՞ արդյոք քեզ համեմատել ամռան օրվա հետ,
Օ՜ , դու ավելի չնաշխարհիկ ես, շա՜տ ավելի մեղմ:
Հողմերը վայրագ կոտրում են գարնան վարդը բուրավետ,
Եվ վաղանցի՜կ է չքնաղ ամառվա ժամանակը սեղմ:
Հաճախ է լինում, որ աչքը երկնի շողում է պայծառ,
Եվ հաճախ այնպես մթնում է նրա դեմքը հուրհրան,
Գեղեցկությունը հաճախ է կորցնում էությունն իր վառ,
Երբ բնությունը դյուրափոխությամբ փոխում է նրան:
Հավիտենական միայն կլինի քո ամառը պերճ,
Բնավ չի կորչի հմայքը անանց քո գեղեցկության,
Մահը չի ասի, թե քայլում ես իր ստվերում անվերջ,
Երբ պիտի ապրես իմ քերթվածներում հար ու հավիտյան:
Մինչ մարդիկ շնչում և աչքերը մինչ տեսնում են սրանք,
Դու չես մահանա, և իմ տողերը քեզ միշտ կտան կյանք:

Սոնետ 9

Արդյո՞ք երկյուղից, որ աչքերն այրու կթրջվեն համակ,
Անխոհեմաբար դու հանձնել ես քեզ մենակյաց կյանքին,
Սակայն իմացիր, եթե մահանաս մի օր անզավակ,
Աշխարհը լքված ողբալու է քեզ հանց անայր մի կին:
Աշխարհը ինքը կդառնա այրի ու կհեծեծա,
Որ չթողեցիր քեզանից հետո քո պատկերն անգին,
Մինչ դժբախտացած այրին ամուսնու դեմքը նորընծա
Տեսնելու է դեռ իր զավակների աչքերում կրկին:
Տես, որ շռայլողն, որ այս աշխարհում վատնում է անվերջ,
Սոսկ տեղն է փոխում, հաճոյանալով աշխարհին համայն,
Սակայն աշխարհում պերճությունն, ավա՜ղ, չի մնում միշտ պերճ,
Եվ, անգործ դարձած,գործածողն իսկույն կործանում է այն:
Ոչ մի զգացմունք ուրիշի հանդեպ չկա այդ կրծքում,
Երբ ի՛ր նկատմամբ նա այս հանցավոր ոճիրն է գործում:

Սոնետ 13

Երանի թե դու քոնը լինեիր, բայց ո՜չ, սիրելիս,
Ապրում ես թեև, սակայն դու արդեն ինքդ քոնը չես:
Պատրաստ պիտ լինես կյանքիդ վախճանը դիմավորելիս
Եվ քո գեղեցիկ պատկերը պիտի ուրիշին հանձնես:
Գեղեցկությունը, որ դարձրել է քեզ իրեն վարձկալ,
Թող որ չունենա ոչ մի հաշվարկում քո կենաց օրոք.
Կգտնես դու քեզ և կսովորես քո պարտքին անսալ
Քո տոհմն հանձնելով ուրիշին և ոչ մահին անողոք:
Ո՞վ է հանդուրժում, որ այդպես փլվի տունը հոյաշեն,
Այն տունը, որին ընտանիքը պիտ դառնա հովանի
Ձմռան ալեկոծ փոթորիկների և հողմերի դեմ,
Եվ մահվան ահեղ ցրտի ցասումից նրան պաշտպանի.
Ասա, ո՞վ է իր պերճանքը վատնում, և հիշիր, անգին,
Հայր ես ունեցել, և թող որ նույնը ասի քո որդին:

Թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյան

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

QUIZ. Գուշակի՛ր գիրքը կարճ նկարագրությունից

Հունական դիցաբանություն. Աքիլլես

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից

Հատված Կոկո Շանելի ինքնակենսագրականից

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Պաուլու Կոելյու՝ «Մատիտի մասին»

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Եթե հայտնի գրքերն անկեղծ վերնագրեր ունենային

Դավիթ Սամվելյան՝ «Ռոդենի ձմեռը». Հատված

Հովհաննես Շիրազ. 5 բանաստեղծություն

Հավերժ քոնը [հատված վեպից]

Դավիթ Սամվելյան՝ «Արտագաղթած կարոտ». Հատված