fbpx

Զրույց Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ

Դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա իտալացի սիրված ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: Ստեֆանոն Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Հաճելի զրույց ունեցանք Մարիոյի հետ:

Մարիո, մի անկեղծ բան կպատմե՞ս քո մասին:

Գիտես, կարծում եմ՝ ավելի կարևոր է, որ մարդիկ ճանաչեն ոչ թե Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի երաժշտին, այլ՝ մարդուն: Կյանքիս փիլիսոփայությունը այն է, որ ինչքան էլ երաժիշտ լինելը կարևոր է, տասնապատիկ կարևոր է մարդ լինելն ու ցանկացած իրավիճակում մարդ մնալը:

Երաժշտությունը հոգու դարմանն է:

Մայրս, հայրս, տատիկս, պապիկս սովորեցրել են ինձ, որ կյանքում ամենակարևորն այն հատկանիշներն են, որոնք մեզ մարդ են դարձնում: Կարևոր է հոգիդ, իսկ հետո մնացածը (ժպտում է):  Ես վստահ եմ, որ եթե լավ մարդ ես, լավ անձնավորություն ես, կյանքդ լավը, գեղեցիկը կլինի: Որպես կանոն մարդիկ նախևառաջ փորձում են հասկանալ հոգիդ, ժպիտդ, բնավորությունդ, այնուհետև՝ երաժշտությունդ, քանի որ այն քեզնից անջատ չես կարող դիտարկել. այն քո մի մասնիկն է, այն քո բնավորության, հոգու բաղկացուցիչ մասն է:

Այսինքն առաջնայինը մարդ տեսակս է, այնուհետև՝ գործունեությունս: Ես անկեղծ, շատ անկեղծ մարդ եմ:

Հարցազրույցներից մեկում կարդացել եմ, որ ակորդեոնի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ գործիքը տեսել ես պապիկիդ ու տատիկիդ տանը: Ընտանիքում երաժիշտներ կա՞ն:

Պապիկիս պապիկն ակորդեոն էր նվագում, քեռիներս նույնպես, բայց սիրողական մակարդակի: Մայրս ու հայրս չափազանց ինտելիգենտ մարդիկ են, սակայն երաժշտության հետ կապ չունեն: Կարծում եմ՝ ընտանիքում երաժիշտներ ունենալը դեռ հաջողության գրավական չէ, և բնավ չի նշանակում, որ ամեն ինչ քեզ հեշտ է տրվելու: Ծնողներս ամեն ինչին հետևել են, ամեն ինչում իրենց մասնակցությունն են ունեցել, բայց ես ազատ եմ եղել անելու այն, ինչ կամենում եմ, այսինքն՝ ես հետևել եմ երազանքներիս, մտքերիս, կյանքի եմ կոչել նախագծերս, և նրանք երբեք, երբեք ինձ չեն խոչընդոտել:

Կատարյալ համադրությունը լավ երաժշտության և լավ երաժշտի համադրությունն է:

Առանց երաժշտության քեզ պատկերացնո՞ւմ ես:

Չեմ կարող միանշանակ պատասխանել այս հարցին, քանի որ առանց երաժշտության ինձ այս պահին ուղղակի չեմ պատկերացնում: Այսօր շատ եմ ճամփորդում, շատ զիլ է, քանի որ միշտ ուզեցել եմ ճամփորդել, բացահայտել նորը, նոր վայրեր, նոր մարդկանց, բայց չեմ բացառում, որ կյանքս մի գեղեցիկ օր փոխվի: Օրինակ եթե կողքիս կին հայտնվի, երեխա լինի, կյանքիս բնականոն ընթացքը բնականաբար կփոխվի, բայց քանի դեռ նրանք չկան, ես շարունակում եմ հավատարիմ մնալ երաժշտությանը և ամենուրեք հետևել նրան:

Կարո՞ղ ենք պնդել, որ երաժիշտ դառնալուդ հարցում ամենամեծ ներդրումն Աստոր Պիացոլլան է ունեցել:

Հա, կարող ենք ասել: Երբ սկսեցի լսել նրա երաժշտությունը, թե՛ կյանքումս և թե՛ աշխարհայացքիս մեջ ինչ որ բան փոխվեց. Պիացոլլայի երաժշտությունը կախարդական է, այն քեզ մեկ այլ հարթություն է տեղափոխում: Բայց կա ևս մեկ երաժիշտ, որն ամբողջովին փոխեց կյանքս, երաժշտությանս հնչեղության մասին պատկերացումներս: Խոսքս կիթառահար Պաթ Մեթենիի մասին է: Նրա երաժշտությունը լսելու առաջին իսկ օրվանից չէի կարողանում դադարել լսել նրան: Մեթենին ասես թմրամիջոց լիներ, և ես բնավ չեմ ասում, թե թմրամիջոցը լավ բան է (ծիծաղում է), բայց նա կախարդում է քեզ և դու չես ցանկանում ձերբազատվել այդ կախարդանքից:

Հայաստանը Հայաստանն է, նրա գեղեցկությունը նրա հնության և պահպանված արմատների մեջ է:

Վերադառնամ Պիացոլլան (ժպտում է): Ես իհարկե շատ բան եմ վերցրել մաեստրոյից, բայց սկսել եմ այլ կերպ մատուցել երաժշտությունս և ամեն տարի փորձում եմ այն կատարելագործել: Օրինակ, այս անգամ նվագելու եմ Մարտին Պալմերիի «Չորս եղանակները», անցած տարի Ռոբերտո դի Մարինոյի կոնցերտից եմ մի հատված նվագել, այս տարի մյուս հատվածն եմ նվագելու: Նվագելու եմ նաև Աստոր Պիացոլլա, Էնիո Մորիկոնե:

Առաջին անգամն է, որ այս տեսակ կոմբինացիա է լինելու: Փորձելու եմ այնպես անել, որ բանդոնեոնն ավելի իտալական հնչի, եթե կարող եմ այսպես արտահայտվել (ժպտում է):

Մարտահրավերներ լինո՞ւմ են: 

Բնականաբար. ամեն օր, քանի որ կյանքի կանոններն են այդպես թելադրում: Ժամանակը գնում է, դու պետք է օրեցօր կատարելագործվես, մարտահրավերներն անխուսափելի են, դու պետք է դուրս գաս հարմարավետության գոտուցդ: Եթե իմ դեպքը դիտարկենք, մենք ամեն տարի փոխում ենք կատարվող ստեղծագործությունների ծրագիրը:

Երկրագնդի այս շրջանում գնահատում են արվեստը, արվեստագետներին և նրանց ջանքերը:

Օրինակ. այս տարի ես շարժվելու եմ մի ծրագրով, որն ամբողջությամբ տարբերվում է նախորդ տարվա ծրագրից: Բայց գիտես, ինձ լավ եմ զգում, վստահ եմ, քանի որ տարեցտարի շատ գիտելիքներ եմ ձեռք բերում, օրական 10-12 ժամ պարապում եմ, իսկ երբ ավելի շատ բան գիտես, սխալվելու կամ չարդարացված ռիսկի աստիճանն էլ է նվազում: Իտալերենում ասում ենք “fiducioso”, այսինքն՝ դու հավատում ես ուժերիդ, և ամեն ինչ հնարավոր է թվում (ժպտում է):

Նորից Հայաստանում ես, ի՞նչ զգացողություններ ունես…

Սա մի փոքր տխուր շրջան է ինձ համար, քանի որ երեք շաբաթ էլ չկա, ինչ պապիկս մահացել է և ես ծանր եմ տանում, քանի որ նա ինձ համար հոր պես էր, և ծննդյանս օրվանից պապիկս ու տատիկս մեզ հետ են ապրել, մեծացրել ինձ: Ես փորձում եմ հաղթահարել այս մի փոքր բարդ շրջանը, զսպել ներսիս թախիծը, քանի որ գիտեմ, որ նա կուզեր, որ ինձ լավագույնս ներկայացնեմ մարդկանց: Եվ այսօր ես այստեղ եմ՝ Հայաստանում և պատրաստվում եմ ելույթ ունենալ մարդկանց համար, որոնք սիրում և հաճույք են ստանում իմ երաժշտությունից և ես վստահ եմ, որ լավ համերգ է լինելու:

Գիտես, բեմի վրա չես կարող ստել:

…իսկ փոփոխությունները զգո՞ւմ ես:

Այո, իհարկե: Եթե մի քանի տարի հետ գնանք և համեմատենք  այսօրվա Հայաստանի հետ, կասեմ, որ երկիրը շատ, շատ է զարգացել: Նույն նվագախմբի օրինակով եթե ասեմ, զգում եմ, թե ինչքան է այն կատարելագործվել: Տարեցտարի այն ավելի պրոֆեսիոնալ, ավելի տեղեկացված է դառնում, իսկ երաժշտության ձայնը՝ ավելի պարզ ու մաքուր: 

Ամենաշատը Հայաստանում ի՞նչն է քեզ դուր գալիս:

Հայաստանի մասին խոսելիս ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ երկիրը և մարդիկ պահել ու պահպանում են ավանդույթները, սովորությունները և դա այնքան գեղեցիկ է: Ես չեմ հասկանում այն պետությունների հոգեբանությունը, որոնք փորձում են իրենցով անել Նյու Յորքի, Լոս Անջելեսի և նմանատիպ խոշոր քաղաքների կամ մեծ երկրների ապրելակերպը: Հայաստանը Հայաստանն է, նրա գեղեցկությունը նրա հնության և պահպանված արմատների մեջ է: Երևանը գեղեցիկ է, որովհետև Երևանն է, այն հավատարիմ է իր ավանդույթներին:

Հայերդ սիրում եք ամեն ինչի գեղեցիկը:

Մի բան էլ ասեմ, արդեն քանի տարի է հին մեքենաներ եմ հավաքում: Ու երբ այստեղ տեսնում եմ այն հին ավտոբուսները, այնքան եմ ուրախանում, քանի որ մի անբացատրելի գեղեցկություն կա այդ հնության մեջ, դա պետք է պահել, դա պետք է սիրել: Որ կողմդ նայում ես ամեն ինչ ժամանակակից է, ամեն ինչ մոռացված, իսկ երբ տեսնում ես մի ազգ, որը պահել է իրենը, դա ուրախանալու առիթ է:

Այստեղ մի ծանոթ կին կա՝ Աննա Կարապետյանը, գիդ է,  միշտ օգնում է թարգմանել իմ վատ անգլերենը (ծիծաղում է), ու ինձ միշտ ասում է, որ այստեղ-այնտեղ գնալու համար ինձ չեն կարող ժամանակակից ու թանկ մեքենաներ հատկացնել: Ես էլ նրան պատասխանում եմ. «Լսիր, ես չեմ ցանկանում Գառնի կամ Գեղարդ կամ Նորավանք գնալ  ճոխ մեքենայով, ես ցանկանում եմ երթևեկել իսկական հայկական հին մեքենայով»: Ինձ շատ է դուր գալիս ՎԱԶ-ը (ծիծաղում է), որն այստեղ շատ է շրջանառության մեջ հանդիպում:

Ժամանակը գնում է, դու պետք է օրեցօր կատարելագործվես, մարտահրավերներն անխուսափելի են, դու պետք է դուրս գաս հարմարավետության գոտուցդ:

Ես վստահ եմ, որ երկիրը լքելիս հետդ պետք է տանես դրա շունչը, ավանդույթների ուժը:

Մարիո, ինչպիսի՞ն է հայկական լսարանը: 

Ուղղակի ֆանտաստիկ է, անկեղծ եմ ասում, ուղղակի աննկարագրելի է, քանի որ դուք՝ հայերդ սիրում եք ամեն ինչի գեղեցիկը: Հարգում եք երաժշտությունը, հարգում եք գեղեցկությունը, և դա հոյակապ է: Արդեն 10 տարի է անցել, և ես շատ հայ հետևորդներ ունեմ: Օրինակ երեկ փողոցով քայլում էի, և շատ ու շատ մարդիկ կանգնում էին հետս խոսելու, նկարվելու, ստորագրություն վերցնելու, շատ հաճելի էր, շատ ջերմ: Ես անընդհատ ճամփորդում եմ: Օրինակ 10 օր առաջ Ռուսաստանում էի, Կրեմլում էի նվագում և այնտեղի հանդիսատեսն էլ էր ֆանտաստիկ: Երկրագնդի այս շրջանում գնահատում են արվեստը, արվեստագետներին և նրանց ջանքերը (ժպտում է):

Մարիո, ըստ քեզ ինչո՞վ է պայմանավորված դահլիճի լեփ-լեցուն լինելը:

Մարդկանց  գալն ամենից առաջ բացատրվում է նրանով, որ հայերը սիրում են երաժշտությունս, նրանք սիրում են Պիացոլլային, սիրում են տանգոյի ջերմ ու կրքոտ հնչյունները: Այնուհետև՝ կարևոր է նաև երաժիշտը: Եթե մարդկանց զգացմունքներ ես տալիս, նրանք դա գնահատում են, այո, գնահատում են: Շատ երաժիշտներ կան, որ նվագում այն նույն գործերը, որոնք ես եմ նվագում, բայց ես կարծում եմ, որ ինչ որ տարբերակող առանձնահատկություն, հատուկ գիծ ունեմ, որն ինձ հաճելի է դարձնում (ժպտում է): Ես փորձում եմ ամեն օր կատարելագործվել, և կարծում եմ, որ մարդիկ դա տեսնում և գնահատում են:
Կատարյալ համադրությունը լավ երաժշտության և լավ երաժշտի համադրությունն է:

Ես շարունակում եմ հավատարիմ մնալ երաժշտությանը և ամենուրեք հետևել նրան:

Ես անկեղծ եմ հանդիսատեսիս հետ: Գիտես, բեմի վրա չես կարող ստել (ժպտում է): Դու այնտեղ ես, դու բացում ես սիրտդ ու հոգիդ, փորձում ես անկեղծ լինել լսարանիդ հետ, իսկ լսարանը դա զգում է, զգում է և գնահատում:

Դժվարություններ լինո՞ւմ են: 

Հմ (մտածում է), մանր-մունր դժվարություններ իհարկե լինում են: Օրինակ այստեղ գալուց առաջ Մոսկվայում էի, հետո մեկնեցի Հարավային Իտալիա, այնուհետև ամբողջ գիշեր ինքնաթիռի մեջ եմ անցկացրել, որ ծնողներիս տուն հասնեմ՝  Կենտրոնական Իտալիա, որ փոխեմ ճամպրուկս, և ավելի ուշ ուղևորվեմ Հայաստան:

Նշանակետիս հասնելուց քիչ անց արդեն Իտալիայի դեսպանատան կողմից տրամադրված փոքրիկ նվագախմբի հետ The Loft-ում էի նվագում: Բարդությունը նրանում է, որ շատ եմ վազվզում, քիչ եմ քնում, քնիս պակասն ինքնաթիռների և ավտոբուսների մեջ եմ լրացնում և ասեմ, որ շատ եմ դժվարանում: Բայց միևնույն ժամանակ քաջ գիտակցում եմ, որ մարդիկ ոգևորվածությամբ են սպասում ելույթիս, ինքս ինձ ուժ եմ տալիս, և առանց կանգ առնելու շարունակում ես ճամփորդել, ճամփորդել, ճամփորդել:

Ինչքան էլ երաժիշտ լինելը կարևոր է, տասնապատիկ կարևոր է մարդ լինելն ու ցանկացած իրավիճակում մարդ մնալը

Ի՞նչ խորհուրդ կտաս բոլոր նրանց, որոնք ցանկանում են երաժշտությամբ զբաղվել: 

Գիտես մի այսպիսի հետաքրքիր բան նկատեցի, որ թե՛ Հայաստանում, և թե՛ Ռուսաստանում երաժշտությամբ լուրջ զբաղվելու տենդենց կա, և ուրախացնում է այն, որ դեռ մանկուց երեխաները երաժշտական գործիքներով են հետաքրքրվում: Իմ խորին համոզմամբ երաժշտական կրթությունն ամենակարևորն է, քանի որ երբ երեխան  նվագում է, երբ երեխան մոտ է երաժշտությանը, անհնար է, որ նա անպիտան մարդ դառնա կամ չարագործ մեծանա.երբ սիրում ես արվեստը, երբ գիտակցում ես, ինչն է գեղեցիկ և ինչը տգեղ, կյանքդ ավելի լավն է դառնում: Բոլորն անխտիր պետք է նվագեն, բոլորն անխտիր պետք է երաժշտություն լսեն, շատ լսեն, քանի որ երաժշտությունը հոգու դարմանն է (ժպտում է):

Մարիո, երազանքներ ունե՞ս: 

Հա, երազանքներ ունեմ: Ուզում եմ ընտանիք կազմել (ժպտում է): Կարևոր է, որ գտնեմ այնպիսի մեկին, որը կհարգի իմ գործունեությունը, իմ կյանքը, իմ երաժշտությունը: Մինչ օրս կողքիս նման մարդ չի եղել, չի եղել նա, որն ինձ հետ միասին հաճույք կստանա կյանքից և բացի կին լինելուց ընկեր կլինի: Ես կարծում եմ, որ երբ ցանկանում ես դիմացինիդ երջանիկ տեսնել, պետք է բաց թողնես նրան, տաս նրան ազատություն: Այո՛, ազատությունն ամենակարևորն է, ազատ մարդն անգամ սարեր շուռ կտա:

Զրուցեց Մարիամ Սուքիասյանը
Լուսանկարները Լուսինե Գրիգորյանի

See also- Conversation with Mario Stefano Pietrodarchi


Զրույց Gucci-ի ցուցադրության մասնակից՝ հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի հետ

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…