fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Այս նյութի հերոսուհին թատրոնի և կինոյի սիրված դերասանուհի Նարինե Պետրոսյանն է:

Նարինե միշտ իմ ավանդական հարցից եմ սկսում: Մի փոքր կպատմե՞ս քո մասին:

Ինձ թվում է՝ այն ամենն, ինչ իմ մասին մարդիկ ցանկանում էին իմանալ, արդեն գիտեն (ժպտում է): Շատ դեպքերում ես անգամ ցույց չեմ տալիս այն ամենն, ինչ կատարվում է կյանքումս, քանի որ չեմ սիրում ամեն ինչ ի ցույց դնել, ու բացի դրանից՝ կարծում եմ, որ մարդկանց առաջին հերթին պետք է հետաքրքրեմ իր կատարած աշխատանքով, իմ ստեղծագործական կյանքով, այլ ոչ թե իմ անձնականով, իմ ճամփորդություններով, կամ իմ կրած հագուստի արժողությամբ (ժպտում է):

Առօրյայում ինչպիսի՞ն ես:

Փորձում եմ ամեն ինչ համատեղել, դրա համար էլ միշտ շտապողական վիճակում եմ հայտնվում, և ինձ միշտ թվում է, թե ժամանակը չի հերիքում: Հիմա աշխատում եմ այդ լարվածությունից ձերբազատվել կամ գոնե զսպել, բայց մյուս կողմից իմ մարդ տեսակով այնպիսին եմ, որ ուզում եմ ամեն ինչ հասցնել, ամեն ինչ անել, անել այնպես, որ ամեն ինչ իր տեղում լինի և իմ ուզածով ու պատկերացրածով լինի (ժպտում է):  Երեխաներիս էլ եմ փորձում այդ տեմպի մեջ մտցնել, բայց հասկացել եմ, որ պետք է ինքս ինձ վրա աշխատեմ ու երեխաների մեջ ավելորդ լարվածություն չմտցնեմ: Ուզում եմ, սակայն հավելել, որ այդ ամենը բխում է ամեն ինչ հասցնելու և լավ անելու իմ ցանկությունից:

 

Համալսարանի ամենամեծ խնդիրն այն է, որ չկան դասախոսներ, որոնք երեխաներին սեր կտան, որոնք հավատ կներշնչեն սեփական «ես»-ի հանդեպ, որոնք կասեն, որ ցանկության դեպքում նրանց մոտ ամեն ինչ կստացվի:

 

Դպրոցում օրինակելի աշակերտուհի՞ ես եղել:

Վարքի առումով օրինակելի եմ եղել, բայց, իհարկե, կային առարկաներ, որոնք ընդհանրապես չէի ընկալում, չէի սիրում և ուշադրություն չէի դարձնում: Գիտես, անկեղծ ասած, մաթեմատիկական առարկաների հանդեպ երբեք հատուկ սեր չեմ տածել, այլ պատահել է, որ գամ տուն, կերպարվեստի գիրք վերցնեմ և ժամերով այն թերթեմ, ուսումնասիրեմ այս կամ այն նկարչի կյանքը, կորեմ այդ իրականության մեջ: Դա ինձ ավելի շատ բան էր տալիս, ավելի շատ էր սնում ուղեղս, քան մաթեմատիկայի տեսությունը (ժպտում է): Ուրախ եմ, որ ընտանիքս ինձ կաղապարների մեջ չի դրել և չի ստիպել, որ գնամ այն ուղղությամբ, որը որ ընդունված է համայն հայության կողմից: Ինձ թույլ են տվել զբաղվել այն ամենով, ինչ սիրում եմ:

Նարինե, մասնագիտությանդ մեջ գերազանցիկի սինդրոմ ունե՞ս, այսինքն՝ փորձո՞ւմ ես ամեն ինչ լավ և ճիշտ անել:

Ինձ թվում է, որ յուրաքանչյուր դերասան-դերասանուհի էլ, որն իր աշխատանքը լավ անելու ցանկություն ունի, մասամբ «հիվանդ» է գերազանցիկի սինդրոմով, թեպետ մի քիչ սխալ է դա գերազանցիկի սինդրոմ անվանել՝ պարզապես ուզում ես անելուց լավ անել: Գիտես, յուրաքանչյուր ներկայացումից հետո էլ ներսումդ զգացողություն է լինում, որ մի բան այն չես արել, կամ կարող էիր ավելի լավ անել, բայց այս զգացողությունը հատկապես առաջանում է այն ժամանակ, երբ ինքդ քեզ կողքից նայում և գնահատում ես: Ըստ իս դա սխալ է՝ դու պետք է անջատես ինքդ քեզ, և վերցնելով հոսանքը, տրվես էմոցիաներին, քիչ մտածես և ուղղակի ապրես բեմում (ժպտում է):

Որքան գիտեմ, ծնողներդ կապ չունեն արվեստի հետ: Նարինե, մասնագիտությանդ ընտրության հարցում ո՞վ է ամենամեծ ներդրումն ունեցել:

Գիտես, փոքր տարիքից կապ եմ ունեցել բեմի հետ: Պարել եմ, նորաձևության ցուցադրությունների եմ մասնակցել, իսկ ավելի ուշ թատերական խմբակ էի հաճախում, որտեղ լավ ներկայացումներ էին բեմադրվում, իսկ ես շատ ակտիվորեն ներգրավված էի դրանցում: Մարդիկ ինձ շատ էին ասում, որ իմ տեղը բեմի վրա է, և իրականում ես էլ էի զգում դա և փորձում էի լավագույնս ինձ դրսևորել, նվիրվել գործին: Երբ եկավ մասնագիտության վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակն, ինձ նաև հաղորդավարական աշխատանք առաջարկեցին, իսկ ավելի ուշ Աննա Հեքեքյանի մոտ բեմական խոսք էի պարապում և այդ ընթացքում ամեն ինչ ինքնաբերաբար գնաց դեպի արվեստի ԲՈՒՀ: Կյանքիս ամենանամեծ ձեռքբերումներից մեկն ուսուցչիս՝ Արմեն Մազմանյանի հետ հանդիպումն էր, որն իսկապես մեծ ներդրում ունեցավ աշխարհայացքիս ձևավորման հարցում: 16-17 տարեկանում դու թարմ չհունցած խմոր ես, և գլխումդ մեծ ծավալի ինֆորմացիա են լցնում և դրա շնորհիվ էլ տարիների ընթացքում ձևավորվում ես, հասկանում ես, թե ինչ տեսակի, ինչ որակի մասնագետ և մարդ ես ուզում դառնալ և դրան հասնելու համար ինչ պետք է անես: Հաջորդ մի քանի տարիները հասունացման, նպատակների, ցանկություների, բալանսի գալու տարիներ էին: Սակայն, պետք է նշել, որ այն գիտելիքները, որոնք քեզ տալիս է ԲՈՒՀ-ը բավարար չեն՝ դու փորձի կարիք էլ ունես:
Ես այդ փորձը ձեռք բերեցի թատրոնում՝ տարիների ընթացքում:

 

Պետք է հասկանաս՝ ինչ ես ուզում անել, քանի որ երբ տարբեր նախագծերում ես ներգրավված, այսինքն՝ սա ես անում, նա ես անում, երրորդն ես անում, որակդ կորցնում ես:

 

Իսկ, ճի՞շտ են ասում, որ իսկական դերասանը հղկվում և կատարելագործվում է թատրոնում: 

Իհարկե թատրոնը դերասանի հղկման, սովորելու, վարպետություն ձեռք բերելու հարցում անփոխարինելի է, բայց եթե մարդը մտածող տեսակ է, ինքն իր վրա աշխատող տեսակ է, նա կարող է անգամ տեսահոլովակում նկարահանվելիս իրեն շատ լավ դրսևորել, այսինքն՝ կարող ես հավասար հավանականությամբ թատրոնում վատ աշխատանք, իսկ կինոյում կամ սերիալում՝ լավ աշխատանք կատարել: Ես կարծում եմ, որ լավ արդյունքը կախված է նրանից, թե դու ինչ լրջությամբ ես մոտենում այս կամ այն աշխատանքին: Մյուս կողմից, ուզում եմ նշել, որ այն ժամանակը և կերպարների որակը, որ կարող ես ստանալ թատրոնում, չես կարող ստանալ սերիալում կամ կինոյում, քանի որ ժամանակն է սուղ: Երկար ժամանակ ես աշխատում այս կամ այն ներկայացման վրա և տարիների ընթացքում այդ նույն ներկայացման մեջ կարող է անգամ խաղդ ձևափոխվել, քանի որ որպես մարդ դու հասունանում ես, կենսափորձ ես ձեռք բերում: Պատահում է անգամ, որ նույն արտահայտությունն ամեն անգամ տարբեր կերպ ես արտաբերում (ժպտում է):

Նարինե, մարդիկ շատ վատ են խոսում սերիալների և առհասարակ մեր կինոարվեսի մասին: Որպես ոլորտի մարդ, ի՞նչ կասես այս հարցի վերաբերյալ:

Անկեղծ ասած, ես սերիալային փորձ ունեցել եմ: Այսօր ավելի շատ նկարահանվում են կարճ՝ 16 կամ 32 էպիզոդներից կազմված սերիալներում, որոնք, որպես կանոն, ավելի որակյալ են: Ունեցել եմ, իհարկե ավելի երկար սերիալներում նկարահանվելու փորձ, բայց այն ժամանակ էլ եմ հարցին նույն լրջությամբ մոտեցել: Ուզում եմ ասել, որ եթե ռեժիսորը, օպերատորը կամ հագուստի գծով մասնագետը լուրջ մոտենան հարցին և կարևորեն որակը, արդյունքը չի կարող վատը լինել: Պարզապես միշտ պետք է հասկանալ, թե ինչու է այն արվում: Կան, իհարկե, մարդիկ, որոնք սերիալում աշխատում են միայն երևալու, աստղ դառնալու, հայտնի լինելու համար, բայց ես այլ նպատակ եմ հետապնդում: Ես ուզում եմ որպես դերասանուհի տարիների ընթացքում հասնել ինչ-որ մակարդակի, վարպետության, դրա համար էլ սերիալում աշխատանքը որպես փորձառություն, որպես էքսպերիմենտ եմ դիտարկում:

Իսկ քննադատություններին ինչպե՞ս ես արձագանքում:

Քննադատություններին լավ եմ վերաբերվում, քանի որ ամեն դեպքում դրանք քեզ մտածելու տեղիք են տալիս: Իհարկե, առաջին հերթին ինձ հետաքրքրում է այն մարդանց կարծիքը, որոնք թանկ են ինձ համար, քանի որ կարծիքներն ինձ սթափեցնում են և թույլ են տալիս շտկել սխալներս ու շարժվել առաջ:

 

 Որպես կին ես գիտեմ, որ կարևոր է հասկանալ, թե ինչով ես ուզում զբաղվել, քանի որ միայն սիրելի գործովդ զբաղվելու դեպքում կլինես հարյուր տոկոսով երջանիկ և միայն երջանիկ ժամանակ կարող ես երեխայիդ տալ այն ամենն, ինչն իրեն այդքան անհրաժեշտ է:

 

Նարինե, կինո, սերիալ թե՞ թատրոն:

Միանշանակ թատրոն. թատրոնում ես ինձ լիովին ազատ եմ զգում: Նախ և առաջ դա նրանից է, որ թատրոնն իմ սեփական ընտրությունն է: Չեմ ժխտի, որ իմ պատկերացրած և երազած թատրոնն այլ է, բայց ես չեմ ասում, որ չեմ սիրում կամ չեմ գնահատում այն թատրոնը, որտեղ աշխատում եմ այսօր, պարզապես կուզենայի, որ մեր թատրոնը նորարարական լավ լուծումներով հագեցած և 21-րդ դարին համահունչ քայլող թատրոն լիներ, քանի որ պոտենցիալ ակնհայտորեն ունենք: Ես շատ եմ սիրում այն, այն իմ երկրորդ տունն է, և ես ուզում եմ, որ մեր թատրոնը միայն բարգավաճի:

Նարինե, ասում են, որ կինեմատոգրաֆում ծառացած խնդիրները բխում են վատ համալսարանական կրթությունից: Ճի՞շտ են ասում:

Համալսարանն իհարկե խնդիրներ ունի, բայց նորից եմ կրկնում, որ ամեն մարդ պետք է առաջին հերթին խնդիրն իր մեջ փնտրի: Պետք է գիտակցես, որ եթե ընտրել ես այս մասնագիտությունը, եթե անցնում ես այս կամ այն առարկաները, բայց դրանցով չես հետաքրքրվում, չես սիրում և ջանք չես գործադրում, բնականաբար համալսարանը քեզ ոչինչ չի տա, սակայն եթե եկել ես և օրինակ դերասանի վարպետություն ես ուզում սովորել, եթե իրոք աշխատում ես, սպունգի նման կլանում ես այն ամենը, ինչ տալիս են դասախոսները, անհնար է, որ համալսարանական կրթությունը քեզ չօգնի: Հիշում եմ՝ ուսանողական տարիներին ինձ շատ բաներից եմ զրկել, որ հասնեմ հաջողության: Իհարկե այդ վերաբերմունքը եկավ մեր վարպետ Մազմանյանից, որն ասում էր, որ մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար այդ մի քանի տարիները պետք է մեզ կրթությանը նվիրենք և մի կողմ դնենք կողմնակի զբաղմունքները:
Կարծում եմ՝ համալսարանի ամենամեծ խնդիրն այն է, որ չկան դասախոսներ, որոնք երեխաներին սեր կտան, որոնք հավատ կներշնչեն սեփական «ես»-ի հանդեպ, որոնք կասեն, որ ցանկության դեպքում նրանց մոտ ամեն ինչ կստացվի:

Իմ ժամանակ ամենամեծ խնդիրն այն էր, որ մենք սովորում էինք Թատրոնի ու կինոյի ինստիտուտում, բայց կինոյի պատմություն չէինք անցնում՝ աբսուրդային էր:

 

Նոր գաղափարների, վեհ մտքերի, նոր լուծումների, էնտուզիաստների պակաս ունենք, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ մեր ժամանակների հերոսների պակասը կա:

 

Իսկ կոմերցիոն կինոյի մասին ի՞նչ կասես: Ինչո՞ւ այսօր լավ ֆիլներ չեն ստեղծվում:

Բոլորս էլ գիտենք, որ կինոն թանկ հաճույք է, և որ լավ կինո ստեղծելու համար մեծ գումարներ են անրաժեշտ: Ամենալուրջ խնդիրը, որին այսօր բախվում են կինեմատոգրաֆները՝ մտքի, գաղափարի պակասն է, լավ գաղափարների, որոնք հնարավոր է կյանքի կոչել անգամ հեռախոսով: Այսօր թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում գաղափարի պակաս կա, դրա պատճառով էլ ֆիլմերը, որոնք դիտում ես այդ պահին ներսումդ իհարկե ինչ-որ էմոցիաներ արթնացնում են, բայց ոչինչ չեն թողնում, իսկ կինոն մտածելու տեղիք տալու, հույզեր արթնացնելու, կյանքի հանդեպ վերաբերմունքդ վերանայելու համար է, այնպես չէ՞: Այսօրվա ֆիլմերը ոչ մի նպատակ չեն հետապնդում, ոչ մի ասելիք չունեն, բայց մյուս կողմից էլ կան ռեժիսորներ, որոնք ունեն լավ մտքեր, սակայն դրանք էկրանավորելու միջոցներ չունեն և արդյունքում ստացվում է այպիսի ցավալի պատկեր. սարսափելի է, բայց մեզնով պրիմիտիվիզմն է իշխում:

Իսկ ինչպե՞ս կարձագանքես, եթե երեխաներդ էլ արվեստով զբաղվելու ցանկություն արտահայտեն:

Ես փորձում եմ ամեն ինչ անել, որ աղջիկներս արվեստին մոտ լինեն, այսինքն՝ մենք շատ ակտիվ մշակութային կյանքով ենք ապրում: Աղջիկներիցս մեկը շատ լավ նկարում է, իսկ մյուսը բալետի պարուհի դառնալու երազանք ունի: Ես կողջունեմ, եթե նրանք որոշեն արվեստով զբաղվել (ժպտում է):

Նարինե, ինձ հետաքրքիր է՝ կարողանում ես քեզ ու հերոսուհիներիդ տարանջատել, թե՞ միշտ կերպարներումդ ինչ-որ բան Նարինե Պետրոսյան ոչ դերասանուհուց այնուամենայնիվ դնում ես:

Գիտես, չես կարող ամբողջովին զատել քեզ կերպարներիցդ, քանի որ ամեն դեպքում այս կամ այն կերպարի վերաբերյալ դու ունես քո պատկերացումները, քո զգայական աշխարհը, և հերոսիդ մեջ դնում ես այն էմոցիաները, որոնք այս կամ այն իրավիճակում դու էլ ես զգացել:  Ես, սակայն, միշտ ասել եմ ու կասեմ, որ ինձ հետաքրքրում են այն կերպարները, որոնք Նարինե Պետրոսյանի հետ ընդհանրապես կապ չունեն: Եվ այս տեսանկյունից, թատրոնը տալիս է այդ հնարավորությունը, այն տալիս է քեզ՝ կերպարդ հասունացնելու, այն քո ուզածով համեմելու, քո պատկերացրածով զարգացնելու ազատությունը:

Կա՞ն առաջարկներ, որոնք մերժում ես: 

Հա իհարկե, հիմնականում մերժում եմ այն դերերը, որոնցում ինձ չեմ տեսնում: Պատահում է նաև հակառակը՝ մտածում եմ, որ այս կամ այն դերն ինձ համար է, և ես շատ կուզենայի մարմնավորել այդ կերպարին, սակայն առաջարկ չեմ ստանում (ժպտում է): Առաջին հերթին միշտ փորձում եմ հասկանալ, թե ինչ կտա ինձ այս կամ այն դերը՝ ա՞ճ, փորձառությո՞ւն, ֆինանսական կայունությո՞ւն, քանի որ թեպետ առաջարկություններ լինում են, ես չեմ կարող ինքնանպատակ գործել:

Հիշում եմ նաև պատահում էր, որ տեքստում հանդիպում էին բառեր, որոնք ընկալելի չէին, և ես հրաժարվում էի դրանք արտաբերել: Միշտ էլ լինում են նման իրավիճակներ:

 

 Յյուրաքանչյուր դերասան-դերասանուհի էլ, որն իր աշխատանքը լավ անելու ցանկություն ունի, մասամբ «հիվանդ» է գերազանցիկի սինդրոմով, թեպետ մի քիչ սխալ է դա գերազանցիկի սինդրոմ անվանել՝ պարզապես ուզում ես անելուց լավ անել:

 

Քո մասնակցությամբ բոլոր ֆիլմերից, սերիալներից և ներկայացումներից կարո՞ղ ես առանձնացնել մեկը, որը մաքսիմալ լավ է բնորոշում քեզ, նկատի ունեմ՝ հերոսուհին շատ հոգեհարազատ է քեզ: 

Կառանձնացնեմ Դրամատիկական թատրոնի՝ Ժան Նշանյանի «Հոլիվուդ…Hollywood» ներկայացումը, որի հիմքում հայտնի պիես է: Այն մի աղջկա մասին է, որը ծնողների բաժանության պատճառով երկար տարիներ է չի տեսել հորը: Աղջկա հայրը Հոլիվուդում է ապրում, սցենարիստ է և բավականին անհաջողակ սցենարիստ է: Աղջիկն էլ երազում է հայտնի դերասանուհի դառնալ և օգնություն է խնդրում հորից, սակայն ավելի ուշ հասկանում է, որ իրականում միայն հոր սիրո և քնքշության կարիքն ունի: Ես ինձ շատ եմ նմանացնում հերոսուհուս, քանի որ իմ ծնողներն էլ են ամուսնալուծված, և ես էլ եմ երազել դերասանուհի դառնալ: Այս նմանությունն է, որ դերն ինձ համար այդքան սիրելի և հոգեհարազատ է դարձնում:
Այս ներկայացումը հոր և աղջկա հարաբերությունների, չիրականացված երազանքների մասին է (ժպտում է):

Ամուսնությունից հետո ի՞նչ փոխվեց Նարինե Պետրոսյանի կյանքում: 

Ամուսնության ամենամեծ ձեռքբերումը մեր երեխաներն են (ժպտում է): Գիտես, իմ կյանքում ամեն ինչ շատ շուտ է եղել, այսինքն՝ շուտ եմ ամուսնացել, շուտ մայրացել, բայց անկեղծ ասած, ամուսնությունն ինձ համար մեծ կենսափորձ էր, վերջինիս շնորհիվ շատ ու շատ հարցերի ավելի իմաստուն մոտեցում ցուցաբերեցի, ավելի հասունացա: Համատեղ կյանքը շատ բան է սովորեցնում: Հասկանում ես, որ պետք է իմաստուն լինես, երբեմն պետք է քեզ թույլ տաս կին մնալ, որովհետև մեր բնագավառում էլ կան աղջիկներ և կանայք, որոնք այնքան են տարված հաջողության հասնելու իրենց նպատակով, որ մոռանում են իրենց կին լինելու մասին: Շատ կարևոր է՝ հասկանաս, որ ամեն դեպքում դու կին ես և կողքիդ պետք է տղամարդ լինի, և նա իրեն պետք է լավ զգա, այսինքն՝ կինը չպետք է ճնշի տղամարդուն իր կարողություններով:

 

Ամենալուրջ խնդիրը, որին այսօր բախվում են կինեմատոգրաֆները՝ մտքի, գաղափարի պակասն է, լավ գաղափարների, որոնք հնարավոր է կյանքի կոչել անգամ հեռախոսով:

 

Իսկ մտավախություն չունեի՞ր, որ դուրս ես գալու comfort zone կոչվածից և լրիվ նոր կյանքով ես ապրելու:

Իհարկե մտավախություն կար: Կար պահ, երբ մտածում էի, թե կդառնամ տնային տնտեսուհի, իսկ ես հակառակը՝ ուզում էի ապացուցել, որ ամեն ինչ կհասցնեմ և կարիերաս էլ չի տուժի: Մյուս կողմից հասկանում էի, որ ինչ էլ լինի՝ իմ ընտրությունն է, և եթե որոշել եմ ամուսնանալ, պետք է անեմ այնպես, որ և՛ կարիերայովս զբաղվեմ, և՛ ընտանիքիս համար լավ մայր ու կին լինեմ (ժպտում է):
Երրորդ երեխայիս ծնունդից հետո, հասկացա, որ երեխաներիս պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեմ, այսինքն՝ նրանք մոր կարիք ունեն: Իհարկե ես զբաղվում էի ներկայացումներով, սակայն հասկանում էի, որ այդ շրջանում կարող եմ ստեղծագործական կյանքիս ակտիվությունը նվազագույնի հասցնել, քանի որ երեխաների դաստիարակությունն առաջնային էր: Բայց արի ու տես, որ եկավ մի շրջան, երբ ինձ մոտ նկատվեցին տրամադրության կտրուկ անկումներ, որպես դերասանուհի ինձ ամբողջովին չիրականացված էի զգում, իսկ ավելի ուշ առողջական խնդիրներ էլ ի հայտ եկան: Որպես կին ես գիտեմ, որ կարևոր է հասկանալ, թե ինչով ես ուզում զբաղվել, քանի որ միայն սիրելի գործովդ զբաղվելու դեպքում կլինես հարյուր տոկոսով երջանիկ և միայն երջանիկ ժամանակ կարող ես երեխայիդ տալ այն ամենն, ինչն իրեն այդքան անհրաժեշտ է: Երեխայի համար կարևոր է, որ նա տեսնի, որ ծնողն էլ իր կյանքը, իր աշխատանքն ունի, ունի հետաքրքրություններ և հաջողակ է, քանի որ ծնողը միշտ օրինակ է ծառայում:

Արի խոստովանենք, որ դերասանությունն ամենաանկայուն մասնագիտություններից մեկն է, և լինում են ժամանակահատվածներ, երբ դերասան-դերասանուհիներն առաջարկներ չեն ստանում: Վախի զգացում չունե՞ս, որ գուցե գա պահ, որ երկար ժամանակ առաջարկներ չստանաս: 

Իհարկե, նման զգացում բոլորի մոտ էլ լինում է, և ես էլ բացառություն չեմ: Ինձ մոտ մի ժամանակահատված կար, երբ երկու տարի տարբեր նախագծերի վրա էի աշխատում և անցած տարի տեսա այդ աշխատանքի պտուղները: Ամբողջ անցած տարին նոր ներկայացման վրա էի աշխատում. աշնանը «Ա.Կ.Ա.» ֆիլմում էի նկարահանվում, այս տարի ձմռանը երկու ամիս նոր նախագծի վրա եմ աշխատել: Ամբողջ անցած տարվա և այս տարվա սկզբի աշխատանքս եկան հատվեցին մեկ կետում: Այսպիսով՝ մարտի 4-ին հեռուստատեսային ֆիլմի, մարտի 21-ին «Ա.Կ.Ա.» ֆիլմի, իսկ 31-ին ներկայացմանս պրեմիերան էր: Հարց էի տալիս ինքս ինձ. «Այս ամենի համա՞ր եմ աշխատել» (ժպտում է):

 

Իհարկե թատրոնը դերասանի հղկման, սովորելու, վարպետություն ձեռք բերելու հարցում անփոխարինելի է, բայց եթե մարդը մտածող տեսակ է, ինքն իր վրա աշխատող տեսակ է, նա կարող է անգամ տեսահոլովակում նկարահանվելիս իրեն շատ լավ դրսևորել, այսինքն՝ կարող ես հավասար հավանականությամբ թատրոնում վատ աշխատանք, իսկ կինոյում կամ սերիալում՝ լավ աշխատանք կատարել:

 

Այսօր, իհարկե, ուրախ եմ, որ կարող եմ շունչ քաշել: Միշտ կողմ եմ եղել, որ դերասանը դադարի ժամանակ, ինքն իրեն հասկանալու ժամանակ ունենա: Պետք է հասկանաս՝ ինչ ես ուզում անել, քանի որ երբ տարբեր նախագծերում ես ներգրավված, այսինքն՝ սա ես անում, նա ես անում, երրորդն ես անում, որակդ կորցնում ես: Կարծում եմ, որ ավելի լավ է մեկ բան անես և դրան տրվես ու որակ ապահովես, քան կիսվես մի քանի նախագծերի միջև և դրանից տուժի արդյունքը:
Դադարի ժամանակաշրջանները սիրում եմ, քանի որ միշտ նոր մտքեր, նոր գաղափարներ են ծագում: Այս պահին մի քանի ներկայացում ունեմ, բայց ծանրաբեռնված չեմ, և օգտվելով առիթից, վայելում եմ հանգիստս (ժպտում է):

Ամենամեծ խնդիրը, որին այսօր բախվել է մեր թատրոնը, ո՞րն է:

Ժամանակին համընթաց չենք քայլում, այսինքն՝ տեխնիկայից սկսած, դերասանի ֆիզիկական և մտավոր կարողություններով  վերջացրած պետք է ժամանակակից լինենք, այսինքն՝ տեսնենք, թե աշխարհում ինչ է կատարվում և այստեղ էլ դա կիրառենք: Պատճառը ֆինանսական սուղ միջոցներն են, սահմանափակ հնարավորություններ ունենք, բայց կարող ենք դրական արդյունք տալ, քանի որ լավ, շատ լավ կադրեր ունենք:

Նոր գաղափարների, վեհ մտքերի, նոր լուծումների, էնտուզիաստների պակաս ունենք, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ մեր ժամանակների հերոսների պակասը կա:

 

Քննադատություններին լավ եմ վերաբերվում, քանի որ ամեն դեպքում դրանք քեզ մտածելու տեղիք են տալիս:

 

Նարինե, ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ դերասան-դերասանուհիներին: 

Առաջին հերթին պետք է անկեղծ լինես ինքդ քեզ հետ, պետք է ինքդ քեզ հարց տաս. «Ես դա սիրո՞ւմ եմ, դրանով ապրո՞ւմ եմ»: Եթե այո՝ դու չես կարող ուրիշ բան անել, քանի որ, ինչ էլ անես, վերջում մեկ է գալու ես հանգես դրան: Պետք է հասկանաս, թե ինչ ես ուզում, և ինչի համար ես դա ուզում: Շատերի համար այսօր ձևը բովանդակությունից կարևոր է, և ես ցավով եմ խոսում դրա մասին: Այսինքն՝ այսօր բովանդակությունը մնացել է ստվերում, բայց այդպես չպետք է լինի: Հիմա կարծես թե բոլորը փորձում են ամեն ինչ սիրուն, իդեալական անել, բայց ներսը դատարկ է, իմաստ չկա, հոգի չկա և սա գալիս է նրանից, որ մարդիկ ինքնանպատակ են ապրում և գործում:  Հորդորում եմ՝ երբեք և ոչ մի դեպքում ինքնանպատակ չապրել և չգործել: Այսքանը (ժպտում է):

Զրուցեց՝ Մարիամ Սուքիասյանը
Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի

տես նաև՝

Զրուցեցինք կինոգետ Կարեն Ավետիսյանի հետ

Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ

Զրուցեցինք Նարինե Դովլաթյանի հետ

Զրուցեցինք Էդգար Բաղդասարյանի հետ

Զրուցեցինք Գերման Ավագյանի հետ

Զրուցեցինք Արեգ Բալայանի հետ

Զրուցեցինք Առնո Խայաջանյանի հետ

Զրուցեցինք Տիգրան Սուչյանի հետ

Զրուցեցինք Տաթև Հովակիմյանի հետ

Զրուցեցինք Արտյոմ Մանուկյանի հետ

Զրուցեցինք Արշալույս Հարությունյանի հետ

Զրուցեցինք Ամիրյան Միշի հետ

Զրուցեցինք Միքայել Արամյանի հետ

Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Զրուցեցինք ուկրաինական Harper’s Bazaar-ի խմբագիր Անտոն Երեմենկոյի հետ

Разговор по душам с Лусинэ Аянян

Разговор по душам с Мариной Барыкиной

Разговор по душам с Германом Авакяном

 


10 փաստ Սոս Ջանիբեկյանի մասին…

Վուդի Ալենի 10 սիրելի ֆիլմերը

10 փաստ, որ գուցե չգիտեք. Խորեն Աբրահամյան

Խորեն Լևոնյան. 10 փաստ, որ գուցե չգիտեք

10 փաստ, որ գուցե չգիտեք… Նարինե Գրիգորյան

Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Ջիգարխանյան…

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Զրույց Gucci-ի ցուցադրության մասնակից՝ հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ

Ազնիվ գողեր [լուսանկարներ պրեմիերայից]

5 ֆիլմ հայտնի գրողների մասին

Արսենն ու «Թղթե երազանքը». [Հարցազրույց]

Անհայտ բաժանորդ [լուսանկարներ պրեմիերայից]

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Թույն սերիալ. Animal Kingdom