fbpx

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Այս անգամ մեր հետ իր զրույցում անկեղծանում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը:

Սկսեմ իմ ավանդական հարցից: Վարյա, կպատմե՞ս քո մասին:

Ես ավարտել եմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտի Կինոգիտության բաժինը, սակայն երբեք որպես կինոգետ հանդես չեմ եկել, և միայն ուսանողական տարիներին եմ հոդվածներ գրել: Այն ժամանակ էլ որպես կամավոր աշխատում էի «Ոսկե ծիրանում», դա 2008 թ. էր և փառատոնն արդեն 5-րդ տարին էր գործում: Մայրս փառատոնի հանձնաժողովում էր: Կխաբեմ, եթե ասեմ, որ կինոյի նպատմամբ հատուկ սեր եմ տածել նախկինում, թեպետ ծագումով կինոգետների ընտանիքից եմ:

Ի սկզբանե պատրաստվում էի ընդունվել ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Մենք այն տարիներին Մուղնիում էինք ապրում, և քանի որ դասերից հետո անելիք չունեի և տուն գնալ  էլ չէի կարող, գալիս էի մայրիկիս աշխատավայր: Ինձ սկսեցին ինչ-որ բաներ հանձնարարել և արդեն ներսումս կասկած առաջացավ: 10-րդ դասարանում որոշեցի, որ ամենայն հավանականությամբ կինոյով կզբաղվեմ: Քանի որ լրագրությանն ամենամոտը սցենարական բաժինն էր, որոշեցի , որ Թատերականում հենց այդ բաժին կընդունվեմ: Ցավոք այն այդ տարի չէր գործում, և ինձ համոզեցին, որ կինոգիտությունն ամենամոտն է սցենարական գործին, և գուցե անգամ ավելի հետաքրքիր լինի:

 

Ուզում ենք, որ մարդկանց մոտ զարգանա կինո գնալու, տոմսի վրա գումար ծախսելու մշակույթը:

 

Իրականում այն բեկումնային կետը, որից հետո սկսեցի կինոյով զբաղվել «Ոսկե ծիրանն» էր: Մեծ բան չէի անում (ժպտում է), միայն հրավիրատոմսերի վրա կարգն ու տեղն էի գրում, բայց այդ մթնոլորտը գերեց ինձ: Նայում էի մարդկանց և մտածում, որ հավանաբար նրանք աշխարհի ամենահետաքրքիր գործով են զբաղվում (ժպտում է):

Իսկ կհիշես՝ այդ տարի ինչպիսի՞նն էր փառատոնը:

Այդ տարի փառատոնն աչքի ընկավ, քանի որ հյուրընկալեց Վիմ Վենդերսին, Աբաս Քիառոստամիին, Անտոնիոնիի կնոջը:

Ի դեպ կինեմատոգրաֆի հանդեպ անսահման սիրուս համար Միքելանջելո Անտոնիոնիին եմ շնորհակալ, քանի որ նրա «Զաբրիսկի պոինտ» և «Ֆոտոընդարձակում» ֆիլմերը մեկընդմիշտ փոխեցին կյանքս:
Համալսարանական տարիներին «Ոսկե ծիրանին» զուգահեռ մի քանի այլ փառատոններում էլ էի ներգրավված: Սկզբում հայերեն ենթագրեր էի տեղադրում, ինձ էին այդ գործը վստահել: Իրականում շատ ծանր և ձանձրալի աշխատանք էր, գիտես (ժպտում է): Իհարկե ֆիլմն առաջիններից դիտելու հնարավորություն էի ստանում, բայց միևնույն ժամանակ շատ լարված էի, քանի որ վայրկյան առ վայրկյան պետք է դրվեին ենթագրերը:

Ամեն ֆիլմի վրա մոտ 10 օր էի ծախսում, և այդ ընթացքում հասցնում էի ատել աշխատանքս (ժպտում է): Բացի այդ փառատոնի ընթացքում որպես կամավոր հանձնարարություններ էի ստանում և ինձ կարևորված էի զգում: Երբ փառատոնն ավարտվում էր, բոլորիս մոտ ճգնաժամ էր սկսվում. չէինք պատկերացնում, թե մինչև մյուս տարի ինչպես ենք դիմանալու:

Այնուհետև մի քանի տարի անց ես մեկ տարով մեկնեցի Գերմանիա՝ լեզուն ուսումնասիրելու: Հետ չէի ուզում գալ, բայց Բեռլինի կինոփառատոնի ժամանակ Հարություն Խաչատրյանը և Սուսաննա Հարությունյանն ինձ առաջարկեցին, որ ժամանակից շուտ հետ գամ և զբաղվեմ հյուրերի սերվիսով (guest service): Համաձայնվեցի, և մի քանի տարի դրանով զբաղվելուց հետո արդեն ստանձնեցի Միջազգային բաժինը ղեկավարելու պատասխանատվությունը և արդեն 2017 թ. այնտեղ եմ:

Դժվարություններ կա՞ն: 

Իհարկե դժվարությունները շատ են, քանի որ բոլոր հյուրերի համար պատասխանատվություն եմ կրում: Այս տարի ուրախ եմ, որ չունենք քմահաճ հյուր: Այդ տեսանկյունից Կառլոս Ռեյգադասն աշխարհի ամենահաճելի անձնավորությունն է: Նրան բիզնես դասի տոմս էի գնել, բայց խստապահանջ չէ և խոստովանեց, որ կարող էր անգամ էկոնոմ դասի տոմսով էլ Հայաստան գալ: Շատ քիչ են այս տեսակ դեպքեր պատահում: Համեմատության համար նշեմ, որ Արոնոֆսկու դեպքում պատկերը լրիվ այլ էր: Մի քանի տարի շարունակ գրում էի նրան և բացասական պատասխաններ ստանում, բայց անցած տարի ի զարմանս ինձ նա միանգամից համաձայնվեց: Իրականում շատ հետաքրքրված էր տարաճաշրջանով: Շատ քմահաճն էր, գիտես (ժպտում է). ցանկանում էր մեքենայով Ռուսաստանից Վրաստան ուղևորվել, իսկ այնտեղից Հայաստան: Ես նրան օրեր շարունակ բացատրում էի, որ Ռուսաստանից Վրաստան չի կարող մեքենայով հասնել, քանի որ ռիսկային է, և ես չեմ կարող այդքան մեծ պատասխանատվություն ստանձնել ինձ վրա: Համոզեցի, բայց ամեն դեպքում որոշեց, որ Վրաստանից Հայաստան ինքն է վարելու մեքենան: Որքան էլ որ ծիծաղելի չի հնչում, մոտ 5 ամիս չէինք կարողանում գտնել նրա ուզած մեքենան, հետո իհարկե եկանք ընդհանուր հայտարարի (ժպտում է):

 

Շատ եմ սպասում Արթուր Արիստակիսյանի և Կառլոս Ռեյգադասի զրույցին, քանի որ և՛ ֆորմատն է շատ հետաքրքիր, և՛ այս երկուսին մեկ վայրում տեսնելը, քանի որ շատերը չգիտեն, բայց Ռեյգադասը շատ է սիրում Արիստակիսյանին:

 

Իրականում մարդիկ չեն տեսնում գործիդ հակառակ կողմը, թեպետ դու գործ ունես աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր ռեժիսորների հետ, և պետք է լինես և՛ նուրբ, և՛ թույլ չտաս, որ նրանք առիթից օգտվեն:

Մյուս անտեսանելի կողմն էլ այն է, որ օրինակ անցած տարի շատ հյուրեր ունեցանք, թեպետ ավելի քիչ թվով նամակ էինք ուղարկել նրանց: Պարզապես նրանք ազատ ժամանակ ունեին և համաձայնվեցին պատվել մեզ իրենց ներկայությամբ: Այս տարի մոտ 150 հյուրի ենք գրել, և բոլորս օգտագործել բոլոր հնարավոր կոնտակտները, բայց ավելի քիչ թվով մարդ է արձագանքել:
Սա բախտի բան էլ է:

Այս գործի ամենադաժան կողմը ֆիլմերի համար արվող բանակցություններն են, քանի որ, եթե հյուրերի դեպքում դու գործ ունես մարդու հետ, որը քեզ ամեն դեպքում կհասկանա, ֆիլմերի դեպքում այլ սկզբունքներ են գործում: Դու ուզում ես, որ փառատոնիդ շրջանակներում ցուցադրվեն Բեռլինի, Կաննի և Վենետիկի հաղթող ֆիլմերը, բայց հաճախ խնդիրներ են առաջանում: Հայաստանի համար ամենամեծ խոչընդոտն այն է, որ մեր տարածաշրջանի համար բոլոր իրավունքները միջազգային մատակարարները Ռուսաստանին են տալիս: Ռուսները ֆիլմերը ձեռք են բերում, բայց դրանք լավագույն դեպքում ամիսներ հետո են տեղ հասնում, կամ էլ շատ թանկ են վերավաճառվում:

Մյուս խնդիրն էլ այն է, որ երբեմն ֆիլմը պատվիրելիս պայմանավորվում ենք, որ այն անգլերեն ենթագրերով լինի, բայց վերջին օրով զանգում և ասում են, որ առանց ենթագրերի է:

 

Երբ փառատոնն ավարտվում էր, բոլորիս մոտ ճգնաժամ էր սկսվում: Չէինք պատկերացնում, թե մինչև մյուս տարի ինչպես ենք դիմանալու:

 

Իսկ կհիշես՝ հյուրերի հետ կապված ամենազվարճալի դեպքը ո՞րն է եղել:

Ամենավառ և զվարճալի հյուրերից մեկը Նաստասյա Կինսկին էր, որը բոլորիս էր զվարճացնում իր հումորով: Իր հետ շատ տարօրինակ դեպքեր են եղել: Հիշում եմ՝ հարցազրույցներից հետո միկրոֆոնն իր հետ սենյակ էր տանում: Ամեն օր գնում էինք խնդրում, որ այն մեզ տա: Նեղանում էր, հուզվում էր, մի օր մեզ հետ լավ էր, մի օր վատ, մի օր սիրում էր մեզ, մի օր էլ ատում (ժպտում է):

Մյուս զավեշտալի դեպքը Կիմ Կի Դուկի հետ է կապված: Անգլերեն ընդհանրապես չէր խոսում: Երեկոյան գնացել էինք ընդունելության և շատ ուժեղ անձրև էր գալիս, իսկ ես էլ թրջվել էի: Միայնակ կանգնած էի, մոտեցավ ինձ, կորեերեն ինչ-որ բան ասաց և բաճկոնը հանեց գցեց ուսերիս և սուս-փուս անձրևի տակ գնաց (ժպտում է): 

Վարյա, իսկ այս տարվա փառատոնի մասին ի՞նչ կասես: Ի՞նչ պետք է իմանալ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի մասին:

Գնային քաղաքականությունից կուզենայի խոսել: Նշեմ, որ միշտ «Ոսկե ծիրանի» տոմսերն արժեցել են 500 դրամ, և մենք  նոր թիմով կարծում ենք, որ դա սխալ է, քանի որ այդպես արժեզրկվում են այն բոլոր ֆիլմերը, որոնք բերում ենք փառատոնում ցուցադրելու: Դրանք բերելը շատ մեծ ջանքերի հետ է կապված, բացի այդ ահռելի գումարներ ենք վճարում հեղինակային իրավունքների դիմաց:

Մինչև ժամը 18:00-ը ցուցադրությունները կարժենան 1000 դրամ, իսկ երևանյան պրեմիերաները՝ 2000-2500 դրամ: Օրինակ Ջիմ Ջարմուշի «Մեռածները չեն մահանում» ֆիլմը կունենա միայն մեկ ցուցադրություն և մի քանի այլ ֆիլմեր էլ միայն մեկ ցուցադրություն կունենան:
Ուզում ենք, որ մարդկանց մոտ զարգանա կինո գնալու, տոմսի վրա գումար ծախսելու մշակույթը:  Բայց սա դոգմատիկ չէ, քանի որ մենք համագործակցում ենք iDram-ի հետ, և եթե վերջինիս միջոցով տոմս ձեռք բերվի մարդիկ cashback-ի հնարավորություն կունենան:

 

Կինեմատոգրաֆի հանդեպ անսահման սիրուս համար Միքելանջելո Անտոնիոնիին եմ շնորհակալ, քանի որ նրա «Զաբրիսկի պոինտ» և «Ֆոտոընդարձակում» մեկընդմիշտ ֆիլմերը փոխեցին կյանքս:

 

Նշեմ նաև, որ բացօթյա ցուցադրություններ էլ են լինելու: Առնվազն 2 և առավելագույնը 4 բացօթյա ցուցադրություն ենք փորձում կազմակերպել: Մեկն արդեն հաստատված է. ցուցադրելու ենք Բեռնարդո Բերտոլուչիի «Երազողները» ֆիլմը, և այս քայլով ցանկանում ենք պատվել մեծն ռեժիսորի հիշատակը:

Իրականում լավ որակով բացօթյա ցուցադրություններ Հայաստանում կազմակերպելը շատ բարդ գործ է, քանի որ հարթակներն են քիչ: Փորձում ենք օգտագործել Մոսկվա կինոթատրոնի բաց դահլիճը և այն տեսքի բերել: Տեսնենք՝ ինչպես կստացվի: Թեպետ այլ տարբերակներ էլ կան, նախապատվությունը տալիս ենք հենց Մոսկվա կինոթատրոնի դահլիճին, քանի որ դրա տեղն ավելի հարմար է:
Ուզում եմ նաև հիշեցնել, որ փոքր ֆորմատի բացօթյա ցուցադրություններ նախկինում արել ենք, օրինակ Սիրահարների այգում, բայց ուզում ենք ընդլայնվել և ուզում ենք, որ ավելի շատ մարդ այս ամենի մեջ ներգրավվի:.

Իսկ այս տարի փառատոնի հետ կապված մարտահրավերներ եղե՞լ են: 

Ամենամեծ մարտահրավերն ավելի երիտասարդ հանդիսատեսին դեպի փառատոն գրավելն է: Այս խնդրին բախվել ենք այս տարի, քանի որ «Ոսկե ծիրանն» արդեն ունի հարգված հանդիսատես, որը ձևավորվել է 16 տարիների ընթացքում, բայց վերլուծելով հասկանում ենք, որ մեծամասամբ դա ավելի տարիքով մարդիկ են և կա կարծրատիպ, որ փառատոնը փակ միջոցառում է և նախատեսված է կոնկրետ մարդկանց համար:

Մեզ համար այս տարվա ամենամեծ մարտահրավերն այն էր, որ պետք է հասցնեինք բացատրել մարդկանց, որ մեր փառատոնը բոլորի համար է: Դա փորձում ենք մեր քարոզարշավով անել, որի դիզայնի հեղինակն է Ուիլյամ Կարապետյանը: Կրճատել ենք հրավիրատոմսերի քանակը և ավելացրել տոմսերի քանակը, որ նոր հանդիսատեսի ներգրավենք: Մեզ համար նաև շատ կարևոր է iDram-ի հետ համագործակցությունը, քանի որ շատերն են բջջային հավելվածներից օգտվում:

 

Մարդիկ չեն տեսնում գործիդ հակառակ կողմը, թեպետ դու գործ ունես աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր ռեժիսորների հետ և պետք է լինես և՛ նուրբ, և՛ թույլ չտաս, որ նրանք առիթից օգտվեն:

 

Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս կինոսերներին:

Խորհուրդ կտամ բացի ֆիլմերից մասնակցել նաև վարպետության դասերին, որովհետև դրանք սովորաբար անցկացվում են հազվադեպ և մեծ հոնորարներով: Իհարկե մեզ մոտ ընդլայնված վարպետության դասեր չեն լինելու, բայց սա էլ է բացառիկ հնարավորություն ներկա գտնվել, լսել, մասնակցել, սովորել ոլորտի մասնագետներից: Անձամբ ես շատ եմ սպասում Արթուր Արիստակիսյանի և Կառլոս Ռեյգադասի զրույցին, քանի որ և՛ ֆորմատն է շատ հետաքրքիր, և՛ այս երկուսին մեկ վայրում տեսնելը, քանի որ շատերը չգիտեն, բայց Ռեյգադասը շատ է սիրում Արիստակիսյանին:

Ի՞նչ կտա այս տարվա «Ոսկե ծիրանը»:

Վստահաբար կտա շատ լավ ֆիլմեր, լավ կրթական ծրագրեր, որոնք նախկինում չեն եղել, “Talent Lab”եր, արտադրական հարթակ, որը մեկնարկել է նախորդ տարի: Սա շատ կարևոր է փառատոնի համար, քանի որ թե՛ փառատոնի, և թե՛ կինոյի ապագան դրանից է կախված:

Խոսքս Gaiff Pro-ի մասին է, որը մի քանի օր տևող արտադրական հարթակ է, որը հիմնականում ռեժիսորների և պրոդյուսերների համար է, որոնք ունեն նախագծեր և դրանք ներկայացնում են հովանավորներ գտնելու նպատակով: Պատահում է նաև, որ նրանք ֆինանսավորում չեն գտնում, բայց գրավում են արտասահմանցի որևէ պրոդյուսերի ուշադրությունը, որը վերցնում է նախագիծը և զարգացնում այն:
Օրինակ անցած տարվա նախագծերից մեկն ուղևորվեց Բեռլինի պրոեկտների շուկա և ես վստահ եմ, որ հետագայում հաջողություններ կգրանցի:

 

Այս գործի ամենադաժան կողմը ֆիլմերի համար արվող բանակցություններն են, քանի որ, եթե հյուրերի դեպքում դու գործ ունես մարդու հետ, որը քեզ ամեն դեպքում կհասկանա, ֆիլմերի դեպքում այլ սկզբունքներ են գործում:

 

Ինչ վերաբերում է մեր կինոյին, ապա ես կարծում եմ, որ դրա ապագան հենց այս տեսակ նախաձեռնություններից է կախված և իմ կարծիքով մեր երիտասարդները, թեպետ համալսարանում կամ առհասարակ Հայաստանում պրոդյուսինգի հետ կապված  բավարար գիտելիքներ չեն ստանում, գոնե մասնակցելով այս տեսակ հարթակներին կկարողանան քիչ-քիչ ստանալ այդ գիտելիքները և մասնագիտանալ: Մեր ամենաթույլ կողմը մեր լավ նախագծերը լավ ներկայացնել չկարողանալն է, և ես վստահ եմ, որ այս տեսակ հարթակները մեզ կօգնեն:

 

Զրուցեց՝ Մարիամ Սուքիասյանը
Լուսանկարները՝ VNews-ի
Հատուկ շնորհակալություն՝ “Avenue de Paris” սրճարանին

տես նաև՝

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ

Զրուցեցինք Նարինե Դովլաթյանի հետ

Զրուցեցինք Էդգար Բաղդասարյանի հետ

Զրուցեցինք Գերման Ավագյանի հետ

Զրուցեցինք Արեգ Բալայանի հետ

Զրուցեցինք Առնո Խայաջանյանի հետ

Զրուցեցինք Տիգրան Սուչյանի հետ

Զրուցեցինք Տաթև Հովակիմյանի հետ

Զրուցեցինք Արտյոմ Մանուկյանի հետ

Զրուցեցինք Արշալույս Հարությունյանի հետ

Զրուցեցինք Ամիրյան Միշի հետ

Զրուցեցինք Միքայել Արամյանի հետ

Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Զրուցեցինք ուկրաինական Harper’s Bazaar-ի խմբագիր Անտոն Երեմենկոյի հետ

Разговор по душам с Лусинэ Аянян

Разговор по душам с Мариной Барыкиной


Կյանքը դիալոգ է Աստծո հետ. Նարինե Գրիգորյան

Նա խարիսխ էր. Լևոն Ներսիսյան

Զրույց Gucci-ի ցուցադրության մասնակից՝ հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչը

Այն ինչ պետք է իմանալ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի մասին

«Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն (լուսանկարներ)

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցույթային ծրագրի գլխավոր ֆիլմերը. խորհուրդ է տալիս փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը

Այն, ինչ պետք է իմանալ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուր Կառլոս Ռեյգադասի մասին

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին