«Ֆրանսիական տրագիկոմեդիա». Ինչու և ինչպես տրանսֆերի ձախողումը կոտրվեց ՄԻԱՅՆ Գրիզմանի գլխին - VNews
Բաժիններ

«Ֆրանսիական տրագիկոմեդիա». Ինչու և ինչպես տրանսֆերի ձախողումը կոտրվեց ՄԻԱՅՆ Գրիզմանի գլխին

Օրերս «Բարսելոնան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ։ Խաղում հիանալի հանդես եկավ Անտուան Գրիզմանը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը սովորականից ակտիվ էր, մասնակցում էր թիմի գրոհներին, իսկ նրա խփած գնդակը պարզապես շեդևր էր. գոլ, որով կարելի է հիանալ անվերջ, նոմինացնել օսկարին։

Սակայն դա չի փոխում իրողությունը. Գրիզմանն իր առաջին մրցաշրջանը «Բարսելոնայում» ձախողեց։ Շատերը փորձում են համեմատական անցկացնել նրա ու Նեյմարի առաջին մրցաշրջանի հետ, այնտեղ ցուցանիշները գրեթե նույնն էին՝ 40 խաղ, 15 գնդակ։ Սակայն չենք մոռանում մի շատ կարևոր նյուանս. Նեյմարի համար դա առաջին մրցաշրջանն էր Եվրոպայում ու թոփ ակումբի կազմում առհասարակ, իսկ Գրիզմանը վաղուց էր հանդես գալիս թոփ թիմում թոփ մարզչի հետ ու հասել էր աննկարագրելի նվաճումների՝ ի տարբերություն Նեյմարի։ Սակայն մի շտապեք ամեն ինչ կոտրել ֆրանսիացու գլխին։ Միայն նա չէ, որ մեղավոր է առաջին մրցաշրջանը լղոզելու մեջ։

2019 թվականի ամռանը «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» իրար պատերազմ էին հայտարարել աշխարհի չեմպիոն Անտուան Գրիզմանի համար։ Ինքը՝ Գրիզը ցայտնոտի մեջ էր. մեկ չէր մարզվում, մեկ բոյկոտ էր հայտարարում, մեկ ֆիլմ էր նկարում ու սեր  խոստովանում «Ատլետիկոյին»։ Մի խոսքով՝ խառն էր։ Ի վերջո, երկար սպասված տրանսֆերը կայացավ։ «Մեսին իմ կուռքն է», «երազում եմ տեսել, թե ինչպես ենք իրար փոխանցում կատարում Լեոյի հետ» ու նման կարգի արտահայտությունները ողողեցին համացանցը։ Բոլորը սպասում էին նոր սուպեր-եռյակի ձևավորման, սակայն փոխարենը հերթական անգամ ականատես եղանք «Բարսայի» տրանսֆերային ֆեյլի։

Աշնանը Գրիզմանը ցույց չէր տալիս այն արդյունավետությունն ու վառ ֆուտբոլը, որը մենք սովոր էինք տեսնել նրա կատարմամբ «Ատլետիկոյում»։ Բոլորն էին հասկանում, որ անգամ ամենատաղանդավոր ու լավագույն ֆուտբոլիստներն են ադապտացման հետ խնդիրներ ունենում, այն էլ գրանդ թիմերում (Սուարեսին ու Նեյմարին հիշեք)։ Հունվարին Գրիզը խուսափեց ուղիղ պատասխանել իր դանդաղ ադապտացիայի մասին հնչած հարցին ու տվեց հերթական անկապ հարցազրույցը՝ «Հայրս երջանիկ է՝ նրա որդին խաղում է «Բարսելոնայում» և «ես աշխատում եմ հասկանալ Մեսիի խաղն ու քայլել նրա հետ նույն ռիթմով» ու էլի ինչ-որ բլա-բլաներ։

Հասարակությունը, փորձագետները Գրիզմանի խաղը քննադատում են, ինչպես կարող են։ Իհարկե, հեշտ է քարկոծել ու խփել ընկածին. նա ձեզ պատասխանելու ժամանակ ու հնարավորություն չունի։ Սակայն քննադատելուց առաջ եկեք հասկանանք. ինչու՞ է «Ատլետիկոյի» անվիճելի առաջատարը, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը նման դեգրադացիա ապրել «Բարսելոնայում»։ Եվ ամենակարևորը՝ ինչու՞ են բոլորը միայն նրան մեղադրում ձախողված մրցաշրջանի համար։ Բացի հենց Գրիզմանից՝ առնվազն 4 հոգի պատասխանատու է նրա թույլ ելույթների ու նման ցածր արդյունավետության համար՝ Բարտոմեու, Վալվերդե, Սետյեն, Մեսի։

Նախ «ես աշխատում եմ հասկանալ Մեսիի խաղն ու քայլել նրա հետ նույն ռիթմով» խոսքերը հենց այնպես չէին ասված։ Իրականում՝ Գրիզմանը փորձում էր պատասխանատվության ամբողջ ծանրության գոնե մի քանի կիլոգրամը փոխադրել Մեսիի ուսերին։ Առաջին իսկ օրից երկու թոփերի խաղում քիմիա չկար։ Մեսին պարզապես հրաժարվում էր խաղալ Գրիզմանի հետ, մինչդեռ «Ատլետիկոյում» ֆրանսիացին «ասիչ» էր (15 գոլ և 8 փոխանցումը համեմատելի չեն այս տարվա նույն ժամանակահատվածի 8 գոլ ու 4 փոխանցման հետ): Դեռ լավ է, որ այսքան խփել է Գրիզմանը, քանի որ ինչ նախորդ ֆիզկուլտի դասատուն, ինչ այսօրվա հովիվը նրան աքսորել էին ձախ եզր, որտեղ նրա հետ ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում, դիսկոմֆորտ է։

«Ատլետիկոյում» աշխարհի չեմպիոնը սովոր էր ազատ տեղաշարժվել, զբոսնել ու որսալ իր պահը կենտրոնում, ստեղծագործել։ «Բարսայում» նրա գործողությունները սահմանափակված են։ Մեսին ու Սուարեսը «խոզ» երեխաների նման խաղում են լավ խաղալիքներով, իսկ Գրիզմանին մնում է կողքից տխուր հայացքով նայել։ Այն գործողությունները, որոնցով աչքի էր ընկնում Գրիզը, անում է հիմա թիմում Մեսին՝ տեղաշարժվել կենտրոն ու պահեր փնտրել փոխանցելու և հարվածելու համար։ Ֆրանսիացու դժգույն խաղը վերջին շրջանում ստիպեց անգամ Սետյենին նրան թողնել պահեստայինների նստարանին։

Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակի առաջին մեղավորը դաշտում Էռնեստո Վալվերդեն է, որը Լեոյի հետ լավ հարաբերություններ ձևավորելու համար Գրիզմանին զրկեց իր գլխավոր զենքից՝ ստեղծագործելու ազատությունից։ Սետյենը, որպես Վալվերդեի օրինական իրավահաջորդ, ավելի է «թաղում» ֆրանսիացուն։ Այո, միևնույն ժամանակ Գրիզմանի վիճակագրությունը սարսափելի է։ «Լեգանեսի» հետ խաղի առաջին 35 րոպեների ընթացքում չեմպիոնը գնդակին դիպել է 5 անգամ, իսկ առհասարակ խաղում կատարել է 16 փոխանցում։ Սամուել Ումտիտին ավելի շատ փոխանցում է կատարել այդ օրը։ Եվ դա այն դեպքում, որ նա դուրս է եկել դաշտ 72-րդ րոպեին։

Marca-ն վերջերս գրել էր, որ «Բարսայի» ֆուտբոլասերները Գրիզմանի թույլ ելույթներից հետո դեմ էին արտահայտվել նրան կազմ ընդգրկելու վերաբերյալ։ Այս պարագայում Գրիզմանը առնվազն արժանի է գոնե ցավակցանքի՝ իր համար անսովոր ու վատ դիրքում խաղալու համար։ Վերջին ֆուտբոլիստը, որը ձախ թևում հաջողել է՝ Նեյմարն է։ Նրանից հետո այդ եզրում տանջվել են նախ Դեմբելեն, ապա Կոուտինյոն, հիմա էլ Գրիզմանը։ Անեծք է, դրած, ի՜նչ է եղած այդ թևը։ Արդեն գրեթե մեկ տարի է՝ Գրիզմանը «Կամպ Նոու» ստադիոնում է, բայց տպավորություն է, որ նա չգիտի՝ ինչ անել, ինչպես խաղալ։

Հանդերձարանում էլ վիճակը նորմալ չէ։ Վերջերս տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես է Մեսին իր արհամարհանքով ոչնչացնում Սետյենի օգնականին։ Մարզումներից մեկի ժամանակ, ասում են, Մեսին ու Գրիզմանը քիչ էր մնում՝ ձեռնամարտի բռնվեին։ Պատահական չէ, որ «Սելտայի» հետ խաղում նրանք իրար միջև ոչ մի անգամ գնդակ չեն խաղարկել։ Եվ դա այն դեպքում, որ դաշտում նրանց բաժանում է մի քանի մետր, նրանք նույն թիմից են, նույն գործն են անում։ «Ատլետիկոյի» հետ խաղը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այս թիմում առնվազն երկու հոգի ավելորդ է։ Մեկը Սետյենն է, մյուսն էլ հենց ինքը՝ Գրիզմանը։

Գրիզմանը զոհ է, այո։ Բայց նա 5 տարեկան չէ, նա պետք է որ գիտակցեր՝ ուր է գնում և ինչ է նրան սպասվում։ Առնվազն հիմար պիտի լինի մարդը, որը չիմանա Մեսիի բարդ բնավորությունը։ Իսկ այդ տարի ամբողջ մամուլը գրում էր, որ Մեսին ակումբից պահանջում էր Նեյմարի վերադարձը։ Ի՞նչ է, Գրիզն իրո՞ք մտածում էր, որ հարցազրույցներում Մեսիին աստվածացնելով կարող էր ձեռք բերել նրա հարգանքն ու վստահությունը։ Գրիզմանն ինքն ընկավ այս ճահճի մեջ, սեփական կամքով, ոչ ոք նրա ձեռքից չի բռնել ու քարշ չի տվել Մեսիի երախը։

100 տոկոս վստահությամբ կարելի է ասել, որ այսօրվա Գրիզմանը Գվարդիոլայի «Բարսելոնայի» համար կլիներ իդեալական մեքենա։ Ավելին՝ եթե Գրիզմանը լիներ թիմում Իբրայի փոխարեն, գուցե ֆուտբոլի պատմությունն այլ ընթացք ստանար։ Իսկ Սետյենի «Բարսելոնայում» նա տեղ չունի։ Ու ցանկացած մեկը, որին չի սիրում Մեսին, տեղ չի ունենա, եթե թիմի մարզիչը լինի Սետյենը կամ նման մեկը։ «Ես չեմ պատրաստվում նրանից ներողություն խնդրել հիմնական կազմում չընդգրկելու և 90-րդ րոպեին միայն դաշտ դուրս բերելու համար», – աջ ու ձախ կտրում էր Սետյենը լրագրողների հետ զրույցում։ Ուրիշ ի՞նչ կարող է նա ասել, միևնույնն է՝ կորցնելու ոչինչ չունի։

Արդեն հիմա պարզ է, որ Սետյենը մրցաշրջանից հետո կվերադառնա իր սովորական ապրելակերպին՝ միջակ ակումբ և կովեր, սակայն Չավիի, վան դե Բեկի կամ Կումանի գալով ոչինչ չի փոխվի։ Ակումբում պետք է ղեկավարություն փոխվի, որպեսզի թիմը որդեգրի նոր փիլիսոփայություն։ Եթե նոր մարզիչը գա ու թիմ հրավիրի Բրեթվեյթի նման 0 դեմք զուտ դաշտում գլխաքանակ ապահովելու ու Մեսիին փոխանցում կատարելու համար, ապա Սետյենից ոչնչով լավը չի լինելու։

Գորբաչովյան «պերեստրոյկան» պետք է սկսել Մեսիից։ Ավելի ճիշտ՝ ոչ թե արգենտինացի հանճարից, այլ նրա հանդեպ վերաբերմունքից։ Չնայած մյուս կողմից էլ՝ ո՞ր մասնագետը կհրաժարվի մարդկության ու այլ քաղաքակրթությունների լավագույն ֆուտբոլիստից, կասի «նա ինձ պետք չէ» կամ կթողնի պահեստայինների նստարանին։ Սակայն ամեն անգամ նման բան ասելուց առաջ միշտ պետք է հիշել լեգենդար սեր Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերը. «Եթե մի օր մի ֆուտբոլիստն ավելի կարևոր է դառնում, քան մարզիչն ու պատմությունը, այդ թիմը կորած է»։

Հ.Գ.

Ամենասարսափելին Գրիզմանի համար այս պահին օրացույցին նայելն է։ Հաջորդ տարվա մարտին լրանում է նրա ծննդյան 30-րդ տարեդարձը։ Այսօր ամեն ֆուտբոլիստ չէ, որ կարող է 30-ից հետո խաղալ նույն մակարդակի վրա։ Եթե նա ցանկանում է գոնե մի քանի տարի վայելել թոփ մակարդակի ֆուտբոլ, պետք է անհապաղ հեռանա Կատալոնիայից ու հարմար տեղավորվի, օրինակ, ՊՍԺ-ում։ Իհարկե, կարելի է դիտարկել նաև «Ատլետիկո» վերադարձի տարբերակը, բայց այնտեղ էլ են սկսում բարեփոխումները։ Եթե հիմա էլ Գրիզմանը սխալվի ակումբի ընտրության հարցում, կարելի է վստահորեն խաչ քաշել նրա կարիերայի վրա։

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կառլես Պերես․ «Արժանի չէի, որ «Բարսելոնան» վաճառեր իմ տրանսֆերը»

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Չեմպիոնների լիգան վերադառնում է. 10 հարց՝ ձեր հիշողությունը թարմացնելու համար. VNews-ի Quiz-ը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ է Անգլիա տեղափոխությանը

«Բարսելոնան» թեկնածու ունի Կիկե Սետյենին փոխարինելու համար

«Բարսելոնան» սուպերառաջարկ է մերժել իր երիտասարդ ֆուտբոլիստի հարցով

Սեբալյոս․ «Խոսել եմ Պերեսի հետ, ու պայմանավորվել ենք ապագայիս վերաբերյալ քննարկման համար»

«Բարսելոնայի» նախագահը հստակություն է մտցրել Լաուտարոյի ու Նեյմարի հարցում

Գատուզո․ «Միայն երազում կամ որդուս PlayStation-ով կարող եմ մրցակցել Մեսիի հետ»

Բարտոմեուն նշել է՝ ով է գլխավորելու «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում

Բարտոմեու․ «Արտուրն անարգել է խաղընկերներին ու ակումբին»

Գրիզմանն ու Դեմբելեն վերադարձել են ընդհանուր խմբի մարզումներին

Սետյենը գտել է Մեսիից առավելագույնը քաղելու տարբերակը

«Ռեալն» ու «Բարսելոնան» աշխարհի ամենաթանկարժեք ակումբների լավագույն տասնյակում են

3 ակումբ պայմանագիր է առաջարկել Վիլիանին

«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրեց արտագնա մարզաշապիկը 2020/21 մրցաշրջանի համար (լուսանկարներ)