ԶԱՊԵԼ․ Կիլիկիայի հայոց թագուհին - VNews

ԶԱՊԵԼ․ Կիլիկիայի հայոց թագուհին

թագուհի - ԶԱՊԵԼ․ Կիլիկիայի հայոց թագուհին

 

Զապել թագուհին Կիլիկիայի հայկական թագավորության հզորագույն գահակալի` Լևոն Բ Մեծագործի դուստրն էր:

Լևոն Բ ճկուն դիվանագիտությամբ ու հզոր մարտավարությամբ հասավ նրան, որ Կիլիկիայի հայոց իշխանապետությունը օտարների կողմից ճանաչվեց որպես թագավորություն, և 1198 թ. հունվարի 6-ին Տարսոնում օծվեց հայոց թագավոր:  Եվ քանի որ հայոց արքան արու զավակ չուներ, գահը պիտի ժառանգեին նրա դուստրերը` Զապելը կամ Ալիսը:

Կիլիկիայի թագավորության միջազգային դիրքերն ամրապնդելու նպատակով Լևոն Բ-ն դիմեց ժամանակին տարածված միջդինաստիական ամուսնություններին: 1217 թ. Հունգարիայի Անդրեաս թագավորի ղեկավարությամբ սկսվում է Խաչակրաց հինգերորդ արշավանքը: Լևոն Բ-ն աջակցում է խաչակիրներին և իր դաշինքը հաստատուն դարձնելու համար իր երկամյա դստերը` Զապելին, ամուսնացնում է հունգարական արքայորդու և թագաժառանգի` ութնամյա Անդրեասի հետ: Սակայն Զապելին վիճակված չէր Հունգարիայի թագուհի դառնալ: Լևոնի և Հունգարիայի արքայի միջև պայմանագիրը մնում է թղթի վրա:

Լևոնն իր առջև նպատակ էր դրել ոչ միայն ամրապնդել Կիլիկիայի թագավորության դիրքերը․․․

․․․այլև ուզում էր իր տերությանը կցել հարևան Անտիոքի դքսությունը: Այդ նպատակով նա Անտիոքի դքսության գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին նշանեց իր մանկահասակ դստեր` Զապելի հետ և Ռուբեն-Ռայմոնդին հռչակեց հայոց գահի ժառանգորդ: Սակայն Ռուբեն-Ռայմոնդը թուլակամ և վախկոտ մարդ էր, և իր կյանքի մայրամուտին հայոց արքան լուծարեց նրա պսակը Զապելի հետ, Ռուբեն-Ռայմոնդին զրկեց ժառանգության իրավունքից, բանտարկեց և հայոց գահի ժառանգորդ նշանակեց Զապելին:

1219 թ. մայիսի 2-ին մահանում է Կիլիկիո ահեղ տիրակալը, և նույն օրն իսկ մանկահասակ Զապելը հռչակվում է հայոց թագուհի:

Զապելը․․․

․․․ծնվել է 1215 թ. Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում, և փաստորեն, արդեն չորս տարեկանում հասցրել էր երկու անգամ ամուսնանալ և ամուսնալուծվել:

Լևոն Բ-ի մահից առաջ Զապել թագուհու հովանավոր և խնամակալ էր նշանակել Կիլիկիայի հայկական թագավորության ամենաազդեցիկ իշխանին` պայլ Կոստանդին Հեթումյանին: Սակայն գահակալման հարցը Կիլիկիայում բաց է մնում, և հայոց իշխանները Կոստանդին պայլի գլխավորությամբ 1222 թ. Զապելին ամուսնացնում են Անտիոքի դուքս Բոհեմուդի 17-ամյա որդու` Ֆիլիպի հետ, որը մորական կողմից հայ էր և Ռուբինյան: Ֆիլիպը հռչակվում է հայոց թագավոր: Սրանով Կոստանդին պայլը շարունակում է Լևոն Բ Մեծագործի քաղաքականությունը, այն է` Կիլիկիայի հայոց թագավորությանը կցել Անտիոքի դքսությունը:

Թվում է․․․

․․․ամեն ինչ ընթանում է բնական հունով, սակայն Ֆիլիպը այդպես էլ չկարողացավ մերվել հայ ազնվականության հետ: Նա իր հետ հայոց արքունիք բերեց օտար, լատինական սովորություններ: Նա չէր հարմարվում հայկական բարքերին, քամահրանքով էր վերաբերվում հայոց ազնվականությանը, իշխաններին: Անգամ  փորձեց արգելել հայերենը հայոց արքունիքում: Մի խոսքով, Կոստանդին պայլը և հայոց իշխանները սխալվեցին իրենց հաշվարկներում: 1224 թ. Ֆիլիպ թագավորը գահընկեց արվեց հայոց ավագանու կողմից, բանտարկվեց և քիչ անց սպանվեց բանտում: Գահակալության հարցը Կիլիկիայի հայոց թագավորության մեջ դարձյալ բաց մնաց:

Երկու տարի անց Կոստանդին պայլը, հայոց իշխանների համաձայնությամբ, Զապել թագուհուն ամուսնացնում է իր մանկահասակ որդու (Զապելի հասակակիցն է)` Հեթումի հետ, և 1226 թ. հունիսի 14-ին Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում հայոց Կոստանդին կաթողիկոսը կատարում է Հեթումի և Զապելի պսակի և Հեթումի գահակալման արարողությունը: Ժամանակակիցների հավաստմամբ` Հեթումի և Զապելի հարսանիքն աչքի է ընկել ճոխությամբ, առատությամբ: Գահ բարձրանալով` Հեթում Ա (1226-1270) հիմք դրեց նոր` Հեթումյան արքայատանը:

Փաստորեն․․․ միայն չորրորդ անգամ Զապելի ամուսնությունը հաջող եղավ:

Հեթում Ա-ի երկարատև գահակալությունը վայրիվերումներով լի էր Կիլիկիայի հայկական թագավորության համար: Հեթումն ավելի ամրապնդեց հայոց պետության դիրքերը, թագավորական կենտրոնաձիգ իշխանությունը: Սակայն շուտով  վրա հասավ պատուհասը` մոնղոլական արշավանքները: Միայն հմուտ և ճկուն դիվանագիտության շնորհիվ Հեթում Ա կարողացավ Կիլիկիան զերծ պահել մոնղոլական արշավանքներից:

Այս ամբողջ ժամանակահատվածում Հեթում Ա հավատարիմ զինակիցն ու կողակիցը` Զապել թագուհին, զբաղված էր երկրի ներքին բարեկարգման խնդիրներով և բարեգործություններով: Այն, որ հայոց թագուհին նաև հասարակական ակտիվ կյանքով էր ապրում, վկայում է հայ իրականության մեջ այն եզակի հանգամանքը, որ Հեթում Ա-ի  դրամներում պատկերված էր նաև հայոց թագուհին:

1237 թ. Զապել թագուհին վերանորոգեց Անդուլ մենաստանը և այն արքայական ընտանիքի համար ամառանոց  դարձրեց:

Զապելը, պատմիչների հավաստմամբ, առաքինաջան և ողջախոհ թագուհի էր: Նա 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց: Սա աշխարհում առաջին նման հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անվճար էին: Հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին: Այս հիվանդանոցը գործեց մինչև Կիլիկիայի հայկական թագավորության անկումը` 1375 թ.:

Զապել թագուհին աչքի էր ընկնում ոչ միայն հասարակական ակտիվ աշխատանքներով: Նա նաև բազմազավակ մայր էր: Ամուսնուն` Հեթում արքային, Զապելը պարգևել է ութ զավակ` երեք որդի և հինգ դուստր: Որդիներից կրտսերն էլ հաջորդեց հորը հայոց գահին` Լևոն Գ (1270-1289):

Զապել թագուհին մահացավ վաղ տարիքում` 1252 թ. հունվարի 22-ին, մայրաքաղաք Սիսում:

Նրա մահը սգում էր ողջ հայոց աշխարհը: Թաղման թափորը Կոստանդին կաթողիկոսի առաջնորդությամբ Սսի արքայական պալատից շարժվեց դեպի  Դրազարկի վանք, ուր ամփոփվեց թագուհու աճյունը:

Սերունդների հիշողության մեջ Զապել թագուհին մնաց որպես ողջախոհ, իմաստուն, իր երկրին և ամուսնուն նվիրված անձնավորություն: Նա հայ կնոջ և ողջախոհության խորհրդանիշ էր:

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան շրջանների առաջնորդարանը Զապել թագուհու անվան մեդալ  է սահմանել, որը տրվում է համայնքի կյանքում գործունեությամբ ու բարեգործությամբ աչքի ընկած հայ կանանց:

 

 

աղբյուրներ՝ https://zoykarapetyan.wordpress.com/, www.dasaran.am,  www.armin.am