Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ցանկացածս էլ ունենք մտքում պահած մի երազանք, որի իրականանալուն անհամբերությամբ ենք սպասում: Շատերի դեպքում այդ երազանքը ժամանակի ընթացքում դառնում է նպատակ: Անդադար աշխատելով այդ ուղղությամբ՝ չես էլ պատկերացնում՝ ինչ կզգաս, ինչ ապրումներ կունենաս այն օրը, երբ պատկերացումներդ իրականություն դառնան: Գոռ Մանուկյանն այն պահից, ինչ 10 տարեկան հասակում արդեն իսկ դարպասապահ դառնալու մտքով ոտք դրեց «Փյունիկ» ակումբի մարզադպրոց, իր առջև նպատակ էր դրել՝ պաշտպանել ազգային հավաքականի դարպասը: Նա շատ աշխատեց այդ ուղղությամբ, երազանքն իրականացավ: Բայց Մանուկյանը դժվար թե պատկերացներ, որ այդ նույն օրը ստանալու է իր մարզական կարիերայի ամենածանր փորձությունը, մարտահրավեր, որի հաղթահարման համար ջանում է մինչ օրս: Բայց ամենի մասին՝ հերթականությամբ:
«Հենց սկզբից դարպասապահ եմ եղել: Ինձ դուր է եկել այն պատասխանատվությունը, որ իր ուսերին կրում է դարպասապահը»,- նշում է Մանուկյանը, որը հաստատուն քայլերով հասավ ակումբի առաջին թիմ: Այդ ճանապարհին նրան ուղեկցեց դարպասապահների մարզիչ, ակումբային ֆուտբոլում և հավաքականների մակարդակով աշխատելու մեծ փորձ ունեցող Հայկ Կիրակոսյանը, որը ֆուտբոլային աշխարհում ամենալավն է ճանաչում Գոռին: «Նա 2005 թվականից իմ գլխավորությամբ է մարզվել բոլոր տարիքային թիմերում: Առաջին հերթին, ընտիր անձնավորություն է, ինչպիսիք այսօրվա ֆուտբոլում քիչ են: Աշխատասեր է, նպատակասլաց: Ոտքով որակյալ խաղը լավագույն կողմերից է: Ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում այդ գործոնի վրա, քանի որ դա ժամանակակից ֆուտբոլի պահանջն է»,- ասում է Կիրակոսյանը:
Հայաստանի Մ19 հավաքականը 2008 թվականի մայիսից ի վեր ընդամենը մեկ անգամ է հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը և դուրս եկել էլիտ-ռաունդ (չհաշված ԵՎՐՈ 2019-ը, որի եզրափակիչ փուլին որպես տանտեր ենք մասնակցել): Դա 2011 թվականին էր, Վարազդատ Ավետիսյանի գլխավորած թիմի մի մասնիկն էր նաև Մանուկյանը: Ճիշտ է, նա ընդհանուր անցկացրեց ընդամենը մեկ խաղ՝ դարպասն անառիկ պահելով Անդորրայի հավաքականի դեմ մրցավեճում (1-0): Մեր պատանեկան ընտրանին իր ենթախմբում գրավեց 2-րդ տեղը՝ առաջ անցնելով Սլովակիայից ու զիջելով Հունաստանին: Էլիտ-ռաունդում շանսերը փոքր էին, մրցակիցներն էին Իսպանիան, Իտալիան և Բելգիան: Այդուհանդերձ, հաջողվեց Բելգիայի հետ ոչ-ոքի խաղալու շնորհիվ 1 միավոր վաստակել:
Մ19 հավաքականի հիմնական դարպասապահն այդ ժամանակ Ալբերտ Օհանյանն էր, որն արդեն չի զբաղվում պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Մանուկյանը շատ լավ է հիշում այդ հանդիպումները․ «Շատ հեռանկարային, միասնական հավաքական էր, պայքարող տղաներ էին: Ցավալի է, որ 1993 թվականին ծնված այդ ֆուտբոլիստներից քչերն են այսօր մնացել ֆուտբոլում: Սլովակիան ու Հունաստանը մեր ենթախմբի ֆավորիտներն էին, բայց մենք գրավեցինք 2-րդ տեղը: Թե՛ Հունաստանին, թե՛ արդեն էլիտ-ռաունդում Իսպանիային պարտվեցինք 1-2 հաշվով: Իսպանացիներից գոլ ընդունեցինք ավելացված 4-րդ րոպեին: Հետաքրքիր է, որ հետագայում հենց Իսպանիան ու Հունաստանը խաղացին ԵՎՐՈ-ի եզրափակիչում, իսպանացիները հաղթեցին 1-0 հաշվով»:
2013 թվականին Մանուկյանն այն 4 դարպասապահներից էր, որ հրավիրվել էր ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Չեխիայի և Դանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղերին: Նա չհայտավորվեց չեխերի դեմ մրցավեճին, բայց 19-ամյա ֆուտբոլիստը հանգամանքների բերումով հնարավորություն ստացավ ընդգրկվել Դանիայի դեմ երևանյան խաղի հայտացուցակում: Պատճառն այն էր, որ Ռոման Բերեզովսկին վնասվածք էր ստացել չեխերի դեմ հանդիպմանը, որում հաղթել էինք 2-1 հաշվով:
Դանիային զիջեցինք նվազագույն հաշվով, դարպասը Գևորգ Կասպարովն էր պաշտպանում․ «Վառ հիշողություններ են մնացել, կապ չունի՝ խաղո՞ւմ ես, թե՞ ոչ: Հիմնի ժամանակ, այն էլ՝ նման երիտասարդ տարիքում, յուրահատուկ զգացողություններ ես ունենում: Նույնիսկ պահեստայինների նստարանին նստած՝ թևեր ես առնում, դա անբացատրելի է: Այն ժամանակ էլ այնպիսի հավաքական ունեինք, որը շատ ուժեղ էր, ամեն խաղից հաղթանակ էին սպասում: Այդ տարիքում դրա մի մասնիկը լինելը լավ ձեռքբերում էր»:
Մանուկյանը երկար ժամանակ կայուն խաղաժամանակ էր ստանում «Փյունիկում» և պարբերաբար հրավիրվում նաև ազգային հավաքական: Հայտավորվելով մի շարք խաղերի՝ այդպես էլ չէր ստանում դրսևորվելու իր շանսը: Միաժամանակ «Փյունիկում» հիմնական դարպասապահն էր, նրա կազմում 2018 թվականի մարտը ներառյալ մասնակցել է 143 խաղի: Դարձել է Հայաստանի չեմպիոն, սուպերգավաթակիր, եռակի գավաթակիր: Նա նաև յուրահատուկ նվաճման հեղինակ է՝ Ֆելիքս Հակոբյանի հետ լինելով մեր առաջնության պատմության այն 2 դարպասապահներից մեկը, որ 3 անգամ լավագույնն է ճանաչվել մեկ մրցաշրջանում միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով: Մանուկյանն ամենահուսալի դարպասապահ է ճանաչվել 2012/13, 2015/16 ու 2016/17թթ․ առաջնություններում:
Սակայն այդ ամենը չէր օգնում գեթ մեկ շանս ստանալ հավաքականում՝ նույնիսկ այն պայմաններում, որ Բերեզովսկին արդեն դադարեցրել էր ելույթները: «Ցավալի բան կա, որի մասին չեմ էլ ուզում մտածել: Երբ լավ մարզավիճակում էի լինում ու միանում հավաքականին, շանսը մեծ էր լինում, որ խաղայի, անընդհատ մի բան խանգարում էր՝ վնասվածք, միկրովնասվածք: Ամեն անգամ, երբ նաև մարզիչների հետ խոսելիս էլ զգում էի, որ պատրաստ եմ խաղալուն, ինձ հետ ինչ-որ խնդիր էր առաջանում, խանգարում էր»,- նշում է Գոռը:
Արթուր Պետրոսյանի առջև խնդիր էր դրվել հավաքականը պատրաստելու Ազգերի լիգայի մրցաշարին: Նա ընկերական խաղերի ժամանակ հնարավորություն տվեց մեծ թվով ֆուտբոլիստների: Ի վերջո եկավ նաև Մանուկյանի պահը: Դարպասապահը նախօրոք էր իմացել, որ հենց Լիտվայի հավաքականի դեմ խաղում է իրեն վստահվելու երկրի գլխավոր թիմի դարպասի պաշտպանությունը․ «Մարզիչը հենց հավաքի սկզբում մոտեցավ և ասաց, որ մի ընկերական խաղում հանդես է գալու Արամ Հայրապետյանը, մյուսում՝ ես: Խաղալուս պահն արդեն հասունացել էր: Մի քանի օր ժամանակ ունեի հանդիպմանը տրամադրվելու համար»,- խոստովանում է Մանուկյանը:
Իսկ Հայկ Կիրակոսյանն այդ ժամանակ հենց հավաքականում էր՝ որպես դարպասապահների մարզիչ․ «Գոռին վստահելու որոշումը կայացվել է Արթուր Պետրոսյանի հետ խորհրդակցության արդյունքում: Հանդիպումից մեկ օր առաջ կանչեցի իմ սենյակ, ուզում էի հասկանալ՝ պատրա՞ստ է, թե՞ ոչ: Միշտ ասում եմ՝ հենց այնպես չասեք՝ պատրաստ եմ: Աշխարհում չկա մի ֆուտբոլիստ, որ կարողանա խաբել ֆուտբոլին, հաստատ կպատժվի: Հարցրի՝ կանգնելո՞ւ ես, այնպիսի առոգանությամբ ասաց՝ կանգնելո՛ւ եմ, որ կասկած չմնաց։ Արդեն ժամանակն էր: Ինչքան պիտի գար հավաքի ու չխաղար: Հետո միասին սկսեցինք մրցակցի ուսումնասիրությունը: Դարպասապահը պետք է չվախենա սխալվելուց»:
Մանուկյանը հիշում է․ «Նախախաղային մարզմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կանչեց իր մոտ, շատ ոգևորեց: Ասաց՝ ընդհանրապես չմտածես սխալվելու մասին: Ինչ անես՝ «դուխով» արա: Դա շատ օգնեց: Ես էլ արդեն երիտասարդ չէի, 24 տարեկան էի, պահի կարևորությունը լավ էի հասկանում: Խաղի օրը կար լարվածություն, մտածում էի՝ անպայման լավ հանդես գամ նորամուտիս մրցավեճում: Ինձ ամբողջ Հայաստանն է նայելու, ընտանիքս, ընկերներս, պարտավոր էի լավ խաղ անցկացնել: Հանդիպումներին նախորդած հանգստի ժամերին, որպես կանոն, չեմ կարողանում քնել, այս դեպքն էլ բացառություն չէր»:
2018 թվականի մարտի 27, «Հանրապետական» ստադիոն, Հայաստան – Լիտվա ընկերական խաղ: Արթուր Պետրոսյանն այդ օրը հավաքականում նորամուտը նշելու հնարավորություն տվեց նաև Ռոբերտ Դարբինյանին, առաջին անգամ մեկնարկային կազմում էին Էրիկ Վարդանյանն ու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Բացի այդ, փորձարկվում էր նոր տակտիկական սխեմա: Եվ այդ պայմաններում կայացավ Մանուկյանի՝ հավաքականում այդքան սպասված նորամուտը: «Առաջին խաղակեսի վերջնամասում գոլ ընդունեցի, չեմ կարող բացատրել՝ ինչ զգացողություն ունեցա: Կապ չունի՝ իմ մեղքով էր, թե՝ ոչ, հավաքականն ընտանիք է, և մեղքը չպետք է բարդել ինչ-որ մեկի վրա: Գոլը ես եմ ընդունել, կապ չունի՝ ինչ գոլ է: Ընդհանրապես իմ բնավորությունն է՝ եթե նույնիսկ 11-մետրանոցից գոլ ընդունեմ, ինձ եմ մեղադրում: Լիտվայից գոլ բաց թողնելուց հետո փշաքաղվել էի, անընդհատ մտածում էի՝ ինչ-որ բան սխալ արեցի, կարծես մեղքն ինձ վրա վերցնեի: Շատ մեծ էր նորամուտի խաղում դարպասն անառիկ պահելու ցանկությունը»:
Հետո տեղի ունեցավ հնարավոր ամենավատ բանը․ «46-րդ րոպեին վնասվածք ստացա: Հարվածը ծնկիս էր: Մոտ 30 վայրկյան ոտքս չէի զգում: Կտրել էի հետին խաչաձև կապանները»: Սակայն նույնիսկ այդ ամենը Գոռին չկանգնեցրեց: Նա գիտակցում էր, որ հավաքականում խաղալու շանս կարող է տրվել կյանքում մեկ անգամ, ու դրանից պետք է օգտվել․ «Ինձ չէի ների, եթե հավաքականում առաջին հանդիպմանը խաղադաշտում 90 րոպե չանցկացնեի: Չնայած անտանելի ցավ էի զգում, այդ պահին չէի պատկերացնում՝ այդքան լուրջ վնասվածք եմ ստացել: Գիտեի՝ մենիսկս եմ վնասել:
Միաժամանակ զգում էի, որ ինչ-որ բան այն չէ: Եղավ դրվագ, երբ ուզում էի երկար փոխանցում կատարել, հենման ոտքս դնելիս սուր ցավ զգացի, ու մտածեցի՝ վե՛րջ, անհնար է շարունակելը: Բայց ինձ ստիպելով, շատ ահավոր ցավ զգալով՝ խաղացի: Վերջին 10 րոպեներին ուզում էի արդեն փոխարինում խնդրել, բայց ներսից ինչ-որ բան ստիպում էր, որ այդ քայլին չգնամ»,- պատմում է Մանուկյանը: Դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը հետևում էր իրավիճակին․ «Գնահատելով պահը՝ գնացի այն դարպասի հետև, որը Գոռն էր պաշտպանում: Ասում էի՝ Գո՛ռ, փոխարինվի՛ր, ցավերով ես խաղում, ասում էր՝ ոչ: Սկոտչով կապել էր ոտքը: Բայց Գոռը նույնիսկ այդ պայմաններում 2-3 հարված հետ մղեց, այդ նվիրումով ցույց տվեց իր տղամարդկությունը: Ցավոք, նրա համար չարաբաստիկ խաղ ստացվեց»:
«Սարգիս Ադամյա՞ն․ չեմ ճանաչում»․ Ի՞նչ ուղի է անցել Մխիթարյանից հետո մեր այսօրվա գլխավոր աստղը
Հավաքականը պարտվեց 0-1 հաշվով: Նախապես թվում էր՝ հավաքականում նորամուտը պետք է նոր դռներ և հորիզոններ բացեր Մանուկյանի համար, սակայն դրան հաջորդեց շատ ծանր փուլ՝ ապաքինում: Նա 10 ամիս վերականգնողական շրջան անցավ: Այդ ընթացքում Մյունխենում վիրահատության ենթարկվեց: «Վիրահատած բժիշկն ինձ ասաց, որ հետին խաչաձև կապաններիս 50 տոկոսը մինչ այդ խաղն արդեն կտրված էր, բայց դա ինձ չէր խանգարել, նույնիսկ զգալ չէր տվել: Երբ վիրահատությունից հետո դիտում ու վերլուծում էի իմ խաղերը, հիշեցի այդ դրվագը, երբ առաջին անգամ վնասել էի կապանս: Դա հավաքականի հանդիպումից 2 տարի առաջ էր՝ «Փյունիկ» – «Շիրակ» մրցավեճին։ Այդ ամենը միայն բժշկի ասելուց հետո հիշեցի: Խաղի ընթացքում ցավ զգալը բնական է, հետո դա չես հիշում»,- արձանագրում է դարպասապահը:
Բարդություններն այդքանով չեզրափակվեցին: Մանուկյանը հավաքականի այդ հանդիպումից ի վեր առայժմ ոչ մի խաղ չի անցկացրել Բարձրագույն խմբում: Մինչ ապաքինվում էր վնասվածքից, «Փյունիկում» մեծ փոփոխություններ էին եղել, Մանուկյանի համար հիմնական կազմում տեղ չգտնվեց, նույնն էլ հետագայում արդեն «Ալաշկերտում»: Առ այսօր բավարարվել է միայն Առաջին խմբում մի քանի խաղ անցկացնելով․ «Նման վնասվածք թշնամուս էլ չէի ցանկանա: Շատ ժամանակ էի բաց թողել: Դարպասապահի համար վերադառնալն ավելի բարդ է: Մյուս դիրքի ֆուտբոլիստին կարող են հանդիպումների վերջին 15 րոպեն խաղադաշտ մտցնել, աստիճանաբար ռիթմին ընտելացնել, իսկ դարպասապահն այդպես չի կարող: Նրա սխալի արժեքը բարձր է»: Հավաքականի հետագա մարզիչներից Վարդան Մինասյանն ու Արմեն Գյուլբուդաղյանցը նշում էին, որ Մանուկյանի ապաքինվելուց հետո հույսեր են կապելու նրա հետ, բայց նշված խնդիրները «փակել» էին այդ ճանապարհը:
Մանուկյանն այժմ Վանաձորի «Լոռիում» է, քանի ամիս է՝ թիմի հետ է մարզվում, բայց միայն այժմ կարող է հայտավորվել ակումբում: Վնասվածքից հետո բոլոր բարդությունները մնացել են անցյալում, նա լիարժեք մարզվում է ու պատրաստ է խաղալ: «Այն վնասվածքից հետո, որ ստացավ Գոռը, շատ մարդիկ կարող են մոռանալ ֆուտբոլի մասին, բայց նա իր մեջ ուժ գտավ ու նպատակ դրեց, որ կրկին պետք է դառնա ազգային հավաքականի դարպասապահ»,- նշում է Կիրակոսյանը: ««Լոռին» չեմպիոնության համար է պայքարելու, լավ թիմ է հավաքվել: Աղյուսակում 1 միավորով ենք հետ մնում առաջատարից: Նպատակն այն է, որ նվազագույնը նվաճենք եվրագավաթային ուղեգիր»,- ասում է Մանուկյանը:
Ներքին առաջնությունում վերջին տարիներին զգալիորեն բարդացել է հայ դարպասապահների խնդիրը, ակումբները հիմնականում վստահում են արտասահմանցի դարպասապահների: «Եթե լեգեոներ-դարպասապահն ուժեղ է, թող գա, կողքի հայ տղաները նրա հետ մարզվելու միջոցով զարգանան: Բայց դեմ եմ, որ մի թիմում լինի 2-3 արտասահմանցի դարպասապահ: Հայ տղան, ինչքան էլ հեռանկարային լինի, չի աճելու, որովհետև չի խաղալու: Միայն մարզվելով չես կարող լավ դարպասապահ դառնալ, պարտադիր խաղալ է պետք»,- վստահեցնում է Մանուկյանը:
Ե՛վ մախ, և՛ գաղափար. 5 խաղ, որտեղ փայլել է Յուրա Մովսիսյանը
Ի՞նչ է հարկավոր Գոռ Մանուկյանին նախկին մարզավիճակին վերադառնալու համար: Ոչ ոք ավելի լավ չգիտի այս հարցի պատասխանը, քան նրան տարիներ շարունակ ճանաչող Հայկ Կիրակոսյանը․ «Կարևորն այն է, որ Գոռը հոգեբանորեն վերականգնվի: Նրան հարկավոր է աշխատել մարդու հետ, որն իրեն հարյուր տոկոսով հավատա, նվիրվի: Դարպասապահների մարզիչը «գնդակ տշող» չէ, սա հոգեբանություն է: Դարպասապահի դիրքը մյուս բոլորից տարբերվում է, մի բաց թողած գոլը միկրոինֆարկտ է: Դարպասապահը պիտի հասկանա՝ մարզիչը եկել է, որ իրեն օգնի, ոչ թե պարզապես ժամուկես մարզի խաղադաշտում, և վերջ: Եթե դարպասապահը զգա, որ մարզիչը նվիրված աշխատում է իրեն օգնելու համար, վստահ եղեք, որ թե՛ դարպասապահը, թե՛ մարզիչն արդյունքի կհասնեն»:
27 տարեկանն առհասարակ տարիք չէ դարպասապահների համար: Կան այդ դիրքի ֆուտբոլիստներ, ովքեր նույնիսկ հենց այդ տարիքից են սկսում կայուն ելույթներ ունենալ և առաջընթաց գրանցել: «Երազանքի խաղում» ստացած ցավալի վնասվածքը Մանուկյանին շատ խանգարեց, բայց, փաստորեն, չկոտրեց: Հետևաբար, պետք է գրոհել նոր մարտահրավեր՝ ունենալ խաղային պրակտիկա, ինչից հետո կրկին հագնել ամենապատվաբեր՝ ազգ ներկայացնող թիմի մարզաշապիկը:
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո