fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

Զրուցել ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նորելուկ տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ:

Հասմիկ, մի փոքր կպատմե՞ս քո մասին: Հետաքրքիր է՝ ի՞նչ ուղի է անցել «Ոսկե ծիրանի» նորընտիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը փառատոնի մեկնարկից ի վեր:

Ես Երևանի Պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի էի, երբ մեկնարկեց «Ոսկե ծիրանը»: Գնում էի կինոներ դիտելու, և երբ փառատոնն ավարտվեց, միացա կազմակերպիչների թիմին: Մի քանի տարի փառատոնի կազմում անցկացնելուց հետո, զգացի, որ անհրաժեշտ է ինչ-որ ուղղությամբ մասնագիտանալ: Ուղևորվեցի Վաշինգտոնի համալսարան՝ Վավերագրական կինո, այնուհետև՝ Շվեդիայի Լունդի համալսարան`Կինոարտադրություն սովորելու: Այդ երկու տարիների ընթացքում իմ պատկերացումներն այն մասին, թե մեդիայում և կինոոլորտում ինչ եմ ցանկանում անել, հստակեցվեցին: Վերադարձա Հայաստան և հիմնեցի HY pictures կազմակերպությունը, որը սկզբնական շրջանում միայն ֆիլմերով էր զբաղվում, իսկ հիմա նաև կոմիքսների արտադրությամբ:

Հասմիկ ի՞նչ տվեց քեզ այդ փորձը:

Ամենից առաջ, ես երջանիկ 20 ուսանողներից մեկն էի, բոլորս տարբեր երկրներից էինք, և դա բերեց նրան, որ այսօր ես ունեմ պրոդյուսեր ընկերների ամուր ցանց ամբողջ աշխարհից: Ծրագրի մյուս լավ կողմն էլ այն էր, որ վերջինս հենց համալսարանական մեծ Լունդ քաղաքում չէր իրականացվում, այլ մեզ պարտադրում էին ամեն օր երկու ժամ ծախսել ճանապարհի վրա, որ մի քաղաքից հասնենք մյուսը, որտեղ և գտնվում էին Շվեդիայի հարավային մասի՝ Սկոնեիի ստուդիաները: Եթե անգամ կինոստուդիայում գործ չէինք ունենում, ամեն օր մտնում էինք այդ տարածք, մեր դասերն այնտեղ էինք անցկացնում: Դասախոս պրոդյուսերները բերում էին իրենց գործընկերներին Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Դանիայից և հարևան բոլոր այլ երկրներից, և ասեմ, որ իրենց միջոցով էլ շատ լավ կապեր ենք հաստատել թե՛ պրոդյուսերների, և թե՛ սցենարիստների հետ:

 

Եթե հաստատ որոշել ես կինոյով զբաղվել, հաշվի պետք է առնես, որ քեզնից շատ ռեսուրսներ են պահանջվելու, մասնավորապես՝ ժամանակային և ֆինանսական, և եթե մինչև վերջ պատրաստ ես գնալ դրան, ապա ոչ մի փորձ և փորձառություն պետք չէ անպետքական համարել:

 

Որպես ոլորտի մասնագետ, ինչպե՞ս կգնահատես մեր կինոոլորտի վիճակը:

Այսօր մենք շատ հետաքրքիր իրավիճակում ենք, և թեպետ ֆինանսավորման խնդիրը լուրջ է, մենք լայն հնարավորություններ էլ ունենք, որովհետև ունենք փառատոններ, որոնք շատ մարդկանց են բերում մեր երկիր, ունենք հարևան երկրներ, որոնք բավականին հետաքրքիր իրավիճակում են կինոյում: Այստեղ միայն մի բաց կա՝ համատեղ շատ քիչ ֆիլմեր են արտադրվում (ժպտում է): Փորձը ցույց է տալիս, որ մենք նպատակ ենք հետապնդում համագործակցել Գերմանիայի, Ֆրանսիայի նման մեծ երկրների հետ, որոնց համեմատ մեր կինոոլորտը փոքր է, շատ փոքր: Իհարկե այդ երկրներում կան հաստատված սփյուռքահայ ռեժիսորներ և պրոդյուսերներ, որոնք ցանկանում են Հայաստանի հետ աշխատել, բայց իմ կարծիքով մենք Պարսկաստանի, Վրաստանի, մերձբալթյան երկրների հետ առաջ գնալու մեծ հնարավորություններ ունենք և պետք է դրանք օգտագործենք: Ասեմ, որ իրենց պատմությամբ այդ երկրները մեզ շատ նման են և արտադրության համար էլ ունեն համեմատաբար փոքր միջոցներ: Ես վստահ եմ, որ ճիշտ ռազմավարության դեպքում մենք կարող ենք հաջողության հասնել:

Իսկ լավ մտքեր ունե՞նք:

Մենք շատ ենք սիրում պատմություններ հորինել, մինչդեռ մեր կողքին կան այնպիսի իրական թեմաներ, որոնց մասին պետք է խոսել, որոնց մասին պետք է բարձրաձայնել: Ես, որպես հանդիսատես, հետաքրքրված եմ այն պատմություններով, որոնք հանդիպում են առօրյայում: Մենք ունենք իրական պատմությունների պակաս, հասկանո՞ւմ ես:

Ես համամիտ չեմ այն պնդման հետ, որ մենք գաղափարների պակաս ունենք, հակառակը՝ պատմություններ միշտ կան ու կլինեն: Իհարկե ինչքան շատ են դրանք, այնքան շատ են հանդիպում կրկնություններ, և այնքան դժվար է այդ ահռելի քանակից ընտրել այն մի քանիսը, որոնք քոնն են, որոնք խոսում են ներքնաշխարհիդ հետ, բայց ես չեմ կարծում, որ կինոյի տեսանկյունից մենք ճգնաժամային փուլում ենք: Ես վստահ եմ, որ այն պատմությունները, որոնց կարիքը բոլորս այդքան շատ ունենք, պարզ են և հասանելի:

 

Այս տարի կիսով չափ քիչ միջոց ենք ստացել, խոսքս պետական աջակցության մասին է, բայց անգամ այս սահմանափակումների դեպքում փորձում ենք մեզնից հասանելին անել և լավ անել:

 

Իսկ կոմերցիոն կինո՞ն: Ասում են՝ այն կինոոլորտի համար լուրջ սպառնալիք է:

Ես կարծում եմ, որ կոմերցիոն կինոն պետք է: Եթե շատ ֆիլմեր արտադրվեն, կինոթատրոններն այդ շատի միջից որակապես լավ ֆիլմերը կընտրեն: Մեր խնդիրն այն չէ, որ չլինեն այն ֆիլմերը, որոնք մենք որակապես վատն ենք համարում, այլ հակառակը՝ դրանք այնքան շատ լինեն, որ ձևավորվի առողջ մրցակցություն, իսկ այսօր ֆիլմերը լրացնում են այն թափուր տեղերը, որոնք կան:

«Ոսկե ծիրանի» ամենամեծ առավելությունը ո՞րն է:

«Ոսկե ծիրանի» շրջանակներում շատերն առաջին անգամ ցուցադրեցին իրենց գործերը, կազմակերպվեցին հայաստանյան կարևոր ցուցադրություններ, երբեմն անգամ անավարտ նախագծերն էին ցուցադրվում, քանի որ փառատոնի կարևոր մասերից մեկն արտադրական պլատֆորմն է: Շատ ֆիլմեր, որոնք այսօր հայտնի են, մի քանի տարի առաջ իրենց ճանապարհը սկսել են հենց «Ոսկե ծիրանի» մասնագիտական պլատֆորմից, որը նախատեսված է մարդկանց Հայաստան բերելու համար, իսկ տեղացի մասնագետները կարող են օգտվել այդ հնարավորությունից, կապեր հաստատել և համագործակցել իրենց արտասահմանյան կոլեգաների հետ:

Հասմիկ, ի՞նչ ուղի անցավ փառատոնն այս 15 տարիների ընթացքում:

Հսկայական ուղի անցավ, հսկայական (ժպտում է): Փառատոնի հիմնադիրները սկսեցին մի նախագիծ, որը դժվար էր պատկերացնել, որ կդառնա ամենամյա և ստաբիլություն ձեռք կբերի: Ես հիշում եմ՝ այն ժամանակ մենք չունեինք այն հանդիսատեսը, որը սրտատրոփ սպասում էր փառատոնին: Այսօր պատկերն այլ է: Վերջին տարիներին մենք ունենում ենք ֆիլմեր, որոնք դահլիճ են լցնում և մարդիկ պատրաստ են դրանց համար հերթի մեջ շատ ժամանակ անցկացնել: Սա շատ ուրախալի է, ինչ խոսք (ժպտում է):

Փառատոնի անձնակազմը փոխվել է: Տարաձայնություններ լինո՞ւմ են ձեր և հիմնադիրների միջև: Նկատի ունեմ հայացքների տարբերություն կա՞:

Հայացքների տարբերություն բնականաբար կա: Թվում է, թե հիմնադիրներն ալևս փառատոնի գործերին չեն մասնակցում, բայց ոչ՝ նրանք կան, և որոշումների կայացման գործընթացին միշտ էլ մասնակցում են: Իհարկե, պատահում է, որ նրանք չեն համաձայնվում մեզ հետ և զգուշացնում են, թե ինչ հետևանքների կհանգեցնի այս կամ այն որոշումը (ժպտում է):
Մեր սերունդը շատ ամբիցիոզ է,մենք վստահ ենք մեր ուժերին, և որ կարող ենք հասնել այն ամենին, ինչ ցանկանում ենք: Մի կողմից դա լավ է, բայց մետաղադրամը երկկողմանի է. երբեմն մենք անհեռատես ենք գտնվում:

 

Ես վստահ եմ, որ ճիշտ ռազմավարության դեպքում մենք կարող ենք հաջողության հասնել:

 

Հասմիկ, փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանն ասում էր, որ «Ոսկե ծիրանը» տարածաշրջանային փառատոն դարձնելու նպատակ կա: Հասմիկ, որքանո՞վ է դա հավանական:

«Ոսկե ծիրանը» միշտ էլ ուշադրության կենտրոնում է եղել: Մեր և մեր հարևան երկրների կինոն շատ հարազատ է, և սա արտահայտվում է պրոֆեսիոնալ պլատֆորմներում, որոնցից է օրինակ Gaiff Pro-ն: Այժմ ընդլայնում ենք կրթական ծրագրերի շրջանակը:
Այս տարի կգործի կարճամետրաժ տարածաշրջանային մրցույթը, որը նպատակ ունի բացահայտելու ռեգիոնի նոր երիտասարդ անունները, իսկ լիամետրաժ տարածաշրջանային մրցույթը կգնահատվի ՖԻՊՐԵՍԻ՝ միջազգային կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի ժյուրիի կողմից, այսինքն՝ այդ ծրագրին մենք մեր տարածաշրջանով ենք ներկայանալու: Մեր գլխավոր մրցույթը միջազգայինն է, բայց ժամանակը ցույց կտա, թե տարածաշրջանային ծրագրերը որքանով կդառնան կարևոր:

Անկեղծ ասած, մարդիկ իրենց պրեմիերաները փորձում են A կարգի փառատոններում ներկայացնել, այսինքն մենք չենք կարող ռեգիոնից պահանջել պրեմիերաներ, քանի որ մենք չունենք այն մեծ շուկան, որն ունի A կարգի փառատոնը: Հույս ունենք, սակայն, որ «Ոսկե ծիրանը» կվերաճի մի կետի, որտեղ մարդիկ կբացահայտեն այս ռեգիոնի նոր անուններին:

Մրցակիցներ ունե՞նք տարածաշրջանում:

Պարսկաստանն է շատ հզոր մրցակից, քանի որ և՛ քանակային, և՛ որակային և՛ հնարավորությունների տեսանկյունից պարսկական կինոոլորտը հսկայական է, և իրենց կինոարտադրության մեջ ավելի մեծ միջոցներ են ներդրվում: Հայաստան ճանապարհորդելն է թանկ, բայց եթե ուզում ենք ընդլայնել մեր շուկան, պետք է ավելի շատ մարդկանց ճանապարհածախս հոգալ և իրենց համար էլ պետք է մատչելի լինի հոգալ սեփական ծախսերը: Համեմատության համար նշեմ, որ եվրոպական որևէ փառատոնի մասնակցելու համար ծախսում ես 50 եվրո, իսկ Հայաստան հասնում ես 500 եվրոյով: Սա կողմնակի ֆակտոր է, սակայն որոշումների կայացման վրա ազդում է:
Մի բանն է լավ, որ եթե ինչ-որ ֆիլմ մասնակցում է Բեռլինի, իսկ այնուհետև՝ Կաննի կինոփառատոնին, դրանից հետո մեզ մոտ կցուցադրվի, քանի որ Թբիլիսիի փառատոնը դեկտեմբերին է, ու բացի այդ «Ոսկե ծիրանն» ամառային փառատոն է, իսկ ամռանը ճամփորդելը շատ ավելի հաճելի է:

 

Մեր խնդիրն այն չէ, որ չլինեն այն ֆիլմերը, որոնք մենք որակապես վատն ենք համարում, այլ հակառակը՝ դրանք այնքան շատ լինեն, որ ձևավորվի առողջ մրցակցություն, իսկ այսօր ֆիլմերը լրացնում են այն թափուր տեղերը, որոնք կան:

 

Իսկ ի՞նչ բացեր կան:

Մեզ համար ծավալային առումով վտանգավոր է ընդլայնվելը, քանի որ ավելի շատ ֆիլմեր և ծրագրեր ունենալու դեպքում մենք այդքան շատ կինոթատրոններ չունենք, որ դրանք ցուցադրենք: Մոսկվա կինոթատրոնից բացի կենտրոնում այլ տարբերակներ չունենք, այսինքն՝ սա այն բացն է, որը ֆինանսավորման հետ կապ չունի: Աշխարհի ողջ ֆինանսավորումն անգամ ունենալու դեպքում կենտրոնում այլ կինոթատրոններ չէինք կարողանալու կառուցել: Մարդիկ շատ են սիրում քաղաքի կենտրոնում կինոթատրոն գնալ, իսկ հաջորդ կինոթատրոնը տարածքային առումով շատ մոտ չէ, թեպետ Երևանը մեծ քաղաք չէ: Մենք ունենք շատ լավ ծրագրեր, որոնք ցուցադրվում են մոլերում տեղակայված կինոթատրոններում, որոնք ցավոք քչերն են վայելում: Ցանկանում ենք, որ այս տարի լինեն մեքենաներ, որոնք մասնակիցներին և հյուրերին կտեղափոխեն մեկ վայրից մյուսը:

Բացի այդ այս տարի, օրինակ բացօթյա ցուցադրություններն ավելի մասշտաբային կկազմակերպվեն, սակայն այս մասին չեմ ուզում դեռ ծավալվել, ավելի ուշ կասեմ (ժպտում է):

Մյուս բացն այն է, որ առանց պետական աջակցության փառատոնը դժվար է գոյատևում, և երբ պետական ֆինանսավորումը կրճատվում է, խնդրի առաջ ենք կանգնում: Այս տարի կիսով չափ քիչ միջոց ենք ստացել, խոսքս պետական աջակցության մասին է, բայց անգամ այս սահմանափակումների դեպքում փորձում ենք մեզնից հասանելին անել և լավ անել: Ունենք իհարկե հովանավորներ, որոնք անհիշելի ժամանակներից մեզ հետ են և խոսքը միայն գլխավոր հովանավորների մասին չէ: Այդ հովանավորներից են օրինակ այն սրճարանները, որոնք 15 տարիների ընթացքում սպասարկել են փառատոնի հյուրերին և դարձել փառատոնի մի մասը:

Հասմիկ, անցած տարի հյուրընկալեցինք Դարեն Արանոֆսկուն: Այս տարի հայտնիներ լինելո՞ւ են:

Իհարկե հանդիսատեսը սիրում է, երբ գալիս են հայտնի ռեժիսորներ, դերասաններ, կինոոլորտի գործիչներ, բայց ամեն տարի չէ, որ ունենում ենք մեծ և հանդիսատեսին արդեն ծանոթ անուններ: Մի փոքր ուշ հայտնի կլինի՝ հայտնի անուններ լինելու են այս տարի, թե ոչ, բայց վստահաբար կարող ենք ասել, որ այն ծրագրերը, որոնք արդեն հաստատված են խոստանում են հաճելիորեն զարմացնել բոլորին:

Դա շատ թանկ հաճույք է և հոնորար էլ է պահանջում, այնպես չէ՞:

Տես, բոլոր նրանք, որոնք գալիս են որպես ժյուրի կամ հստակ կարգավիճակով, հոնորար չեն պահանջում: Եթե հրավիրում ենք շատ հայտնի դեմքերի, որոնց անուններն իսկ արտաբերելիս փառատոնն ավելի շատ մարդ է ներգրավում, իհարկե այս դեպքում, որպես կանոն, հոնորարի կարիք զգացվում է, և սա բնական է, քանի որ այդ մարդը տարիների ընթացքում աշխատել է իր անվան և իմիջի վրա: Բայց այդ հոնորարը պիտի փառատոնի հիմնական բյուջեից դուրս՝ մասնավոր միջոցներից վճարվի, քանի որ չենք կարող պետական բյուջեյի հաստատված կամ հովանավորներից ստացված միջոցներով դա հոգալ, քանի որ դրանք օգտագործման հստակ ուղղվածություն ունեն:

 

Ես, որպես հանդիսատես, հետաքրքրված եմ այն պատմություններով, որոնք հանդիպում են առօրյայում:

 

Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաս բոլոր նրանց, որոնք ցանկանում են կինոյով զբաղվել:

Եթե հաստատ որոշել ես կինոյով զբաղվել, հաշվի պետք է առնես, որ քեզնից շատ ռեսուրսներ են պահանջվելու, մասնավորապես՝ ժամանակային և ֆինանսական, և եթե մինչև վերջ պատրաստ ես գնալ դրան, ապա ոչ մի փորձ և փորձառություն պետք չէ անպետքական համարել: Մեր կինեմատոգրաֆին պետք են բոլորը, անխտիր բոլորը՝ անգամ նրանք, որոնք թատերական կրթություն չունեն: Սա ոլորտ է, որտեղ պետք են մարդիկ, որոնք այնքան կսիրեն կինոն, որ անմնացորդ կնվիրվեն դրան:

Զրուցեց՝ Մարիամ Սուքիասյանը
Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի
Հատուկ շնորհակալություն՝ “Avenue de Paris” սրճարանին

տես նաև՝

Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ

Զրուցեցինք Նարինե Դովլաթյանի հետ

Զրուցեցինք Էդգար Բաղդասարյանի հետ

Զրուցեցինք Գերման Ավագյանի հետ

Զրուցեցինք Արեգ Բալայանի հետ

Զրուցեցինք Առնո Խայաջանյանի հետ

Զրուցեցինք Տիգրան Սուչյանի հետ

Զրուցեցինք Տաթև Հովակիմյանի հետ

Զրուցեցինք Արտյոմ Մանուկյանի հետ

Զրուցեցինք Արշալույս Հարությունյանի հետ

Զրուցեցինք Ամիրյան Միշի հետ

Զրուցեցինք Միքայել Արամյանի հետ

Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Զրուցեցինք ուկրաինական Harper’s Bazaar-ի խմբագիր Անտոն Երեմենկոյի հետ

Разговор по душам с Лусинэ Аянян

Разговор по душам с Мариной Барыкиной


Զրույց Gucci-ի ցուցադրության մասնակից՝ հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով

Սկորսեզեի 10 սիրելի ֆիլմերը

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ազնվամորու փառատոնը լուսանկարներով

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

«Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն (լուսանկարներ)

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցույթային ծրագրի գլխավոր ֆիլմերը. խորհուրդ է տալիս փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Այն, ինչ պետք է իմանալ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուր Կառլոս Ռեյգադասի մասին

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

«Շիրակի էսքիզներ» կամ պարային Գյումրին…