ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանին - VNews
Բաժիններ

ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանին

Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանին: ՖԻՖԱ-ի հրապարակումը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:

«Իր բոլոր դրամաներով ու ցնցումներով 20-րդ դարն այնքան էլ բարի չէր Հայաստանի համար, որտեղ սպորտն ու ֆուտբոլը դժվար է համարել առաջնահերթություն: Այդուհանդերձ, երկիրն այդ ամենից դուրս եկավ կայունությամբ և ուժով, որոնք կարելի է տեսնել նաև նրա ֆուտբոլային ակումբներում ու հավաքականում:

Հայաստանում համար մեկ մարզաձևն ըմբշամարտն է, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ երկրի պատմության մեջ նվաճված 16 օլիմպիական մեդալներից 8-ն այդ մարզաձևից են, երկու ոսկե մեդալները՝ ներառյալ: Մնացած մեդալներից 7-ը եկել են ծանրամարտից, իսկ 1-ը՝ բռնցքամարտից:

Իսկ ի՞նչ կարելի է ասել ֆուտբոլի մասին: «Հավաքական» մականունով Հայաստանի ազգային ընտրանին դեռևս չի հայտնվել ոչ ՖԻՖԱ-ի, ոչ էլ ՈՒԵՖԱ-ի ազգային մրցաշարի եզրափակիչ փուլերում, բայց պատմության ընթացքում իր պահերն ունեցել է:

Հաջողության տասնամյակը

Հայաստանը ֆուտբոլային հաջողության առաջին համն զգացել է 1970-ականներին: Երկրի դրոշը ծածանողն այդ ժամանակ Երևանի «Արարատն» էր: Թիմը հիմնադրվել է 1935 թվականին: Մայրաքաղաքային ակումբը վերջ դրեց Ուկրաինայի ու Ռուսաստանի երկարամյա գերիշխանությանը: 1936-1965 թվականներին Մոսկվան 4 թիմ ուներ՝ «Դինամոն», «Սպարտակը», ԲԿՄԱ-ն ու «Տորպեդոն», որոնք նվաճում էին սովետական լիգայի բոլոր չեմպիոնությունները, իսկ 1960-70 թվականներին հայտնվեց Կիևի «Դինամոն», որը 6 տիտղոս նվաճեց:

1973 թվականին «Արարատը» դարձավ լիգայի հաղթող: Այդ մրցաշրջանում թիմը նաև գլխավերևում պահեց Սովետական Միության գավաթը՝ հիշարժան դուբլի հեղինակ դառնալով: Նրանց հաջողությունը կատարյալ ցնցում առաջացրեց: Ոչ միայն նրա համար, որ «Արարատն» աութսայդեր էր ընկալվում, այլև նրա համար, որ լրիվ այլ ֆուտբոլ էր խաղում իր մրցակիցների համար: Ի հեճուկս ուկրաինական ու մոսկովյան թիմերի, որոնք տակտիկական ֆուտբոլի ու արագ փոխանցումների ջատագովն էին, «Արարատի» գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը դավանում էր տեխնիկապես զարգացած ֆուտբոլ՝ դրիբլինգով ու անհատական գործողություններով: Նրանք, որպես այդպիսին, իսկական աստղային ֆուտբոլիստներ չունեին, բայց աշխատում էին որպես թիմ:

«Արարատի» հաջողությունները նաև ավելի հեռու գնացին: Եվրոպական գավաթի 1974-75 մրցաշրջանում նրանք պայքարից դուրս թողեցին նորվեգական «Վիկինգին» առաջին փուլում, իսկ երկրորդ փուլում հաղթեցին «Կորկ Սելթիկին» ու նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր, որտեղ պետք է հանդիպեին Ֆրանց Բեկենբաուերի գլխավորած Մյունխենի «Բավարիային», թիմ որտեղ ելույթ էին ունենում 1974 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած խաղացողներ: Չնայած «Բավարիան»՝ ապագա չեմպիոնը, երկու խաղերի արդյունքում առավելության հասավ 2-1 հաշվով, «Արարատը» երբեք չի մոռանա պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթանակը:

Մարտահրավերներն ու նոր թալիսմանը

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանն ստիպված էր վերակառուցվել ինչպես քաղաքական առումով, այնպես էլ տնտեսական: Դա նաև նոր սկիզբ էր նշանակում ֆուտբոլի համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 1992 թվականին ու մտել ՖԻՖԱ-ի կազմի մեջ, ազգային հավաքականը նույնպես կազմավորվել է նույն տարի: Երկրի առաջնությունում գերիշխանություն սահմանեց «Փյունիկը», որը 14 անգամ առաջնության հաղթող դարձավ:

Ակումբներն իրենց լավագույն ժամանակաշրջանը վայելել են 2000-ականների սկզբին՝ պարբերաբար հաղթանակներ տոնելով ՈՒԵՖԱ-ի գավաթում, որը վերանվանվեց Եվրոպա լիգա, և նույնիսկ որոշակի հաջողություններ գրանցելով Չեմպիոնների լիգայի նախնական փուլերում: Դրանից հետո անկում տեղի ունեցավ, մի քանի թիմեր դադարեցրին իրենց գոյությունը, իսկ Եվրոպայում ներկայացող հայկական թիմերը պարտություններ կրեցին Անդորրայի ու Ջիբրալթարի ներկայացուցիչներից:

Ի տարբերություն ակումբների՝ Հայաստանի հավաքականը երբեք չի ունեցել բարձր մակարդակ, և այն մակարդակը, որ կա, մեծ հաշվով Հենրիխ Մխիթարյանի մեծ ներգրավմամբ է: Մինչև Դորտմունդի «Բորուսիայում» 3 տարի անցկացնելը Հենրիխ Մխիթարյանը 2010-13 թվականներին ելույթ ունեցավ Դոնեցկի «Շախտյորում»: «Բորուսիայից» նա տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», հետո՝ «Արսենալ», իսկ հիմա խաղում է «Ռոմայում»: Մխիթարյանը հայկական ֆուտբոլի աստղն է, հավաքականի կազմում 86 հանդիպում է անցկացրել  ու այդ ցուցանիշով 3-րդ ֆուտբոլիստն է հավաքականի պատմության մեջ: Մխիթարյանը Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն է 29 գնդակով:

Ազգային հավաքականը, այնուամենայնիվ, ունեցել է և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ: Հայաստանի հավաքականի համար ֆուտբոլային նոր դարաշրջանը մեկնարկեց 2006 թվականին, երբ հավաքականի ղեկն ստանձնեց շոտլանդացի Յան Պորտերֆիլդը: Հաղթանակ Ղազախստանի ու Լեհաստանի հավաքականների դեմ խաղերում, ոչ-ոքի պորտուգալացիների հետ… Հաջողության այս կարճ ընթացքն իր կտրուկ ավարտն ունեցավ, երբ Պորտերֆիլդը քաղցկեղից մահացավ 61 տարեկան հասակում:

Հայաստանի հավաքականը դրանից հետո ստիպված էր սպասել մինչև ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլը, որտեղ խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Սլովակիայի հավաքականից: Այդ հրաշալի ժամանակահատվածն օգնեց Հայաստանի հավաքականին մինչև այժմ իր լավագույն վարկանիշը գրանցել ՖԻՖԱ-ի աղյուսակում:

Հայաստանի հավաքականը շարունակում է սպասել իր միջազգային մրցաշարին, բայց լիահույս է, որ նոր ենթակառուցվածքը կօգնի հասնել նպատակին: 2010 թվականին Հայաստանը հիմնեց ազգային ուսումնական կենտրոն, իսկ 2014 թվականին՝ ակադեմիա:

Միևնույն ժամանակ նորոգվել է «Հանրապետական» մարզադաշտը, որտեղ հավաքականն անցկացնում է իր տնային հանդիպումները: Ընդհանուր առմամբ, ապագան խոստանում է ավելի պայծառ լինել հայկական ֆուտբոլի համար, ինչի երաշխիքն այդ հաջողությանը հասնելու պայքարը շարունակելն է:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյան. «Ճանաչո՞ւմ եք ինձ, ճանաչե՛ք Արցախը»

ՖԻՖԱ-ի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրել եմ հայրենակիցներիս»

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու ներքո խաղերի անցկացումը

«Ֆուտբոլիստներին նույնիսկ հանդերձարան չտրամադրեցին». Հայաստանի հավաքականը լուրջ խնդիրների է բախվել Էստոնիայում

Արշակ Կորյանի տրանսֆերային արժեքն աճել է

Վահան Բիչախչյանը հերթական գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանը շարքից դուրս է մնացել կարճ ժամանակով

WhoScored․ Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ տուրի խորհրդանշական հավաքականում

2 տարի է՝ հավաքականը հոկտեմբերին չի հաղթում, այլազգի 11-րդ ֆուտբոլիստն ընտրանու կազմում

Էստոնիա – Հայաստան խաղում հաղթող չեղավ (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան հանդիպման առաջին կեսից հետո հաշիվը հավասար է (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան խաղում հաշիվը հավասարվեց՝ 1-1 (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը բացում է հաշիվն էստոնացիների դեմ խաղում (տեսանյութ)