«Էռնեստո Փարպեցի. մերօրյա հիմարություն». 3 պատճառ, թե ինչպես է «Բարսելոնան» սխալվել՝ Վալվերդեին հեռացնելով - VNews
Բաժիններ

«Էռնեստո Փարպեցի. մերօրյա հիմարություն». 3 պատճառ, թե ինչպես է «Բարսելոնան» սխալվել՝ Վալվերդեին հեռացնելով

«Բարսելոնայի» գրեթե յուրաքանչյուր երկրպագու Էռնեստո Վալվերդեի հեռացման լուրի մասին լսելուց հետո միանշանակ ցատկոտել է ուրախությունից, հայ երկրպագուներից ոմանք խոստացել են անգամ մատաղ անել այդ կապակցությամբ: Իսպանացի մասնագետը վերջին շրջանում պարզապես ազդում էր բոլորի նյարդերի վրա: Իսկ «Ատլետիկոյից» կրած պարտությունը Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում լցրեց Բարտոմեուի համբերության բաժակը:

Այ հենց այստեղ է քողարկված իրավիճակի աբսուրդությունը: Ո՞րն էր այս պահին Վալվերդեին գործազուրկ սարքելու իմաստը: Եթե «Բարսելոնայում» գտնում են, որ երկրորդական մրցաշարում, այն էլ Իսպանիայի սահմաններից դուրս, առավել ևս մրցավարական ծայրաստիճան կողմանապահության պատճառով կրած պարտությունն է պատճառը, ուրեմն այնտեղ իրոք լավ մասնագետ է պետք ուղարկել: Ընդ որում՝ ոչ թե ֆուտբոլային, այլ հոգեկան խնդիրներ լուծող:

Վալվերդեից վաղուց էր պետք ազատվել

Ունենալով ձեռքի տակ երկու ամենառեալ պատճառ Վալվերդեին ազատելու, Բատոմեուն ու իր շրջապատը, չգիտես ինչու, թողնում են նրան աշխատել ու շարունակել գլորվել դեպի անդունդը: Առաջին լուրջ ահազանգը գրանցվեց դեռևս 17/18 մրցաշրջանում, երբ «Բարսան», տանը 4-1 հաշվով ջախջախելով «Ռոմային», մրցակցի հարկի տակ վերածվեց դպրոցի թիմի, որի գերազանցիկը «խռովել» ու չէր խաղում, իսկ գործողությունները ղեկավարում էր ֆիզկուլտի դասատուն: 0-3 ու ցտեսություն: Հաջորդ տարի նույն սցենարով «նկարահանվեց» ֆիլմի երկրորդ սերիան, որի անունն է «Կլոպ»: Երկու մրցաշրջանում էլ «Բարսան» սպասելի հաղթեց Լա լիգայում, զգալիորեն ուժեղ էր «Ռեալից» «Կլասիկոներում» սակայն նախորդ տարի ՉԼ-ից զատ, Մեսին ու ընկերները տանուլ տվեցին ևս մեկ մրցաշար՝ Արքայական գավաթը հենց այնպես նվիրելով «Վալենսիային»:

Տպավորություն էր ստեղծվում, որ ֆուտբոլիստներն այդպես խայտառակ լինելով ակնարկ էին անում ղեկավարությանը, որ չեն ցանկանում այլևս աշխատել Վալվերդեի հետ: Բայց նորից նույն պատմությունը. «մենք վստահում ենք Վալվերդեին, բլա-բլա-բլա»: Այս մրցաշրջանում առավել քան ակնհայտ են նրա աշխատանքի բացերը (եթե իհարկե, այտեղ ինչ-որ աշխատանք նկատում եք): Առաջխաղացում չի նկատվում, մրցաշրջանի մեկնարկը թույլ էր, իսկ եթե Մեսին չի խաղում, թիմից ոչինչ չի մնում:

Ինքներդ դատեք. Նոր մեկնարկած առաջնությունում Վալվերդեն, այո, իր թիմով առաջին տեղում է Պրիմերայում (մերսի քեզ, Մեսի): Սակայն թիմը չունի խաղային ձեռագիր ու մանավանդ պաշտպանություն: 15-րդ տեղում գտնվող միջին վիճակագրական «Վալյադոլիդն» ու «Բարսելոնան» նույնքան գոլ են ընդունել: Եթե հաշվենք, որ «Բարսայի» պաշտպանությունում խաղում են Պիկեն և Լանգլեն, իսկ «Վալյադոլիդում»՝ ոչ Պիկեն, ոչ էլ առավել ևս Լանգլեն, դա աղետ է: Վալվերդեն այո, հանգիստ մարզիչ է, սակայն կարիերայի կատալոնյան հատվածում որևէ հիշվող հայտարարություն կամ համարձակ գործողություն, հիշու՞մ եք: Հմ, ինչ հետաքրքիր է՝ ես էլ…

«Հին» Վալվերդեին փոխարինել «նոր Վալվերդեով»

Այո, Վալվերդեի հեռանալն ավելի սպասելի էր, քան Ռուսաստանի կառավարության հրաժարականը: Սակայն պրոֆեսիոնալիզմն ու «Բարսելոնան» այս պարագայում իրար հակասող երևույթներ են: Ինչպե՞ս կարելի է նման թափանցիկ կերպով բանակցություններ վարել այլ թեկնածուների հետ՝ ունենալով թույլ, բայց միևնույնն է՝ մարզիչ: Աշխարհի թոփագույն ակումբներից մեկի մենեջմենթը շրիշակի մակարդակի է: Ամոթ է: Ու միևնույն ժամանակ՝ բնական, որ Վալվերդեն կարող էր զայրանալ ու նեղանալ:

Լավ հանել Վալվերդեին ու փոխարենը բերել «նոր Վալվերդե» այլ ազգանունո՞վ: «Մի՞ թե մենք սրա համար ենք պայքարել» հեղափոխական արտահայտությունն այս պարագայում ամենատեղինն է: Արդյո՞ք մի խելքը գլխին մարդ չկար Բարտոմեուին ասեր՝ «պարոն Բարտոմեու, ոչ մի ուղեղով մարդ չի ցանկանա գլխավորել մեր թիմն այս բարդ պահին»: Չավին, Կումանն ու Պոչետինոն այդպես էլ արեցին (չնայած՝ Պոչետինոն սոված էլ լինի, երբեք չի գլխավորի «Բարսան»): Ստիպված՝ ընտրությունը կատարվեց հօգուտ նրա, ով իրոք, վերջին ամիսներին զբաղված էր կովեր արածացնելով: Կիկե Սետյենն իսպանական Սարին է՝ 61 տարեկան ու 0 տիտղոս, իսկ «Բետիսի» հետ «Կամպ Նոու» ստադիոնում հաղթանակ տանելը կարիերայի գլխավոր ձեռքբերումն է: Այս ընթացքում բանակցելով Չավիի ու մյուսների հետ Վալվերդեի թիկունքում՝ կատալոնացի մենեջերները թիմին գցեցին բարդ իրավիճակի մեջ ամենաանցակալի պահին:

Անհնար է հավատալ, որ երեկ ոչնչով չզբաղվող 61-ամյա թոշակառու մարդը, որը վերջին 6 ամսվա ընթացքում երեկոյան գործած գուլպաներով պայմանական «Հայլուր» էր նայում, իր գործն ավելի լավ կանի, քան Վալվերդեն: Ի՞նչ պետք է Սետյենը տա Գրիզմանին, Սուարեսին, Մեսիի մասին դեռ լռում ենք: Ինչպե՞ս խաղալ հակագրոհով «Վիլյառեալի» հետ: Առավելագույնը սա է. չէ՞ որ այս մասնագետը երբեք չի եղել մի թիմի ղեկին, որն իր առջև ինչ-որ լուրջ խնդիր (Չնայած «Բետիսի» համար ներքին առաջնությունում տեղը պահելը ևս լուրջ առաքելություն է, բայց դա դա համեմատել «Բարսելոնայի» ծրագրերի հետ ծիծաղելի է): Ուրեմն՝ այդ դեպքում ինչո՞վ էր խանգարում այս պահին Վալվերդեն ու ի՞նչ կտա այս նոր մասնագետը:

Ավելորդ «Մեսիապաշտություն»

«Բարսելոնայի» ղեկավարության 3-րդ արտասովոր քաղաքականությունը թիմի ղեկին «սուլիչով հենց այնպես մարդու» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելն է: Մանավանդ Գվարդիոլայի գնալուց հետո դա առավել քան ցայտուն երևում է: Լավագույնը վատագույնների մեջ Լուիս Էնրիկեն էր, որը կարողացավ Մեսիի հանճարի շնորհիվ թրեբլ գրանցել: Բայց եթե հիշում եք՝ նրա գլխին էլ էին սև ամպեր կուտակվել Լեոյի հետ տարաձայնության պատճառով: Իսկ հիմա հիշեք՝ ովքեր են գլխավորել «Բարսելոնան» Պեպից հետո՝ Մարտինոներ ու Վիլանովաներ, Վալվերդե: Մարդիկ, ովքեր ոչ մի պարագայում չեն կարողանա բղավել Մեսիի վրա ու նրան նստեցնել պահեստայինների նստարանին:

Այստեղ հիշում ենք Մադրիդի «Ռեալի» ղեկավարության նման անկապ քաղաքականությունը, որը 00-ականների սկզբում մարզիչ էր նշանակում Կեյրուշներին ու Լուշեմբուրգուներին, որոնք չէին հանդգնի մատ թափ տալ Ռոնալդոյի ու Բեքհեմի վրա: Բայց հենց եկավ Ֆաբիո Կապելոն, բոլորը հասկացան՝ ինչ է նշանակում աշխատել թոփ մասնագետի հետ: Հատկապես Բեքհեմը դա իր մաշկի վրա զգաց՝ հայտնվելով կազմից դուրս:

Պետք է գիտակցել՝ այս մրցաշրջանն արդեն ձախողված է, անգամ եթե «Բարսան» նվաճի Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը, քանի որ թիմը չունի մենեջմենթ, չի պահպանում էթիկայի տարրական նորմեր: Մոտավորապես նույն պատմությունն է, երբ «Ռեալը» Մունդիալից առաջ բանակցություններ էր վարում Լոպետեգիի հետ և անզգուշորեն այդ ինֆոն ցրեց որոշակի մարդկանց շրջանում: Հետևանքը հիշում ենք՝ Լոպետեգիին հեռացրին, Իսպանիան ֆեյլեց, հետո նույն բանն արեց Լոպետեգին «Ռեալում», բայց դրա պատճառները ուրիշ են:

Որպես ամփոփում և մարզիչների ապիկար քաղաքականության հաստատում՝ հիշենք՝ 10-ական թվականներին «Բարսան» միայն 2 անգամ է տիրացել ՉԼ «լոշտակին», որոնցից մեկը՝ կատարյալ հրաշքի շնորհիվ: Եթե թիմը նորից է ցանկանում հասնել եվրոպական մեծ բարձունքներ, անհրաժեշտ է հրավիրել իրոք թոփ մասնագետի, որը կկարողանա թիմին նոր շունչ հաղորդել, խաղային նոր ձեռագիր տալ, կարգավորել մթնոլորտը հանդերձարանում և վերջապես ազատի թիմը «մեսիակախվածությունից», որից տառապում է վերջին տարիներին: Ամենայն հարգանք Սետյենի հասցեին, բայց նա «Բարսայում», հատկապես ՉԼ-ում անելիք չունի:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ատլետիկոն» պարտության մատնեց 10 հոգով մնացած «Բետիսին» (տեսանյութ)

Ռոնալդուն արձագանքել է «Ռեալի» հաղթանակին Կլասիկոյում

Կուման. «VAR-ը գործում է միայն «Բարսելոնայի» դեմ»

«Ռեալը» ևս 2 գոլ խփեց ու հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

«Բարսելոնան» ու «Ռեալն» արագ փոխանակվեցին գոլերով (տեսանյութ)

«Կլասիկոյի» մեկնարկային կազմերը

«Ինտերը» ցանկանում է քայլեր ձեռնարկել ՈՒԵՖԱ-ի դեմ Հաքիմիի թեստի սխալ պատասխանի համար

«Կլասիկոյից» Ռուրյան դերբի. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի լավագույն գոլերի քառյակը (տեսանյութ)

Պիկե․ «Բարսելոնայի» նոր ստադիոնը պետք է անվանակոչել Մեսիի պատվին»

Կուման․ «Ուզում ենք հաղթել «Ռեալին» և ապացուցել, որ ճիշտ ճանապարհին ենք»

Զիդան․ «Կլասիկոն ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցն է»

Գվարդիոլան՝ Կլասիկոյի մասին. «Ժամը քանի՞սին է այդ խաղը»

Տրաորեն իսպանական գրանդի թիրախում է

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ խաղի համար

Պիկե. «Ակումբը գումարներ է ծախսում, իսկ հետո պահանջում աշխատավարձի նվազեցում, քննադատում մեզ»