Գևորգ Ղազարյանն ընդգրկվեց 100 գոլի սահմանագիծը հատած ռմբարկուների ցանկում - VNews
Բաժիններ

Գևորգ Ղազարյանն ընդգրկվեց 100 գոլի սահմանագիծը հատած ռմբարկուների ցանկում

Վրաստանի հավաքականի հետ կայացած Ազգերի լիգայի մրցախաղում Հայաստանի հավաքականի ավագի պարտականությունները կատարած Գևորգ Ղազարյանի խփած գոլը ոչ միայն մեր ընտրանու համար անչափ կարևոր հաղթանակի հիմքը դրեց, այլև դարձավ 32-ամյա ֆուտբոլիստի հոբելյանական՝ 100-րդ գնդակը պաշտոնական մրցումներում: Գևորգ Ղազարյանը դարձավ «100-ի ակումբի» 22-րդ անդամը:

Գոլերից 49-ը Ղազարյանը խփել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում «Փյունիկի» (43) և «Բանանցի» (6) կազմում, 7 անգամ աչքի է ընկել ՀՀ գավաթի, մեկ անգամ՝ Սուպերգավաթի, 2 անգամ՝ եվրագավաթների մրցաշարերում: Հայաստանի ազգային հավաքականում Ղազարյանի հաշվին 14 գոլ է գրանցված, 5 գնդակ էլ նա խփել է երիտասարդական հավաքականում:

Արտերկրի ակումբներում հանդես գալիս Գևորգ Ղազարյանը 22 գոլի հեղինակ է դարձել: Դրանցից 16-ը նա խփել է Ուկրաինայի (6), Հունաստանի (1), Պորտուգալիայի (8) և Կիպրոսի (1) առաջնություններում, 3 անգամ աչքի է ընկել Պորտուգալիայի գավաթի խաղարկությունում, Դոնեցկի «Մետալուրգի» կազմում էլ 3 գոլ է խփել եվրագավաթներում:

Տիգրան Բարսեղյանն Ազգերի լիգայում լավագույնն է գոլային փոխանցումների թվով

«100-ի ակումբի»հաշվարկով իր առաջին գոլը Գևորգ Ղազարյանը խփել է 2005թ. մարտի 19-ին «Էսթեղլալ-Կոտայքի» հետ Աշտարակում կայացած ՀՀ գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում: «Փյունիկ-2-ի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այդ հանդիպման 36-րդ րոպեին դեռ 17-ամյակը չբոլորած Գևորգին խաղադաշտ դուրս բերեց 16-ամյա Հենրիխ Մխիթարյանի փոխարեն և ընդամենը 5 րոպե անց պատանի ֆուտբոլիստը գրավեց փորձառու Նիկոլայ Սարգսյանի պաշտպանած դարպասը:

Իսկ 2005թ. հուլիսի 6-ին Գևորգ Ղազարյանը նորամուտը նշեց «Փյունիկում» Բարձրագույն խմբում: Երևանի «Լեռնագործի» հետ կայացած այդ խաղում (5-0) թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանն ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ դուրս բերեց Գևորգին՝ փոխարինելով դուբլի հեղինակ դարձած Աղվան Մկրտչյանին: Ընդհանուր առմամբ 2005թ. առաջնությունում Գևորգ Ղազարյանը մասնակցեց 11 խաղի:

Արդեն հաջորդ մրցաշրջանում Գևորգ Ղազարյանը բացեց գոլերի հաշիվը նաև Բարձրագույն խմբում: Առաջնությունում անցկացրած իր առաջին խաղում՝ մայիսի 24-ին Երևանում կայացած հանդիպման 60-րդ րոպեին փոխարինելով Ռաֆայել Նազարյանին, 5 րոպե անց Գևորգ Ղազարյանը խոցեց շիրակցի Ռայմոնդ Զադուրյանի պաշտպանած դարպասը, իսկ ավելացված ժամանակում դարձավ դուբլի հեղինակ:

2006թ. հունիսի 9-ին Գևորգն առաջին գոլը խփեց նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում՝ Երևանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցախաղում գրավելով Սան Մարինոյի ընտրանու դարպասը:

ՀՀ առաջնություններում Գևորգ Ղազարյանն ամենաբարձր արդյունավետությամբ աչքի է ընկել 2010թ.՝ 16 գնդակով Մարկոս Պիզելիի հետ ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու:

Եվրագավաթների մրցաշարերում խփած առաջին գոլի բերկրանքը Ղազարյանը վայելել է 2007թ. հուլիսի 25-ին Երևանում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում՝ խոցելով իռլանդական «Դերի Սիթիի» դարպասը:

«Նրա օրոք նույնիսկ Բրազիլիայի դեմ խաղալիս կմտածեինք հաղթանակի մասին». Գևորգ Ղազարյանի ամենաուշագրավ մտքերը

Իսկ գոլերի հաշիվը Հայաստանի ազգային հավաքականում Ղազարյանը բացել է 2009թ. մարտի 28-ին Երևանում էստոնացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: 87-րդ րոպեին նա գրավել է Սերգեյ Պարեյկոյի պաշտպանած դարպասը՝ մեր հավաքականին փրկելով պարտությունից (2-2): Դա ազգային հավաքականում 21-ամյա ֆուտբոլիստի 10-րդ խաղն էր:

2011թ. հուլիսից Գևորգ Ղազարյանը հանդես է գալիս արտերկրում: Ցավոք, արտերկրում նրան չհաջողվեց պահպանել իր բարձր արդյունավետությունը: Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում» և «Կերկիրայում», պորտուգալական «Մարիտիմուի» ու «Շավիշի» և Կիպրոսի ԱԵԼ-ի կազմում անցկացրած պաշտոնական 209 հանդիպումներում Գևորգն ընդամենը 22 գոլ է խփել: Մինչդեռ «Փյունիկում», «Բանանցում», ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականներում անցկացրած պաշտոնական 265 հանդիպումներում Ղազարյանը 78 անգամ գրավել է մրցակիցների դարպասը:

Գևորգ Ղազարյանը «100-ի ակումբի» կազմում գործող 3-րդ ֆուտբոլիստն է Հենրիխ Մխիթարյանից և Ալեքսանդր Կարապետյանից հետո: Իսկ առաջին հայ ֆուտբոլիստը, ում հաջողվել է պաշտոնական մրցումներում հատել 100 գոլի սահմանագիծը, Գեղամ Հովհաննիսյանն է: Հոբելյանական գնդակը նա խփել է 1995թ. հունիսի 14-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած Հայաստանի առաջնության ՀՄԸՄ «Կոտայք-2» խաղում՝ գրավելով հյուրերի դարպասապահ Մայիս Ազիզյանի պաշտպանած դարպասը:

Ինչ վերաբերում է «100-ի ակումբը» համալրելու հեռանկարին, ապա պատկերն առայժմ շատ տխուր է: Գործող ֆուտբոլիստներից լավագույն արդյունքն ունի վերջին տարիներին արդյունավետությունը զգալիորեն նվազեցրած 31-ամյա Միհրան Մանասյանը, որի հաշվին պաշտոնական մրցումներում 93 գոլ է գրանցված: Հուսանք, որ գործող ֆուտբոլիստներից ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստին (81 գոլ) ի վերջո կհաջողվի հաղթահարել դժվարին բարձունքը՝ համալրելով «100-ի ակումբը»:

VNews.am-ը ներկայացնում է հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուների ցանկը, որոնք պաշտոնական մրցումներում 100 և ավելի գոլ են խփել: Հաշվի են առնված ՀՀ առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի մրցաշարերում (Գ), Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումներում (Ս), հայկական ակումբներում եվրագավաթների մրցաշարերում (Ե), ՀՀ ազգային (ԱՀ) և երիտասարդական (ԵՀ) հավաքականներում, «Համագործակցության գավաթի» խաղարկություններում (ԱՊՀ) և արտերկրի Բարձրագույն խմբի թիմերում (ԱԵ) պաշտոնական մրցումներում խփած գոլերը:

Ֆուտբոլիստներ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԱԵ ԸՆԴ
1.Արսեն Ավետիսյան 197 28 4 2 5 236
2.Հենրիխ Մխիթարյան 30 6 30 9 137 212
3.Արթուր Պետրոսյան 125 15 1 11 2 37 191
4.Արթուր Քոչարյան 140 23 4 19 186
5.Արա Հակոբյան 131 13 7 6 2 21 180
6.Վարդան Ղազարյան 20 2 155 177
7.Արամ Ոսկանյան 89 17 1 2 1 50 160
8.Մարկոս Պիզելի 75 8 1 2 11 60 157
9.Արման Քարամյան 100 18 3 5 1 21 148
10.Տիգրան Եսայան 125 14 4 1 3 147
11.Արամ Հակոբյան 110 26 4 2 2 2 146
12.Արմեն Շահգելդյան 105 19 3 3 6 10 146
13.Գեղամ Հովհաննիսյան 111 32 1 1 145
14.Վահե Յաղմուրյան 104 18 6 128
15.Յուրա Մովսիսյան 14 109 123
16.Սամվել Նիկոլյան 86 24 1 1 112
17.Ալեքսանդր Կարապետյան 6 104 110
18.Վարազդատ Ավետիսյան 83 19 1 1 2 106
19.Մհեր Ավանեսյան 89 10 1 1 4 105
20.Արտյոմ Ադամյան 85 15 1 1 102
21.Շիրակ Սառիկյան 96 3 1 1 101
22.Գևորգ Ղազարյան 49 7 1 2 14 5 22 100

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականը բարելավել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Որքան գումար Հայաստանը կստանա՝ Ազգերի լիգայի իր խմբում հաղթելու համար

Խոակին Կապառոսը գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբ

Բայրամյան. «Ինչպե՞ս կարող է հավաքականում հատուկ վերաբերմունք չլինել Մխիթարյանի նկատմամբ»

Խավիեր Մինյանոյի կյանքի օրենքները և ֆուտբոլային ուղին (տեսանյութ)

Մխիթարյան. «Իմ ազգին ուժ ու համերաշխություն եմ մաղթում՝ սիրելի որդիների կորստի վիշտը հաղթահարելու համար»

Podcast #16. Հայաստանի ազգային հավաքականի նվաճման հետքերով

Վահան Բիչախչյանը հավաքականի հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ WhoScored-ի խորհրդանշական հավաքականում

«Այն պահը, երբ B լիգայի ուղեգիր ենք նվաճում». ՀՖՖ-ն նոր լուսանկար է ներկայացրել

Հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիչները պատմական խաղից հետո կատարում են ՀՀ օրհներգը (տեսանյութ)

Կապառոսի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականը գլխավորած 20 մարզիչների մեջ

Կապառոսը ռեկորդային ցուցանիշ է գրանցել Հայաստանի հավաքականում

«Կապառոսի հաղթական ու յուղոտ վերջակետը». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Հս. Մակեդոնիայի հետ խաղում

Տիգրան Բարսեղյանը՝ Ազգերի լիգայի հիմնական փուլի լավագույն ասիստենտ

Սոլոմոն Ուդո. «Մեծ պատիվ է պատմություն կերտել Հայաստանի հավաքականի հետ»