Զրուցեցինք Ամիրյան Միշի հետ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Զրուցեցինք Ամիրյան Միշի հետ

Մենք հյուրընկալել էինք ջազ երաժիշտ  Ամիրյան Միշին:

Ո՞վ է Ամիրյան Միշը:

Հմ (մտածում է),  Միշը մասնագիտությամբ իրավաբան է, սակայն հոգով և սրտով միշտ եղել է ու կլինի երաժիշտ: Ես ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը, սակայն դեռ մանկուց իմ միակ սերն ու նպատակը երաժշտությունն է եղել. ես գիտեի, որ վաղ թե ուշ ինձ երաժշտությանն եմ նվիրելու:
Մի քանի բառով եթե ասեմ՝ ես հասարակ, երաժշտությունը սիրող, ազատությունը կարևորող մարդ եմ (ժպտում է):

Միշ, այսինքն՝ համալսարանական տարիներին արդեն սկսեցիր զբաղվել երաժշտությամբ:

Ոչ, ոչ, ավելին ասեմ՝ ես այդ տարիներին անգամ փորձում էի համակերպվել այն մտքի հետ, որ շատ շուտով փողկապով առավոտյան աշխատանքի եմ գնալու, մինչև երեկո աշխատելու և երեկոյան բոլորի պես տուն եմ գալու, և այս ամենը դեժավյուի պես ամեն օր կրկնվելու է (ծիծաղում է): Ինքս ինձ ստիպելով՝ նույնիսկ մի քանի տեղ աշխատեցի և հասկացա, որ բացարձակ կապ չունեմ իրավագիտության հետ, այդ ամենն ինձ խորթ էր:

Մեկ է, պահանջարկ կա, թե չկա, ես ստեղծագործում եմ առաջին հերթին ինքս ինձ համար:

Ճիշտ հասկացա՞, Միշ, որ եթե երաժիշտ չլինեիր, ոչ մի այլ ուղղությամբ չէիր գնա:

Դպրոցական տարիներին տարված էի նկարչությամբ և շատ մեծ սիրոով նկարում էի, սակայն չգիտեմ, թե ինչով էր դա պայմանավորված, բայց  նկարելու ցանկությունս միանգամից հօդս ցնդեց: Եթե երաժիշտ չլինեի, գուցե նկարիչ լինեի, չեմ կարող ասել, բայց ինչ էլ որ անեի, արվեստի հետ պետք է առնչվեի:

Միշ, ինչո՞ւ հենց ջազ, այլ ոչ, օրինակ, ռեփ կամ ռոք:

Գիտես, սխալ է ասել, որ ես միայն ջազով եմ զբաղվում. ճիշտ է, ընտրել եմ ջազը, բայց ինձ հոգեհարազատ շատ երաժշտական ուղղություններ կան: Աշխատանքներս մի փոքր neo soul-ի մեջ են, բայց կենդանի կատարումները հիշեցնում են Fusion,  jazz rock:

Իսկ երգերը ո՞նց են ստեղծվում, Միշ:

Հիմնականում իմ բոլոր երգերը ստեղծվել են Նալբանդյան եղբայրների հետ համագործակցության արդյունքում. նրանք իմ եղբայրներն են (ժպտում է): Մի քանի գործ ստեղծվել է Արթուր Զաքիյանի հետ համագործակցության արդյունքում, և այս պահին Կարեն Մամիկոնյանի, Մարատ Հակոբյանի, Նարեկ Խեչումյանի,Գագիկ Խոդավիրդի, Էդգար Ավետիսյանի հետ մի նոր գործի վրա ենք աշխատում, այն շուտով պատրաստ կլինի: Ասեմ, որ մենք, նկատի ունեմ ես և տղաները, միասին ենք ելույթ ունենում, և միայն մեր հեղինակային գործերով:
Չմոռանամ նշել, որ քույրս՝ Աննա Ամիրյանն է մեր կատարումների բառերը գրում:

Լռության մեջ էլ երաժշտություն կա:

Միշ, Հայաստանում ջազ կա՞:

Իհարկե կա, սակայն դա այն ջազը  չէ, ինչ մարդիկ կարծում են: Իրականում այս ուղղությունը շատ թույլ է զարգացած մեր երկրում:
Խնդիրը նրանում է, որ մեր երկիրը շատ փոքր է և մարդիկ տրվում են հեռուստացույցի և ռադիոյի ազդեցությանը, իսկ ինֆորմացիայի փոխանցման այս աղբյուրները այնքան էլ ճիշտ չեն, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Այսինքն, մարդիկ մեղավոր չեն, որ չեն տարբերում լավ ու վատ երաժշտությունը: Դեռ մանկուց երեխային պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել, անել այնպես, որ նա դասական գործեր լսի, քանի որ դրանք են ձևավորում մարդու ճաշակը: Այստեղ առաջին հերթին իհարկե միջավայրն  է մեղավոր, բայց ասեմ, որ ջազն էլ ինքնին բարդ և մի փոքր դժվար ընկալելի երաժշտություն է:

Իսկ լավ ջազ երաժիշտեր ունե՞նք:

Իհարկե, իհարկե ունենք, ուղղակի խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում դուրս գալ այս շրջանակից: Որպես օրինակ՝ նշեմ Տիգրան Համասյանին: Նրան բոլորն էլ սիրում և ճանաչում են, վստահորեն ընդունում են, որ նա շատ լավ երաժիշտ է, և դրան նա հասել է իհարկե դուրս գալու շնորհիվ: Եթե Համասյանը Հայաստանի սահմաններից դուրս չգար, նա բնականաբար էլի կստեղծագործեր, բայց հաջողությունն անհամեմատելի կլիներ: Այս շարքից կարող եմ նշել նաև Արտյոմին Մանուկյան, Սաշին Աղամյան, Կարենին Քոչարյան,Վարդանին Օվսեփիան ևն:
Դրսում շուկան մեծ է, և հետևաբար, հնարավորություններն են շատ:

Միշ, ո՞ր երաժիշտների հետ կցանկանայիր համագործակցել:

Հմ, շատ դժվար հարց է  (մտածում է): Անթիվ-անհամար երաժիշտներ կան, որոնց հետ կցանկանայի համագործակցել: Բայց ինձ մոտ ամեն ինչ սկսվեց Մայլս Դեյվիսից, հետո իհարկե նաև հիփ-հոփ ուղղությունն էր ինձ ոգեշնչում, այսօր fusion,  jazz rock, funk ուղղությունների մեծ սիրահար եմ: Հետաքրքիրն այն է, որ ինձ դուր են գալիս ոչ թե երգեր, այլ ինստրումենտալ երաժշտություն, քանի որ այն խորն է և տարբեր էմոցիաներ է արթնացնում:

Մեր ակումբը հասարակ ակումբ չէ, այն տուն է:

 

Միշ, այսպիսի արտահայտություն կա. «Երաժիշտը պետք է խիզախ լինի երաժշտության հետ»:  Դու այդպիսի՞ն ես:

Իհարկե, երաժշտին միայն դա է պետք, նա պետք է ազատ, խիզախ լինի երաժշտության հետ, չվախենա էքսպերիմենտներ անելուց, սակայն մեր օրերում ամենամեծ խնդիրն այն է, որ երաժիշտներից շատ շատերը այդպիսին չեն: Օրինակ բերեմ. Հայաստանում երաժիշտների մեծ մասը  քավըրներ է անում: Ես իհարկե չեմ ասում, որ դա բացասական երևույթ է, բայց եթե քավըրը ոչ միայն օրիգինալից ոչնչով չի տարբերվում,  այլ ավելին՝ դրանից վատն է, ապա իմաստ չեմ գտնում դա անել: Բնական է, որ օրիգինալից վատը պետք է լինի, քանի որ ոչ ոք չի կարող Ռիհաննայից ավելի լավ Ռիհաննայի երգը երգել (ծիծաղում է):

Եթե սկսնակ երաժիշտներին խորհուրդ տայիր, ինչ կասեի՞ր:

Կարևոր է միայն սերը, սերը դեպի երաժշտությունը: Գիտեք, շատ կարևոր է, որ սկսնակները «չընկնեն» փողի ետևից: Օրինակ, երբ ես էի սկսում, ոչ երաժշտության հետ կապ ունեի, ոչ էլ մեծ գումարների տեր էի: Ես ուղղակի երգում էի, գումարը ժամանակի ընթացքում այստեղից և այնտեղից հավաքվում էր, և հենց այդ հավաքված գումարն էլ նորից ներ էի դնում նոր գործիս մեջ: Ես վստահ եմ, որ մնայուն է միայն այն, ինչ ստեղծում ես, և հետևավաբար, շեշտը պետք չէ դնել փողի վրա:

Միշ, պահանջակ-առաջարկ օրենքն ասում է, որ առաջարկը ծնում է պահանջարկ, համաձա՞յն ես:

Անկեղծ եմ ասում, մեկ է: Ինձ չի հետաքրքրում պահանջարկ կա, թե չկա, ես ստեղծագործում եմ առաջին հերթին ինքս ինձ համար: Օրինակ, այժմ ես աշխատում եմ մի երգի սստեղծման վրա, և այդ կատարումը գուցե շատ շատերին դուր չգա, կամ բարդ և ականջին դժվար ընկալելի լինի, բայց ես չեմ մտածում այդ մասին:

Ես հասարակ, երաժշտությունը սիրող, ազատությունը կարևորող մարդ եմ:

 

 Միշ, երաժշտությունը կապո՞ւմ ես արվեստի մյուս ուղղությունների հետ:

Ըստ իս, երաժշտությունը պետք է ամեն ինչի հետ կապել: Մի դեպք պատմեմ. ֆուտբոլիստ ընկերներիցս մեկը մեկ անգամ ասեց. «Ֆուտբոլը միլիարդավոր մարդկանց է հետաքրքրում, բայց ես չեմ պատկերացնում, թե այդ ինչ համերգ պետք է լինի, որ միլիարդավոր մարդիկ հետաքրքրվեն դրանով»: Պատասխանս հետևյալն էր. «Ախպերս, յուրաքանչյուր ֆուտբոլի խաղ երաժշտությունով է սկսվում, այդպես չէ՞»: Այսքանով մեր խոսակցությունը երաժշտության մասին ավարտվեց (ժպտում է): Իմ խորին համոզմամբ երաժշտությունը ամենուրեք է. լռության մեջ էլ երաժշտություն կա:

Միշ, դու 12 ակումբում ես ելույթ ունենում: Մի փոքր կպատմե՞ս ակումբի մասին: 

Մեր ակումբը հասարակ ակումբ չէ, այն տուն է: Երաժիշտներս էլ մի մեծ ընտանիք ենք, որ ապրում և ստեղծագործում ենք միևնույն տանիքի տակ և ամենակարևորը՝ բոլորս էլ ապրում ենք երաժշտությամբ: Ես չեմ ցանկանում այն համեմատել մյուս ակումբների հետ, քանի որ դա այցելուները պետք է անեն, բայց յուրաքանչյուրն էլ իր համն ու հոտն ունի, և մեր երկրում երաժշտության զարգացմանն ուղղված գործունեություն է ծավալում (ժպտում է):

Ճիշտ հասկացա՞, Միշ, որ քո գործունեությունը չի սահմանափակվում միայն երաժշտություն մատուցելով, դու նաև կազմակերպչական հարցերով ես զբաղվում:

Մենք ունենք “World -Armenia-World “ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մենք արտասահմանից, մասնավորապես Մոսկվայից, Լոս Անջելեսից, Նյու Յորքից, Վրաստանից և աշխարհի տարբեր վայրերից երաժիշտների, կատարողների և անգամ պարողների ենք հրավիրում Հայաստան: Այդ երաժիշտները մեր ակումբում ելույթ ունենալուց հետո մեզ հետ շրջում են Հայաստանի գեղեցիկ վայրերով, ծանոթանում են տեղի մշակույթի, ավանդույթների և սովորույթների հետ: Հյուրերն էլ իրենց հերթին իրենց տպավորություններով և լուսանկարներով են կիսվում սոցիալական ցանցերում և սա օգնում է աշխարհին պատմել մեր մասին: Այսինքն՝ այս ծրագրով մենք ուզում ենք աշխարհին ասել, որ մենք այստեղ ենք, մենք կանք և կարող ենք զարմացնել բոլորին:

Միշ, կա՞ հավանականություն, որ օրերից մի օր կտեղափոխվես այլ երկիր ապրելու:

Շատ է եղել, որ մտածել եմ գնալու մասին, սակայն համոզված եմ, որ եթե անգամ գնամ, գնալու եմ հետ գալու նպատակով: Կգնամ միայն ավելի լավ և նոր վայրեր տեսնելու, մարդկանց հետ շփվելու. շատ երաժիշտներ կան, որոնց համերգներին կցանկանամ ներկա գտնվել, քանի որ դա ինձ որպես մարդ և երաժիշտ շատ գիտելիք և շատ դրական լիցքեր կտա:

Զրուցեց Մարիամ Սուքիասյանը
Լուսանկարեց Լուսինե Գրիգորյանը

 

 

 

 

 

 

 

 

  • 6


Փաստեր Տիգրան Համասյանի մասին…

ՄյուզիքԼիսթ. Մանվել Խաչատրյան. Մավ

ՄյուզիքԼիսթ. Էմմա Ասատրյան

ՄյուզիքԼիսթ. Ամիրյան Միշ

Զրուցեցինք Հայկ Կարոյի Կարապետյանի հետ

Զրուցեցինք Նարինե Դովլաթյանի հետ

Զրուցեցինք Արտյոմ Մանուկյանի հետ

Տիգրան Համասյան «Ձոն Գյումրուն»

Տիգրան Համասյանը համերգ կտա Երևանում

Զրուցեցինք ուկրաինական Harper’s Bazaar-ի խմբագիր Անտոն Երեմենկոյի հետ

Զրուցեցինք Արեգ Բալայանի հետ

Զրուցեցինք Արշալույս Հարությունյանի հետ

Զրուցեցինք Տաթև Հովակիմյանի հետ

Տիգրան Համասյանը նոմինացվել է հայտնի ջազ մրցանակաբաշխությանը

Թառով տղան. Միքայել Ոսկանյան