fbpx

Զրույց Անուշ Սարգսյանի հետ

Անուշ Սարգսյանը Գրքի երևանյան երրորդ փառատոնի «Արձակ» անվանակարգում Առաջին մրցանակին է արժանացել։ Իսկ մենք զրուցել ենք նրա հետ․

Հիշո՞ւմ եք, թե երբ սկսեցիք գրել: Ինչի՞ մասին էր առաջին գործը: Եվ ե՞րբ հասկացաք, որ արդեն մուտք եք գործել գրական դաշտ:

— Գրել սկսել եմ մտքումս, երբ առաջին կապակցված մտահանգումներն էի անում: Դպրոցական գրքերի ազդեցությամբ ծնվող փորձություններ էին, որ, բարեբախտաբար, դադար ունեցան մինչև այն պահը, երբ հասկացա, որ սեփական ասելիքս ու պատմելիքս ունեմ։ Դա տեղի ունեցավ դպրոցից հետո միայն տասնամյակներ անց։ Չեմ ափսոսում, որ շտապելու սովորություն չունեմ։ Թեև դինջ չեմ (ժպիտ- հեղ.)։

 

Ո՞վ է Անուշ Սարգսյանը. լրագրո՞ղ, գրո՞ղ, թե՞ ընթերցող:

— Բոլորը միասին ու միաժամանակ։ Բայց… լրագրողի խառնվածք չունեմ, մերօրյա լրագրությունը, որ տեմպի ու համառության ամենօրյա հաստատում է, կարծում եմ՝ շահել է իմ անգործությունից, չնայած հավաստագրված որակավորմանս։

Ձեր ստեղծագործություններում ընթերցողի առաջ բաց եք անում Ձեր կյանքի ամենաթանկ, ամենից կարևոր ու ինչ-որ տեղ ցավով գրված էջերը՝ մանկության վառվռուն երազները, Թիֆլիսի անհոգ օրերը, վանաձորյան մտերմությունը, երկրաշարժի ծանր հարվածը… Արդյո՞ք հեշտ է բոլորինը դարձնել այդքան անձնական պատմությունները: Չե՞ք վախենում, որ այն, ինչ թանկ ու կարևոր է Ձեզ համար, գուցե ընթերցողն անգամ չնկատի:

— Չեմ մտածել՝ հե՞շտ է, թե՞ դժվար, կամեցել եմ հնարավորինս անկեղծ մնալ, ինչպես՝ կյանքը մեզ հետ։ Իմ տեքստերում չկան հորինովի պատմություններ, սյուժետային սրացումներ։ Ինչպես կյանքում։ Բայց նաև հեռու են իրապաշտությունից, ունեն խտացումներ, որոնք հետաքրքրում են ընթերցողին, ծանոթ ու հասկանալի են նրան. հուսամ։ Մի առիթով Հրանտ Մաթևոսյանը գրել է. «Եթե կարդում եք ու ասում՝ սա իմ մասին չէ, այլ՝ հարևանիս, նշանակում է գործի ճշգրտությունը մոտավոր է»:

Ասում են՝ հաճախ հերոսներն անկախանում են իրենց արարող գրողներից և նոր կյանք առնում: Ունե՞ք այդպիսի հերոսներ: Ձեր ո՞ր հերոսն է Ձեր հոգու ընկերը:

— Բոլորն էլ իմն են, անգամ եթե դարձել են ուրիշինը։ Միշտ կկրեն իմ շունչը։ Միայն թե, հայտնվելով ուրիշի մոտ, չսպանվեն…

Ի՞նչ է սիրում ընթերցել Անուշ Սարգսյանը: Կա՞ այնպիսի մի գիրք, որ իր հաստատուն տեղն ունի Ձեր սեղանին ու հոգում:

— Տարբեր փուլերում, ամենօրյա հոգեվիճակներից ու մտածողական պահանջմունքից կախված՝ ընտրածս գրքերը տարբեր են։ Ես ստատիկ բազմոցային ընթերցող չեմ, կարող եմ աչքի պոչով կարդալ, մի պատառիկ՝ պատահած տողից, պոկված թերթից, հանգստի կամ շարժման ժամանակ։ Նախկին խանդավառ ընթերցողը տեղը զիջել է գործնական փիլիսոփային, ավաղ, կարկառուն տեղերն արդեն զբաղված են (ժպիտ- հեղ.)։ Լինում է՝ կարդացածս սուր կողմերով խանգարում է քնել, հանում եմ գլխիս տակից ու որոշակի ժամանակ հայտնվում անկշռության մեջ, մինչև նորից իջնեմ գետնին։ Որևէ գիրք չեմ առանձնացնի։ Շատ են։ Ամեն օր, անհրաժեշտաբար, պոեզիա եմ կարդում։

Կա՞ այնպիսի թեմա, որի մասին երբեք չեք գրի:

Կպատասխանեմ ինչպես անգլիացին՝ երբեք մի՛ ասա երբեք։

Ասում են՝ շատ կարևոր է, թե ով է առաջինը կարդում նոր գրված ստեղծագործությունը: Ո՞վ է այդ պատասխանատու մարդը, որ կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Ձեր գործերի հետագա կյանքում:

— Ընթերցողը. ով էլ լինի։ Եթե նրա սրտում ու գլխում անդրադարձ է գտնում գրածս, անկախ այն բանից՝ դրական, թե՞ բացասական, հասկանում եմ, որ շարունակելու եմ։ Համացանցի առկայության պայմաններում շատ մեծ է համաժամանակյա արձագանքի հնարավորությունը։

Ի՞նչ տվեց Անուշ Սարգսյանին «Սադի տակի շենքը»:
Այսօրվա գերզբաղված ու համացանցի սարդոստայններում հայտնված մարդուն ի՞նչ է տալիս ժամանակակից գրականությունը:

— Այն իմ պարտքն էր մանկությանս քաղաքին։ Ամեն մեկը պարտքը մարելու իր եղանակն ունի։ Եթե դու խղճի խայթ չես ունենում վերադարձիդ, ինչը նշանակում է, որ արժանի էիր վերադառնալու, երբ էլ հայտնվես այնտեղ, միշտ հանդիպելու ես ծնողներիդ, արմատներիդ, քո դրախտին. դրանից ավելի թանկ ի՞նչը կարող է լինել։
Գրականությունը քո մասին կարդալու, եսդ ուրիշի միջոցով բացահայտելու բանալի է. կարևոր դռներ կան, որ առանց նրա չես կարող բացել։ Արվեստ, գրականություն, կինո. հոգին ու միտքը հարստացնելու մրցակից ճանապարհ չկա։

Ի՞նչ են տալիս գրողին և ընթերցողին գրական փառատոները:

— Արժևորումը միշտ կարևոր է. հետագա ճանապապարհը անցնելու համար դրանք  բարի ուղեկիցներ են, որ հուշումներ են տալիս։

Սեր, գգվանք, կարոտ… Ձեր գործերում նրանցից յուրաքանչյուրը զարգանում է՝ ինչպես առանձին մի գույն: Իսկ նրանցից ո՞րն է այսօր կարողանում դառնալ կամուրջ իրարից այդքան հեռացած մարդկանց միջև:

— Ես երջանիկ եմ լսել, և հատկապես Ձեզնից, սիրելի Արեգ, որ այդ գույները կան իմ գործերում։ Եթե ընթերցումից հետո մարդկանց հոգում ու մտքում որևէ առկայծում է մնում, ու մարդը փոխվում է, կհամարեմ, որ զուր չեմ գրում։ Մերօրյա տեղեկատվական հոսքում, երբ այնքան բազմազան են մարդուն զբաղեցնող գործոնները, ունենալ նրան հետաքրքրող քո «սյունակը», անկեղծորեն կասեմ՝ «թանկ հաճույք է»։

Գրե՞լ, խոսե՞լ, թե՞ լռել… ո՞րն է ամենից հոգեհարազատը Անուշ Սարգսյանին:

— Ես այդ բոլոր միջոցներից էլ առատորեն օգտվում եմ։ Առհասարակ, համարում եմ, որ բաց համակարգ եմ։

Եթե մի օր վերադառնաք այնքան հարազատ, այնքան սիրելի մանկության այգի, փոքրիկ Անուշին ի՞նչ կասեք:

— Կհարցնեմ՝ ողջույն, պուճուր ջան, հո չե՞ս ափոսում, որ հանդիպեցինք…

 

Զրուցեց Արեգ Բագրատյանը

 

 


ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

Ես Ծով Alize՛ Բանուչյանն եմ․․․

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․

Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ․․․

Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Զրույց Gucci-ի ցուցադրության մասնակից՝ հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Աշոտ Բլեյանն եմ…

քաղաքային քրոնիկոն [մատերիալ հավաքող Աննայից]

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ