fbpx

Լրացուցիչ

Հայ շախմատիստներից հինգը վարկանիշային աղյուսակում առաջադիմել են

ՖԻԴԵ-ն հրապարակել է օգոստոսի վարկանիշային աղյուսակը: Վերջին շրջանում վարկանիշային աղյուսակում ցուցանիշները կտրուկ վատթարացրած Լևոն Արոնյանին ոչ մի կերպ չի հաջողվում բարելավել ցուցանիշները: Լևոնը թեև պահպանել է վարկանիշը (2767), սակայն մեկ հորիզոնականով նահանջել ու  զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:

Վարկանիշային ցուցակը նախկինի պես գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2842), ով ևս պահպանել է վարկանիշը: Լավագույն հնգյակում են նաև Ֆաբիանո Կարուանան (2822), Շահրիյար Մամեդյարովը (2801), Դին Լիժենը (2797) և Անիշ Գիրին (2780):

ՖԻԴԵ-ի օգոստոսի վարկանիշային աղյուսակի 100 ուժեղագույնների շարքում տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ՝  Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Վլադիմիր Հակոբյանը:

Գաբրիել Սարգսյանը պահպանել է վարկանիշը (2680) և զբաղեցրած 59-րդ հորիզոնականը: Իսկ ահա Հրանտ Մելքումյանը 10-ով նվազեցրել է վարկանիշը (2660)  և 70-րդ տեղից նահանջել է 85-րդ հորիզոնական: Մրցաշարերի հազվադեպ մասնակցող Վլադիմիր Հակոբյանը պահպանել է 2655 վարկանիշը ու 5 տեղով առաջադիմել է՝ զբաղեցնելով 93-րդ հորիզոնականը:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 7-ով ավելացրել է վարկանիշը (2419) և 4 հորիզոնականով բարձրացել է՝ զբաղեցնելով  47-րդ տեղը: Իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը վարկանիշը (2384) նվազեցրել է 8-ով և 68-րդ տեղից նահանջել է 73-րդ հորիզոնական:

ԱՄՆ-ում բնակվող Տաթև Աբրահամյանը 2361 վարկանիշով եզրափակում է 100 լավագույնների ցանկը:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում զգալի առաջընթաց է ունեցել ամերիկահայ Սամուել Սևյանը, ով 21-ով ավելացրել է վարկանիշը  (2645) և 9-րդ տեղից բարձրացել է 5-րդ հորիզոնական: Ռուսաստանցի Դավիթ Պառավյանը 8-ով նվազեցրել է վարկանիշը (2630) ու 2 հորիզոնականով նահանջել է՝ զբաղեցնելով 8-րդ տեղը:

Հայաստանը ներկայացնող 3 շախմատիստներից լավագույն արդյունքն ունեցող  հանրապետության մեծահասակների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով դարձել էր նաև Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող, զգալիորեն բարելավել է ցուցանիշները: Նա 16-ով ավելացրել է վարկանիշը (2597) և 6 հորիզոնականով առաջադիմել է՝ զբաղեցնելով 14-րդ տեղը:

Մինչև 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Մանուել Պետրոսյանն էլ 7-ով ավելացրել է վարկանիշը (2567) ու 3 հորիզոնականով բարձրանալով, զբաղեցնում է 25-րդ տեղը: Արամ Հակոբյանը 2545 վարկանիշով զբաղեցնում է 38-րդ տեղը:

Մինչև 20 տարեկան աղջիկների վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացնում են երկու շախմատիստուհիներ: Աննա Սարգսյանը 20-ով ավելացրել է վարկանիշը (2331) և 24-րդ տեղից տեղափոխվել է 18-րդ հորիզոնական:

Իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանը 13-ով նվազեցրել է վարկանիշը (2205) ու 66-րդ տեղից նահանջել է 75-րդ հորիզոնական: