-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Սպորտի պատմության մեջ շատ են ներկայացուցիչները, որոնք տարիների ընթացքում կուտակած ամբողջ հարստությունը հաջող չեն տնօրինել ու մի օր կանգնել են փաստի առաջ: Ֆուտբոլիստներից նման վիճակում հայտնված առավել հայտնի դեմքերից է Քրիստիան Վիերին: Ժամանակին մոլորակի ամենաթանկարժեք ու արդյունավետ հարձակվողներից մեկը լուրջ միջոցներ էր հավաքել, սակայն մի քանի տարի առաջ նա սնանկացավ: Օգնեցին թիմակիցներն ու նոր հոբին. Վիերին Իտալիայում արդեն հայտնի DJ է: Ընտանեկան խնդիրների պատճառով սնանկացավ լեգենդար բասկետբոլիստ Ալեն Այվերսոնը:
Այս ցուցակը վստահ «առաջնորդում» է Թուրքիայի հավաքականի լեգենդար հարձակվող Հաքան Շուքյուրը: Աշխարհի առաջնությունների պատմության ամենաարագ գոլի հեղինակն այս պահին ապրում է ԱՄՆ-ում՝ զրկված լինելով իր ամբողջ ունեցվածքից ու հարազատների հետ շփումից: Օվկիանոսից այն կողմ գոյատևելու ցանկություն Շուքյուրը երբեք չի ունեցել. նրան ստիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Տունդարձի ճամփա Շուքյուրը չունի. հայրենիքի օդակայանում նրան «գրկաբաց» սպասում են իրավապահ մարմինները՝ ձեռնաշղթաները ձեռքերին:
Շուքյուրը բացառիկ ֆուտբոլիստ է թուրքական ֆուտբոլի համար: Նրան հայրենիքում կոչել են «Բոսֆորյան ցուլ»՝ իր անկոտրում կամքի ու ուժային պայքարում միշտ հաղթող լինելու շնորհիվ: Նա մինչև այսօր Թուրքիայի հավաքականի ու երկրի ամենատիտղոսակիր ակումբի՝ «Գալաթասարայի» լավագույն ռմբարկուն է: Ընդ որում, նրան հարգում են թուրքական Սուպերլիգայի մյուս գրանդ ակումբների՝ «Ֆեների» ու «Բեշիկթաշի» ֆաները, ինչը նոնսենս է տեղի ֆուտբոլի համար: Այսօր այս ամենն այլևս անցյալ է, իսկ դառը ներկան ԱՄՆ-ն ու Բրոդվեյի մոտակայքում կայանած նրա Uber տաքսի ծառայության մեքենան է: Ու դա այն դեպքում, որ ժամանակին Շուքյուրի պսակադրության գլխավոր հյուրը հենց Էրդողանն էր…:
Կարիերան ավարտելուց հետո Շուքյուրը չցանկացավ մնալ ֆուտբոլում, որոշ ժամանակ աշխատեց որպես եթերային փորձագետ, որից հետո խորացավ քաղաքականության մեջ: Նա համալրեց կոնսերվատիվների կուսակցության շարքերը, որն այսօր իշխանության է: Ի վերջո, Շուքյուրը դարձավ պատգամավոր՝ ներկայացնելով Էրդողանի կուսակցությունը՝ միևնույն ժամանակ պահպանելով ջերմ հարաբերություններ Գյուլենի հետ: Սակայն կարճ ժամանակ անց նրա քաղաքական կարիերան կործանվեց հենց այդ ընկերության պատճառով:
Գյուլենի քաղաքական հայացքները գնալով ավելի ու ավելի արմատական էին դառնում.նա ցանկանում էր Թուրքիան վերածել ավելի իսլամական պետության: 2013-ին Էրդողանը որոշեց փակել երկրի տարածքում գործող նրա քաղաքական դպրոցները: Շուքյուրը դրանից վրդովված, հեռացավ իշխող կուսակցությունից ու դարձավ անկախ պատգամավոր: Այստեղից էլ սկսեցին նրա լուրջ խնդիրները: «Ես ալբանացի եմ, որովհետև ես թուրք չեմ»: Այսպիսի հայտարարություն արեց մի օր Շուքյուրը, ինչը ռումբի էֆեկտ ունեցավ: Ազգայնական ուղվածություն ունեցող երկրում նման պնդումը վտանգավոր էր: Նույն է, ինչ ասեր «Ես թուրք չեմ, ես քուրդ եմ»:
2016-ին Շուքյուրին սկսեցին հետապնդել իշխանությունները: Նրան մեղադրեցին նախագահին անպատվելու համար: Անգամ եղավ դատական նիստ, որի ժամանակ նա հերքեց մեղադրանքները՝ պնդելով, որ իր թվիթերը սխալ են ընկալվել: Իսկ նույն թվականի հուլիսին ձախողված հեղաշրջման գլխավոր մեղավոր հանեցին «գյուլենիստներին»: Անկարգությունների ժամանակ սպանվեց 300 մարդ, 12 հազար հոգի զրկվեց աշխատանքից, ևս 50 հազարը ձերբակալվեցին: Եկան նաև Շուքյուրի հետևից՝ այս անգամ մեղադրանք ներկայացնելով գյուլենական խմբավորումներին սատարելու համար:
Շուքյուրն ուներ շանս ազատ և ապահով կյանքով ապրելու հնարավորություն, սակայն նա չհրաժարվեց իր գաղափարներից: Նա կիսեց Էնես Կանտերի ճակատագիրը: Էրդողանի թիմը ձերբակալեց Շուքյուրի հորը: Սպառնալով նրան թողնել բանտում ցմահ՝ Շուքյուրին ստիպում էին ընդունել մեղքն ու խոստովանել, որ նա իբրև թե ֆինանսավորել է ռամզական հեղաշրջման առաջնորդներին: Ի հավելումն սպառնալիքների ու մեղադրանքների, իշխանականները առգրավեցին Շուքյուրի շարժական ու անշարժ գույքը, սառեցրին բանկային հաշիվները: Վերջին պահին նա կարողացավ փախչել ԱՄՆ: Մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ, որ Շուքյուրի հայրը բանտում մահացել է քաղցկեղից:
Այսօր Շուքյուրն ապրում է ԱՄՆ-ում վտարանդիի կարգավիճակում: Նրան ջերմացնող միակ երևույթը հիշողությունն է իր փայլուն կարիերայի ու հեղինակության մասին: Նա քանիցս հայտարարել է, որ կարոտում է իր հայրենիքը ու դեմ չէր լինի վերադառնալ, բայց քանի դեռ Թուրքիայի ղեկավարն Էրդողանն է, Շուքյուրը դեռ երկար ժամանակ, գուցե, ապրի պանդուխտի կյանքով ու լինի Uber-ի ծառայության շարքային աշխատակից:
«Էրդողանը մեր օրերի Հիտլերն է». NBA թուրք բասկետբոլիստը սկանդալային տեսանյութ է հրապարակել
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո