Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հայաստանի երիտասարդական հավաքականը բավական հաջող է սկսել 2019թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարը: Ընտրական 7-րդ խմբում հանդես եկող մեր ֆուտբոլիստները մեկնարկային խաղում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել էին Ջիբրալթարի հավաքականին, իսկ օրեր առաջ Մոսկվայում գոլազուրկ ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը խմբի ֆավորիտ համարվող Ռուսաստանի ընտրանու հետ:
Նշենք, որ ընտրական մրցաշարերում դա Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականների միջև կայացած 3-րդ հանդիպումն էր: Նախկինում նրանց ճանապարհները հատվել էին 2000թ. ընտրական մրցաշարում:
Երկու հանդիպումներն էլ անհաջող էին մեր ֆուտբոլիստների համար: 1999թ. մարտի 27-ին Գյումրիում կայացած խաղում Վարուժան Սուքիասյանի սաները 0-2 հաշվով պարտություն կրեցին: Իսկ մրցակցի հարկի տակ Հայաստանի հավաքականը 6 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: 2000թ. ընտրական մրցաշարում մեր հավաքականը 4 միավորով 5 ընտրանիների մրցավեճում եզրափակել էր մրցաշարային աղյուսակը:
ՀՀ երիտասարդական հավաքականը 2 խաղում վաստակած 4 միավորով ընտրական 7-րդ խմբի առաջատարն է: Մեր ֆուտբոլիստները հիանալի հնարավորություն են ստացել զարգացնելու հաջողությունը, քանի որ առաջիկա երեք հանդիպումներն անցկացնելու են սեփական հարկի տակ՝ հաջորդաբար մրցելով Մակեդոնիայի (սեպտեմբերի 5-ին), Ջիբրալթարի (հոկտեմբերի 2-ին) և Ռուսաստանի (նոյեմբերի 10-ին) հավաքականների հետ:
Հայաստանի երիտասարդական հավաքականի համար 2019թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարը 13-րդն է: 2 տուրից հետո գրանցած ցուցանիշը երկրորդն է հավաքականի պատմության մեջ:
Ավելի հաջող մեր երիտասարդ ֆուտբոլիստները մեկնարկել են միայն 2013թ. ընտրական մրցաշարում՝ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ տոնելով երկու անընդմեջ հաղթանակ: Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 4-1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ, ապա հյուրընկալվելիս պարտության էր մատնել Անդորրայի ֆուտբոլիստներին (1-0):
Մեկնարկային երկու հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը: Այդ ցուցանիշով երիտասարդական հավաքականի մեկնարկը լավագույնն է:
Ընտրական մրցաշարերում Հայաստանի երիտասարդական հավաքականին 4-րդ անգամ հաջողվեց երկու խաղ անընդմեջ դարպասն անառիկ պահել: Առաջին անգամ դա հաջողվել էր 2001թ. Բելառուսի (1-0) և Լեհաստանի (2-0) հավաքականների հետ սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումներում, որոնցում մեր ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարում էր Անդրանիկ Ադամյանը:
Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականին հաջողվել է դարպասն անառիկ պահել Նորվեգիայի և Լիխտենշտեյնի ընտրանիների հետ հանդիպումներում, որոնցում մեր ֆուտբոլիստները հաղթել են միևնույն 1-0 հաշվով:
2013թ. ընտրական մրցաշարում էլ Ռաֆայել Նազարյանի օրոք հավաքականը գոլ բաց չի թողել Ուելսի (1-0) և Չեռնոգորիայի (0-0) ընտրանիների հետ խաղերում:
Իսկ եթե հաշվի առնենք, որ ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ ՀՀ երիտասարդական հավաքականն ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթել էր մոլդովացիներին, ապա ստացվում է, որ արդեն 3 խաղ անընդմեջ մեր ընտրանին Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ գոլ բաց չի թողել:
Նման արդյունքի երիտասարդական հավաքականում հաջողվել է հասնել միայն Աբրահամ Խաշմանյանին: 2013թ. նոյեմբերին ՀՀ հավաքականը մրցակցի հարկի տակ ընտրական մրցախաղում 1-0 հաշվով հաղթել էր Բելառուսի ընտրանուն, իսկ հաջորդ տարվա օգոստոսին Իրանի հավաքականի հետ Երևանում անցկացրած ընկերական երկու հանդիպումներում էլ դարպասն անառիկ էր պահել (1-0, 0-0):
VivaroNews.am-ը ներկայացնում է Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարերում Հայաստանի երիտասարդական հավաքականի գրանցած արդյունքները մեկնարկային երկու խաղերում:
Մրցաշար | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | Մարզիչ |
1996 | 2 | 0 | 0 | 2 | 1-9 | 0 | Հովհաննես Զանազանյան |
1998 | 2 | 0 | 0 | 2 | 3-5 | 0 | Սամվել Պետրոսյան |
2000 | 2 | 1 | 0 | 1 | 3-9 | 3 | Վարուժան Սուքիասյան |
2002 | 2 | 0 | 0 | 2 | 2-7 | 0 | Արմեն Գյուլբուդաղյանց |
2004 | 2 | 0 | 1 | 1 | 2-3 | 1 | Անդրանիկ Ադամյան |
2006 | 2 | 0 | 0 | 2 | 0-5 | 0 | Վարդան Մինասյան |
2006/07 | 2 | 1 | 0 | 1 | 3-3 | 3 | Սամվել Պետրոսյան |
2009 | 2 | 1 | 0 | 1 | 1-4 | 3 | Սամվել Պետրոսյան |
2011 | 2 | 0 | 0 | 2 | 3-7 | 0 | Ֆլեմինգ Սերիցլև |
2013 | 2 | 2 | 0 | 0 | 5-1 | 6 | Ռաֆայել Նազարյան |
2015 | 2 | 1 | 0 | 1 | 2-2 | 3 | Ռաֆայել Նազարյան |
2017 | 2 | 0 | 0 | 2 | 2-6 | 0 | Արտակ Օսեյան |
2019 | 2 | 1 | 1 | 0 | 3-0 | 4 | Արթուր Ոսկանյան |
Աշոտ Հայրապետյան
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո