fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ և այս տարվա ստեղծագործական մարքեթինգի պատասխանատու Դիանա Մարտիրոսյանի հետ

Զրուցել ենք կինոգետ, կինոլրագրող, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ և այս տարվա ստեղծագործական մարքեթինգի պատասխանատու Դիանա Մարտիրոսյանի հետ:

Դիանա, երբվանի՞ց ես «Ոսկե ծիրանի» կազմում:

2014 թ. Դար 21-ում էի աշխատում, որն այդ ժամանակ վերածվում էր 21 TV-ի: Կինո View հաղորդում ունեինք, որի շրջանակում ռեժիսորների հետ հարցազրույցներ էինք անցկացնում: «Ոսկե ծիրանի» օրերն էին և Երևանում էր օրինակ Ցզյա Չժանկեն, որը թեպետ մարդկանց լայն շրջանակի համար չէ, բայց շատ զիլ դեմք է: Բացի նրանից փառատոնը հյուրընկալել էր Կիմ Կի Դուկին, Աննա Մուգլալիսին, որը հայտնի է Կոկո Շանելի, Սիմոնա դը Բովուարի կերպարներով: Ես այն ժամանակ որպես կինոլրագրող լուսաբանում էի նրանց, բայց հետո սկսեցի օրաթերթի համար գրել: 2017 թ. ներկա գտնվեցի Բեռլինի, Կաննի և Վենետիկի փառատոններին և իմ կյանքում շրջադարձային պահ եղավ: Հարություն Խաչատրյանը նկատեց ինձ և առաջարկեց միանալ «Ոսկե ծիրանի» կազմին:

 

Այս տարի մենք հնարավորություն ունենք գուցե Կուարոնից, դել Տորոյից ու Ինյարիտուից ավելի քիչ հայտնի ռեժիսորի տեսնել ու լսել, բայց  նա ևս այդ օդն է շնչել, հենց այդ հողի ու օդի օգնությամբ է դառել Ռեյգադաս և այսօր «Ոսկե արմավենու» դափնեկիր է:

 

Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել փառատոնը:

Այս ընթացքում իհարկե շատ փոփոխություններ են եղել փառատոնում: Կարող եմ մոտավորապես պատկերացնել՝ ինչպես է աշխատում Հարություն Խաչատրյանը, քանի որ ոչ այնքան վաղուց եմ միացել թիմին: Տեսնում եմ՝ ինչպես է աշխատում նոր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը: Իհարկե նրանց աշխատելաոճերի մեջ տարբերություններ կան, քանի որ խոսքը սերունդների տարբերության մասին է, տարբեր մտածելակերպի ու խառնվածքի տեր մարդկանց մասին է, և շատ հարցերում նրանք համակարծիք չեն ու դա բնական է (ժպտում է): Բայց կա փառատոնի վիզուալ կմախք, որը կարծում եմ չի փոխվել և չի փոխվելու. այն երկրի, քաղաքի ամենակարևոր բարի մշակութային ավանդույթներից է: Թեպետ, ուզում եմ նշել, որ 10 տարի առաջ, երբ ես ռադիոյում էի աշխատում և մենք լրագրողներով, ռեժիսորներով փառատոնի շրջանակում գնում էինք Ֆանի Արդանի հետ հանդիպման, ինձ մոտ էլ կար կարծրատիպ. «Արդյո՞ք կարող ենք գնալ նրան լսել»: Հիմա էլ շատ մարդիկ այդ կարծրատիպով են առաջնորդվում, մտածում են՝ արդյոք կարող են գնալ այս կամ այն մարդուն տեսնել, լսել և ինչու ոչ՝ զրուցել նրա հետ: Այս տարի փորձել ենք և դեռ փորձում ենք վերացնել այդ մտածելակերպը, հասկացնել մարդկանց, որ այո՛ «Ոսկե Ծիրանի» տոմսերը վաճառվում են, այո՛ public talk-երը կան և հասանելի են բոլորին և անվճար են: Հիմնականում փառատոնը մարդկանց համար է:

Ի՞նչ պետք է իմանալ այս տարվա «Ոսկե ծիրանի» մասին :

Կարևոր է իմանալ, որ այս տարի տոմսերն են թանկացել: Այլևս ավանդական 500 դրամանոց տոմսեր չկան: 1000 դրամից է սկսվելու, բայց այդ գումարը չի գերազանցելու երևանյան կինոթատրոնների սովորական ֆիլմերի սեանսների տոմսերի արժեքը:
Իմ կարծիքով երևանցին և ընդհանրապես հայ սպառողը չի սիրում արվեստի համար գումար ծախսել և շատ է ծախսում գաստրո մշակույթի վրա:

Այս տարի առաջին անգամ պայուսակներ, շապիկներ և պաստառներ ենք վաճառելու: Վիլյամի (Կարապետյան) հետ երկար խոսեցինք և կոնցեպտը միասին մշակեցինք: Խորացանք մինչև խուժան, փախած, սիրուն, սյուռ, գրուզիտ կինո (ժպտում է): Ինքս էլ եմ այդ բառերը հաճախ օգտագործում, դրա համար երկուսիս էլ միտքը դուր եկավ: Ինչպես նաև օգտագործեցինք «Կոֆե կենտրոն կինո» արտահայտությունը, որը ֆեյսբուքից է եկել ու դասական դարձած արտահայտություն է և հարազատ է բոլորին:

Բոլոր այն մարդիկ, որոնք իրենց տանը որպես հուշ ցանկանում են ունենալ 2019-ի «Ոսկե ծիրան» փառատոնի հետ կապված ինչ-որ բան, կարող են դրանք ձեռք բերել: Փորձել ենք մաքսիմալ մատչելի լինի: Տեսականին իհարկե մեծ չէ, բայց ավելի լավ է ունենալ քիչ, բայց որակով և հետագայում հասկանալ՝ մարդիկ ինչի նկատմամբ ունեն հետաքրքրություն:

 

«Հոմանիշներ» ֆիլմն եմ խորհուրդ տալիս, որը հաղթեց Բեռլինի կինոփառատոնում: Այս գործը ևս շատ համամարդկային է, բայց որոշ չափով նաև չակերտավոր խիստ հայկական:

 

Ուզում եմ նաև նշել, որ այս տարի բացօթյա ֆիլմեր էլ են լինելու, որոնք պետք է դիտել: Դրանցից մեկը Բերտոլուչիի «Երազողները» գործն է, մյուսը գերմանական «Բրեխտ» գործն է: Բերտոլուչին սիմվոլիկ է, քանի որ նա անցած տարի է մահացել և այսպես մենք ուզում ենք պատվել նրա հիշատակը, ու բացի այդ «Երազողները» հայկական վարձույթ դուրս չի եկել և սա առաջին պաշտոնական ցուցադրությունն է օրիգինալ լեզվով: Այն Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճում է լինելու, որը երևանցիների համար շատ սիրելի տեղ է:

Քանի որ արդեն Ազգային ժողովը վերածվել է հանրային տարածքի, մենք դրա այգում էլ ցուցադրելու ենք Ֆրանկո Ձեֆիրելլիի «Թեյախմություն Մուսոլինիի հետ» ֆիլմը: Այն լայն մասսաների համար է նախատեսված, շատ թեթև նայվում է,  ու վստահ եմ, որ հանդիսատեսն այն կսիրի: Ի դեպ գլխավոր հերոսուհիներից մեկն էլ հայազգի Շերն է (ժպտում է):

 

Բացի ազգային կոմպլեքսից այդ ֆիլմում կա էսթետիկա, հումոր, սատիրա, Եվրոպայի տոլերանտ արդի խնդիրը, որը ցույց է տվել նաև Ռուբեն Էսթլունդն իր «Քառակուսի» ֆիլմում:

 

Դիանա, խոսենք ֆիլմերից: Ինչպե՞ս է ֆիլմերի ընտրությունը կատարվում:

Տես, մենք ունենք մրցույթային ծրագիր, որի ընտրող կազմում եմ նաև ես: Ընտրել ենք 12 մրցույթային ֆիլմ: Ընտրության բարդությունն այս դեպքում այն է, որ այդ ֆիլմերը չպետք է լինեն A դասի հաղթանակ ստացած գործեր, քանի որ ծիծաղելի կլինի Վենետիկոմ «Ոսկե առյուծ» ստացած ֆիլմը բերել մեր փառատոնում մրցելու: Այդ իսկ պատճառով էլ այդ տեսակ ֆիլմերը մտնում են երևանյան պրեմիերաների մեջ: Բացի այդ թեման է կարևոր, քանի որ այն պետք է որոշ չափով երևանցուն հարազատ լինի:

Իսկ այս տարվա ֆիլմերից որո՞նք խորհուրդ կտաս դիտել:

Oրինակ մի ֆիլմ խորհուրդ կտամ, որը մեր մենթալիտետին շատ է համապատասխանում: Այն կոչվում է «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա»: Այս ֆիլմը դիտել եմ Բեռլինում: Այն սեքսիստական, պատրիարխալ, չափից դուրս հավատացյալ, հիպեր եկեղեցական ավանդույթներին հետևող հասարակության մասին է և մեր իրականությանը շատ է նման: Իրոք խորհուրդ կտամ դիտել, այն շատ զիլ սատիրա է և ես կարծում եմ, որ այս տեսակ ֆիլմեր պետք է լինեն և շատ:
Կան ֆիլմեր, որոնք տարածաշրջանային տիրույթներից դուրս են, ասինքն՝ դրանք ավելի փիլիսոփայական, հավերժ թեմաների մասին են: Օրինակ Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերում դու չես տեսնում Իտալիան, ի տարբերություն Ֆեդերիկո Ֆելինիի գործերի, որտեղ Իտալիան մասնակցում է: Անտոնիոնին դուրս է իտալական շրջանակներից: Ուզում եմ ասել, որ կան ռեժիսորներ, որոնք լոկալ խնդիրը դարձնում են համամարդկային:

Խորհուրդ կտամ Դընի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու» ֆիլմը, որը նույնպես մրցույթային ծրագրում է և սահմաններից դուրս է, նկատի ունեմ՝ այն աշխարհագրական ոչ մի որոշյալ կապ չունի: Նույն թեմայով է Ալիչե Ռորվախերի «Հրաշքներ» ֆիլմը, որտեղ ի դեպ Մոնիկա Բելուչին է նկարահանվել: Թեման դատարկվող գյուղերն են, այսինքն՝ ինչպես է գյուղացին ձգտում քաղաքի կյանքին:

Խորհուր կտամ նաև «Օլեգ» ֆիլմը, որը նկարագրում է խոպանչու ծանր կյանքը և միայն հայերը չեն, որ գնում են Ռուսաստան ծանր գործ անելու, ապրում են վտանգավոր, հակահիգենիկ պայմաններում, թողնում ծողներին, ընտանիքը, կուտակած պարտքերը և աշխատում, որ մի օր հետ գան: Ֆիլմի վիզուալ մասը եվրոպական է, բայց միջուկը մեզ հասանելի  ու հասկանալի է (ժպտում է):

 

Իմ կարծիքով երևանցին և ընդհանրապես հայ սպառողը չի սիրում արվեստի համար գումար ծախսել և շատ է ծախսում գաստրո մշակույթի վրա:

 

Արտամրցույթային ֆիլմերից «Հոմանիշներ» ֆիլմն եմ խորհուրդ տալիս, որը հաղթեց Բեռլինի կինոփառատոնում: Այս գործը ևս շատ համամարդկային է, բայց որոշ չափով նաև չակերտավոր խիստ հայկական: Այն փոքր ազգերի կոմպլեքսի մասին է: Գլխավոր հերոսն ուզում է փախչել իր հրեական արմատներից և դառնալ ֆրանսիացի: Նա հաստատվում է Փարիզում և սկսում ընկերություն անել հարուստ արիստոկրատ ընտանիքից մի երիտասարդի հետ: Ֆիլմում հատված կա, որ անգամ հոր հետ սկայպով խոսելիս նա հարազատ եբրայերենով չի խոսում, այլ խոսում է ֆրանսերեն: Ընկերը, հակառակը հագնում է կիպա, մտնում է մետրո և քթի տակ հրեական երգեր մրմնջում: Դա հիշեցնում է այն հայերին, որոնք Գլենդելում իրենց մեքենայի համարներին հայկական նշաններ են փակցնում, կամ երաժշտությունն են բարձր միացնում (ժպտում է): Դա մեզ ծանոթ կոմպլեքսների մասին է, դրանք կոնկրետ ազգերի մոտ կան զարգացած: Բացի ազգային կոմպլեքսից այդ ֆիլմում կա էսթետիկա, հումոր, սատիրա, Եվրոպայի տոլերանտ արդի խնդիրը, որը ցույց է տվել նաև Ռուբեն Էսթլունդն իր «Քառակուսի» ֆիլմում:

Ես չեմ տեսել Կաննի այս տարվա հաղթող «Մակաբույծ» ֆիլմը, քանի որ չէի գնացել Կանն: Հետաքրքիր է տեսնել այն, համեմատել ռեժիսորի նախորդ «Օկջա» ֆիլմի հետ, որը այս մեկի պես երգիծական է: Իրականում, երբ կոնտեքստից դուրս ես նայում այս կամ այն ֆիլմը, բարդ է այն համեմատել, այսինքն, երբ չկան բոլոր մրցույթային ֆիլմերը, մի քիչ բարդ է դրա լավ կամ վատ լինելը հասկանալ, բայց  ամեն դեպքում, եթե սինեֆիլ կամ պարզապես որակյալ կինո նայող մարդ ես, լավ կլինի նայես Բեռլինի, Կաննի և Վենետիկի հաղթողներին և տեսնես՝ աշխարհում ինչ է տեղի ունենում:

Ինչ վերաբերում է Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ» ֆիլմին, ապա դրա հիմքում իրական պատմություն է տեղ գտել: Այս ֆիլմը եկեղեցական մանկապիղծի մասին է, որի ձեռքի տակով անցել են բազմաթիվ տղաներ, որոնք բնականաբար առանց ծնողների ամառային ճամբար էին գնում և ենթարկվում սեռական բռնության:
Ուզում եմ ընդգծել, որ Օզոնը շատ հակաօզոնական ֆիլմ է ստեղծել (ժպտում է), քանի որ այս գործում շատ ուժեղ է քաղաքական էլեմենտը, սոցիալական էլեմենտը: Այն երեք տղամարդկանց մասին է, որոնցից մեկը հարուստ է, մյուսը միջին խավի, իսկ երրորդը՝ միջինից մի քիչ ցածր խավի ներկայացուցիչ: Ֆիլմը ցույց է տալիս, թե  ինչ բարդույթների հետ են առնչվում նրանք կյանքում:

Կա փառատոնի վիզուալ կմախք, որը կարծում եմ չի փոխվել և չի փոխվելու.այն երկրի, քաղաքի ամենակարևոր բարի մշակութային ավանդույթներից է:

Այս գործն ասես լրագրողական հետաքննություն լինի և դրա համար էլ ասում եմ, որ  Օզոնի ֆիլմերից  կտրուկ տարբերվում է և ես կարծում եմ, որ ռեժիսորը կանխամտածված է գնացել այդ քայլին: Սա համամարդկային խնդիր է և սրան բոլոր ազգերն են բախվում:

Խորհուրդ կտամ մեր «Ծուռ ծիրան» ծրագրում ընդգրկված ֆիլմերը: Օրինակ Քլեր Դենիի «Բարձրաշխարհիկ կյանք» ֆիլմը, որտեղ նկարահանվել է Ռոբերտ Փեթինսոնը: Համացանցում ֆիլմը կա վատ որակով, բայց խորհուրդ կտայի գալ և այն մեծ էկրանին դիտել, քանի որ հայկական վարձույթ այն չի մտել և սա այն լավ որակով  դիտելու լավ հնարավորություն է:

«Ծուռ ծիրանից» սարսափ ժանրի սիրահարներին խորհուրդ կտամ «Կտորի մեջ» ֆիլմը, որտեղ փոքր դերով հանդես է եկել «Գահերի խաղի» աստղերից մեկը՝ Գվենդոլին Քրիստին:

Բացի այդ խորհուրդ եմ տալիս «Այրվող կնոջ դիմանկարը», որը Կաննում հաղթել է «Լավագույն սցենար» անվանակարգում: Ես այն չեմ դիտել, բայց կարծում եմ, որ արժանի գործ է (ժպտում է):

Իսկ ո՞ւմ հետ հանդիպումներին խորհուրդ կտաս գնալ:

Վերջերս եմ բացահայտել Ալեքսանդր Մինդաձեին, քանի որ խորհրդային շրջանի արթհաուզ քիչ եմ դիտել, իսկ ինքը խորհրդային շրջանի արթհաուզային ֆիլմերի սցենարիստ է և որպես ռեժիսոր մի քանի ֆիլմ է նկարահանել: «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր» ֆիլմն եմ դիտել, որը մի քանի տարի առաջ ցուցադրվեց «Ոսկե ծիրանի» շրջանակում: Այնքան էր դուր եկել ինձ, որ երկրորդ անգամ էլ դիտեցի: Սա այն ֆիլմերից է, որ դիտում ես ու գուցե միանգամից չհասկանաս ինչ և ոնց եղավ, բայց շատ տպավորիչ է ու ֆիլմի էմոցիաները, էսթետիկան ազդում են քո վրա: Սա այն ֆիլմերից է, որ ամեն անգամ տարբեր էմոցիաներ և զգացողություններ կարթնացնեն ներսումդ: Գիտես, ես շատ հարցեր ունեմ Մինդաձեի համար պատրաստած, այդ իսկ պատճառով էլ նրա հետ հանդիպմանը ներկա գտնվելը կարևոր եմ համարում:

 

Վիլյամի հետ երկար խոսացինք և կոնցեպտը միասին մշակեցինք: Խորացանք մինչև խուժան, փախած, սիրուն, սյուռ, գրուզիտ կինո:

 

Անցած տարի, երբ ես Վենետիկում էի, Ալֆոնսո Կուարոնը «Ռոման» էր ներկայացնում, իսկ Կառլոս Ռեյգադասը «Մեր ժամանակը», և բոլորը խոսում էին մեքսիկական ալիքի մասին: Հետաքրքիր է, որ այդ տարի Գիլերմո դել Տորոն էլ ժյուրիի նախագահն էր, ու այս տարի էլ Ինյարիտուն էր գլխավորում Կաննի ժյուրիի կազմը: Մեքսիկական կինոն զարգանում է և շատ ասելիք ունի, գիտես: Այս տարի մենք հնարավորություն ունենք գուցե Կուարոնից, Դել Տորոյից և Ինյարիտուից ավելի քիչ հայտնի ռեժիսորի տեսնել և լսել, բայց  նա ևս այդ օդն է շնչել, հենց այդ հողի և օդի օգնությամբ է այն դարձել Ռեյգադաս և այսօր «Ոսկե արմավենու» դափնեկիր է: Այսինքն, եթե մարդկանց հետաքրքիր է նոր մեքսիկական ալիքը, կարծում եմ պետք է և՛ դիտել Ռեյգադասի ֆիլմերը, և՛ գալ ու խոսել նրա հետ:

 

Զրուցեց՝ Մարիամ Սուքիասյանը
Լուսանկարները՝ VNews-ի
Հատուկ շնորհակալություն՝ “Gouroo Club & Garden” ռեստորանին

տես նաև՝

Զրուցեցինք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ

Զրուցեցինք Նարինե Դովլաթյանի հետ

Զրուցեցինք Էդգար Բաղդասարյանի հետ

Զրուցեցինք Գերման Ավագյանի հետ

Զրուցեցինք Արեգ Բալայանի հետ

Զրուցեցինք Առնո Խայաջանյանի հետ

Զրուցեցինք Տիգրան Սուչյանի հետ

Զրուցեցինք Տաթև Հովակիմյանի հետ

Զրուցեցինք Արտյոմ Մանուկյանի հետ

Զրուցեցինք Արշալույս Հարությունյանի հետ

Զրուցեցինք Ամիրյան Միշի հետ

Զրուցեցինք Միքայել Արամյանի հետ

Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Զրուցեցինք ուկրաինական Harper’s Bazaar-ի խմբագիր Անտոն Երեմենկոյի հետ

Разговор по душам с Лусинэ Аянян

Разговор по душам с Мариной Барыкиной

 


Տասնամյակի լավագույն ֆիլմերը. Time

10 փաստ Հրաչյա Ներսիսյանի մասին, որ գուցե չգիտեք

25-րդ կադրի պատմությունը…

11րդ. ReAnimania-ն Հայաստանում

10 փաստ Սոս Ջանիբեկյանի մասին…

Վուդի Ալենի 10 սիրելի ֆիլմերը

10 փաստ, որ գուցե չգիտեք. Խորեն Աբրահամյան

Խորեն Լևոնյան. 10 փաստ, որ գուցե չգիտեք

10 փաստ, որ գուցե չգիտեք… Նարինե Գրիգորյան

Ջիգարխանյան…

Ազնիվ գողեր [լուսանկարներ պրեմիերայից]

5 ֆիլմ հայտնի գրողների մասին

Անհայտ բաժանորդ [լուսանկարներ պրեմիերայից]

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել