fbpx

Ընթերցման օլիմպիադա. ընթերցանության ջատագով

Արդեն 6 տարի է՝ Անտարես հրատարակչության նախաձեռնությամբ, Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների, Dasaran.am կայքի աջակցությամբ հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանցիների միջև կազմակերպվում է «Ընթերցման օլիմպիադան»: Հայաստանի 10 մարզերը և Երևանը առանձին մարզային փուլից ընտրում են 3-ական մասնակից, որոնք էլ հանրապետական փուլում մրցում են լավագույն ընթերցող տիտղոսի համար:

Երեկ՝ մայիսի 30 Երևանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Ընթերցման օլիմպիադայի» եզրափակիչը՝ հանրապետական փուլը: Ամեն մարզից 3 աշակերտ և Երևանից 3 աշակերտ. ընդհանուր թվով 33 երեխա էին մասնակցում այս փուլին: Աշակերտները կարդում էին նախ իրենց ընտրած գրքից որևէ հատված, ապա ժյուրիի կողմից պատահական սկզբունքով ընտրված որևէ գրքից որևէ հատված: Գրեթե հավասար և շատ թեժ պայքար էր աշակերտների մեջ. ի վերջո ժյուրին կարողացավ 33-ից ընտրել լավագույն 3-ին՝ Դիանա Միքայելյան (1-ին տեղ), Նառա Ավետիսյան (2-րդ տեղ), Ալիսա Սահակյան (3-րդ տեղ):

Արդեն 6 տարի է՝ «Ընթերցման օլիմպիադան» կարողանում է այսպիսի տոն կազմակերպել, ոգեշնչել ու մոտիվացնել երեխաներին գիրք կարդալ, գիրք սիրել: «Շուտով կգա այն օրը, երբ գիրք կարդացողը ավելի բարձր դիրք կունենա, քան հեռուստացույց դիտողը: Գիրք կարդացողն ամենակարող է. դա բացարձակ ճշմարտություն է, մնացածն անցողիկ երևույթներ են», – իր խոսքում ասաց Անտարեսի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Նվերների և պատվոգրերի հանձնման պաշտոնական արարողությանը ներկա էին Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և «Ընթերցման օլիմպիադայի» բոլոր աջակից-հովանավորները: «Ինչ ափսոս, որ մենք առաջ կարդում էինք, բայց մեզ ոչ ոք այսքան նվերներ չէր տալիս», – կատակեց Արամ Սուքիասյանը: «Ընթերցման օլիմպիադան» գերմանական նախագծի հայկական տարբերակն է, և հաշվի առնելով մասնակիցների տարեցտարի աճն ու ոգևորությունը, կարելի է հաստատ ասել՝ մենք գերմանական նախագիծը այնքան մերը դարձրեցինք, որ այն արդեն համահայկական նշանակություն ու հնչեղություն ունի», – նշեց Ներսես Տեր-Վարդանյանը:
Անտարես հրատարակչության գլխավոր խմբագիր և օլիմպիադայի կազմակերպիչ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, թե որքան կարևոր է գործընկեր-հովանավորների դերը նման նախագծեր իրականացնելիս: Աջակից-հովանավորների թվում էր նաև VivaroNews-ը, որ բոլոր մասնակիցներին նվերներ էր պատրաստել՝ գիրք գնելու նվեր-քարտեր (3000 և 20,000 դրամանոց), առանձին նվերներ՝ նաև առաջին տեղերը զբաղեցրած աշակերտներին: 4-րդ տեղը զբաղեցրած մասնակցին`Արթուր Բակունցին, ով ընդամենը 1 բալով ետ մնաց 3-րդից, մեր լոգոտիպով ժամացույց նվիրեցինք, 2-րդ և 1-ին տեղերին՝ պլանշետներ: «Վիվառոն միշտ աջակցում է այն նախագծերին, որոնք նպաստում են ավելի խելացի ու լավ Հայաստան ունենալուն: «Ընթերցման օլիմպիադան» այս առումով հսկայական գործ է անում», – ընկերության նվերները հանձնելիս նշեց VivaroNews Culture-ի խմբագիր, օլիմպիադայի ժյուրիի անդամ Շուշան Կարապետյանը:

Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյան

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյան

Արմեն Մարտիրոսյան

Շյուրիի անդամներ

Ժյուրիի անդամներ

Արքմենիկ Նիկողոսյան

  • 35