Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ) - VNews
Բաժիններ

Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)

Ararat Shirak xaxic araj - Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)

Շարունակում ենք անդրադառնալ ֆուտբոլի Հայաստանի անդրանիկ՝ 1992թ․ առաջնությանը՝ ձեզ հրամցնելով դրան վերաբերող հետաքրքիր փաստերն ու իրադարձությունները։ Ներկայացնում ենք թողարկման երկրորդ մասը (առաջին մասը՝ այստեղ):

Արտառոց միջադեպ Գյումրիում

Առաջնության եզրափակիչ փուլի մեկնարկը տրվեց սեպտեմբերին: «Ոսկե» միավորներով եզրափակիչ փուլը սկսած թիմերից յուրաքանչյուրը պետք է 12 խաղ անցկացներ՝ մրցելով այն 6 թիմերի հետ, որոնք նախնական փուլում իրենց ենթախմբից չէին: Այդ առումով ավելի բարդ էր «Շիրակի» խնդիրը (եզրափակիչ փուլը սկսել էր առավելագույն «ոսկե» միավորներով՝ 18), որը պետք է մրցեր իր գլխավոր հակառակորդների՝ ՀՄԸՄ-ի (15), «Բանանցի» (14) և «Արարատի» (13) հետ, մինչդեռ վերջիններս միմյանց հետ այլևս չէին հանդիպելու: Բնականաբար, հենց նշված թիմերի միջև կայանալիք հանդիպումներն էլ վճռորոշ էին լինելու մեդալների բաշխման հարցում:

azat kadr 960x746 - Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)
Լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Առաջատար քառյակից ամենաանհաջողը «Շիրակի» մեկնարկն էր, որն անցկացրած 4 հանդիպումներից 2-ում հյուրընկալվելիս միևնույն 1-3 հաշվով պարտվելով «Բանանցին» և ՀՄԸՄ-ին, առաջատարի դիրքը զիջեց վերջինիս՝ հետ մնալով մեկ միավորով: Հաջորդ տուրում՝ սեպտեմբերի 23-ին «Շիրակը» Գյումրիում հյուրընկալեց «Արարատին»: Վճռորոշ այդ խաղը մնաց անավարտ: Երբ 25-րդ րոպեին «Արարատի» դարպասապահ Արմեն Պետրոսյանի և շիրակցի Սամվել Նիկոլյանի բախումից հետո վանաձորցի մրցավար Անդրանիկ Բոնջուկյանը ցույց տվեց 11մ նշակետը, արարատցիները նետվեցին մրցավարի վրա՝ քաշքշելով ու անպատվելով նրան: Վերջինս խաղադաշտից հեռացրեց առավել ագրեսիվներին՝ Արամայիս Տոնոյանին ու Սևադա Արզումանյանին«Շիրակի» ավագ Հարություն Վարդանյանը հստակ իրացնելով 11մ հարվածը, բացեց հաշիվը, որը պահպանվեց մինչև 80-րդ րոպեն, երբ խաղադաշտից հեռացվեց արարատցի Գուրգեն Ենգիբարյանը: Ի նշան բողոքի, «Արարատը» լքեց խաղադաշտը:

Ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն քննարկելով Գյումրիում տեղի ունեցած արտառոց միջադեպը, հանդիպման արդյունքը չեղյալ համարեց և «Արարատին» առանց հաշվի տեխնիկական պարտություն գրանցեց: Գուրգեն Ենգիբարյանը որակազրկվեց մինչև մրցաշրջանի ավարտը, Արամայիս Տոնոյանին ու Սևադա Արզումանյանին արգելեցին առաջիկա 3 հանդիպումներին մասնակցել: Ֆուտբոլիստները տուգանվեցին 1500-ական ռուբլով, «Արարատ» ակումբը՝ 5000 ռուբլով: «Արարատի» ղեկավարությանը խիստ նկատողություն հայտարարվեց:

Թեժ մրցակցություն առաջնության վերջնագծում

Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում թիմերի պատասխան հանդիպումը «Հրազդանում», որ կայացավ առաջնության ավարտից երկու տուր առաջ՝ հոկտեմբերի 26-ին: Չնայած գործադրած ջանքերին, դարպասներն անառիկ մնացին: «Արարատն» այդ խաղում ավելի մոտ էր հաղթանակին, սակայն Կարեն Մարկոսյանի հարվածը դիպավ դարպասի հորիզոնական ձողին: «Արարատի» համար այդ հանդիպումը վերջին հնարավորությունն էր պայքարելու չեմպիոնի տիտղոսի համար: Իսկ «Շիրակը» եզրափակիչ փուլի 2-րդ շրջանում միակ միավորը կորցրեց: Մինչ այդ շիրակցիները սեփական հարկի տակ հաղթել էին ՀՄՄ-ՖԻՄԱ-ին (3-1) ու ՀՄԸՄ-ին (4-1), Կապանում պարտության էին մատնել «Սյունիքին» (5-2):

Ararat Shirak xaxic araj 960x601 - Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)
Համատեղ լուսանկար՝ «Արարատ» – «Շիրակ» հանդիպումից առաջ, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Օգտվելով «Շիրակի» «սայթաքումից», առաջնության ավարտից երկու տուր առաջ «Բանանցը» 34 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ հաղթելով «Կանազին»«Շիրակն» ու ՀՄԸՄ-ն առաջատարին զիջում էին մեկ միավորով, իսկ «Արարատի» հաշվին 30 միավոր էր գրանցված:

Մեր ընտրանին.

Ոսկե մեդալների համար մրցավեճում սկզբունքային նշանակություն ուներ հաջորդ տուրում Գյումրիում կայացած «Շիրակ» «Բանանց» հանդիպումը: Երբ հանդիպման 30-րդ րոպեին շիրակցի Հրաչյա Ավետիսյանը բացեց հաշիվը, «Բանանցի» ֆուտբոլիստները մրցավար Արարատ Ճաղարյանից պահանջեցին «խաղից դուրս» վիճակ արձանագրել, որին ի պատասխան վերջինս խաղադաշտից հեռացրեց Գևորգ Քամալյանին, ինչն էապես ազդեց մրցակցության հետագա ընթացքի վրա: Կրքերը խաղադաշտում բորբոքվեցին, ֆուտբոլասերներն էլ դաշտ ներխուժեցին: Ոստիկանությունից մոտ 7 րոպե պահանջվեց կարգուկանոնը վերականգնելու համար:

Ընդմիջումից հետո շիրակցիներ Սարգիս Կարապետյանն ու Արթուր Պետրոսյանը ևս երկու գոլ խփեցին՝ ապահովելով թիմի խոշոր հաշվով հաղթանակը, որի շնորհիվ «Շիրակը» 35 միավորով ՀՄԸՄ-ի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Վերջինս նախավերջին տուրում 2-1 հաշվով հաղթեց «Կանազին»: Ավարտական տուրում ևս առաջատարները հաջողության հասան: «Շիրակը» 5 անպատասխան գնդակ խփեց «Նաիրիի» դարպասը, իսկ ՀՄԸՄ-ն Պողոս Գալստյանի հեթ-տրիկի շնորհիվ 3-2 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց «Կոտայքի» նկատմամբ:

Անսպասելի հանգուցալուծում

Այսպիսով, ՀՄԸՄ-ն և «Շիրակը» վաստակեցին հավասար՝ 37-ական միավոր, նրանցից մեկ միավորով հետ մնաց «Բանանցը»: Մրցակարգի համաձայն, չեմպիոնը պետք է որոշվեր լրացուցիչ խաղում: Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի որոշմամբ «ոսկե» խաղը պետք է կայանար նոյեմբերի 11-ին չեզոք դաշտում՝ Արմավիրում: Սակայն «Շիրակը» կտրականապես հրաժարվեց Արարատյան դաշտավայրում հանդիպումն անցկացնելուց՝ առաջարկելով մրցել Դիլիջանում, որին դեմ էր ՀՄԸՄ-ն: Գյումրիում իսկական բողոքի ալիք բարձրացավ, նույնիսկ սպառնում էին փակել երկաթուղին և Երևան տանող ճանապարհը, եթե իրենց պահանջը չկատարվեր:

Azat kadr3 960x626 - Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)
Լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Ֆեդերացիան ստիպված էր գործկոմի երկու նիստ հրավիրել ու քննարկել ստեղծված իրավիճակը: Սակայն լարված մթնոլորտում անցած նիստերի ժամանակ այդպես էլ կողմերը համաձայնության չեկան հանդիպման անցկացման վայրի հարցում: Անելանելի իրավիճակի հանգուցալուծումը եղավ այն, որ երկու թիմերն էլ հռչակվեցին Հայաստանի չեմպիոններ: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ պարգևատրվեցին ոսկե մեդալներով, իսկ «Բանանցին» բաժին հասան բրոնզե մեդալները: Հետաքրքիր է, որ նման դեպք այդ մրցաշրջանում արձանագրվել էր նաև Ուզբեկստանում:

Գործկոմի նիստում նաև որոշվեց, որ եթե ՈՒԵՖԱ-ն Հայաստանին մեկ տեղ հատկացնի չեմպիոնների գավաթի խաղարկությունում, ապա հաջորդ տարվա մայիսին «Շիրակն» ու ՀՄԸՄ-ն Աբովյանում կայանալիք խաղում պետք է վիճարկեին եվրագավաթի ուղեգիրը: Առաջ անցնելով նշենք, որ «Շիրակն» այդպես էլ չներկայացավ մայիսի 9-ին Աբովյանում ՀՄԸՄ-ի հետ կայանալիք այդ հանդիպմանը, իսկ ՈՒԵՖԱ-ն էլ ցավոք այդպես էլ Հայաստանին տեղ չհատկացրեց եվրագավաթներում:

Ընդհանուր ցուցանիշներով լավագույնը «Բանանցն» էր

Հետաքրքիր է, որ եթե առաջնությունն անցկացվեր սովորական մրցակարգով և հաշվի առնվեին անցկացված բոլոր 34 հանդիպումներում վաստակած ընդհանուր միավորները, ապա 59 միավորով չեմպիոն կհռչակվեր «Բանանցը»: Արծաթե մեդալները բաժին կհասնեին «Շիրակին», որն «Արարատի» հետ վաստակել էր հավասար՝ 58-ական միավոր և վերջինիս կգերազանցեր անձնական հանդիպումներում ունեցած առավելության շնորհիվ: Իսկ ահա ՀՄԸՄ-ն կմնար առանց մեդալների՝ 55 միավորով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Ամեն դեպքում առաջին քառյակում տեղ զբաղեցրած թիմերն իրենց պատրաստվածությամբ ու բարձր խաղամակարդակով առանձնացան առաջնության մյուս մասնակիցներից:

azat kadr2 960x642 - Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)
Լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

13-24-րդ տեղերի համար մրցապայքարում առավել հաջող հանդես եկան «Քասախը», «Շենգավիթն» ու «Իմպուլսը», որոնք պահպանեցին տեղն ուժեղագույնների խմբում: Առաջին խմբի մրցաշարում գերազանց հանդես եկավ Արարատի համանուն թիմը (1993թ. վերանվանվեց «Ցեմենտ»)՝ Գառնիկ Ասատրյանի գլխավորությամբ նվաճելով Բարձրագույն խմբի միակ ուղեգիրը:

Առաջնությունում թեժ մրցապայքար էր ծավալվել նաև լավագույն ռմբարկուի տիտղոսի համար: Մրցանակին ի վերջո տիրեց արարատցի Վահե Յաղմուրյանը՝ խփելով 38 գնդակ: Ընդ որում դրանցից 30-ը նա մրցակիցների դարպասն էր խփել նախնական փուլում: Իսկ եզրափակիչ փուլում բոլորից արդյունավետ գործեց «Բանանցի» հարձակվող Աշոտ Բարսեղյանը՝ 12 խաղում իր հաշվին գրանցելով 22 գոլ: Նախնական փուլում նա 12 գոլի հեղինակ էր դարձել:

Լավագույն ֆուտբոլիստները

Առաջնության ավարտից հետո սեպտեմբերից հրատարակվող ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնաթերթ «Ֆուտբոլ» շաբաթաթերթի (գլխավոր խմբագիր՝ Միսակ Նազարյան, պատասխանատու քարտուղար՝ Աշոտ Հայրապետյան) անցկացրած հարցման արդյունքներով 67 միավորով նորանկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ՀՄԸՄ-ի 20-ամյա կենտրոնական պաշտպան Սարգիս Հովսեփյանը: Նրա փորձառու թիմակից Պողոս Գալստյանը 35 միավորով երկրորդն էր: Լավագույն եռյակը 34 միավորով եզրափակեց շիրակցի Սարգիս Կարապետյանը:

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմն էլ հաստատեց մարզչական խորհրդի ներկայացրած առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցանկը: Ընդ որում խորհուրդը 22 ֆուտբոլիստների ցուցակ էր ներկայացրել, սակայն քննարկման ընթացքում որոշվեց ընտրել 33 լավագույններին, ինչպես ընդունված էր խորհրդային ֆուտբոլում: Ցուցակում ընդգրկվեցին Բարձրագույն խմբի 10 թիմերի ֆուտբոլիստներ: Բոլորից շատ՝ 10 ֆուտբոլիստ էր ներկայացված «Արարատից»:

Ararat 91 1 960x591 - Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)
«Արարատի» կազմը, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Ահա մրցաշրջան-92-ի 33 լավագույնների ցանկը.

Դարպասապահներ՝ Հարություն Աբրահամյան («Արարատ»), Արթուր Հովհաննիսյան («Շիրակ»), Արմեն Պետրոսյան («Արարատ»):

Աջ պաշտպաններ՝ Երվանդ Կրբաշյան («Արարատ»), Գևորգ Մկրտչյան («Շիրակ»), Դավիթ Գրիգորյան (ՀՄՄ-ՖԻՄԱ):

Հետ քաշված կենտրոնական պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան (ՀՄԸՄ), Սարգիս Կարապետյան («Շիրակ»), Վարդան Խաչատրյան («Արարատ»):

Ձախ պաշտպաններ՝ Լևոն Ստեփանյան («Արարատ»), Արթուր Ասոյան (ՀՄԸՄ), Հակոբ Արտոյան («Շիրակ»):

Առաջ քաշված կենտրոնական պաշտպաններ՝ Հարություն Վարդանյան («Շիրակ»), Արմեն Շահգելդյան («Արարատ»), Արամայիս Տոնոյան («Արարատ»):

Աջ կիսապաշտպաններ՝ Սամվել Կոստանդյան («Բանանց»), Համլետ Մխիթարյան («Արարատ»), Արայիկ Մարկոսյան («Նաիրի»):

Կենտրոնական կիսապաշտպաններ՝ Արթուր Պետրոսյան («Շիրակ»), Արմեն Գյուլբուդաղյանց («Բանանց»), Արտաշես Ադամյան («Կոտայք»):

Ձախ կիսապաշտպաններ՝ Պողոս Գալստյան (ՀՄԸՄ), Արա Նիգոյան («Բանանց»), Կարեն Միքայելյան («Բանանց»):

Աջ հարձակվողներ՝ Վահե Յաղմուրյան («Արարատ»), Կարեն Մարկոսյան («Արարատ»), Արթուր Աբազյան («Նաիրի»):

Կենտրոնական հարձակվողներ՝ Արսեն Ավետիսյան (ՀՄԸՄ), Մկրտիչ Հովհաննիսյան («Կանազ»), Գեղամ Հովհաննիսյան («Վան»):

Ձախ հարձակվողներ՝ Սամվել Նիկոլյան («Շիրակ»), Աշոտ Բարսեղյան («Բանանց»), Պետիկ Գևորգյան («Քասախ»):

Ուշագրավ թվեր և փաստեր

Խաղացանկով նախատեսված 408 հանդիպումներից կայացած 400 խաղերում 1725 գոլ խփվեց (միջինը՝ 4,31 գոլ), որից 11-ը չեղարկվեց: 336 խաղ ավարտվեց մրցակիցներից մեկի հաղթանակով, 64 խաղում գրանցվեց ոչ-ոքի:

400 հանդիպումներից 150-ում (37,5 տոկոսը) գրանցվեց խոշոր հաշիվ: Առավել հաճախ՝ 20 անգամ խոշոր հաշվով հաղթեց «Արարատը»: Խոշոր հաշվով պարտությունների քանակով (18) ռեկորդակիրը «Դեբեդն» էր: Միայն «Շիրակը» խոշոր հաշվով չպարտվեց:

Առաջնության ընթացքում ՀՄԸՄ-ն 11 անընդմեջ հաղթանակ տոնեց, իսկ «Կիլիկիան» և «Արաքսը» 12 խաղ անընդմեջ պարտություն կրեցին:

Arsen Avetisyan 960x652 - Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)
Գրոհում է ՀՄԸՄ-ի այն ժամանակվա հարձակվող, ներկայումս Հայաստանի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանը, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Առաջնության մեկնարկից «Բանանցը» 17 անպարտելի խաղ անցկացրեց: «Արաքսին» առաջնության ընթացքում 14 խաղ չհաջողվեց գեթ մեկ հաղթանակ տոնել:

ՀՄԸՄ-ի ֆուտբոլիստները 34 հանդիպումներից միայն մեկում (Աբովյանում, «Բանանցի» հետ խաղում՝ 0-1) գոլ չխփեցին: Իսկ ահա «Զվարթնոցը» 28 խաղ շարունակ (2-29-րդ տուրեր) դաշտից չհեռացավ առանց մրցակիցների դարպասները գրավելու:

Առավել հաճախ՝ 21 անգամ սեփական դարպասն անառիկ պահեց «Շիրակը»: Ընդ որում մեկնարկային 8 հանդիպումներում շիրակցիների դարպասն ամուր փակի տակ էր: Իսկ ահա «Ալաշկերտին» միայն մեկ խաղում հաջողվեց դարպասն անառիկ պահել:

Առաջնության մրցանակակիրների հետ հանդիպումներում առավել հաջող հանդես եկավ «Արարատը» (6 միավոր): Մրցանակակիրների միջև կայացած խաղերում լավագույն արդյունքի հասավ «Բանանցը»՝ վաստակելով 5 միավոր:

Նշանակված 11մ 196 հարվածներից դիպուկ իրացվեց 155-ը: Առավել հաճախ՝ 23 անգամ 11մ հարված նշանակվեց «Սյունիքի» մասնակցությամբ հանդիպումներում: Առավել հաճախ՝ 17 անգամ 11մ հարվածի իրավունք ստացավ «Բանանցը», իսկ «Ալաշկերտը» բոլորից հաճախ (13 անգամ) պատժվեց նման հարվածով:

Ֆուտբոլիստներից բոլորից հաջող 11մ հարվածներն իրացրեց ՀՄԸՄ-ի խաղացող-մարզիչ Խորեն Հովհաննիսյանը՝ անվրեպ իրացնելով բոլոր 9 հարվածները:

Դարպասապահներից 3-ական 11մ հարված հետ մղեցին Արա Աբրահամյանը (ՀՄՄ-ՖԻՄԱ), Հարություն Աբրահամյանը («Արարատ»), Բագրատ Ստեփանյանը («Քասախ») և Գարեգին Նաջարյանը («Բանանց»): Հարություն Աբրահամյանն ու Բագրատ Ստեփանյանը նաև մեկական 11մ հարված իրացրին:

Առաջնության ամենահուսալի դարպասապահը շիրակցի Արթուր Հովհաննիսյանն էր, որն անցկացրած 30 խաղում ընդամենը 13 գոլ բաց թողեց (միջինը՝ 0,43 գոլ): Նա առաջնության մեկնարկում 681 րոպե շարունակ դարպասն անառիկ պահեց:

Եզրափակիչ փուլ

Ամփոփիչ աղյուսակներ

1-12-րդ տեղեր

ԹիմերԽՀՈՊԳՄ
1. «Շիրակ» Գյումրի22173258-1437
2. ՀՄԸՄ Երևան22173275-3137
3. «Բանանց» Կոտայքի մարզ22172377-2636
4. «Արարատ» Երևան22154378-1534
5. «Վան» Երևան221111048-5323
6. «Սյունիք» Կապան22831142-4719
7. «Կոտայք» Աբովյան22731232-4517
8. «Նաիրի» Երևան22651126-5217
9. ՀՄՄ-ՖԻՄԱ Երևան22641239-4216
10. «Զվարթնոց» Էջմիածին22351430-6111
11. «Կանազ» Երևան22331629-629
12. «Կիլիկիա» Երևան22321721-1078

13-24-րդ տեղեր

ԹիմերԽՀՈՊԳՄ
13. «Քասախ» Աշտարակ22153460-2633
14. «Շենգավիթ» Երևան22135453-3131
15. «Իմպուլս» Դիլիջան22134554-3330
16. «Մալաթիա» Երևան22115658-3727
17. «Ազնավուր» Նոյեմբերյան22115642-2927
18. «Զորավան» Եղվարդ22104849-3924
19. «Լոռի» Վանաձոր2294945-5322
20. «Նիգ» Ապարան22631335-5215
21. «Ախթամար» Սևան22551228-4215
22. «Արաքս» Արմավիր22551228-5715
23. «Դեբեդ» Ալավերդի22451335-6813
24. «Ալաշկերտ» Մարտունի22521538-5812

Ընդհանուր ցուցանիշներ

ԹիմերԽՀՈՊԳՄ
1. «Բանանց» Կոտայքի մարզ342833125-3459
2. «Շիրակ» Գյումրի342743111-1958
3. «Արարատ» Երևան342743145-2258
4. ՀՄԸՄ Երևան342554108-4555
5. «Վան» Երևան342031199-6643
6. «Սյունիք» Կապան341851186-7041
7. «Կոտայք» Աբովյան341841275-5740
8. «Քասախ» Աշտարակ341671171-6039
9. «Շենգավիթ» Երևան341481264-6736
10. ՀՄՄ-ՖԻՄԱ Երևան341471365-5035
11. «Նաիրի» Երևան341461450-6134
12. «Մալաթիա» Երևան341381372-6534
13. «Կիլիկիա» Երևան341431782-11731
14. «Կանազ» Երևան341351666-7331
15. «Զվարթնոց» Էջմիածին341191468-7431
16. «Իմպուլս» Դիլիջան341341767-7730
17. «Ազնավուր» Նոյեմբերյան341161750-6428
18. «Լոռի» Վանաձոր341081652-8528
19. «Զորավան» Եղվարդ341141961-7326
20. «Նիգ» Ապարան34732444-9317
21. «Արաքս» Արմավիր34572233-11017
22. «Ախթամար» Սևան34562333-9216
23. «Ալաշկերտ» Մարտունի34632560-11515
24. «Դեբեդ» Ալավերդի34462451-14914

Լավագույն ռմբարկուները              

ՖուտբոլիստներԱկումբԳոլ
1. Վահե Յաղմուրյան«Արարատ»38
2. Աշոտ Բարսեղյան«Բանանց»34
3. Ռաֆայել Հակոբյան«Իմպուլս»29
4. Կարեն Մարկոսյան«Արարատ»29
5. Սերգեյ Հայրբաբամյան«Կիլիկիա», «Իմպուլս»28
6. Գեղամ Հովհաննիսյան«Վան»28

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

«Ալաշկերտն» արտասահմանցի մասնագետ կգլխավորի

«Ալաշկերտը»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

Հայաստանի Սուպերգավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան» խաղում հաշիվը չբացվեց

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան». Մեկնարկային կազմեր

Հայաստանի Սուպերգավաթի մրցավարական անձնակազմը

12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 3-0. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» շարունակում է վստահ ընթացքը. Լիման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Վանին» արտագնա խաղում (տեսանյութ)