Հարձակվողական ֆուտբոլի հոմանիշ դարձած թիմի երկար սպասված վերադարձը - VNews
Բաժիններ

Հարձակվողական ֆուտբոլի հոմանիշ դարձած թիմի երկար սպասված վերադարձը

eurocombat2020 1 - Հարձակվողական ֆուտբոլի հոմանիշ դարձած թիմի երկար սպասված վերադարձը

Վերջին մի քանի տարում Նիդերլանդների հավաքականն ամենաարագ զագացող ընտրանիներից մեկն է: Եթե ԵՎՐՈ-2020-ն անցկացվեր նախատեսված ժամկետում, ապա «նարնջագույնները» կլինեին հիմնական ֆավորիտներից մեկը: Բայց արդեն անցել է մեկ տարի, որի ընթացքում փոխվեց գլխավոր մարզիչը և հոլանդացիները կորցրին իրենց գլխավոր աստղերից մեկին:

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Նիդերլանդների հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

Երկու խայտառակություններից հետո, որոնց արդյունքում Նիդերլանդների հավաքականը չհայտնվեց ԵՎՐՈ-2016-ի և ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլերում, 2018 թվականի փետրվարին թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Ռոնալդ Կումանը: Լեգենդար նախկին պաշտպանն իր մարզչական կարիերայում մեծ հաջողություններ չուներ, ուստի կրկնակի ավելի զարմանալի էր, որ նա անմիջապես հզոր թիմ ստեղծեց: Կումանի նորամուտի խաղում հոլանդացիները հավասար պայքարում պարտվեցին Անգլիային (0:1), սակայն արդեն հաջորդ մրցավեճում շանս չտվեցին Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիային (3:0): Պաշտոնական խաղերում առաջին փորձությունն Ազգերի լիգայում էր, որում «նարնջագույնները» հայտնվեցին «մահվան խմբում»: Նրանց մրցակիցներն էին Գերմանիան ու Ֆրանսիան: Առաջին տուրում Կումանի թիմը պարտվեց աշխարհի նորընծա չեմպիոնին, սակայն հետո սկսվեցին ֆանտաստիկ ելույթները. տնային հաղթանակներ Գերմանիայի (3:0) և Ֆրանսիայի նկատմամբ: «Նարնջագույնները» գրավեցին առաջին տեղը և դուրս եկան փլեյ-օֆֆ: Կիսաեզրափակիչում մրցակիցն Անգլիան էր, որին հոլանդացիները գերազանցեցին ամեն ինչով (3:1): Եզրափակիչում զգացնել տվեց երիտասարդ թիմի անփորձությունը և նա 0:1 հաշվով զիջեց Պորտուգալիային:

2019 թվականի սեպտեմբերին սկսվեց ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլը: Նեիդերլանդների մրցակիցը կրկին Գերմանիան էր, որի հետ երկու իսկական ներկայացում պարգևեցին ֆուտբոլասերներին: Ամստերդամում 0:2 հաշվից հետո Կումանի թիմը քամբեք կատարեց և հավասարեցրեց հաշիվը, սակայն 90-րդ րոպեին գոլ բաց թողեց և պարտվեց (2:3): Համբուրգում հոլանդացիները նույնպես առաջինը բաց թողեցին, բայց այս անգամ քամբեքն ավելի վստահ էր և ավարտվեց հաղթանակով (4:2): Ընտրական փուլի մյուս թիմերը լուրջ մրցակից չէին գերմանացիների ու հոլանդացիների համար, և նրանք հեշտությամբ գրավեցին ԵՎՐՈ-ի ուղեգիր տվող առաջին երկու տեղերը:

2020 թվականի օգոստոսին Կումանը թողեց իր պաշտոնը և գնաց իր երազանքի հետևից` «Բարսելոնա»: Նրան փոխարինեց Ֆրանկ դե Բուրը, որի առաջին փորձությունն ընթացիկ մրցաշրջանի (2020/21) Ազգերի լիգայում էր: Այնտեղ Նիդերլանդներին բաժին հասավ սրընթաց տեմպերով զարգացող մյուս հավաքականը` Իտալիան, որի դեմ երկու խաղերում վաստակեցին 1 միավոր, ինչը դարձավ գլխավոր պատճառը խմբում «Սկուադրա աձուրայից» հենց 1 միավորով հետ մնալու և փլեյ-օֆֆ չմտնելու համար:

2021 թվականին Նիդերլանդները սկսեցին ելույթները ԱԱ-2022-ի ընտրական փուլում Թուրքիայից կրած պարտությամբ (2:4), սակայն հետո հաղթեցին Լատվիային (2:0): Մինչև ԵՎՐՈ-2020-ի մեկնարկը «նարնջագույնները» հունիսին ընկերական խաղեր կանցկացնեն Շոտլանդիայի և Վրաստանի հետ:

memphis depay georginio wijnaldum pays bas 2020 1 960x540 - Հարձակվողական ֆուտբոլի հոմանիշ դարձած թիմի երկար սպասված վերադարձը

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ի համար

Դարպասապահներ. Յասպեր Սիլեսեն («Վալենսիա»), Տիմ Կրուլ («Նորվիչ»), Մարտեն Ստեկելենբուրգ («Այաքս»)

Պաշտպաններ. Դեյլի Բլինդ, Յուրիեն Տամբեր (երկուսն էլ «Այաքս»), Մատեյս դե Լիխտ («Յուվենտուս»), Ստեֆան դե Վրեյ («Ինտեր»), Պատրիկ վան Անխոլտ («Կրիստալ Փելաս»), Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի»), Դենզել Դյումֆրիս (ՊՍՎ), Յոել Վելտման («Բրայթոն»), Օոուեն Վեյնդալ («ԱԶ Ալկմար»).

Կիսապաշտպաններ. Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Դոնի վան դե Բեկ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջորջինյո Վեյնալդում («Լիվերպուլ»), Ռայան Գրավենբեխ, Դեյվի Կլասեն (երկուսն էլ «Այաքս»), Տեն Կոպմեյներս («ԱԶ Ալկմար»), Մարտեն դե Ռոն («Ատալանտա»)

Հարձակվողներ. Մեմֆիս Դեպայ («Լիոն»), Վաուտ Վեգորստ («Վոլֆսբուրգ»), Ստիվեն Բերգեյս («Ֆեյենորդ»), Դոնիել Մալեն, Կոդի Գակպո (երկուսն էլ ՊՍՎ), Լյուկ դե Յոնգ («Սևիլյա»), Կվինսի Պրոմես («Սպարտակ»):

Գլխավոր կորուստը «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկն է: Ֆուտբոլում քիչ են կենտրոնական պաշտպաններ, որոնք կանխորոշում են թիմի խաղը: Վան Դեյկն այդպիսին է «Լիվերպուլում» և մասամբ նաև հավաքականում: Բայց առանց Վան Դեյկի էլ հոլանդացիները երկու թոփ պաշտպաններ ունեն` դե Լիխտը և դե Վրեյը: «Ինտերի» ֆուտբոլիստն այնպես կանի, որ Վան Դեյկի բացակայությունը շատ զգացնել չտա:

Վնասվածքի պատճառով գրեթե երկու ամիս չի խաղում, բայց հավաքական է հրավիրվել ունիվերսալ Դեյլի Բլինդը: Իրենց ակումբների կազմում վերջին խաղերում վնասվածք են ստացել նաև դե Լիխտն ու Կլասենը, բայց պատրաստ կլինեն ԵՎՐՈ-ին:

Հավաքական չեն հրավիրվել Կևին Ստրոտմանը, Դեյվի Պրոպերը, Անվար էլ Գազին, Հանս Հատեբուրը, ինչպես նաև երիտասարդ տաղանդ` Միրոն Բոադյուն:

Մարզչական գործոն

Հռչակավոր նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ դե Բուրի մարզչական կարիերան հիանալի էր մեկնարկել: 6 տարի «Այաքսը» գլխավորելու ընթացքում նրա թիմը 4 անգամ անընդմեջ Նիդերլանդների չեմպիոն դարձավ: Դրանից հետո սպասելի էր, որ նա թոփ-լիգաների գրանդ ակումբ կտեղափոխվի և դա դարձավ «Ինտերը»: Հենց այդ ժամանակ պարզվեց, որ հոլանդացին կոմֆորտ զոնայից դուրս գալուց հետո լուրջ խնդիրների է հանդիպում: Երեք ամիս անց մարզչին  պաշտոնանկ արեցին: Հաջորդ նշանակումն Անգլիայում էր` «Քրիստալ Փելասում», որտեղ դե Բուրի ձախողումն ավելի աղմկալի էր. 4 պարտություն Պրեմիեր լիգայի մեկնարկային 4 խաղերում և չխփած որևէ գնդակ: Այս անգամ նույնպես անմիջապես հետևեց պաշտոնանկություն: Այնուհետև եղավ ՄԼՍ-ի «Ատլանտայի» ղեկին, որը հասավ մինչև եզրափակիչ: ԱՄՆ-ում հոլանդացին լավ էր աշխատում, սակայն կորոնավիրուսի պատճառով հաջորդ առաջնությունը նոր սկսելուց հետո դադարեցվեց, իսկ դե Բուրը որոշեց այլևս չսպասել մրցաշարի վերսկսմանը և ընդունեց Նիդերլանդների հավաքականը գլխավորելու առաջարկը:

Մեր ընտրանին

Նրա գլխավորությամբ հոլանդացիներն այլևս չէին ցուցադրում այն գերհարձակվողական խաղը, որը տեսնում էինք Կումանի օրոք: Դե Բուրը միշտ ավելի պրագմատիկ է եղել իր հայրենակիցների համեմատ: Օրինակ՝ Իտալիայի դեմ մրցավեճում նա «համարձակվեց» հրաժարվել հոլանդացիների համար սուրբ` 4-3-3 դասավորությամբ խաղից և հարձակվողներից մեկի փոխարեն լրացուցիչ կիսապաշտպան դուրս բերեց ասպարեզ: Միգուցե, դա ընդամենը փորձարկում էր, բայց եթե մարզիչն այն հաջողված է համարում, ապա ԵՎՐՈ-ի ժամանակ հնարավոր է նման անսպասելի քայլեր նորից լինեն: Դե Բուրին շատ խոստումնալից ու երիտասարդ կազմ է բաժին հասել, որին ընդամենը մեկ գոլահար էր հարկավոր աշխարհի լավագույն թիմը դառնալու համար: Իսկ քանի դեռ այդպիսին չկա, գոլ խփելու հիմնական պարտավորությունները կատարում է վինգեր Մեմֆիս Դեպայը:

Frank de Boer scaled e1620146130806 - Հարձակվողական ֆուտբոլի հոմանիշ դարձած թիմի երկար սպասված վերադարձը

Գլխավոր աստղը

Այստեղ կարող էր լինել Վան Դեյկը, որը 1,5 տարի առաջ «Ոսկե գնդակ» մրցանակի համար պայքարում զիջեց միայն Լեո Մեսիին, բայց արդեն կես տարի է վնասվածք ունի: Մեկ այլ տարբերակ է Մեմֆիս Դեպայը, որը փայլում է հավաքականի կազմում և շուտով գրանդ ակումբ է տեղափոխվելու: Բայց եթե խոսում ենք այնպիսի աստղի մասին, որը բոլորից շատ է կանխորոշում թիմի խաղը, ապա մենք ունենք ընդամենը 1 իրական թեկնածու՝ Ֆրենկի դե Յոնգը:

Նիդերլանդների հավաքականի վերածնունդն անմիջականորեն կապված է «Այաքսի» վերջին հաջողությունների հետ: 2 տարի առաջ այդ թիմը հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և նրան մի քանի րոպե էր բաժանում եզրափակիչից: Այդ թիմում հիասքանչ էին Օնանան, Բլինդը, Տադիչը, Ներեսը, Զիեշը, Վան դե Բեկը, Տալյաֆիկոն, բայց հաջողությունների դեմքը դարձան դե Լիխտն ու դե Յոնգը: Երկուսն էլ տեղափոխվեցին սուպերակումբներ, բայց նրանց միջև կա մեկ էական տարբերություն: Ֆուտբոլում ասացվածք կա. «Ասա ինչպիսի կիսապաշտպանություն ունես, ասեմ ինչպիսի թիմ ես»:

Դե Լիխտը կարևոր դերակատարում ունի, բայց նա կիսապաշտպան չէ, նա դե Յոնգը չէ: Հենց Ֆրենկին է կառուցում հոլանդացիների խաղը, հենց Ֆրենկիին է հարկավոր առաջին հերթին վնասազերծել, եթե ուզում ես հաղթել «նարնջագույններին»: Դե Յոնգը Նիդերլանդների ուղեղն է ու շարժիչ ուժը: Նա խաղում է միշտ (վերջին տարիներին թոփ-3-ում է հավաքականում) և արդյունավետ: Նրա փոխանցումների դիպուկությունը 90 տոկոսից չի իջնում:

Դե Յոնգը արդեն 24 տարեկան է, այլևս երիտասարդ ու խոստումնալից չէ: Նա արդեն պետք է հարց լուծի և դա անում է: Կումանը գլխավորելով «Բարսելոնան» խոստացել էր ճիշտ դիրք գտնել Ֆրենկիի համար և արեց դա: Այժմ հոլանդացին միայն խորքից խաղ կազմակերպող չէ, ինչպես «Այաքսում» էր: Արագ տեմպերով զարգացող կիսապաշտպանը նոր ունակություններ է  բացահայտել Կատալոնիայում` անսպասելիորեն միանալով գրոհներին և գոլեր խփելով: Ընդ որում՝ նա բավականին սառնասիրտ է դարպասի դիմաց ու դիպուկ: Ընթացիկ մրցաշրջանում կարելի է ընդամենը մեկ դեպք հիշել, որ դե Յոնգը լուրջ վրիպում թույլ տա հարմար դիրքից:

Կումանը հեռանալով հավաքականից շարունակում է օգնել նրան` կատարելագործելով թիմի առաջատարին: Առայժմ հայտնի չէ, թե Ֆրանկ դե Բուրն ինչպես կօգտվի Ռոնալդի նվերից, բայց ակնհայտ է, որ դե Յոնգին ճիշտ օգտագործելը կարող է որոշիչ նշանակություն ունենալ ԵՎՐՈ-2020-ում հաջող ելույթի համար:

frenkiedejong holanda9 960x540 - Հարձակվողական ֆուտբոլի հոմանիշ դարձած թիմի երկար սպասված վերադարձը

Մրցակիցներ/շանսեր

Նիդերլանդները հայտնվել են C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ուկրաինան, Ավստրիան և Հյուսիսային Մակեդոնիան: «Նարնջագույնները» բացահայտ ֆավորիտ են համարվում խմբում և պետք է փորձեն հենց առաջին տեղով դուրս գալ խմբից, որպեսզի 1/8 եզրափակիչում հնարավորինս թույլ մրցակցի հանդիպեն: Հատկապես շատ հետաքրքիր ու կարևոր է Ուկրաինայի դեմ առաջին հանդիպումը: Հաղթանակի դեպքում շատ հարցեր պարզ կլինեն:

Նիդելանդները խմբային փուլի բոլոր երեք խաղերն անցկացնելու են Յոհան Կրուիֆի անվան «Արենա» մարզադաշտում: Ամստերդամցիների ներկայությունը լրացուցիչ պատճառ ու լիցք կտա թիմին, որը մեծ մրցաշար է վերադառնում լուրջ հավակնություններով:

Հավանական մեկնարկային կազմը.

Սիլեսեն- Վիյնդալ, դե Լիխտ, դե Վրեյ, Դյումֆրիս – Ֆ. դե Յոնգ, Վեյնալդում, Վան դե Բեկ – Դեպայ, Լ. դե Յոնգ, Բերգյուս:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԵՎՐՈ 2020. Ավստրիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Շտեֆան Լայները գոլից հետո խաղաշապիկ է ցուցադրել՝ «Էրիկսեն, ուժեղ մնա» գրությամբ

Ավստրիան ու Հյուսիսային Մակեդոնիան 30-րդ րոպեի դրությամբ մեկական գնդակ են խփել (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմը Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

ԵՎՐՈ 2020. Անգլիա – Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Ստեռլինգի գոլը հաղթանակ պարգևեց Անգլիային աշխարհի փոխչեմպիոնի դեմ խաղում (տեսանյութ)

Դանիայի հավաքականի բժիշկը հաստատել է՝ Էրիկսենը խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել

Անգլիա – Խորվաթիա. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

Անգլիա – Խորվաթիա. Մեկնարկային կազմեր

Կոնստանտին Գենիչը ԵՎՐՈ 2020-ի հավատարմագրում կստանա՝ չնայած Ադրբեջանի ջանքերին

Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Դեպայի վերջնական պատասխանը «Բարսելոնային»

Լուկակուի դուբլն օգնեց Բելգիային վստահորեն հաղթել Ռուսաստանին (տեսանյութ)

«Քրիս, սիրում եմ քեզ». ինչ արեց Լուկակուն՝ Ռուսաստանին գոլ խփելուց հետո (տեսանյութ)

Ֆինլանդիան անակնկալ հաղթանակ տարավ Դանիայի նկատմամբ (տեսանյութ)