Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին - VNews
Բաժիններ

Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին

Հայաստան - Էստոնիա հանդիպման տակտիկական մանրամասները

1․ Խոակին Կապառոսը նախորդ հանդիպման համեմատ 3 փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում: Պաշտպանության ձախ եզրում մեկական խաղակես անցկացրած Սերոբ Գրիգորյանը և Կամո Հովհաննիսյանը մնացել էին պահեստայինների նստարանին, իսկ հիմնական կազմում հայտնվել էր Արման Հովհաննիսյանը: Վերջինս ղազախական «Տոբոլում» վերջին շրջանում քիչ խաղաժամանակ էր ստանում: Առաջին րոպեից էր խաղում նաև մակեդոնացիների հետ հանդիպմանը հիանալի երկրորդ խաղակես անցկացրած Տիգրան Բարսեղյանը: Այդքան էլ լավ հանդես չեկած Խորեն Բայրամյանին փոխարինել էր բելառուսական «Նեմանի» ռմբարկու Գեղամ Ղադիմյանը: Նախապես հայտնի էր, որ մրսածության պատճառով թիմին չէր կարողանալու օգնել ձախ եզրային Էդգար Բաբայանը: Սխեմաները նույնն էին՝ 4-2-3-1 գրոհելիս, 4-4-2՝ պաշտպանության ժամանակ:

Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Վոլայդը վրացիների հետ խաղի համեմատ միանգամից 7 փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում: Դա սպասելի էր: Էստոնացիներն այդ մրցավեճում պարտվեցին ընդամենը 0-1 հաշվով, բայց հաշիվը կարող էր շատ ավելի խոշոր լինել: Վրաստանի հավաքականը լիովին իշխում էր խաղադաշտում: Ի տարբերություն նախորդ խաղի՝ մեկնարկային կազմում էին հայտնվել «Ալաշկերտի» նախկին կենտրոնական պաշտպան Նիկիտա Բարանովը, որն արդեն տեղափոխվել է կիպրական «Կարմիոտիսա», ինչպես նաև «Արարատ-Արմենիայի» հենակետային կիսապաշտպան Իլյա Անտոնովը: Ինչպես դեռ նախախաղյա ասուլիսում նշել էր Կապառոսը, մրցակիցը նախընտրում է գործել 4-4-2 սխեմայով: Այս անգամ էլ այդպես էր:

2․ Առաջին խաղակեսը դժգույն էր թե՛ մեր, թե՛ մրցակցի կատարմամբ: Նախքան Կարապետյանի՝ 43-րդ րոպեին խփած գոլը, ընդամենը մեկ վտանգավոր պահ եղավ, երբ Արշակ Կորյանը վրիպեց նպաստավոր դիրքից: Այո՛, թիմերը պաշտպանվելիս որոշակիորեն հուսալի էին խաղում, բայց ոչ անթերի: Բանն այն էր, որ նրանք չէին կարողանում ինչպես հարկն է օգտվել միմյանց սխալներից: Իսկ դիրքային սխալները բավականին շատ էին, և դա վերաբերում է հատկապես խաղադաշտի միջին հատվածին:

Նախ մեր հավաքականի մասին: Դիրքային գրոհներ սկսելիս հաճախ էր գնդակ ստանում դարպասապահ Յուրչենկոն: Էստոնիայի ընտրանին հատկապես սկզբնամասում բարձր պրեսինգ էր կիրառում, ինչի ժամանակ դաշտի տերերը խնդիրներ էին ունենում: Յուրչենկոն գնդակը երկար փոխանցումով հաճախ ուղարկում էր ձախ եզր, բայց դարպասապահի փոխանցումները հիմնականում պակաս ճշգրիտ էին: Հիմնական մտահղացումն այն էր, որ եզրում երկրորդ հարկում հաղթեր կա՛մ Կարապետյանը, կա՛մ Ղադիմյանը, ինչից հետո նրանցից մեկը և Կորյանը փորձեին տիրել գնդակին ու շարունակել գրոհը: Այդ տարբերակը գործնականում արգասաբեր չէր մեզ համար:

«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան – էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Ավելի հեշտ էր ստացվում գրոհի անցնել, երբ Էստոնիայի հավաքականը համեմատաբար խորքից էր դիմավորում մեզ: Մրցակցի պաշտպանությունը չէր փայլում կոմպակտությամբ: Պաշտպանական և կիսապաշտպանական գծերի միջև հաճախ էին առաջանում ազատ տարածություններ, որոնք էլ շանս էին ընձեռում մեր թիմին: Այդպիսի դրվագներում շատ լավ էր բացվում և տարածություններ գտնում հատկապես Արշակ Կորյանը: Աջ եզրը թողնելով գրոհին միացող պաշտպան Համբարձումյանին՝ կենտրոնում էր հայտնվում նաև Բարսեղյանը, ինչի շնորհիվ մրցակցի հենակետային գոտում երբեմն հաջողվում էր ստեղծել 2-ն ընդդեմ 1-ի իրավիճակներ: Այդուհանդերձ, չնայած նման բարենպաստ պայմաններին, հայ ֆուտբոլիստները սխալվում էին պարզ իրավիճակներում, ու գործը վտանգավոր պահերի չէր հասնում:

Առաջին կեսի միջին հատվածից Անգուլոն սկսեց մեր դիրքային գրոհների ժամանակ նահանջել և տեղակայվել 2 կենտրոնական պաշտպանների միջև (իսկ երբ առաջ էինք շարժվում, տեղափոխվում էր մի փոքր աջ ու ապահովագրում գրոհին միացող Համբարձումյանին): Այդ տարբերակը կիրառվում էր նաև երկրորդ կեսում: Կոլումբացու նահանջելու միջոցով մեր ընտրանին թվային առավելություն էր ստանում առաջին գծում ու փորձում նաև կարճ փոխանցումներով դուրս գալ պաշտպանությունից: Սա որոշ չափով օգնեց ավելի լավ կազմակերպել դիրքային գրոհները, բայց գլոբալ առումով այս տեսանկյունից աշխատելու շատ տեղ կա:

3․ Իսկ ի՞նչ էր անում մրցակիցը: Էստոնիայի հավաքականը հաճախ փորձում էր խաղարկել գնդակը սեփական կիսադաշտում՝ Հայաստանի հավաքականին առաջ «քաշելու» և պրեսինգի հրավիրելու համար, որպեսզի ազատ տարածություններ բացվեն կա՛մ խաղադաշտի կենտրոնում, կա՛մ էլ մեր պաշտպանների թիկունքում, դեպի որտեղ էլ երբեմն հետևում էին բարձրից փոխանցումներ: Եվ պետք է ասել, որ առաջին տարբերակը որոշ դեպքերում հիանալի աշխատեց: Այստեղ շատ կարևոր է իտալական «Սպալի» 19-ամյա ֆուտբոլիստ Գեորգի Տունյովի դերը: Նա վրացիների հետ մրցավեճում գործում էր հարձակման աջ եզրում, իսկ այս անգամ պայմանականորեն 2 հարձակվողներից մեկն էր: Իսկ իրականում․․․

Նա իրականում այլ առաջադրանք ուներ: Երբ մեր հավաքականն անցնում էր բարձր պրեսինգի, Տունյովը նահանջում էր խաղադաշտի կենտրոն և թվային առավելություն ապահովում էստոնացիների համար: Ստեղծվում էր 3-ն ընդդեմ 2-ի իրավիճակ՝ հօգուտ էստոնացիների: Տունյովն այդ եղանակով գնդակը մի քանի անգամ անարգել ընդունեց մեր պաշտպանական և կիսապաշտպանական գծերի միջև, թեև գրոհներին ինչպես հարկն է զարգացում տալ չկարողացավ:

Կարապետյանը՝ հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում, Անգուլոն՝ գոլ խփած այլազգի 2-րդ ֆուտբոլիստ

Ի դեպ, խաղի ընթացքում այդ իրավիճակները սկսեց շատ լավ կարդալ Հարոյանը, որը համարձակորեն դուրս էր գալիս իր տեղից ու շատ կոմպակտ խաղում Էստոնիայի հավաքականի գլխավոր աստղերից մեկի՝ Տունյովի դեմ:

Այդ ֆուտբոլիստը մեծ ազատություն էր ստացել մարզիչների կողմից և հայտնվում էր խաղադաշտի տարբեր հատվածներում: Նրա տեղաշարժը մեզ երբեմն խանգարում էր նաև բարձր պրեսինգ իրականացնելիս։ Տունյովի նահանջելը մրցակցի համար քանակական առավելություն էր ապահովում դիրքային գրոհ սկսելիս: Մեր հենակետայինը, որն աջակցում էր պրեսինգին, ստիպված էր ընտրել՝ որ խաղացողին փակել և որին թողնել ազատ:

Հայաստանի հավաքականն առանց գնդակի գործում էր 4-4-2 սխեմայով: Դասավորվելով այդպես՝ ֆուտբոլիստները հարմար պահի սկսում էին ակտիվ բարձր պրեսինգ իրականացնել: Սխեման շատ հարմար էր ընտրված, քանի որ հայելանման էր մրցակցի սխեմայի համեմատությամբ: Կարևոր է ընդգծել տարբերությունն այս և նախորդ հանդիպման միջև, որտեղ ևս մեր թիմը պաշտպանվելիս 4-4-2 նախնական սխեմայով էր հանդես գալիս: Տարբերությունն այն է, որ այդ մրցավեճում ի սկզբանե նախատեսված էր մրցակցի նկատմամբ բարձր պրեսինգ չկիրառել, ու ճնշումը սկսել սեփական կիսադաշտից, իսկ այս անգամ ընտրվել էր ավելի ագրեսիվ և համարձակ մարտավարություն:

Եթե գնդակը հայտնվում էր եզրում, մեր պրեսինգը համարյա միշտ արդյունք էր տալիս: Բայց երբ գնդակն ուղարկվում էր խաղային գծերի միջև ու հասնում մեր հենակետային գոտի, քիչ առաջ նշված պատճառով հատկապես խաղի մեկնարկում լուրջ բացթողումներ էին տեղի ունենում:

Սակայն երբ մեր պրեսինգը ժամանակի ընթացքում ավելի համախմբված դարձավ, ու բացերն էլ օղակների միջև քչացան, արդյունավետությունը բարձրացավ: Ի դեպ, տեղաշարժերը շատ էին: Պրեսինգի առաջին շերտը երբեմն կազմում էին Կարապետյանն ու Կորյանը, իսկ որոշ դեպքերում էլ Ալեքսանդրը տեղափոխվում էր ձախ՝ կենտրոնը թողնելով Ղադիմյանին: Դրա նպատակը գուցե այն էր, որ հատկապես եզրում գտնվող խաղացողը պահպաներ իր թարմությունը, քանի որ ավելի ակտիվ պրեսինգ տեսնում էինք հատկապես եզրերում:

Կապառոս․ «Խաղադաշտ էինք դուրս եկել՝ միմիայն հաղթանակի հասնելու համար»

4․ Այս խաղի բեկումնային պահը Կարապետյանի գոլն էր: Եթե մակեդոնացիների հետ մրցավեճում գոլ ընդունեցինք ամենաանհարմար պահին՝ խաղի հենց մեկնարկում, ապա այս անգամ ամենապատեհ ժամանակահատվածն էր հաջողության հասնելու համար: Ընդմիջումից առաջ խփած գնդակը վստահություն հաղորդեց մեր թիմին ու ինչ-որ տեղ հուսալքեց մրցակցին: Երկրորդ խաղակեսն անցավ մեր հավաքականի թելադրանքով ու մեծ առավելությամբ: Փոփոխություններն այս անգամ ևս տվեցին իրենց պտուղները, քանի որ Վահան Բիչախչյանն ու Խորեն Բայրամյանն էլ ավելի մեծացրին ճնշումը մրցակցի պաշտպանության ուղղությամբ: Փաստորեն, մեր հավաքականը երկրորդ մրցավեճն անընդմեջ շատ ավելի համոզիչ է խաղում ընդմիջումից հետո:

5․ Հետաքրքիր էր հետևել Բարսեղյանի՝ խաղադաշտում տեղաշարժին: Նա, իհարկե, հաճախ է Համբարձումյանի միացումների ժամանակ տեղափոխվում կիսաեզր կամ կենտրոն, բայց այս մրցավեճում պատկերը փոքր-ինչ այլ էր: Բարսեղյանն առաջին կեսում մեր գրոհների ժամանակ հաճախ ոչ թե շատ առաջ էր տեղակայվում, այլ երբեմն մնում նույնիսկ Համբարձումյանից ներքև՝ ավելի ազատ կերպով գնդակ ընդունելու համար: Տիգրանը մի քանի անգամ փորձեց գնդակն անցկացնել մրցակցի պաշտպանների թիկունք՝ հարվածային դիրք դուրս բերելով Կարապետյանին, Կորյանին կամ Ղադիմյանին: Շատ հետաքրքիր մտահղացում էր այսպես գործելը, սակայն փոխանցումներն ուժեղ էին ստացվում, կամ էլ թիմակիցներն էին հայտնվում խաղից դուրս վիճակում:

Իսկ ընդմիջումից հետո Բարսեղյանը համարյա միշտ կենտրոնում էր՝ մրցակցի հենակետային գոտու հարևանությամբ: Արդեն նշեցինք, որ այդ հատվածում շատ բացեր էին առաջանում, ու գուցե դա էր պատճառը, որ «Աստանայի» ֆուտբոլիստը Կորյանի հետ մեկտեղ ձգտում էր հենց այդտեղ գնդակ ստանալ:

Հաղթանակ ուղիղ 1 տարի անց․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Էստոնիա հանդիպումից

Նշված տարբերակն աշխատեց: Բարսեղյանը հենց իր կողմից ձեռնարկված անցումների արդյունքում մի քանի անգամ հայտնվեց նպաստավոր դիրքերում, բայց շեղ հարվածեց: Ընդհանուր առմամբ, Տիգրանի լավագույն խաղը չէր: Ճիշտ է, այս անգամ էլ մեծ աշխատանք կատարեց, փորձում էր առաջնորդել թիմին, սակայն շատ էր խոտանը հատկապես փոխանցումների ժամանակ: Կային իրավիճակներ, երբ շատ ավելի նպատակահարմար էր փոխանցելը, քան հարվածելը:

6․ Եվ վերջապես, այն բանի մասին, որը երևի ամենաշատն «աչք ծակեց» այս 2 խաղերում: Դեռ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպման վերլուծության մեջ ընդգծել էինք մեր հավաքականի խաղն այն իրավիճակներում, երբ տեղի է ունենում գնդակի կորուստ: Սկոպյեում կայացած հանդիպմանը հակապրեսինգ շատ լավ էր կիրառվում (որոշ բացառություններով), ինչի արդյունքում կա՛մ հաջողվում էր արագորեն խլել գնդակը, կա՛մ էլ ստիպում էինք մրցակցին կատարել հեռահար փոխանցում: Եվ Էստոնիայի հավաքականի հետ մրցավեճը ցույց տվեց, որ դա արդեն իսկ Կապառոսի թիմի խաղային ձեռագրի մի մասն է:

Ընդ որում, խոսքը ոչ միայն մրցակցի կիսադաշտում, այլև խաղադաշտի կենտրոնական հատվածում կիրառվող ագրեսիվ գործողությունների մասին է: Քանի որ գնդակի կորստից հետո մեր միանգամից մի քանի ֆուտբոլիստներ նետվում են այդ հատված, շատ հաճախ հաջողվում է խուսափել հակագրոհներից: Այս խաղում էլ դա արդյունավետ էր համարյա բոլոր դեպքերում: Ռիսկային, սակայն արդարացված տարբերակ է: Եվ պետք է ասել, որ մեր 2 գոլային գրոհներում էլ հակապրեսինգի գործոնն ակնառու էր:

Առաջին դեպքում Բարսեղյանը կորցրեց գնդակը, Համբարձումյանն անմիջապես նետվեց մրցակցի ուղղությամբ և խլեց գնդակը, դրան հաջորդեցին Կորյանի նրբանկատ փոխանցումն ու Կարապետյանի գերազանց հարվածը: Երկրորդ գոլի դրվագում արդեն մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում եղավ գնդակի կորուստ, Կարապետյանը միանգամից մարմնով փակեց մրցակցի՝ Անտոնովի ճանապարհը, գնդակը փոխանցեց Անգուլոյին, վերջինս էլ տպավորիչ գոլ խփեց: Հետևաբար, կիրառվող մարտավարությունը գոնե այս 2 հանդիպումներում լիովին արդարացրեց իրեն: Մնում է՝ հավաքականի խաղացողները ֆունկցիոնալ առումով միշտ պատրաստ լինեն կյանքի կոչել այս առաջադրանքը, որը շատ էներգիա է խլում:

7․ Կորյանն իրեն կրկին արդարացրեց «10 համարի» դիրքում, Կարապետյանն իր ակտիվում գոլ + արդյունավետ փոխանցում գրանցեց, բայց առանձին հարկ է հիշատակել պաշտպաններ Հարոյանին ու Համբարձումյանին: Երկուսն էլ, հատկապես՝ հավաքականի ավագ Հարոյանը, խաղային պրակտիկայի խնդիր ունեին հավաքականին միանալուց առաջ: Այն փաստը, որ նրանք «անմեղ» իրավիճակներում 11-մետրանոցներ բերեցին մեր դարպասին նախորդ խաղում, քննադատության ալիք առաջացրեց: Իհարկե, ֆուտբոլիստներն այդ դրվագներում սխալներ թույլ տվեցին, բայց․․․

Դա ոչ մի դեպքում չպետք է ստվեր գցի այն ամենի վրա, ինչ նրանք արել են տվյալ խաղի մնացած հատվածում, ինչպես նաև էստոնացիների հետ ամբողջ մրցավեճում: Երկուսն էլ փայլուն աշխատանք են իրականացրել: Համբարձումյանը երևանյան խաղում գերազանց աշխատեց հատկապես պաշտպանական գործողությունների ժամանակ: Իսկ հավաքականի ավագ Հարոյանը, հուսալի հանդես գալուց զատ, ամենուր ապահովագրում էր թիմակիցներին: Դա անում էր թե՛ աջ եզրում, թե՛ հենց պաշտպանության կենտրոնում, թե՛ հենակետային գոտում: Ընդհանրապես չկար տպավորություն, որ նա «Ուրալում» խաղաժամանակի խնդիր ունի:

Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)

Նույնը կարելի է ասել նաև Հովհաննիսյանի մասին: Թեև խաղից առաջ հարցերը շատ էին, «Տոբոլի» ֆուտբոլիստն ապացուցեց, որ կարող է հաջողությամբ փակել ձախ պաշտպանի դիրքը: Պաշտպանվելիս համարյա անսխալ խաղաց: Ընդ որում, լավ մրցակցություն կարող է ձևավորվել նրա ու Սերոբ Գրիգորյանի միջև: Վերջինիս բախտը չբերեց, որ մասնակցեց հենց մակեդոնացիների հետ հանդիպմանը, երբ ամեն ինչ վատ էր դասավորվում մեր թիմի համար: Չմոռանանք, որ այդ դիրքում հանդես գալուն հավակնում է նաև մեկ այլ Հովհաննիսյան՝ Կամոն:

Ինչ վերաբերում է հենակետային գոտուն, ապա ամեն ինչ չէր, որ հարթ էր: Թե՛ Գրիգորյանի, թե՛ Անգուլոյի կողմից եղան կոպիտ սխալներ, որոնք մեկ այլ մրցակից գուցե խստագույնս պատժեր: Կոլումբացին նախորդ հանդիպման համեմատ ավելի վստահ տեսք ուներ, կարևոր է, որ կարողանում էր ոչ միայն գործել հասարակ՝ գնդակը փոխանցել իրեն ամենամոտ կանգնած ֆուտբոլիստին, այլև ավելի բարդ տարբերակներ գտնել: Պարզապես ժամանակ է պետք այս մակարդակի հանդիպումներին ընտելանալու համար: Ինչ վերաբերում է Գրիգորյանին, ապա նա նշված հակապրեսինգի ժամանակ երևի թե ամենալավն է կողմնորոշվում՝ ագրեսիվության հաշվին համարյա միշտ կա՛մ խլելով գնդակը, կա՛մ ստիպելով մրցակցին սխալ փոխանցում կատարել: Նա գնդակ խլելու առումով իր աշխատանքը շատ լավ է անում, իսկ մնացած բացերը երևի պետք է լրացնել թիմակիցների օգնությամբ:

8․ Մեզ ամենաձեռնտու հաշվով ավարտվեց Վրաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղը՝ 1-1: Հայաստանի ընտրանու համար մեծ փորձություններ կլինեն նրանց հետ մնացած 3 հանդիպումները: Սա համարյա հավասարազոր խումբ է, բայց նշված հավաքականներն այս պահին ավելի կայացած են որպես թիմեր: Եթե Կապառոսը նոր-նոր, առանց ընկերական խաղեր ունենալու է փորձում նորեկներով թիմ ձևավորել, ապա այնտեղ մարզիչները վաղուց են անցել այդ շրջանը: Հատկապես վրացիները հիանալի թիմային ֆուտբոլ են ցուցադրում:

Բայց կարևոր է, որ հաջորդ հավաքին վերադառնան Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը և մյուսները: Շատ լավ է, որ վերջապես թարմություն մտավ մեր հավաքական, սակայն նշված տղաներն էլ ավելի կուժեղացնեն մեր խաղն ու տարբերակներ կստեղծեն Կապառոսի համար: Էստոնացիների հետ մրցավեճում հավաքականում իր առաջին խաղն անցկացրեց Վահան Բիչախչյանը: Չնայած սփյուռքից նոր անուններ հայտնվել են ու դեռ կհայտնվեն ընտրանու կազմում, բայց հենց հայաստանցիների ի հայտ գալն առանձնահատուկ կերպով է ուրախացնում: Ինչպես հետխաղյա ասուլիսում նշեց Կապառոսը, թող Բիչախչյանի օրինակը վարակիչ լինի մյուս երիտասարդների համար, որպեսզի նրանք էլ ձգտեն ու արժանի լինեն խաղալ հավաքականում: Մարզչին էլ մնում է չխուսափել նրանց շանս տալուց:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)

«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան – էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Կարապետյանը՝ հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում, Անգուլոն՝ գոլ խփած այլազգի 2-րդ ֆուտբոլիստ

Ֆրանսիայի, Բելգիայի ու Պորտուգալիայի հավաքականները հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Հաղթանակ ուղիղ 1 տարի անց․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Էստոնիա հանդիպումից

Գրիզմանը կրկնեց Զինեդին Զիդանի ցուցանիշը (տեսանյութ)

Ռոնալդուի 100-րդ գոլը հավաքականի կազմում եղավ տուգանայինից (տեսանյութ)