Դոնարումայի տրանսֆերը՝ անարգանք Նավասի՞ն․ ՊՍԺ-ն չպետք է կրկնի «Ռեալի» սխալը - VNews
Բաժիններ

Դոնարումայի տրանսֆերը՝ անարգանք Նավասի՞ն․ ՊՍԺ-ն չպետք է կրկնի «Ռեալի» սխալը

RXWLJRAVN347KXOAH734FBXNVM - Դոնարումայի տրանսֆերը՝ անարգանք Նավասի՞ն․ ՊՍԺ-ն չպետք է կրկնի «Ռեալի» սխալը

ԵՎՐՈ-2020-ի լավագույն խաղացողի տրանսֆերը ՊՍԺ-ում շատերին է ուրախացրել, սակայն ոչ Կեյլոր Նավասին։ Եթե հավատանք մամուլում առկա հրապարակումներին, ապա կոստառիկացին ոչ միայն չի ողջունել Ջանլուիջի Դոնարումայի ժամանումը փարիզյան ակումբ, այլ նաև բարկացած է եղել։

Նավասին հասկանալ կարելի է։ Իր կարիերայի ընթացքում նա արդեն երկրորդ անգամ է հայտնվում «հիմարի» կարգավիճակում։ Նա դարպասապահի դիրքում թիմի թիվ 1 ընտրությունն է, ու հանկարծ գալիս է մեկ ուրիշը, ում տեղը մեկնարկային կազմում, կարծես, արդեն ապահովված է։

Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան միանշանակ է։ Դոնարուման Եվրոպայի առաջնության լավագույն խաղացողն էր ու Իտալիայի հավաքականի գլխավոր առաջատարներից մեկը, բայց մի՞թե դա բավարար է Մաուրիսիո Պոչետինոյի համար Կեյլոր Նավասին կազմից դուրս թողնելու ու Դոնարումային անփոխարինելի դարձնելու համար։

Արդեն ասացինք, որ Նավասի կարիերայում սա երկրորդ դեպքն է, երբ ակումբն իր ներկայությամբ նոր թոփ դարպասապահի է գնում։ Եկեք հասկանանք, թե ինչ եղավ այդ ժամանակ ու ինչ է սպասվում հիմա։

«Ռեալում» բարդ էր սկզբում և վերջում

Կեյլոր Նավասը «Ռեալ» տեղափոխվեց 2014 թվականի ամռանը։ Իսպանական «Լևանտեի» կազմում փայլելուց հետո նա ֆանտաստիկ խաղ ցուցադրեց նաև Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը։ Մադրիդում այդ շրջանում դարպասապահի դիրքը խնդրահարույց էր դարձել։ Իկեր Կասիլյասը կորցրել էր նախկին որակները, Կառլո Անչելոտին էլ շարունակում էր Ժոզե Մոուրինյոյի բռնած գիծը՝ ռոտացիոն կերպով դաշտ դուրս բերելով թե՛ Կասիլյասին, թե՛ Դիեգո Լոպեսին։ Ի վերջո, «Ռեալում» որոշեցին գնել Կեյլոր Նավասին ու վաճառել Դիեգո Լոպեսին։

Iker Casillas se deshace en elogios hacia Keylor Navas - Eurosport

Առաջին տարում Նավասը երկրորդ համարն էր։ Հիմնական դարպասապահը Կասիլյասն էր։ Կոստառիկացին քիչ էր խաղում, բայց երբ խաղում էր, շատ էր սխալվում, ճնշումը մեծ էր։ Մեկ տարի անց Կասիլյասը հեռացավ «Պորտու», ու Նավասը դարձավ «Ռեալի» անփոխարինելի առաջին համարը։ Մնացածն, ինչպես ասում են, պատմություն է։ Նավասն օր-օրի ավելի վստահ խաղ էր ցուցադրում ու արժանիորեն պաշտպանում էր «արքայական ակումբի» դարպասը։ Նրա դերակատարումը շատ մեծ է եղել «Ռեալի» պատմական հաղթանակներում, այդ թվում Չեմպիոնների լիգայի երեք անընդմեջ տիտղոսներում։ Ամեն ինչ, կարծես, գերազանց էր Նավասի համար։

Նույն իրավիճակը եղավ «Ռեալում»

2018 թվականի ամռանը «Ռեալում» որոշեցին «գյուտ անել» և ուժեղացնել դարպասապահի դիրքը։ Ակումբ տեղափոխվեց Տիբո Կուրտուան։ «Ռեալը» նրան ձեռքբերեց բավականին մատչելի գնով։ Այդ տարի «Չելսին» աստղաբաշխական գումարներ վճարեց «Ատլետիկին» ու գնեց Կեպա Արիսաբալագային։ Հիշեցու՛մ․ նա հիմա «Չելսիի» երկրորդ դարպասապահն է։ Կուրտուան շատ էր ցանկանում տեղափոխվել «Ռեալ»։ Նույնիսկ կային տեղեկություններ, որ բելգիացին սկանդալ է սարքել «Չելսիում», հրաժարվել է մարզվել ու միայն մեկ բան է ուզում՝ գնալ «Ռեալ»։ Կուրտուայի գալուց հետո մեկ հարց էր մնում բաց․ ի՞նչ է անելու Նավասը։

Real Madrid | Courtois to stay, as Navas looks likely to leave Bernabéu - AS.com

«Ռեալում» այդ ամառ մարզչական փոփոխություն էր եղել։ Նորանշանակ մարզիչ Խուլեն Լոպետեգին անթաքույց ասում էր, որ խաղալու է հենց Կուրտուան։ Նավասը ստիպված էր նստել պահեստային նստարանին ու հետևել իր թիմի ձախողումներին այդտեղից։ Նրան խաղաժամանակ չէր տրվում նույնիսկ Չեմպիոնների լիգայում։ Կոստառիկացին «Ռեալի» կարևորագույն ֆիգուրից վերածվեց երկրորդ դարպասապահի, ում վերադարձը հիմնական կազմ գրեթե անիրատեսական էր թվում։ Հետո եկավ Սանտիագո Սոլարին, բայց ոչինչ չփոխվեց։ Նավասը պարզապես չէր խաղում։

2019 թվականի մարտին Զինեդին Զիդանը վերադարձավ «Ռեալ»։ «Էս ինչ եք արել թիմս» արտահայտությունը հանդերձարանում ինչ-որ մի ձևով հաստատ հնչել է ֆրանսիացու շուրթերից ու այդ համատեքստում Զիդանին դուր չէր եկել նաև Նավասի նկատմամբ վերաբերմունքը։ Վերադարձից հետո հենց առաջին խաղում Զիդանը Կուրտուային նստեցրեց պահեստային նստարանին ու դաշտ դուրս բերեց իր հին գվարդիայի ամենասիրելի դեմքերին։ Խաղում էին թե՛ Նավասը, թե՛ Իսկոն, որը Սոլարիի հետ կոնֆլիկտ էր ունեցել։ Ի դեպ, Իսկոն այդ օրը գոլ խփեց, իսկ Նավասը անառիկ պահեց սեփական դարպասը։

«Հավատում էի, որ թունելի վերջում լույս կա։ Երբեք չեմ կասկածել իմ հնարավորությունների վրա։ Ուզում եմ մնալ «Ռեալում»,-«Սելտայի» դեմ խաղում դարպասն անառիկ պահելուց ու երկար դադարից հետո դաշտ վերադառնալուց հետո ասում էր Կեյլոր Նավասը։

Man City look to Keylor Navas to replace the injured Bravo - AS.com

Սակայն հենց հաջորդ տուրում Նավասի հույսը գրեթե ամբողջությամբ մարեց։ Այս անգամ Զիդանը դարպասին խաղալու հնարավորություն տվեց իր որդուն՝ Լուկա Զիդանին․

«Լուկան այսօր չէր խաղում այն պատճառով, որ իմ որդին է։ Նա խաղում էր, քանի որ այս թիմի խաղացող է»,-ասում էր Լուկայի հայրը։

Զիդանի մեսիջը հստակ էր։ Ֆրանսիացին իր գալուց հետո ցանկանում էր բոլոր խաղացողներին հասցնել այն միտքը, որ նրանք կարևոր են ակումբի համար։ Այդ ժամանակ «Ռեալն» այլևս ոչ մի մոտիվացիա չուներ մրցաշրջանում։

Նոր մրցաշրջանն առանց Նավասի

«Ռեալում» ի վերջո համարձակ որոշում կայացրին, մի կողմ դրեցին ռոմանտիկան, շնորհակալություն հայտնեցին Նավասին ակումբի նորագույն պատմության մեջ կարևորագույն ժամանակաշրջանում թիմի դարպասը պաշտպանելու համար ու ճանապարհեցին Փարիզ։ Նավասը չհասցրեց հրաժեշտ տալ երկրպագուներին։ Հենց դա էր պատճառը, որ մի քանի ամիս անց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ՊՍԺ-ի կազմում «Ռեալի» դեմ «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած խաղից հետո Նավասը մնաց դաշտում ու հրաժեշտ տվեց մադրիդյան ակումբի երկրպագուներին։

Նավասի հեռանալուց հետո յուրատեսակ ճնշման տակ ընկավ նաև Տիբո Կուրտուան։ Մրցաշրջանի առաջին խաղերը նա պարզապես ձախողում էր։ «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում առաջին կեսից հետո Զիդանը փոխարինեց Կուրտուային՝ դաշտ դուրս բերելով Ալֆոնս Արեոլային, որը Նավասի տրանսֆերի արդյունքում ՊՍԺ-ից հայտնվել էր «Ռեալում» մեկ տարով։ Խաղից հետո ասացին, որ բելգիացի դարպասապահը ստամոքսի հետ կապված խնդիրներ է ունեցել, ու դա է եղել փոխարինման պատճառը։ Ժամանակի ընթացքում Կուրտուան բարելավեց իր խաղն ու հիմա անվիճելիորեն լավագույններից մեկն է աշխարհում։

Մեր ընտրանին․

ՊՍԺ-ում Նավասի նվաճումները

ՊՍԺ գալուց հետո Նավասը միանգամից դարձավ թիմի առաջին համարը։ Փարիզյան թիմը նրա տրանսֆերը հենց դրա համար էր գնել։ Կարճ ժամանակահատվածում նա վերահաստատեց իր բարձր կարգն ու զգալիորեն ուժեղացրեց ՊՍԺ-ի դարպասապահի դիրքը, որն այդքան կաղում էր նախորդ տարիներին։ Նավասը ՊՍԺ-ի կազմում արդեն առաջին տարում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն ու հասավ մինչև իր սիրելի մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում նա այդ տարի 5 չոր հանդիպում անցկացրեց ու զգալիորեն նպաստեց թիմի՝ այդքան հեռու հասնելուն։

Keylor Navas warns PSG have no room for errors against Bayern Munich - Bavarian Football Works

Նավասը գերազանց տպավորություն էր թողնում նաև երկրորդ մրցաշրջանում։ ՊՍԺ-ն այս անգամ Ֆրանսիայի չեմպիոն չդարձավ, սակայն նորից հաջող մրցելույթներ ունեցավ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ։ Կոստառիկացին նորից փայլում էր։ Բավական է նշել «Բավարիայի» դեմ խաղում նրա գրանցած ռեկորդը, որը նախկինում միայն մեկ դարպասապահի՝ Մանուել Նոյերին էր հաջողվել։ Քառորդ եզրափակիչի մեկ խաղում Նավասը 10 սեյվ կատարեց՝ կրկնելով Նոյերի տպավորիչ ցուցանիշը, որը գրանցվել էր «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 2016/17 թվականների խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղում։

Հարգա՛նք տասնամյակի լավագույն դարպասապահներից մեկին

Նավասի նվաճումների մասին խոսելիս հասկանում ես, որ նրա տեսանկյունից ՊՍԺ-ի ղեկավարության քայլն իսկապես անհարգալից դրսևորում է։ Երկու տարի առաջ նրանք գնեցին Նավասին։ Կոստառիկացին կարողացավ անել այն, ինչի համար իրեն գնել էր ակումբը։ Սակայն նույնիսկ այդ պարագայում ՊՍԺ-ն չի հրաժարվում երիտասարդ Ջանլուիջի Դոնարումային գնելուց, թեպետ հասկանում է, որ այս տրանսֆերը կարող է ցավոտ լինել Կեյլոր Նավասի համար։

Ակումբի տեսանկյունից նայելիս հասկանում ենք, որ աբսուրդ կլիներ Դոնարումայի պես դարպասապահի հետ այն էլ անվճար գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելուց հրաժարվելը միայն նրա համար, որ թիմում երկու տարի բարձր խաղամակարդակի ֆուտբոլ ցուցադրած դարպասապահը «չնեղվի»։ Իհարկե, մեծ թիմերում այդպես չեն վարվում։ Այդպես չարեցին «Ռեալում» 2018-ին, չարեցին ՊՍԺ-ում նաև հիմա։

Keylor Navas: 'I Did Not Come to Paris to Have Fun' - PSG Talk

Սակայն Նավասը հարգանքի է արժանի։ ՊՍԺ-ն պետք է ուսումնասիրի մադրիդյան նախադեպն ու նույնը չկրկնի Փարիզում։ Պետք չէ պարզապես դուրս շպրտել կազմից Նավասին, ինչպես դա արեցին «Ռեալում» Լոպետեգին ու Սոլարին։ Մաուրիսիո Պոչետինոյի համար սա գուցե գլխացավանք է, բայց հաճելի գլխացավանք։ Պետք է պարզապես ճիշտ բաշխել խաղաժամանակը երկու թոփ դարպասապահների միջև։ Նրանք երկուսն էլ կարող են օգնել թիմին։ Վստահորեն կարող ենք ասել, որ գուցե Նավասը բարկացած է Դոնարումայի ժամանմամբ, բայց նաև ոգևորված է օրինակ Սերխիո Ռամոսի գալով։ Այնպես որ, նա ՊՍԺ-ից հեռանալու մտադրություն, դժվար թե, ունենա։

Այս ամբողջ պատմության ամփոփումն էլ այն է, որ Կեյլոր Նավասն անվիճելիորեն անցած տասնամյակի աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է։ Նա բազմիցս ապացուցել է դա թե՛ «Ռեալում», թե՛ ՊՍԺ-ում։ Նրա անվան հետ ուղիղ կապ ունեն «Ռեալի» հաղթանակները Չեմպիոնների լիգայում։ Պարզապես կա մի տարածված տեսակետ, որ Նավասն այդպես էլ հնչեղ անուն չդարձավ դարպասապահի դիրքում, ինչպես Մանուել Նոյերը, Ջանլուիջի Բուֆոնը, Տիբո Կուրտուան կամ թեկուզ հենց Ջանլուիջի Դոնարուման։ Իսպանական մամուլը հաճախ էր գրում, որ Ֆլորենտինո Պերեսը «չէր մարսում» հենց դա ու այդ պատճառով էլ Նավասին փոխեց Կուրտուայով՝ թիմ բերելով ավելի հնչեղ անունով դարպասապահի։ Բայց անկախ ամեն ինչից Կեյլոր Նավասը աշխարհի լավագույն դարպասապահներից է ու իր կարիերայում երկրորդ անգամ հաստատ արժանի չէ անհարգալից վերաբերմունքի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»՝ աշխարհի ամենաթանկարժեք խաղը

ՊՍԺ-ի հայտացուցակը «Սիթիի» դեմ խաղի համար

ՈՒԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Սուպերլիգայի գործով վճիռ կայացրած դատավորի դեմ

Ջանլուիջի Դոնարումայի նորամուտը Չեմպիոնների լիգայում կկայանա այսօր

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ պահանջներից

Անելկա. «Եթե նա խաղար Անգլիայում կամ Իսպանիայում` արդեն ստացած կլիներ «Ոսկե գնդակը»

«Ռեալի» հայտացուցակը «Շերիֆի» դեմ խաղի համար

Անչելոտի. «Ես A կամ B թիմ չունեմ»

Պոչետինո. «Չեմպիոնների լիգան հաղթելը մեր երազանքն է»

Գվարդիոլա. «Ես չգիտեմ՝ ինչպես նրանց կանգնեցնել»

«Բորուսիայի» գործադիր տնօրեն. «Իհարկե գիտեմ, որ «Ռեալը» հրապուրում է Հալանդին»

Մեսին վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

Կրոս. «6-7 ամիս ցավ եմ զգացել, իսկ հիմա ամեն ինչ կարգին է»

Որ թիմերն են միայն հաղթանակ տոնել ազգային առաջնությունների՝ նոր մեկնարկած մրցաշրջանում

Վերատին ու Մեսին վերականգնել են մարզումները

Կամավինգա. «Ես աշխարհի լավագույն ակումբում եմ»