«Հարվածեցի ոչ թե գլխով, այլ հոգով»․ 5 տիտղոս, որ Ռամոսը պարգևեց «Ռեալին» - VNews
Բաժիններ

«Հարվածեցի ոչ թե գլխով, այլ հոգով»․ 5 տիտղոս, որ Ռամոսը պարգևեց «Ռեալին»

203310222 4782084818491442 300817970388282080 n - «Հարվածեցի ոչ թե գլխով, այլ հոգով»․ 5 տիտղոս, որ Ռամոսը պարգևեց «Ռեալին»

Մոլորակի ուժեղագույն ակումբներից մեկի երկրպագուների համար էմոցիոնալ շրջան է։ «Ռեալը» բարդ մրցաշրջանից հետո հրաժեշտ տվեց Զինեդին Զիդանին, իսկ հիմա՝ Սերխիո Ռամոսին։ «Ռեալի» իկոնան 16 տարի անց հեռացավ ակումբից։ Հրաժեշտի պահին չկարողացավ զսպել արցունքներն ու խոստացավ մի օր վերադառնալ։

Երկրպագուների համար ամենացավալին ոչ թե Ռամոսի հեռանալն է, այլ այն, որ նրանք այլևս երբեք չեն վայելելու այն էմոցիաները, որոնք պարգևել է Սերխիո Ռամոսը։ «Ռեալի» պատմության լավագույն ավագի անվան հետ են կապված «Ռեալի» նորագույն պատմության ամենանշանակալի իրադարձությունները։

«Արքայական ակումբի» հետ Ռամոսը նվաճել է 22 տիտղոս։ Յուրաքանչյուր տիտղոսի նվաճման գործում նրա ավանդը անչափելի է։ Սակայն կան տիտղոսներ, որոնք բառիս բուն իմաստով պատկանում են Ռամոսին։ Եթե չլիներ «Ռեալի» լեգենդը, գուցե ավարը Մադրիդ չհասներ։ VNews-ը ներկայացնում է 5 տիտղոս, որի համար «Ռեալը» պարտական է Ռամոսին։

Ակումբային Մունդիալ 2014

747802 gallery - «Հարվածեցի ոչ թե գլխով, այլ հոգով»․ 5 տիտղոս, որ Ռամոսը պարգևեց «Ռեալին»

«Ռեալն» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն 2014 թվականին։ Չեմպիոնների լիգայում փառահեղ հաղթանակը հնարավորություն ընձեռեց պայքարելու ակումբային մունդիալի համար։ «Կրուզ Ասուլի» հետ կիսաեզրափակիչում առաջին գնդակը խփեց Սերխիո Ռամոսը։ «Ռեալն» այդ օրը հաղթեց 4-0 հաշվով։ Եզրափակիչում արգենտինական «Սան Լորենցոյի» հետ խաղում և՛ս առաջին գնդակը խփեց Ռամոսը։ «Ռեալը» հաղթեց 2-0 հաշվով ու պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ Այս պատմական հաղթանակում «Ռեալը» պարտական է Ռամոսին ո՛չ միայն մրցաշարի երկու խաղերում էլ հաղթական գոլերի, այլ նաև պաշտպանությունում հուսալի խաղի համար։

Լա լիգա 2016/17

Սա Սերխիո Ռամոսի ամենաֆանտաստիկ մրցաշրջաններից մեկն էր «Ռեալի» կազմում։ Հաղթանակ Չեմպիոնների լիգայում ու Լա լիգայում, անկասելի ֆուտբոլ ու սարսափած մրցակիցներ։ Սակայն «Ռեալը» Լա լիգայի մի շարք խաղերում դժվարությամբ էր միավոր վաստակում, բայց դրսևորում էր չեմպիոնական բնավորություն, որի շնորհիվ էլ կարողանում էր հասնել ցանկալի արդյունքի։ Պաշտպանության հենասյուն համարվող Ռամոսը միշտ էլ օգնել է իր թիմին նաև հարձակվելիս: Լա լիգայի այս մրցաշրջանն ամենևին բացառություն չէր։

C8Jo6lWU0AIQqEE - «Հարվածեցի ոչ թե գլխով, այլ հոգով»․ 5 տիտղոս, որ Ռամոսը պարգևեց «Ռեալին»

Ռամոսի «փրկություններն» սկսվեցին «Բարսելոնայի» հետ աշնանային Էլ կլասիկոյում։ Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում «Ռեալը» զիջում էր մրցակցին նվազագույն հաշվով, սակայն վերջին րոպեին Ռամոսը ոչ-ոքի կորզեց իր թիմի համար։ Այդ մեկ միավորը շատ կարևոր էր մրցաշարային տեսանկյունից։ «Կամպ Նոու» ստադիոնում կայացած խաղից հետո սպասվում էր, որ «Ռեալը» տանը «Դեպորտիվոյի» հետ հեշտ հանդիպում է անցկացնելու։ Սակայն տնային խաղը առավել քան բարդ դասավորվեց «Ռեալի» համար։ Մրցավարի ավելացրած ժամանակի երկրորդ րոպեն էր ընթանում, լուսատախտակին հաշիվը 2-2 էր։ Ով, եթե ոչ հենց Ռամոսը նորից փրկության էր գալու իր թիմին ու կարևորագույն հաղթանակ պարգևելու։ «Ռեալը» հաղթեց Լա կորունյայի թիմին Ռամոսի գոլի շնորհիվ։ Հաղթական էր նաև «Բետիսի» հետ տնային խաղում խփած գոլը, որը նույնպես գրանցվեց խաղավերջում։ Եթե չլիներ Սերխիո Ռամոսը, Լա լիգայի 33-րդ հաղթանակը գուցե գար մի ուրիշ մրցաշրջանում։

Մեր ընտրանին․

Լա լիգա 2019/20

Լա լիգայի ինչպես 33-րդ, այնպես էլ 34-րդ չեմպիոնության հարցում Ռամոսը մեծ ավանդ է ունեցել։ Սա իսպանացի խաղացողի՝ «Ռեալի» հետ նվաճած վերջին մեծ տիտղոսն էր։ Զինեդին Զիդանի գլխավորությամբ բարդագույն մրցաշրջանում«Ռեալը» հաղթեց Լա լիգան։  Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2019/20 թվականների Լա լիգայի խաղարկությունը տարօրինակ ընթացք ունեցավ։ 2020-ի գարնանն այն դադարեցվեց ու վերսկսվեց ամռանը։ Ռամոսը ամբողջ մրցաշրջանի ընթացքում ֆանտաստիկ ֆուտբոլ խաղաց։ Հիմա վստահությամբ կարող ենք ասել, որ սա նրա՝ «Ռեալում» լավագույնս անցկացրած վերջին մրցաշրջանն էր։

jpg 960x720 - «Հարվածեցի ոչ թե գլխով, այլ հոգով»․ 5 տիտղոս, որ Ռամոսը պարգևեց «Ռեալին»

Ռամոսը մի շարք ռեկորդներ գրանցեց։ Նա առաջնությունում թիմի երկրորդ ռմբարկուն էր՝ խփած 11 գոլով։ Լա լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով «Ռեալի» ավագը անձնական ցուցանիշ էր թարմացրել։ Խելահեղ էր նաև նրա, Վարանի, Մենդիի ու Կարվախալի խաղը պաշտպանությունում։ Քիչ գոլ խփող «Ռեալը» այդ բացը փոխհատուցում էր պաշտպանությունում հուսալի խաղով։ Չմոռանանք Կուրտուային։ Ռամոսն այնպիսի ֆուտբոլ էր ցուցադրում այդ տարի, որ նույնիսկ պատկերացնելն էր բարդ, որ իրադարձությունները կարող են այսպիսի ընթացք ունենալ ընդամենը մեկ տարի հետո։ Լա լիգայում 34-րդ չեմպիոնության գլխավոր հերոսներից մեկը նորից Ռամոսն էր։

Չեմպիոնների լիգա 2015/2016

«Ռեալի» համար սա բարդագույն մրցաշրջան էր։ Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո ակումբը գլխավորեց Ռաֆա Բենիտեսը։ Մի քանի ամիսը բավարար էր հասկանալու համար, որ Բենիտեսը չունի այսպիսի աստղային թիմի հետ աշխատելու որակներ։ Հունվարին նրան հեռացրին ու նշանակեցին Զիդանին։

«Ռեալի» խաղը փոխվեց ամբողջությամբ։ Թիմը վերադարձավ պայքարի Լա լիգայում, իսկ Չեմպիոնների լիգայում վստահ քայլերով շարժվում էր առաջ։ Հանուն արդարության պետք է փաստել, որ «Ռեալին» վիճակահանության արդյունքում բավականին հեշտ մրցակիցներ էին բաժին հասնում։ «Ռոմա», հետո «Վոլֆսբուրգ», կիսաեզրափակիչում էլ «Մանչեսթեր Սիթի», որը այդ տարիներին առավել քան անցանելի թիմ էր ։ Այդ ամենին գումարվեց մանչեսթերյան թիմի ավագ Վենսան Կոմպանիի վնասվածքն ու «Ռեալի» բազմափորձ կարգավիճակը լիգայի խաղարկությունում։ «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ։

Real Madrid Vs Atletico Madrid Champions League Final 2016 highlights | Real madrid football club, Real madrid football, Real madrid win

Այնտեղ «Արքայական ակումբին» սպասում էր «Ատլետիկոն»՝ այն նույն մրցակիցը, ում երկու տարի առաջ հաղթել էին լիգայի եզրափակիչում։ Ռամոսը բացեց խաղի հաշիվը առաջին կեսի սկզբում։ Ու նորից հանուն արդարության պետք է նշել, որ այդ գոլը խփվեց խաղից դուրս վիճակից։ Հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը որոշ ժամանակ անց հարցազրույցներից մեկում պատմելու էր իր ու գործընկերների ունեցած հետաքրքիր ապրումների մասին, երբ հասկացել էին, որ սխալմամբ են արձանագրել դարպասի գրավումը․

«Ընդմիջմանը ես ու գործընկերներս նայեցինք դրվագը։ Մեզ համար շատ բարդ պահ էր։ Երբ երկրորդ կեսի մեկնարկում «Ռեալի» դարպասին 11-մետրանոց նշանակեցի, Պեպեն եկավ ու ինձ ասաց , որ չի հպվել Տորեսին։ Ես պատասխանեցի․ «Հանգստացի՛ր, դուք գոլը խաղից դուրս վիճակից եք խփել»։

Champions League final 2016: Real Madrid wins 11th European Cup

Այդ խելահեղ խաղը տեղափոխվեց 11-մետրանոց հարվածաշար։ Ռամոսը 4-րդ խաղացողն էր «Ռեալից», որ մոտեցավ գնդակին։ Նրա հարվածը դիպուկ էր։ Ստադիոնի հազարավոր երկրպագուների սուլոցների ներքո նա սուպերսառնասրտությամբ իրացրեց հարվածը։ Հետո Խուանֆրանը վրիպեց ու Ռոնալդուն հաղթանակ բերեց «Ռեալին»։

Չեմպիոնների լիգա 2013/14

«Ռեալի» նորագույն պատմության գլխավոր մրցաշարը՝ Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունը, փոխեց «Ռեալի» պատմությունը, ու սրանում որևէ չափազանցություն չկա։ Ռամոսը մինչև կիսաեզրափակիչ իր թիմին օգնում էր միայն պաշտպանողական գործողություններում։ Ոչ մի գոլ նա չէր խփել։ Սակայն կիսաեզրափակիչում եկավ նրա ժամանակը։ «Բավարիային» առաջին խաղում 1-0 հաշվով հաղթելուց հետո «Ռեալը» գնացել էր Մյունխեն «հաշիվ պահելու»։ Համենայն դեպս, այդպես էին կարծում փորձագետները։ Սակայն առաջին կեսում հենց Ռամոսը երկու գնդակ ուղարկեց հսկա Մանուել Նոյերի դարպասը։ Առաջինը՝ անկյունայինից, երկրորդը՝ ստանդարտից։ Գվարդիոլայի թիմը անհուսալի վիճակում էր։ Ռամոսի դիպուկ հարվածներին ավելացավ նաև Ռոնալդուի դուբլը։ «Ռեալը» ջախջախեց «Բավարիային» «Ալիանս Արենայում» որ 12 տարվա դադարից հետո վերադարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Champions League - Bayern Munich vs Real Madrid: Ramos set for another big Bayern battle | MARCA in English

Իկեր Կասիլյասի համար բարդ մրցաշրջան էր։ Կառլո Անչելոտիի գալուց հետո նա կայուն խաղաժամանակ էր ստանում Իսպանիայի գավաթում ու Չեմպիոնների լիգայում։ Սակայն տեսանելի էր, որ Իկերի լավագույն տարիներն արդեն անցյալում են։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում դա հաստատվեց։ Առաջին կեսի վերջնամասում Կասիլյասը սխալվեց, իզուր դուրս եկավ տեղից, իսկ հետո չհասցրեց վերադառնալ ու պաշտպանել դարպասը։ Գոդինի հարվածը վերածվեց գոլի։ «Ատլետիկոյի» ուրուգվայցի պաշտպանը հանդգնում էր դառնալ մրցաշրջանի գլխավոր հերոսը, չէ՞ որ չեմպիոնական գոլ էր խփել նաև«Բարսելոնային» «Կամպ Նոու» ստադիոնում ։

«Ռեալը» ամբողջ երկրորդ կեսում ճնշում էր, բայց գոլային պահերը շատ չէին։ Խաղավերջում հերթական անկյունայինը գնաց իրացնելու Լուկա Մոդրիչը։ Լուսատախտակին վառվում էր այն թիվը, որը մի քանի օրից դաջվածքի ձևով հայտնվելու էր Ռամոսի ձախ ազդրին ու հավերժ մխրճվելու էր «Ռեալի» երկրպագուների հիշողություններում։ Սերխիո Ռամոսը հանդիպման 92-րդ րոպեին ու 48-րդ վայրկյանին գնդակն ուղարկեց Տիբո Կուրտուայի դարպասն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Դա սենսացիոն հարված էր, որը փոխեց «Ռեալի» պատմությունը։

Sergio Ramos on Real Madrid's 2014 triumph | UEFA Champions League | UEFA.com

«Ես վստահ էի, որ այդ գոլը լինելու է։ Դա մեր վերջին շանսն էր, ու ահա այդտեղ Մոդրիչն ու Ռամոսը գործի անցան»,-ասում է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ում գլխավորությամբ թիմը նվաճեց «Լա դեսիման»։

Լրացուցիչ ժամանակում Բեյլի, Մարսելոյի ու Ռոնալդուի գոլերից հետո ֆուտբոլային մեկնաբաններն ասելու էին, որ գուցե «Ատլետիկոն» արժանի չէր այս հաշվին, բայց եղածը եղած էր։ «Ռեալը» 10-րդ գավաթը հաղթեց Ռամոսի պատմական գոլի շնորհիվ։ Ռամոսի դիպուկ հարվածը բեկումնային էր, այն փոխեց ամեն ինչ։

«Ես հավատում էի, որ կատարյալ փոխանցումը գալու է։ Ու իմ եղբայր Մոդրիչն արեց դա։ Ես հարվածեցի ոչ թե գլխով, այլ հոգով։ Դա կարիերայիս լավագույն գոլն էր»,-Ռամոսից ավելի լավ որևէ մեկը չէր կարող նկարագրել 92։48-ին խփված գոլը։

Դե ինչ, Ռամոսը հեռացավ։ Ֆուտբոլի ամենահանճարեղ պատմություններից մեկն այլևս անցյալ է։ Մեզ մնում է միայն որոշել հետևյալը․ տխրել, որ այն ավարտվե՞ց, թե՞ երջանիկ լինել, որ այն կայացավ․․․

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Տոնի Կրոսի վնասվածքի մասին

«Կախարդ-ֆուտբոլիստը»․ Երազում տեսնում է ապագան ու գոլ խփում «Ռեալին»

«Փոփոխականները»․ 5 խաղացող, որոնք սուպերաստղ դարձան խաղային դիրքի փոփոխությունից հետո․ մաս 1-ին

«Ռեալի» պաշտպանը մոտ է ընդհանուր խումբ վերադառնալուն

Ռոնալդուն պատրաստ է վերադառնալ «Ռեալ», սակայն Պերեսն այլ ծրագրեր ունի

Ռոնալդուն հետաքրքիր պատճառաբանությամբ հրաժարվել է «Ռեալում» crossbar challenge-ին մասնակցելուց

Կասիլյաս․ «Լավ կլիներ՝ Իսպանիայի չեմպիոն դառնար այն թիմը, որ երբեք չի նվաճել տիտղոսը»

«Ռեալում» 5 անձեռնմխելի ֆուտբոլիստ կա

Առանց Ռամոսի, Մբապեի, Նեյմարի․ ՊՍԺ-ի հայտացուցակը սուպերգավաթային խաղի համար

«Ռեալի» հերթական ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

Աղբյուր. «Ռեալը» կսկսի բանակցել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Բենզեման ապաքինվել է կորոնավիրուսից ու կվերսկսի մարզումները