Գեղեցկության, «Bodypositive»-ի ու կարծրատիպերի մասին. Զառա Ղազարյան - VNews

Գեղեցկության, «Bodypositive»-ի ու կարծրատիպերի մասին. Զառա Ղազարյան

Գեղեցկության, «Bodypositive»-ի, խտրականությունների ու կարծրատիպերի մասին հետաքրքիր զրուց ենք ունեցել լրագրող Զառա Ղազարյանի հետ։

«Bodypositive»֊ի մասին

«Bodypositive»-ը ալարկոտության, թևատակերը մազահեռացում անել֊չանել տվայտանքների կամ անառողջ կենսակերպի մասին չէ և անգամ մոտ էլ չէ այդ գաղափարախոսությանը։  «Bodypositive»-ը ադեկվատ վերաբերմունքն է մարմնին ու երախտագիտությունը բնության հանդեպ, երախտագիտություն, որ դու ունես այն, ինչ ունես։ Այս շարժման հաղորդագրությունն է՝ լիարժեք ապրելու իրավունք ունեն բոլոր տեսակի, չափերի ու արտաքինի մարդիկ։

Նախ ընդունիր ու սիրիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Սա կարևոր է հանգիստ նյարդային համակարգի համար։ Միայն սիրելով քեզ՝ գնա ինքնակատարելագործման ճանապարհով։ Ուղղակի մտովի կրկնիր՝ ես թույլ չեմ տա արտաքին որևէ «խնդիր» իմ կյանքի որակի վրա ազդեցություն ունենա։ Հասարակական կարծիքը քեզ, ոչ ուղիղ, բայց ասում է

«Ունես մաշկի խնդիր ինչո՞ւ ես շարունակում նորմալ ապրել, ժպտալ, լուսանկարվել, մարդամեջ դուրս գալ առանց ֆիլտրի ու դիմահարդարման։ Դու պետք է ընկնես ընկճախտի մեջ, ատես քեզ, տառապես ու քեզ գեղեցիկ չզգաս։ Ունես ավելորդ քաշ, ուրեմն պետք է նիհարես, որովհետև եթե դու գեր ես, ուրեմն սեքսուալ չես, գեղեցիկ չես։ Քանի նիհարում ես, մի՛ ապրիր, մի՛ վայելի կյանքը, մի՛ լուսանկարվիր սոցցանցերի համար»։

Bodypositive-ն առաջարկում է ուղղակի ազատվել այս ամենից և ապրել ներդաշնակ։ Երբ մենք մեզ սիրում ենք, խնամքով ու հոգատարությամբ ենք վերաբերվում մեր մարմնին։ Եթե չենք սիրում այս կամ այն պատճառով, մենք պատճառը դարձնում ենք բարդույթ, ընկնում ենք ընկճախտի մեջ ու տառապում։ Գեղեցիկի չափանիշների հետևից վազելու արդյունքում ինձ միայն մի բան է մնում՝ չապրած ժամանակ։

Պայմանականորեն վերցնենք նիհարելը․ «նիհարեմ, հետո երջանիկ կլինեմ»֊ը փոխում ենք «երջանիկ լինեմ, հետո նիհարեմ»֊ով։

Եթե, ամեն դեպքում, որոշել ենք գնալ փոփոխության, ապա այդ ճանապարհն անցնենք ապրելով ու վայելելով։

Գեղեցիկի և ինքնագնահատականի մասին։

Գեղեցիկը չի կարող լինել մաթեմատիկական ինչ֊որ հաշվարկների սահմանում։ Գեղեցիկ լինելը հոգեվիճակ է, բնավորություն, տեսակ։ Դու գեղեցիկ ես քո տարբեր լինելով, քո ներդաշնակությամբ ու ինքնաբավ կենսակերպով։ Որքան մարդ, այնքան գեղեցիկի ընկալում։ Դու մարդ ես, դու կավ չես, որ սեղմվես ու քեզ «ճխլես» կաղապարների մեջ։ Պետք է ուղղակի դադարենք հավատալ գեղեցիկի պատրանքին։ Ինքնագնահատականն ուղղակիորեն կապված է մեր էմոցիոնալ դաշտի հետ։ Մեր կյանքում ամեն ինչ հրաշալի կլինի, երբ գեղեցիկ լինենք առաջին հերթին մեզ համար։ Դուք երբեք չեք կարող գեղեցիկ լինել բոլորի համար։

Ես միջին վիճակագրական աղջիկ եմ իմ ստրիաներով, իմ ավելորդ քաշով, իմ ցելյուլիտներով ու իմ մաշկային խնդիրներով։

Գովազդային պաստառներն ու հոլովակներն ինձ ամեն օր փորձում են համոզել՝ ես մեղավոր եմ, որ այդպիսին եմ, որովհետև, տե՛ս, պետք է լինես այսպիսին․ դա է ճիշտը։ Գրողը տանի, ձեր «պետքերը» ձեզ պահեք ու թողեք հանգիստ ապրեմ։ 

Հետևելով ոչ վաղ անցյալի համաշխարհային նորաձևությանը, ներքնազգեստների արտադրությանը՝ տպավորություն է ստեղծվում, թե այս աշխարհում իրավունք ունեին ապրել, սեքսուալ լինել միայն իդեալական, գեղեցիկ ու նիհար աղջիկները։ Բա մե՞նք։ Նկատելի է, որ մինչև վերջին տարիները  «plus size»֊ի համար սեքսուալ ներքնազգեստի առաջարկ, խոշոր հաշվով, չի եղել՝ «Victoria Secret»֊ի գլխավորությամբ։ Դա իհարկե արտադրողի իրավունքն է, բայց ամեն ինչ այնքան գրոտեսկի էր հասել, որ անգամ «New York Post»֊ը անդրադարձավ, երբ այդ ապրանքանիշը  XL չափսի սեքսուալ ներքնազգեստ ներկայացրեց։ Այսինքն, եթե դու նիհար չես, դու իրավունք չունե՞ս սեքսուալ ներքնազգեստ հագնել։ Սեքսուալ ներքնազգեստ կրելը յուրաքանչյուրիս իրավունքն է, ինչը գեղեցկության ստանդարտներն ուղղակի խլում էին։ Այսպես են ստեղծվում կարծրատիպեր, որոնք, բարեբախտաբար, կոտրեց Էշլի Գրեմը։ Ըստ էության նա առաջին պլյուս չափի մոդելն է, որի հետ «բարձր նորաձևությունը» հաշվի նստեց։ Նա «bodypositive»֊ի գաղափարախոսության լավագույն օրինակն է։

Փոփոխությունների մասին 

Կինն իր մարմնի հետ իրավասու է անել այն, ինչ ուզում է։ Հարցն այն է, թե դա ինչու է անում։ Անում է իր համար, կողքի տղամարդու համար, թե սոցցանցային չափանիշերի մեջ տեղավորվելու։ Չմոռանանք, որ գեղեցիկի ստանդարտներն այնքա՜ն ճկուն ու փոփոխական են։ Եթե 90-ականներին ասեին, որ ամսագրերի շապիկները զարդարելու է մեծ հետույքով մի աղջիկ, ոչ միայն չէին հավատա, այլև կծիծաղեին։ Անորեքսիկ նիհարությանը հիմա փոխարինել են փարթամ կրծքերն ու լայն կոնքերը։ Գուցե մի քանի տարի հետո նորաձև լինեն արծվաքիթն ու փոքր շուրթերը։ Արժի՞ այս համատեքստում հետևել միտումներին։

Մենք ի ծնե օժտված ենք մի շատ մեծ պարգևով՝ մենք տարբեր ենք. մեկս մյուսից՝ տարբեր։

Մենք ունենք տեսակ, որն անգամ գեղեցիկի սահմաններից ու սահմանումներից դուրս է։ Ջնջե՞նք մեր տեսակը հանուն ինչ֊որ մեկի երևակայած «գեղեցիկի», թե՞ պահենք այն։ Bodypositive֊ն ասում է՝ որոշողը դու ես։

Ես շատ եմ մեր տան հայելու հետ կռվել։ Ուզում էի իրեն տանից դուրս հանել։ Ինքն ասում էր, որ ես սիրում չեմ։ Մի օր, երբ իրար հետ մենակ էինք, ասաց «Կլինի՞ մի անգամ առանց կռվի ինձ լսես։ Դու սիրուն ես, այ աղջի։ Ի՞նչ ես ինձանից ուզում»։Առաջին անգամ հանգիստ ու սթափ նայեցի, մտածեցի, որ «բրեժնևյան» իմ հոնքերից ոչ ոք չունի, ու ես իրենց չեմ հանելու, չեմ  գծելու, չեմ բարակեցնելու։ Հոնքերիցս ամեն ինչ սկսվեց։ Սիրեցի, որ կա մի բան որ մենակ ես ունեմ կամ  քչերը (համենայն դեպս աղջիկների շրջանում)։ Ինձ դուր եկավ այդ միտքը։ Սկսեցի դողալ բնականության վրա։ Ներկայիս ժամանկաշրջանն այնքան հեշտ է մեզանից խլում բնականությունը։

Բոլոր աղջիկները ունեն ցելյուլիտ, որովհետև ցելյուլիտն աղջիկներիս գենդերային յուրահատկությունն է։ Ուղղակի կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունները տարիների ընթացքում մեզ համոզեցին, որ դա, ինչպես նաև ստրիաները, սարսափելի վատ բան են։ Գնեցիր, օգտագործեցիր ու ոչ մի արդյունք։

Մարդն ինձ վաճառեց իմ իսկ բարդույթը և վերջ։

Գեղեցիկի պատրանքի մասին։

Գեղեցիկը պատրանք է, որը ծնվում է մարդու երևակայությունից։ Օրինակ սոցցանցերը ստեղծում են իդեալական գեղեցիկի պատրանք։ Բոլորը գեղեցիկ են, դու՝ չէ։ Բոլորը իդեալական են, դու՝ չէ։ Բոլորը ձիգ ու նիհար են, դու՝ չէ։ Գնում, նայում ես հայելու մեջ, խփում ես հայելուն, լացում ես, մտածում ես՝ ինչու եմ ես այսպիսին, իսկ մյուսներն այդքան իդեալական։ Դու մի պահ մոռանում ես, որ դու իսկական ես, իսկ իրենք, ամենայն հավանականությամբ, ոչ։ Ես լուսանկար ներբեռնեցի, որտեղ երևում էր մաշկային անհարթությունս, կարմրությունս։ Սա արեցի ուղղակի, որ աղջիկներն իրենց նյուզֆիդում տեսնեն մեկին, ով իրենց նման է ով իդեալական լինելուց շատ հեռու է։ Ժամանակին ես էլ եմ գեղեցկության պատրանք ստեղծել։ Beauty հավելվածներով մաշկս հարթեցնում էի։ Հետո զգացի, որ իմ offline «ես»֊ը ընկճվում է, երբ online֊ը հաճոյախոսություն է ստանում։

Ներեցեք, որ ես գոհ եմ իմ ոչ իդեալական տեսակից։

«Bodypositive»֊ը կարծրատիպերից ազատվելու, ոչ թե կարծրատիպեր ստեղծելու շարժում է։ Գեր մարդիկ, մազակալման ու մաշկային խնդիրներ ունեցող մարդիկ չի նշանակում, որ անպայման ալարկոտ են։ Իսկ նրանք, որոնք նիհար են, անպայման հետևում են առողջ ապրելակերպի։ Սրանք կարծրատիպեր են։ Այս ամենի տակ հնարավոր է՝ լուրջ խնդիր է թաքնված, ու հասարակական ճնշումը այդ ամենին իր ստանդարտներով գումարում է էլի մեկը՝ նյադային լարվածությունը։

Խորհուրդ՝

Երբ դու տարբեր ես ու այդ ոգով հրապարակումներ ես անում, ապա արձագանքներից ու մեկնաբանություններից պետք չէ անհանգստանալ։ Այս առումով բժիշկհոգեթերապեվտ, գիտությունների թեկնածու Միխայիլ Լիտվակը առաջարկում է կիրառել «հոգեբանական այկիդո» ասվածը։ Սա ինձ համար իսկական բացահայտում էր։ Պատկերացնենք այդ մարտաձևն ու պատասխանենք մեզ «նեղացնող» արտահայտություններին։ Եթե մեզ գրում են «ճարպոտի մեկը», արձագանքենք, «Այո ես ճարպոտ եմ, ավելին՝ նաև շատ ցելյուլիտ էլ ունեմ․․․»։ Այսինքն դու օգտագործում ես «հակառակորդի» ուժը նրա դեմ ու ծիծաղով արձագանքում։


Զրուցել ենք Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանի հետ

5 ոճային լուք աշնան համար

10 բյութի լայֆհաք` իմ լոգարանից ձեր լոգարան

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Անահիտ Կիրակոսյանը

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Դիալոգ. Անի Խաչիկյանի հետ

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին]

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Իննա Խոջամիրյանը