Գևորգ Կասպարովի պատմական նվաճումը. Նա Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահն է - VNews
Բաժիններ

Գևորգ Կասպարովի պատմական նվաճումը. Նա Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահն է

Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Գևորգ Կասպարովը հերթական պատմական նվաճման հասավ՝ դառնալով Հայաստանի առաջնություններում հանդես եկած ամենատարեց դարպասապահը:

Բարձրագույն խմբում ռեկորդային՝ 22-րդ մրցաշրջանն անցկացնող Կասպարովը «Ուրարտուի» հետ խաղում «Շիրակի» դարպասը պաշտպանեց 40 տարեկան 120 օրականում: Գևորգ Կասպարովը գերազանցեց Երևանի «Կանազի» նախկին դարպասապահ Ռոբերտ Պալյանի ռեկորդային ցուցանիշը, որը 1992թ. նոյեմբերի 4-ին ՀՄՄ-ՖԻՄԱ-ի հետ անցկացրած առաջնության իր վերջին խաղում 40 տարեկան 94 օրական էր: Նա կարող էր պատմական նվաճումը գրանցել դեռևս հոկտեմբերի 30-ին «Նոայի» հետ կայացած խաղում, սակայն վնասվածքի պատճառով բաց էր թողել ոչ միայն այդ, այլև «Արարատի»  հետ անցկացված հաջորդ հանդիպումը:

Գևորգ Կասպարովը մի շարք ռեկորդների հեղինակ է: Հիշեցնենք դրանցից գլխավորները: Նա ՀՀ առաջնություններում բոլորից շատ խաղ (346) անցկացրած դարպասապահն է: Այդ ցուցանիշն ավելի բարձր կլիներ, եթե որոշ ժամանակահատված նա չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով Իրանում: Կասպարովը չի մասնակցել 2003 և 2007թթ. Հայաստանի առաջնություններին, իսկ 2008-2010, 2012/13, 2013/14թթ. առաջնությունների միայն մի հատվածում է հանդես եկել՝ կարճ ժամանակով վերադառնալով Իրանից:

Գևորգ Կասպարովը Ալաշկերտի մարզմանը

«Կուռքս մերժեց խնդրանքս, իսկ 20 տարի անց․․․»․ Գևորգ Կասպարովի ամենաուշագրավ մտքերը

Պաշտոնական մրցումներում անցկացրած խաղերի քանակով էլ (469) Կասպարովը ռեկորդակիր է ինչպես դարպասապահների, այնպես էլ գործող ֆուտբոլիստների մեջ: Նա ՀՀ առաջնություններում բոլորից հաճախ՝ 122 անգամ դարպասն անառիկ է պահել:

Գևորգ Կասպարովը պրոֆեսիոնալ ֆուտբոլում է արդեն 23 տարի: Նա ֆուտբոլային կարիերան սկսել է դարպասապահի համար բավական վաղ տարիքում՝ 1997թ. 17 տարեկանում պաշտպանելով Բարձրագույն խմբում հանդես եկող Արտաշատի «Դվինի» դարպասը: Հետագա տարիներին Կասպարովը կրել է «Ղարաբաղի» (1999թ.), «Զվարթնոցի» (2000-2002թթ.), «Միկայի» (2004, 2010-2014/15թթ.), «Փյունիկի» (2005-2006թթ.), «Ուլիսի» (2008-2009թթ.), «Ալաշկերտի» (2015/16-2016/17թթ.) և «Գանձասար-Կապանի» (2017/18-2019/20թթ.) մարզաշապիկները, իսկ ընթացիկ առաջնությունում ստանձնել է Բարձրագույն խմբում իր 9-րդ ակումբի՝ «Շիրակի» դարպասի պաշտպանությունը:

Ֆուտբոլային հարուստ կարիերայում Գևորգ Կասպարովն արժանացել է 9 տիտղոսի: Նա Հայաստանի քառակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր ու եռակի սուպերգավաթակիր:

Արտակ Գրիգորյանը դարձավ 12-րդ ֆուտբոլիստը, որ հատեց անցկացրած 400 պաշտոնական խաղի սահմանագիծը

Ֆուտբոլասերները տեղյակ են, որ նախորդ առաջնության մեկնարկից առաջ Գևորգ Կասպարովը հայտարարել էր, որ վերջին մրցաշրջանն է անցկացնելու ֆուտբոլային իր կարիերայում, քանի որ երազում էր հանդես գալ 40 տարեկանում:

Բոլորիս կողմից սիրված դարպասապահին խորհուրդ տվեցինք չշտապել ձեռնոցները մեխից կախել, քանի որ ելույթները շարունակելու դեպքում նա այս տարվա հոկտեմբերի վերջին կդառնար ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց դարպասապահը՝ գերազանցելով «Կանազի» դարպասի նախկին պահապան Ռոբերտ Պալյանի ցուցանիշը:

Եվ իր մասին հրապարակումներին մշտապես հետևող Կասպարովն անսալով մեր հորդորներին, մտքափոխվեց ու երկարաձգեց ֆուտբոլային հարուստ կարիերան՝ Բարձրագույն խմբում ռեկորդային՝ 22-րդ մրցաշրջանում նորամուտը նշելով «Շիրակում»:

Գևորգ Ղազարյանն ընդգրկվեց 100 գոլի սահմանագիծը հատած ռմբարկուների ցանկում

Ինչպես ընդունված է ասել, ախորժակն ուտելիս է բացվում: Այժմ, երբ Կասպարովը պատմական նվաճման հասավ, օգտվելով առիթից, նոր մարտահրավեր ենք նետում նրան: Եթե նա հաջորդ մրցաշրջանում էլ հանդես գա «Շիրակում» կամ մեկ այլ թիմում, ապա 2022թ. մարտին կդառնա 21-րդ դարում ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը՝ գերազանցելով արցախցի Արկադի Հակոբյանի երկարակեցության ռեկորդը, որը 2002թ. իր ելույթներն ավարտել է 41 տարեկան 225 օրականում:

Միաժամանակ, փորձառու դարպասապահը կդառնա նաև ՀՀ առաջնություններում «Շիրակում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը՝ գերազանցելով Հովհաննես Թահմազյանի ռեկորդային ցուցանիշը (41 տարեկան 207 օրական): Ի դեպ, հիշեցնենք, որ Կասպարովը Բարձրագույն խմբի առաջնություններում մինչ օրս «Ալաշկերտում» և «Գանձասար-Կապանում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն է:

Կարծում ենք, որ Կասպարովն այս անգամ էլ կընդունի մարտահրավերը ու մի փոքր էլ կերկարաձգի ֆուտբոլային հարուստ կարիերան: Մնում է նրան մաղթել առողջություն ու զերծ մնալ վնասվածքներից, որպեսզի հերթական պատմական նվաճումը գրանցի:

Ուրոշ Նենադովիչը՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստ

Եվս մեկ նկատառում, որի վրա կցանկանայինք հրավիրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության և ազգային հավաքականի մարզչական կազմի ուշադրությունը: Հիանալի կլինի, եթե 2022թ. գարնանը կազմակերպվի Գևորգ Կասպարովի հրաժեշտի խաղը ՀՀ հավաքականի կազմում՝ որոշ խաղաժամանակ տրամադրելով նրան խաղադաշտում: Այդ դեպքում Կասպարովը կդառնա նաև ՀՀ հավաքականում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը՝ գերազանցելով մեկ այլ լեգենդի՝ Ռոման Բերեզովսկու ռեկորդային ցուցանիշը, որը 2016թ. մարտի 25-ին Բելառուսի ընտրանու հետ կայացած հրաժեշտի իր խաղում 41 տարեկան 233 օրական էր:

Իհարկե, դեռ բավական ժամանակ կա այդ մասին մտածելու և առիթը ներկայանալու դեպքում կարծում ենք, որ ՀՖՖ-ն կկազմակերպի Կասպարովի հրաժեշտի խաղը:

Իսկ առայժմ VNews.am-ը ներկայացնում է Բարձրագույն խմբում հանդես եկած ամենատարեց դարպասապահների տասնյակը:

Դարպասապահներ Վերջին ակումբը Տարիքը Վերջին խաղը
1. Գևորգ Կասպարով «Շիրակ» 40 տ. 120օր. 22.11.2020 «Ուրարտու»՝ 0-3
2. Ռոբերտ Պալյան «Կանազ» 40 տ. 94 օր. 04.11.1992 ՀՄՄ-ՖԻՄԱ՝ 2-1
3. Սլավա Սուքիասյան «Լեռնագործ» Երևան 40 տ. 38 օր. 15.09.2005 «Շիրակ»՝ 1-0
4. Աշոտ Ստեփանյան «Նիգ» 40 տ. 22 օր. 29.10.1992 «Դեբեդ»՝ 4-2
5. Արմեն Մանուկյան «Շենգավիթ» 37 տ.  246 օր. 03.11.1992 «Զորավան»՝ 4-4
6. Ռայմոնդ Զադուրյան «Շիրակ» 37 տ.  106 օր. 31.08.2008«Արարատ»՝ 1-2
7. Արմեն Ավագյան «Էրեբունի» 37 տ.  25 օր. 02.07.1999«Ցեմենտ»՝ 0-3
8. Վահան Շմավոնյան «Ուլիս» 36 տ.  268 օր. 09.11.2006«Բանանց»՝ 0-7
9. Սեյրան Ղուլիջանյան «Ազնավուր» 36 տ.  231 օր. 13.10.1992 «Լոռի»՝ 6-1
10. Էդիկ Երիցյան «Գանձասար» 36 տ.  213 օր. 26.10.2007 «Փյունիկ»՝ 0-0

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նոր մարզիչներով առաջին արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 14-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հովսեփյանը Մխիթարյանին դուրս թողեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկից

Դավիդ Կամպանյա․ «Լոռիի» դեմ խաղը սկզբունքային չէր ինձ համար» (տեսանյութ)

Արթուր Սերոբյան․ «Շատ ուրախ եմ առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնվելու և թիմի հաղթանակի կապակցությամբ» (տեսանյութ)

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Զավեն Բադոյանը՝ իր, Ուդոյի և Նենադովիչի մասնակցությամբ հրաշալի գոլային կոմբինացիայի մասին (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան․ «Մեր այսօրվա խաղից գոհ ենք, բայց պատժվեցինք կենտրոնացվածությունը կորցնելու պատճառով» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Խոտանը շատ էր, հետևաբար ավելի շատ պետք է վազեինք, որպեսզի փակեինք գոտիները» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Չէի ասի, թե ֆիզիկական առումով լավագույն վիճակում ենք, ուստի փորձում ենք գտնել ներքին ռեսուրսներ խնդիրները լուծելու համար» (տեսանյութ)

Սիմոնյանի և Նենադովիչի մեկական գոլերը վճռեցին «Արարատ» – «Նոա» խաղի ելքը (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Մենք պարտադիր պետք է հաղթեինք, ինչը հոգեբանական բարդություն էր ստեղծում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)