Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ - VNews

Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ

Այս անգամ զրուցել ենք  ՀՀ նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ:

 Դավիթ, մի փոքր կպատմե՞ս քո մասին, ցանկալի է այն, ինչ չես գտնի համացանցում:

Հմ (մտածում է), չեմ կարող գնահատել ինձ: Անկեղծ ասած, պատահաբար եմ ընտրել լուսանկարչությունը: Ընդունվեցի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան վկայական ստանալու համար (ժպտում է), և այնպես ստացվեց, որ շատ սիրեցի լուսանկարչությունը և այն դարձավ կյանքիս անբաժանելի մասնիկը:
Նախքան նախագահի լուսանկարիչ դառնալն աշխատում էի PanARMENIAN Photo-ում: Օրերից մի օր բոլոր լուսանկարիչներից հարցրեցին, թե ինչ երազանք ունենք: Ես էլ պատասխանեցի, որ ցանկանում եմ նախագահի լուսանկարիչը դառնալ և մեկ տարի չանցած երազանքս իրականություն դարձավ: Երբ տեղափոխվում էի նոր գործիս վայր, պատասխանս վերնաշապիկի վրա տպեցի և տնօրենիս նվիրեցի (ժպտում է):

Մի բան էլ ասեմ իմ մասին: Փոքր ժամանակ երազել եմ ֆուտբոլիստ դառնալ, մոտ 5 տարի ֆուտբոլով եմ զբաղվել: 11 տարեկանից մինչև հիմա ֆուտբոլի մոլի երկրպագու եմ (ժպտում է):

 

Անկեղծ ասած, Խեչոյանի գործերին շատ լավ ծանոթ չէի, և սա հնարավորություն տվեց նաև բացահայտել Լևոն Խեչոյան գրողին: Կարծում եմ ճիշտ ընտրություն կատարեցինք, քանի որ անունը խոսում էր լուսանկարների հետ:

 

Իսկ, ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ, որտեղ այսօր ես:

Սկզբից գամ: Երբ Մարտին Շահբազյանը, Աստված հոգին լուսավորի, թոշակի էր անցնում, այդ շրջանում նրան փախարինող էին փնտրում: Ես վարպետին լավ էի ճանաչում, քանի որ այն ժամանակ աշխատում էի և՛ Armenpress-ում, և՛ PanARMENIAN Photo-ում և գնում էի նախագահի հանդիպումները լուսաբանելու: Բոլորս էլ իրար ճանաչում էինք, այսինքն՝ ծանոթների լայն շրջանակ էր ձևավորվել ու Շահբազյանին փոխարինող հենց այդ շրջանակից էին պատրաստվում ընտրել: Ընտրությունն ինձ վրա կանգ առավ (ժպտում է): Այստեղ չէր գործում խնամի-բարեկամ-ծանոթություն սկզբունքը (ժպտում է):

Դավիթ, հարցազրույցներից մեկում ասում ես, ցիտում եմ. «Ամենահեշտ բանը լուսանկարչի համար լուսանկարչական ապարատի կոճակը սեղմելն է»: Կտա՞ս իսկական լուսանկարչի սահմանումը:

Ես չեմ կարող բնութագրել լուսանկարչին, քանի որ նեղ մասնագիտացում ունեմ, բայց կարող եմ ֆոտոլրագրողին բնութագրել: Այդ ոլորտից ավելի շատ եմ տեղեկացված: Քանի որ մենք գործ ունենք պաշտոնատար անձանց հետ, շատ մակարդակներ կան, որոնց հետ միայն ճիշտ փոխհարաբերակցության արդյունքում կարող ես լավ լուսանկար ստանալ: Օրինակ, այդ պաշտոնատար անձինք բազմաթիվ օգնականներ և աշխատողներ ունեն, որոնք կարող են իրականում խոչընդոտ լինել քեզ համար, բայց եթե դու այնքան հաջողակ լինես, որ նրանց հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատես, դա քեզ միայն կօգնի: Ուզում եմ նշել, որ սխալ կարծրատիպ է ձևավորվել, թե այդ տեսակ մարդկանց հետ աշխատելը քո դիմաց բացում է բոլոր դռները: Դա բնավ էլ այդպես չէ: Պետք է  այդ սիմպատիա ասածը բռնի էլի (ժպտում է): Լուսանկարչությունն իրապես բարդ աշխատանք է, և լուսանկարչական ապարատի կոճակը սեղմելը նվազագույնն է, ինչ կարող է անել լուսանկարիչը: Բացի այդ կարևոր է, որ քաղաքական անցուդարձին էլ տիրապետես, որ հասկանաս` X և Y մարդկանց արժի լուսանկարել, թե՞ ոչ:

Օրինակ բերեմ: Հայաստանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողով էր և Ալեքսանդր Լուկաշենկոն այն ժամանակ ռուսների հետ վատ հարաբերությունների մեջ էր: Այս տեսակ դեպքերում պետք է ուշադիր լինես, պետք է ուշադրությունդ սևեռես այդ երկու նախագահներ վրա, որ հասկանաս՝ արժի պահն անմահացնել, թե՞ այնքան էլ լավ միտք չէ: Քաղաքականությունից հեռու մարդիկ չեն կարող ֆոտոլրագրող լինել, լավ ֆոտոլրագրող: Պետք է տեղեկացված լինես, այսինքն՝ միշտ պետք է զարկերակի վրա լինես, պետք է միշտ զարգանաս, կարդաս, նայես, ինքդ քո վրա աշխատես, ինչպես նաև նախքան ապարատի կոճակը սեղմելը, պետք է գլխումդ կադրն արդեն ձևավորված լինի:

2010 թ. ՀՀ վերջին երկու նախագահների լուսանկարիչն ես և գործի բերումով շատ ես ճամփորդում: Ամեն անգամ գնալուց և հետ գալուց ի՞նչ ես հետդ տանում, և ինչ ես բերում Հայաստան:

Զգացողությունները տարիների ընթացքում փոխվում են: Առաջին տարիներին, երբ նոր ես գնում գործուղման, շատ ավելի ոգևորված ես, անհամբեր սպասում ես, իսկ տարիների ընթացքում այդ ոգևորվածությունդ անցնում է, ավելի ճիշտ՝ զուսպ ես դառնում: Պատասխանատվությունը միշտ էլ կա, քանի որ ամեն դեպքում երկիրդ ես ներկայացնում (ժպտում է):
Հիմա մի քիչ այդ ամեն ինչին ուրիշ աչքերով եմ նայում: Կան շատ մարդիկ, որոնց համար գործուղումների գնալը կյանքի նպատակ է, բայց երբ շատ ես գնում, բավարարում ես քաղցդ և անգամ գալիս է պահ, երբ չես ցնծում հերթական գործուղման մասին լսելիս, բայց մյուս կողմից էլ լուսանկարչի համար գործուղումը շատ արդյունավետ է, քանի որ թարմացնում ես ուղեղդ, չես լճանում, ու դրսինը տեսնելով և՛ զարգանում ես, և՛ նոր մտքեր են ծագում մտքումդ:

 

Կինս՝ Լուսինեն ինձ լավ խորհուրդներ է տալիս, քաջալերում է և ես շատ եմ գնահատում նրա օգնությունը:

 

Բացի այդ երևի մասամբ վերադառնում եմ առաջին հարցիդ (ծիծաղում է), բայց ափսեներ եմ ինձ հետ բերում արտասահմանից, հա՛ սիրում եմ հավաքել: Տարիների ընթացքում, սակայն, դա տան համար խնդիր էր. ամեն քաղաքից ափսե էի բերում սկզբում, այնուհետև հասկացա, որ տանը տեղ չկա և այժմ ամեն երկրից եմ բերում (ժպտում է): Ու գիտես՝ ափսեների ընտրությունն էլ է տարիների ընթացքում փոխվել: Հիմա ավելի մանրակրկիտ ընտրություն եմ կատարում (ժպտում է):

Դավիթ, կպատմե՞ս «Հողի դողը ոտքերի տակ» խորագրով ֆոտոալբոմիդ մասին, որն անվանել ես, ցիտում եմ. «Խաղաղ օրերի ժամանակագրություն»:

Բանակին նվիրված ֆոտոալբոմ էինք պատրաստում տպել, և պետք էր ինչ-որ տեքստային մաս ներառել դրանում և ընկերս, խմբագիրս առաջարկեց Լևոն Խեչոյանի ստեղծագործություններից վերցնենք տեքստերը: Դա պայմանավորված էր նրանով, որ Խեչոյանն Արցախյան ազատամարտի մասնակից է և գրող: Երբ լսեցի «Հողի դողը՝ ոտքերի տակ»՝ միանգամից տպավորվեցի: Անկեղծ ասած, Խեչոյանի գործերին շատ լավ ծանոթ չէի, և սա հնարավորություն տվեց նաև գրողին: Կարծում եմ՝ ճիշտ ընտրություն կատարեցինք, քանի որ անունը խոսում էր լուսանկարների հետ:
Գրքում մոտավորապես 120 լուսանկար ընդգրկեցինք: Գիտես, ֆոտոները նախագահին ուղեկցելուն զուգահեռ եմ արել և հնարավորություն չեմ ունեցել պատկերել այնտեղի կյանքն այնպիսին, ինչպիսին, որ այն կա, այսինքն՝ միօրինակ լուսանկարներ էին ստացվել: Հետո ստիպված եղա մի քանի անգամ գնալ զորամասեր նկարելու, որ ավելի անմիջական լինի, քանի որ գործի մեջ չկար այդ անմիջականությունը: Իհարկե գեղեցիկ, կոկիկ տեսքը նույնպես պետք է պատկերել լուսանկարներում, բայց ցանկանում էի շեղվել դրանից ու զորամասի իրական կյանքը պատկերել (ժպտում է): Ինչ վերաբերում է ֆոտոների ընտրությանը, նշեմ, որ դժվար չէր, քանի որ ես էլ եմ ծառայել և անգամ ծառայությանս ժամանակ լուսանկարել եմ և մթնոլորտն ինձ հոգեհարազատ էր: Եվ գիտես, այնպես ստացվեց, որ Քառօրյա պատերազմի տարելիցին լույս տեսավ ալբոմը և մենք այն նվիրեցինք դրան:

 

Պետք է ուղղակի համարձակ լինել, այստեղ ոչ մի օրենք էլ չկա, պարզապես պետք է հավատաս ուժերիդ, լինես խիզախ ու միշտ կրթվես ու զարգանաս:

 

24 տարեկանում դարձար նախագահի լուսանկարիչը: Քեզ նախորդող վարպետ Մարտին Շահբազյանից, որն այսօր ցավոք սրտի մեզ հետ չէ, ի՞նչ խորհուրդ ես ստացել:

Վարպետը շատ խորհուրդներ է տվել ինձ, սակայն շատ լավ եմ հիշում, որ ընդգծեց զուսպ լինելու և էմոցիաները կառավար կարողանալու կարևորությունը մեր գործում (ժպտում է): Իրականում անկախ նրանից, թե որտեղ ես աշխատում, պետք է զուսպ լինես և ինքնակառավարումդ չկորցնես:
Գիտես, մեր գործում բացի լուսանկարելը, կարևոր է նաև մարդկանց հետ լավ փոխհարաբերություներ ունենալը, այդ իսկ պատճառով նրա խորհորդները հիմնականում փոխհարաբերություններին էին վերաբերում: Նկարելու հետ կապված էլ է իհարկե խորհուրդներ տվել, սակայն չեմ կարող դրանք առանձնացնել, բայց կարող եմ ասել, որ իրապես լավ խորհուրդներ եմ ստացել:

Ժանրային փոփոխության ցանկություն ունե՞ս:

Ոչ, քանի որ անկեղծ ասած, հեռու եմ բեմադրված լուսանկարչությունից: Օրինակ, հարսանիքների ժամանակ, եթե պատահում է, որ լուսանկարներ անեմ, չեմ կարողանում ուղղություն ցույց տալ, ասել, թե մարդիկ ինչպես իրենց պահեն: Անհամեստություն չթվա, բայց ինձ մոտ լավ  է ստացվում իրադարձային լուսանկարներ անելը: Ես որսում եմ պահը, պատահական պահերը՝ դա է իմը (ժպտում է):

Դավիթ կպատմե՞ս «Պատմություններ ճանապարհից» ցուցահանդեսից:

Առաջին հայացքից շատ խառը ցուցահանդես էր, սակայն փորձում էի այդ ցուցահանդեսով իմ աշխատանքային տարիներն ամփոփել, քանի որ դա իմ առաջին անհատական ցուցահանդեսն էր: Այն մեկնարկեց Հայաստանի նկարիչների միությունում և ի զարմանս ինձ լավ արձագանքներ ստացավ: Հիմնականում հանրության դատին էին հանձնվել իմ՝ Դավիթ Հակոբյան ֆոտոլրագրողիս աշխատանքները: Ցուցանմուշների մեջ կային տարբեր երկրների նախագահների լուսանկարներ, ինչպես նաև բնապատկերներ, որոնք հանդեպ մեծ սեր եմ տածում և նպատակ ունեմ Հայաստանի բնապատկերներ նկարեմ և ֆոտոալբոմներ տպեմ: Ցուցադրվեցի Շվեդիայում, Լեհաստանում, Ռուսաստանում: Մի քիչ մտավախություն ունեի, որ մարդկանց դուր չի գա, քանի որ ինձ միշտ ընդունել ու ընկալել են որպես պաշտոնական լուսանկարիչ, և ես միշտ դրանից նյարդայնացել եմ (ժպտում է):

Բայց գիտես, մարդիկ անգամ զարմանում էին, որ նախագահի լուսանկարիչն այս տեսակ ոճի մեջ է, և գլուխ գովալ չլինի, բայց երբ սկսեցի աշխատել նախագահի մոտ, փորձեցի կոտրել այն կարծրատիը, որ նրան այս կամ այն կոնկրետ դիրքով պետք է նկարել: Ավելի ազատ ոճի մեջ էի փորձում լուսանկարել:

 

Ամենամեծ հայրենասիրությունը գործում արդար և օրինակելի քաղաքացի լինելն է:

 

Դավիթ, ասում են, որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքում հաջողակ կին է կանգնած: Ի՞նչ կասես կնոջդ՝Լուսինեի հաջողության հասնելուդ հարցում ունեցած ներդրման մասին:

Լավ հարց է (ժպտում է), ամուսնությունից հետո ստեղծագործական կյանքումս էլ ավելի մեծ հաջողությունների հասա և մինչ օրս էլ կինս՝ Լուսինեն ինձ լավ խորհուրդներ է տալիս, քաջալերում է և ես շատ եմ գնահատում նրա օգնությունը:

Ամենամեծ դժվարությունը, որը հաղթահարել ես այս ողջ ուղու ընթացքում, ո՞րն էր:

Գիտես բանակից հետո աշխատանք գտնելն էր մի փոքր բարդ: Եկավ պահ, երբ լուսանկարչությամբ ցանկանում էի գումար վաստակել և այդ ժամանակ լուրջ խնդրի առաջ կանգնեցի, քանի որ աշխատանք գտնելը դժվար էր հատկապես մեր երկրում և հատկապես այն թվերին՝ կարծեմ 2006 թվականն էր: Այն ժամանակ երկու գործակալություն կար՝ Armenpress-ը և Photolure-ը, այսօր շատ հարթակներ կան և ինտերնետն էլ է լայն կիրառություն ստացել, իսկ այն ժամանակ ֆոտոլրագրությամբ զբաղվող շատ քիչ մարդ կար: Առաջին օրվանից, սակայն, վստահ էի, որ լուսանկարչությամբ եմ զբաղվելու: Մեկ տարի անընդմեջ գործ ման գալուց հետո աշխատանքի անցա Armenpress-ում:

Դավիթ, հայրենասե՞ր ես:

Ամենամեծ հայրենասիրությունը գործում արդար և օրինակելի քաղաքացի լինելն է, այլ ոչ թե զուր խոսքեր ասելը կամ բանակում ծառայելը: Այո, ես ինձ հայրենասեր եմ համարում:
Եթե գլոբալ դիտարկենք, մեր ազգը մի փոքր օտարամոլ է, բայց ես կարծում եմ, որ ունեցածը պետք է գնահատել, պահել և դրանով հպարտանալ:

Դավիթ, կպատմե՞ս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարի մասին:

Գիտես, վերջին իրադարձություններն ինձ խոսելու նյութ տվեցին: Երբ կարդացի, որ Նազարբաևը հրաժարական է տվել, տխրեցի: Մտածում էի՝ նկարս պատմության գիրկն է անցնելու. չէ որ քաղաքականությունում մի պարզ օրենք կա՝ երբ նախագահը հեռանում է, նրա հետ կապ ունեցող ամեն բան մոռացվում է: Ի զարմանս ինձ, պարզվեց, որ նա ոչ թե գնացել է, այլ երկրորդ շունչ է առել և դարձել է ազգի հայր, ազգի առաջնորդ:

 

Լուսանկարչությունն իրապես բարդ աշխատանք է, և լուսանկարչական ապարատի կոճակը սեղմելը նվազագույնն է, ինչ կարող է անել լուսանկարիչը:

 

Տես ոնց եղավ: Սպասում էիք նախագահներին, լուսավորությունը աչք էր ծակում, շատ լավն էր, տեսա և մտածում էի՝ ինչպես անեմ, որ հետաքրքիր լուսանկար ստացվի: Ուզում էի մեր նախագահին լուսանկարել, կամ գոնե Պուտինին, բայց առաջինը Ղազախստանի նախագահը ներս մտավ և պատկերացումներս հատվեցին իրականության հետ ու ստացվեց այդ հայտնի նկարը (ժպտում է): Նկարը հեռախոսիս մեջ էլ ունեի ու որոշեցի կիսվել սոցիալական ցանցերում, բայց այդ օրն Ինստագրամի և Ֆեյսբուքի հետ խնդիր կար, և ես չկարողացա դրանով կիսվել: Նկարը նաև աշխատողներին ցույց տվեցի, սակայն նրանցից դրական արձագանք չստանալով, մտածեցի որ այն այնքան էլ ստացված չէ: Ավելի ուշ պատահաբար տեսա, որ Ինստագրամի հետ կապված խնդիրը լուծվել է և նկարս հասանելի է մարդկանց: Առանձնապես արձագանքներ չկային, ու ես գնացի քնելու (ժպտում է): Առավոտյան աչքերս բացեմ ու ինչ տեսնեմ՝ մի քանի հարյուր բաց թողնված զանգ, տասնյակ նամակներ: Նայում էի և չէի հավատում: Ղազախներն էին գրում ու զանգում և մինչ օրս գրում են (ժպտում է):

Նազարբաևին նույնպես նկարս փոխանցել են, ցավում եմ, որ անձամբ չեմ այն փոխանցել, բայց ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ մի օր կհանդիպեմ նրան և ինքս կնվիրեմ այն (ժպտում է):

Հայաստանում լուսանկարչություն կա՞:

Ինտերնետի զարգացման շնորհիվ լուսանկարչությունն այսօր ավելի պահանջված է: Նշեմ, որ սոցիալական ցանցը շատ լավ հարթակ է լուսանկարիչների համար թե՛ ինքնազարգացման և ինքնակրթման, թե՛ կապերի հաստատման տեսանկյունից: Այսինքն՝ ճանաչելի դառնալու համար շատ հարմար է օգտագործել սոցիալական ցանցը: Այն թվերին միայն ցուցահանդեսներով կարող էիր կապեր հաստատել ու քո մասին պատմել աշխարհին, իսկ այսօր միտքը բարձր է գնահատվում և էական էլ չի՝ հեռախոսով ես նկարել, թե լուսանկարչական ապարատով:

Զարգացման հեռանկար կա, և սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին: Այսօր դու քո էջով կարող ես աշխարհի մի կետից մյուս կետում պատվեր ստանալ:

 

Փոքր ժամանակ երազել եմ ֆուտբոլիստ դառնալ, մոտ 5 տարի ֆուտբոլով եմ զբաղվել: 11 տարեկանից մինչև հիմա ֆուտբոլի մոլի երկրպագու եմ:

 

Սկսնակներին ի՞նչ խորհուրդ կտաս:

Հիշում եմ, երբ նոր էինք սկսում ավագ սերունդը խանդով էր մեզ վերաբերվում և փորձում էր կոտրել, կամ ոչ կառուցողական խորհուրդներ տալ, բաց ես ուզում եմ ոլորտի նորեկներին խորհուրդ տալ չվախենալ և լինել խիզախ: Այսօր ես դասավանդում եմ նաև զինվորների վերականգնողական կենտրոնում,  և ես ու կոլեգաներս փորձում ենք նրանց մոտ լուսանկարչության հանդեպ սեր արթնացնել: Երկամսյա ծրագիր է, ու նրանց էլ եմ այս նույն խորհուրդը տալիս: Պետք է ուղղակի համարձակ լինել, այստեղ ոչ մի օրենք էլ չկա, պարզապես պետք է հավատաս ուժերիդ, լինես խիզախ ու միշտ կրթվես ու զարգանաս (ժպտում է):

Զրուցեց՝ Մարիամ Սուքիասյանը
Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի

տես նաև՝

Զրուցեցինք Նարինե Դովլաթյանի հետ

Զրուցեցինք Էդգար Բաղդասարյանի հետ

Զրուցեցինք Գերման Ավագյանի հետ

Զրուցեցինք Արեգ Բալայանի հետ

Զրուցեցինք Առնո Խայաջանյանի հետ

Զրուցեցինք Տիգրան Սուչյանի հետ

Զրուցեցինք Տաթև Հովակիմյանի հետ

Զրուցեցինք Արտյոմ Մանուկյանի հետ

Զրուցեցինք Արշալույս Հարությունյանի հետ

Զրուցեցինք Ամիրյան Միշի հետ

Զրուցեցինք Միքայել Արամյանի հետ

Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Զրուցեցինք ուկրաինական Harper’s Bazaar-ի խմբագիր Անտոն Երեմենկոյի հետ

Разговор по душам с Лусинэ Аянян

Разговор по душам с Мариной Барыкиной

Разговор по душам с Германом Авакяном

 


Լևոն Խեչոյան. «Սև գիրք ծանր բզեզ» [հատված]

Լևոն Խեչոյանի վերջին հարցազրույցից…

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Մերիլին Մոնրոն՝ Էդ Քլարկի օբյեկտիվում

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հայտնի լուսանկարիչների օբյեկտիվում

Մարկ Տվենը և նրա սիրելի կատուները (լուսանկարներ)

Զրուցեցինք Գերման Ավագյանի հետ

«Տարվա ստորջրյա լուսանկարիչ» նախագծի հաղթող աշխատանքները

Հայացք ներքևից. ֆոտոշարք

PLI.Ē ֆոտոնախագիծ. թղթե շորերով պարողները

Անձրևոտ գիշերային Տոկիոն լույսերի ներքո (լուսանկարներ)

կանանց պատկերող սյուրռեալիստիկ ֆոտոշարք իտալացի ուսանկարչից

Ես Արեգ Բալայանն եմ…

Արա Գյուլերի գունավոր լուսանկարները

10 բան, որ գուցե չգիտեք լուսանկարիչ Արա Գյուլերի մասին