fbpx

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻԴԵ-ն հրապարակել է դեկտեմբերի վարկանիշային աղյուսակը: Լևոն Արոնյանը պահպանել է վարկանիշը (2765) և մեկ հորիզոնականով բարձրանալով, եզրափակում է լավագույն տասնյակը:

Վարկանիշային ցուցակը նախկինի պես գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով ևս պահպանել է վարկանիշը (2835): Լավագույն հնգյակում են նաև Ֆաբիանո Կարուանան (2832), Շահրիյար Մամեդյարովը (2817), Դին Լիժենը (2813) և Անիշ Գիրին (2783):

ՖԻԴԵ-ի դեկտեմբերի վարկանիշային աղյուսակի 100 ուժեղագույնների շարքում տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝  Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը:

Գաբրիել Սարգսյանը պահպանել է վարկանիշը (2689) և մեկ հորիզոնականով բարձրանալով, զբաղեցնում է 54-րդ տեղը:  Իսկ ահա Հրանտ Մելքումյանը 2-ով ավելացրել է վարկանիշը (2670) և 3 տեղով բարձրացել է՝ զբաղեցնելով 73-րդ հորիզոնականը:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը մեկով ավելացրել է վարկանիշը (2427), սակայն մեկ հորիզոնականով նահանջել է՝ տեղափոխվելով 45-րդ տեղ: Լիլիթ Մկրտչյանը 4-ով է նվազեցրել վարկանիշը (2392) և մեկ  հորիզոնականով նահանջելով, զբաղեցնում է 67-րդ տեղը:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում ամերիկահայ Սամուել Սևյանը 6-ով ավելացրել է վարկանիշը (2647) ու պահպանել է իր դիրքը 6-րդ տեղում: Ռուսաստանցի Դավիթ Պառավյանն էլ պահպանել է նախորդ ամսվա ցուցանիշները: Նա 2634 վարկանիշով 7-րդն է:

Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներից լավագույն արդյունքն ունեցող  հանրապետության մեծահասակների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը ևս պահպանել է նախորդ ամսվա ցուցանիշները: Նա 2607 վարկանիշով 13-րդ տեղում է:

Մինչև 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Մանուել Պետրոսյանը 9-ով նվազեցրել է վարկանիշը (2565) ու 2 հորիզոնականով նահանջելով, զբաղեցնում է 25-րդ տեղը: Արամ Հակոբյանն էլ 20 կետով նվազեցրել է վարկանիշը (2545) ու 27-րդ հորիզոնականից նահանջել է 42-րդ տեղ:

100 լավագույնների շարքում տեղ է զբաղեցրել մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Շանթ Սարգսյանը, ով 2484 վարկանիշով 98-րդ տեղում է:

Մինչև 20 տարեկան աղջիկների վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացնում են երկու շախմատիստուհիներ: Աննա Սարգսյանը 18-ով նվազեցրել է վարկանիշը (2339) և 13-րդ տեղից նահանջել է 19-րդ հորիզոնական:

Իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանը պահպանել է վարկանիշը (2245) և 53-րդ տեղից բարձրացել է 50-րդ հորիզոնական:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: