Գնալով ծայրահեղ քայլի․ 4 դեպք, երբ խաղացողը բոյկոտել է թիմի մարզումները՝ այլ ակումբ տեղափոխվելու համար - VNews
Բաժիններ

Գնալով ծայրահեղ քայլի․ 4 դեպք, երբ խաղացողը բոյկոտել է թիմի մարզումները՝ այլ ակումբ տեղափոխվելու համար

modric - Գնալով ծայրահեղ քայլի․ 4 դեպք, երբ խաղացողը բոյկոտել է թիմի մարզումները՝ այլ ակումբ տեղափոխվելու համար

Անգլիական մարզական մամուլի էջերը ողողված են Հարի Քեյնի՝ «Տոտենհեմի» մարզումներին չներկայանալու մասին լուրերով։ Անգլիացին հրաժարվում է մարզվել «խթանների» հետ։ Նա ցանկանում է հեռանալ ակումբից։ Դեռևս անցած մրցաշրջանի ավարտից հետո Քեյնը հայտարարեց, որ տղամարդկային խոսակցություն է ունենալու ակումբի նախագահ Դենիել Լևիի հետ։ Անգլիացին ուզում էր փոխել ակումբն ու խաղալ Չեմպիոնների լիգայում։ Սակայն, արի ու տես, որ Քեյնի համար ամենևին էլ հեշտ չէ հեռանալ հյուսիսլոնդոնյան թիմից, ու գուցե հենց այդ պատճառով է նա այսպիսի ծայրահեղ քայլի գնում՝ չներկայանալով թիմի մարզումներին։

Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Քեյնը մտադիր է վերադառնալ ակումբի ճամբար ու հարթել առկա խնդիրները, սակայն ակնհայտ է, որ կա լարվածություն ակումբի նախագահի ու թիմի գլխավոր աստղի միջև։ Այդ լարվածությունը չի հարթվի, քանի դեռ չկա հստակ որոշում Քեյնի ապագայի վերաբերյալ։

Ֆուտբոլային աշխարհում սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ ֆուտբոլիստը բոյկոտում է թիմի մարզումը, քանի որ ցանկանում է այլ ակումբ տեղափոխվել։ VNews-ը ներկայացնում է 4 ուշագրավ դեպք, երբ խաղացողը հրաժարվում էր մարզվել ներկայիս ակումբում՝ այլ թիմ տեղափոխվելու համար։

1․ Տիբո Կուրտուա

2018 թվականին՝ նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում, Տիբո Կուրտուան բոյկոտում էր «Չելսիի» մարզումները։ Բելգիացի դարպասապահը ցանկանում էր տեղափոխվել Մադրիդ, որտեղ ապրում էր իր ընտանիքը։ Կուրտուայի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»։ Ու թեպետ բելգիացին երկար տարիներ պաշտպանել էր մադրիդյան մեկ այլ թիմի՝ «Ատլետիկոյի» գույները, այնուամենայնիվ, նա համաձայն էր իր նախկին թիմի գլխավոր հակառակորդի շարքեր տեղափոխվելուն, ու դրա համար նույնիսկ ուղիղ կոնֆլիկտի մեջ մտավ իր ակումբի հետ։

2018 թվականի ամռանը «Չելսիում» մարզչական փոփոխություն եղավ, թիմը գլխավորեց Մաուրիցիո Սարին։ Իտալացի մասնագետը նախամրցաշրջանային պատրաստության ժամանակ ուղիղ կերպով ակնարկեց, որ չի ուզում Կուրտուային տեսնել թիմում․

«Ինձ պետք են խաղացողներ, որոնք ամբողջությամբ են նվիրված թիմին»,- ասաց Սարին։

Thibaut Courtois transfer: Chelsea confirm €35m goalkeeper sale to Real Madrid as Mateo Kovacic moves to London | Goal.com

Կուրտուան գիտեր, որ հաղթելու էր այս «պատերազմում»։ Նրա պայմանագրի ավարտին մնացել էր ընդամենը մեկ տարի։ Կուրտուան բավականին բարձր տրանսֆերային արժեք ուներ ու հասկանում էր, որ «Չելսին» ոչ մի դեպքում չի պահի իրեն ու հաջորդ տարի բաց թողնի անվճար։ Իսկ պայմանագիրը երկարաձգելու առաջարկները դարպասապահը կտրականապես մերժում էր։ Օգոստոսի սկզբին Կուրտուան է՛լ ավելի մեծ թափով սկսեց բոյկոտել «Չելսիի» հետ առնչվող ամեն բան ու վերջապես հասավ իր նպատակին՝ տեղափոխվելով «Ռեալ»։ 35 միլիոն եվրոյի դիմաց բելգիացի կիպերը տեղափոխվեց «արքայական ակումբ», որտեղ խաղում է մինչև հիմա։ «Չելսին» էլ նրա փոխարեն աստղաբաշխական գնով գնեց Կեպա Արիսաբալագայի տրանսֆերը։ Նա հիմա «մաշեցնում է» «Չելսիի» պահեստայինների նստարանը, իսկ Սարին վաղուց Լոնդոնում չէ։

2․ Ուսման Դեմբելե

Ուսման Դեմբելեն 2017 թվականին տեղափոխվեց «Բարսելոնա»։ Նա եկել էր կատալոնական ակումբ՝ փոխարինելու ՊՍԺ տեղափոխված Նեյմարին։ Սակայն մինչև «Բարսելոնա» տեղափոխվելը Դեմբելեն նույնպես դիմեց ծայրահեղ քայլերի։ Երբ «կապտանռնգույնները» ակտիվորեն սկսեցին բանակցել Դորտմունդի «Բորուսիայի» հետ, Դեմբելեն անցավ գործի ու սկսեց բոյկոտել գերմանական թիմի մարզումները։ Տրանսֆերի իրականացումն իսկապես ձգձգվում էր։ «Բորուսիան» հասկանում էր, որ «Բարսելոնան» 222 միլիոն եվրո է ստացել Նեյմարի տրանսֆերի վաճառքից ու փորձում էր առավելագույնը քաղել Դեմբելեի տրանսֆերից։

Երբ ֆրանսիացի վինգերը սկսեց չներկայանալ մարզումներին, նրա վարքագծի մասին ուշագրավ տեղեկություններ հայտնեց Միքայել Սիլվեստրը, որը Դեմբելեի՝ «Ռենում» խաղալու տարիներին զբաղեցրել էր ակումբի ֆուտբոլային գծով տնօրենի պաշտոնը․

«Այն, որ Դեմբելեն ցանկանում է հեռանալ «Բորուսիայից» «Բարսելոնա», ամենևին էլ անակնկալ չէ ինձ համար։ Նա միշտ ունեցել է այդ բնավորությունը։ Երբ ես «Ռենի» նախագահն էի, նա ընդամենը 18 տարեկան էր ու ցանկանում էր հեռանալ։ Դա իր որոշումն էր, ոչ թե ընտանիքի կամ էլ գործակալների։ Նա հինգ շաբաթով բոյկոտեց մարզումները»։

Barcelona manipulated Dembele - Dortmund boss | The Guardian Nigeria News - Nigeria and World News — Sport — The Guardian Nigeria News – Nigeria and World News

Ի վերջո Դեմբելեն հաջողության հասավ այս ճանապարհով նաև «Բորուսիայում»։ 2017 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ավարտից մի քանի օր առաջ «Բարսելոնան» հայտարարեց 105 միլիոն եվրոյով Ուսման Դեմբելեի տրանսֆերը գնելու մասին։

Մեր ընտրանին․

3․ Լուկա Մոդրիչ

Զարմանալի է, թե օրինաչափ, բայց այս շարքի վերջին երկու ներկայացուցիչների բոյկոտները նորից կապված են Լոնդոնի «Տոտենհեմի» հետ։ 2012 թվականին «խթանների» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»։ Ժոզե Մոուրինյոն, որն այդ ժամանակ գլխավորում էր մադրիդյան թիմը, ակումբի ղեկավարության հետ զրույցներում պնդում էր, որ պետք է գնել Մոդրիչին։ Սակայն տրանսֆերն իսկապես հեշտերից չէր «արքայական ակումբի» համար. գործի անցավ նաև Մոդրիչը։

Ակումբի վարած քաղաքականությունը քննադատելու համար Մոդրիչը որոշեց բոյկոտել լոնդոնցիների նախամրցաշրջանային հավաքն ու չմեկնել ակումբի հետ Միացյալ Նահանգներ։ Նա մինչ այդ չէր ներկայանում նաև թիմի լոնդոնյան մարզումներին։ Լրատվամիջոցները գրում էին, որ Մոդրիչը Խորվաթիայում է ու համոզված է, որ իր պահվածքը ուղիղ ակնարկ կլինի «Տոտենհեմի» ղեկավարության համար, որպեսզի նրանք համաձայնության հասնեն «Ռեալի» հետ։ «Տոտենհեմի» հետ բանակցում էին նաև «Չելսին» ու ՊՍԺ-ն, սակայն Մոդրիչը չէր էլ ուզում լսել այդ ակումբների մասին։ Նա միայն մտածում էր «Սանտիագո Բեռնաբեու» տեղափոխության մասին։

Luka Modric: Tottenham Agrees to Deal with Real Madrid for Star Midfielder | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

Մոդրիչի քայլերը հյուսիսլոնդոնյան թիմի համար անընդունելի էին։ «Տոտենհեմը» տուգանեց Մոդրիչին՝ զրկելով նրան երկու շաբաթվա աշխատավարձից, որը կազմում էր մոտ 80 հազար ֆունտ ստերլինգ։ Ակումբը նաև հետագա կարգապահական տույժեր էր մտադիր կիրառել իր խաղացողի նկատմամբ։

Ամռան վերջում «Տոտենհեմը» մերժեց «Չելսիի»՝ 40 միլիոն ֆունտ արժողությամբ առաջարկը։ «Խթանների» ներքին խոհանոցում խոսում էին, որ Դենիել Լևիի հետ «պատերազմի» գնալը վատագույն բանն է, որ ֆուտբոլիստը պետք է անի։ Այդ պարագայում Լևին ավելի մեծ խանդավառությամբ է ուզում պահել ֆուտբոլիստին թիմում, կամ էլ թե գա վաճառելու պահը, տրանսֆերը պետք է ավելի խոշոր գումարի դիմաց իրականանա, քան նախատեսվում էր։

Ամեն դեպքում տրանսֆերը կայացավ հենց այդ ամռանը։ 35 միլիոն եվրոյի դիմաց «Ռեալն» ու «Տոտենհեմը» կարողացան համաձայնության հասնել Մոդրիչի տրանսֆերի շուրջ։ Հիմա բոլորը երջանիկ են այդ գործարքից, իսկ Մոդրիչը միշտ լավով է հիշում իր նախկին ակումբը։

4․ Գարեթ Բեյլ 

Եվս մեկ սերիա «Ռեալի» ու «Տոտենհեմի» միջև բազմասերիանոց ֆիլմից։ Այս անգամ գլխավոր դերում ոչ թե Լուկա Մոդրիչն է, այլ Գարեթ Բեյլը։ Հատկանշական է, որ այս սերիան «նկարվեց» Մոդրիչի հետ տեղի ունեցածից մեկ տարի հետո։ Ասես իրոք սա հեռուստաշարքի երկրորդ մասը լիներ։ Սակայն Բեյլը նույնքան ծայրահեղ քայլեր չարեց, ինչպես Մոդրիչը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալն» ու «Տոտենհեմը» ակտիվորեն բանակցում էին ուելսցու տրանսֆերի համար, սակայն ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության հասնել։

Gareth Bale Wise to Force Spurs' Hand on Real Madrid Transfer | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

Իսպանական մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Բեյլը մտադիր է բոյկոտել թիմի մարզումները, քանի որ ակումբը ոչ մի կերպ չի ցանկանում համաձայնության հասնել «Ռեալի» հետ։ Սակայն Բեյլը հրապարակայնորեն մարզումներ բաց չթողեց։ Նա ներկայանում էր ակումբի մարզաբազա, բայց նախամրցաշրջանային հանդիպումներին չէր խաղում։ Հուլիսին նա մեկ անգամ դաշտ էր դուրս եկել ընկերական խաղում ու այլևս չէր խաղում։ Ակնհայտ էր, որ Բեյլի՝ մարզումներին ներկայանալը զուտ ձևական բնույթ էր կրում, քանի որ նա ուզում էր տեղափոխվել «Ռեալ» ու դրա համար որոշ քայլերի էր դիմում նաև թիմի ներսում։

Տրանսֆերային պատուհանի փակման օրը կողմերն ի վերջո կարողացան համաձայնության հասնել այս մեգատրանսֆերի շուրջ։ Գարեթ Բեյլի համար «Ռեալը» վճարեց 101 միլիոն եվրո։ Տրանսֆերը գերազանցեց նույնիսկ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալ» տեղափոխության գործարքին՝ դառնալով այդ ժամանակվա համար ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք գործարքը։ Բեյլի բոյկոտը թերևս ամենահամեստներից էր։ Նա իսկապես ուզում էր հեռանալ, սակայն նույնքան ծայրահեղ քայլերի չգնաց, ինչ արեցին Կուրտուան, Մոդրիչը կամ էլ Դեմբելեն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վան դեր Վարտ. «Կուրտուան ուղղակի նվնվում է»

Որ ֆուտբոլիստների հետ է «Բարսան» պատրաստվում նոր պայմանագիր կնքել

«Խաղացինք, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ փող աշխատի». Կուրտուան՝ Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղի մասին

Մոդրիչը՝ «Ոսկե գնդակի» մասին»

«Բարսելոնայի» տնօրենը բանակցություններ է վարում Դեմբելեի գործակալի հետ

Կուրտուա. «Իտալիայի դեմ խաղն անիմաստ է. ինչո՞ւ խաղալ Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար»

Կուրտուա. «Թիմը կրկին ոտքի կկանգնի»

«Բարսելոնան» նոր պայմանագրի 2 տարբերակ է նախապատրաստել Դեմբելեի համար

Երեք ֆուտբոլիստ, որոնցից «Ռեալը» կբաժանվի գալիք ամռանը

Գարեթ Բեյլի 24-րդ վնասվածքը «Ռեալում»

«Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

Բեյլի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է

Made In Խորվաթիա. ինչպես ունենալ 4 մլն բնակչություն ու լինել ամենաֆուտբոլային երկրներից մեկը

Կուրտուա. «Ռեալը» միշտ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան»

«Ռեալը» կարևոր կորուստ ունի «Սելտայի» դեմ խաղին

Բեյլ․ «Ներկայիս «Ռեալում» ինձ ավելի հարմարավետ եմ զգում»